Հայաստանում մեծահասակների շրջանում ամենաակտուալ թեման քաղաքականությունն է, և չեմ զարմանա, եթե «վիճակագրական տվյալների» համաձայն տոկոսային հարաբերությամբ ամենաշատ քաղաքագետները Հայաստանն ունենա: Այս ամենն արդեն սովորական է դարձել, բայց երբ պատանիներն են սկսում խոսել քաղաքականությունից` սկսվում է քննադատությունների տեղատարափը, սկսում ենք գերտերություններից և վերջացնում մեր քաղաքական անբարենպաստ վիճակով: Բողոքում ենք ամենուր` տանը, դպրոցում, փողոցում և դե իհարկե` «ՄԵԾՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ»:
Երկրի քաղաքական վիճակին կամ ընդհանրապես քաղաքականությանը հետևելը լավ է, սակայն երբ մենք` պատանիներս, սկսում ենք ամենօրյա բողոքների ու քննադատությունների շարանը, ուղղակի անիմաստ ժամանակ ենք վատնում, որովհետև միայն բողոքելն ու անգործությունը երբեք սպասված արդյունքի չեն հանգեցնի: Պետք է աշխատել, ոչ թե քննադատել, փորձել գտնել և ուղղել սխալը: Իսկ նմանատիպ գործունեություն իրականացնելու համար հարկավոր է կրթություն, առողջ և հասուն դատողություն:
Համոզված եմ, որ պատանիներից ոչ մեկը չունի այս ամենն այսօր: Այդ իսկ պատճառով այսօր պետք է լավ սովորել ու վայելել պատանեկությունը` մեր կյանքի ամենագունավոր շրջանը: Մի օր մենք էլ կդառնանք չափահաս և մեր առջև կունենաք բազմաթիվ տարիներ` քաղաքականությունը լրջորեն ուսումնասիրելու և խնդիներին լուծում տալու հնարավորություն: Եվ դրան պատրաստ կլինենք:


Մեզանց շատերը, եթե ոչ բոլորը, մանուկ հասակում ունեցել ենք մեր հերոսները: Իմ հերոսները շատ էին` «Սարդ մարդը», «Հալկը», «Հզոր ռենջերները» և այլն: Ցանկանում էի լինել հզոր, ինչպես Հալկը, կամ խիզախ Սարդ մարդու պես, և հաճախ նմանակում էի նրանց: Երբ դարձա ութ տարեկան, հասկացա, որ ես եմ իմ հերոսը և սկսեցի հետաքրքրվել, թե ինչպես «ուժեղ տղա» դառնալ: Այդ ժամանակ մեր գերդաստանում գործում էր չգրված մի օրենք` բոլոր տղաները պետք է զբաղվեին սպորտով, իսկ ավելի կոնկրետ` ձյուդոյով: Եվ քանի որ ես բացառություն չէի, նույնպես սկսեցի զբաղվել ձյուդոյով: Առաջին տպավորություններս այնքան էլ հուսադրող չէին, որովհետև նորեկ էի և բոլորին թե’ ֆիզիկապես, թե’ տեխնիկապես զիջում էի: Սակայն նոր ընկերներս ինձ ոգևորում էին և հույս տալիս, որ դա դեռ սկիզբն էր:
Այսօր մեր երկրում բնապահպանական խնդիրները շա~տ, չափից շատ են: Երեկ դպրոցից տուն գալիս մի պահ կյանքը կարծես կանգ առավ. «ծառեր», որոնցից միայն հաստ բունն է մնացել, փոշի, կեղտ և ամենակարևորը` Զանգու գետը, որը ավելի քան աղբանոց է հիշեցնում: Այս գետը Հրազդանի խոշոր վտակներից է, իսկ Հրազդանը` Արաքսի ձախ վտակը:
Բոլորս էլ գիտենք, թե ինչ նշանակություն ունի Արաքսը մեր երկրի համար, և եթե նրա երկու վտակներից մեկը աղտոտված է, նշանակում է, որ Արաքսն էլ է գտնվում նույն վիճակում: Տեսնելով, թե ինչ վիճակում է գտնվում Զանգուն` ես չէի կարող իմ համաքաղաքացիների նման անտարբերություն դրսևորել: Գետի մաքրման աշխատանքներ երբեք էլ չեն իրականացվել: Մեր գյուղապետարանի կարծիքով գետը կարելի է մաքրել` գետի հատակից ավազ հանելով, ինչն ողղակի ծիծաղելի է: Պարզից էլ պարզ է, որ ավազը հանվում է զուտ գումարի համար: Բացի այդ, գյուղի տների մեծամասնության կոյուղիները բացվում են գետի մեջ: Այս ամենն էլ քիչ է, ՀՀ խոշոր ցեմենտի և էլեկտրաէներգիայի գործարանների թափոնները նույնպես թափվում են անպաշտպան Զանգուն: Մեր գյուղի որոշ գյուղացիներ էլ գտել են աղբից ազատվելու ամենակարճ ճանապարհը. աղբը ողղակի գետն են գցում: