Սոսե Զաքարյանի բոլոր հրապարակումները

Վարդիգյուլը

Երբ տատիկիս տանը նկարներն էի նայում, մի կնոջ նկար տեսա, ով հայկական տարազով էր` ճակատին կոպեկներ, մեջքին` քամար: Հարցրեցի տատիկիս, ասաց, որ իր տատն է` բուն ղարաքիլիսեցի Վարդիգյուլը, որին հիմա էլ բոլորը հիշում են ու պատմում նրա մասին հյուսված անեկդոտները:

Սուրբ Հովհաննես եկեղեցու լեռան լանջերին էր փռված հին Ղարաքիլիսան` իր ծուռտիկ-մուռտիկ փողոցներով և նեղ անկյուններով, որտեղի բնակիչներին նամակներ էին ուղարկում հետևյալ հասցեներով. «Ուգլ Կասպունսկի` Ղազի բներ, փթիր Աղավնիկին կամ Օյին Վարդիգյուլին»: Եվ փոստատարը մեծ պատրաստակամությամբ հանձնում էր այդ նամակները նրանց: Հաջորդ օրը ծերանոցի կանանց խումբը հետաքրքրվում էր, թե ինչ է եկել նամակներում, թեև փոստատարը չէր մոռացել օր առաջ նամակի բովանդակությունը ներկայացնել թաղի կանանց: Ղարաքիլիսայի բոլոր դեմքերը հավաքվում էին ծերանոցում, իսկ ծերանոցը հին բաղնիքի շենքն էր: Վարդիգյուլը ծերանոցի կարկառուն դեմքերից էր: Այստեղ էր գալիս գդոզ Ռուբենը, որ շատ գրական էր խոսում, Աղագուլը, շատ գրքեր կարդացած Թամաշ բիբին, որ խոսում էր Նապոլեոնից, Պյոտր Առաջինից, Լենինից, և այնքան էր պատմել նրանց մասին, որ Վադիգյուլ տատը քնած ժամանակ արտասանում էր նրանց անունները, իսկ երբ տատիկս հարցնում էր իր տատիկից, թե.

-Նանա, էտ ի՞նչ մարդկանց անուններ էիր տալիս:

-Աղջի, ի՞նչ եմ նալ: Թամաշը մէ շաբաթ ի` էտ գիրքն ի պատմել:

Ամենակոմիկականը տատի ամուսնությունն է. ամուսնացել է 12 տարեկանում: Բակում ցեխի հետ խաղալիս հարևան Գուգուշը եկել է նշանելու` մի սանր ու մի լվացքի տաշտ ձեռքին: Վարդիգյուլը հարցնում է.

-Հլը սանդրը պերի ես` պերիր, բա էտ տաշտը ինչի՞ խմա էս պերի:

-Վարդիգյուլ,- պատասխանել է փեսան,- իրիկունը ջուր կտաքցուցես, էդ ցեխոտ ոտքերդ կվլանաս:

Բա:

Իսկ 45 տարեկանում մի հինգ գիշերանոց է պահել և պատվիրել.

-Ախչի, Վայրը,- ասել է հարսին, որ մեռնեմ, էս խինգն էլ կխաքցուցես, ընդի ցուրտ է լինելու, հանկարծ չմրսեմ, գինա՞լ ես, խողը պաղ ի, կպաղեմ: Իսկ ինքը մահացել է 98 տարեկանում: 90-ից հետո մի հինգ անգամ տնեցիք ծախսերի ցուցակ են գրել, պատրաստվել, իսկ ինքը անկողնու միջից գլուխը բարձրացրել է ու ասել.

-Էդ ի՞նչ եք անել: Քելեխիս ցուցակ կգրե՞ք,ես չեմ մեռնելու, մեռնեմ, որ Փառոյի Եղիշը կա` խացս ուտի՞:
Եղիշն էլ Ղարաքիլիսայի մահախոսական կարդացողն էր:
Վարդիգյուլը մահացել էր ու ոչ-ոքի չէր ասել իր բոխու թփերի տեղերը:

Հարսը հարցրել է.
-Մամի, բա բոխու թփերի տեղը ինձ չե՞ս ասելու: 

-Աղջի, բա որ չմեռնե՞մ:

Պատասխանել է մամը և հավիտյան փակել աչքերը:

Պապիկ ուսուցիչը

Երբ առաջին դասարան էի, մեր դպրոցում մի պապիկ կար: Չէի հասկանում` ով էր նա, և ինձ շատ տարօրինակ էր թվում, որ նա ամեն օր գալիս էր դպրոց: Մի անգամ մայրիկիս հարցրեցի, թե ով է այդ պապիկը: Մայրիկս պատմեց, որ պապիկը, որն ինձ տարօրինակ էր թվում, ընկեր Պողոսյանն է` մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչը: 

Մեր բախտը բերել էր, որովհետև մեր դասարանը ուսուցչանոցի մոտ էր: Նա հաճախ էր այցելում մեզ և հարցեր էր տալիս տարբեր առարկաներից: Գալիս էր և առաջին հերթին հարցնում էր մեր ազգանունները: Չէինք հասկանում, թե ինչու: Յոթանասուն տարեկանում գալիս էր և մեզ հետ անգլերեն սովորում: Բայց մեր ուսուցիչն ավելի ուրիշ պատմություն ուներ: Նա Հայրենական մեծ պատերազմի վետերան էր, հետախուզության ժամանակ կորցրել էր իր ձեռքը, վերադարձել գյուղ ու իրեն նվիրել աշակերտներին: Շուրջ կես դար աշխատել էր մեր դպրոցում և վայելել աշակերտների և ծնողների սերն ու հարգանքը: Ամեն մայիսի իննի նա պատմում էր իր կյանքի պատմությունը: Ամենահետաքրքիրը նրա ձեռքը կորցնելու պահն էր: Փրկել էր մի ռուս զինվորի և նրա փոխարեն գնացել հետախուզության: 

Չնայած գալիս էր հարևան Գետաթաղ գյուղից Դարբաս, երբեք չէր ուշանում և մեքենա չէր նստում: Ապրում էր մենակ, մշակում էր այգին, մի ձեռքով խոտ էր հնձում, կով կթում: Նրա երեք տղաները ապրում էին մայրաքաղաքում, բայց ինքը երբեք չէր ուզում գնալ մայրաքաղաք` թողնել իր հայրենի գյուղը, կնոջ գերեզմանը և իր կառուցած տունը: Անհուն սիրով էր սիրում աշխատանքը: Ոչ մի րոպե իր կյանքը առանց դպրոցի չէր պատկերացնում, և պատահական չէր, որ ընկեր Պողոսյանին անվանում էին բոլոր ժամանակների ուսուցիչ, դասավանդել էր` և տատիկիս, և հայրիկիս, և ինձ: Ուսուցչուհի մայրս միշտ հպարտանում էր նրանով և միշտ ասում էր. «Ընկեր Պողոսյանը ինձ համար մի համալսարան է, ես նրանից շատ բան եմ սովորում»: 

Արդեն մեկ տարի է, ինչ մահացել է, բայց Պողոսյան ուսուցիչը մեր վայրերում կմնա որպես մեր ժամանակների Մեսրոպ Մաշտոց:

Լավաշ թխելու ծեսը

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Երբ խոսում են լավաշի մասին, միտս է ընկնում, թե ինչպես էինք լավաշ թխում մեր տանը: Լավաշ թխելը մի հատուկ ծես էր: Երկու օր առաջ պետք է տատիկս մաքրեր թոնրի տունը, հետո պետք է տեղյակ պահվեր «օգնողներին», ովքեր պետք է հացը «ետ անեին և պուլեին» (գնդեին ու գրտնակեին), և ամենապատվավոր մարդը, որ պետք է ներկա լիներ, հացթուխն էր:
Հաց թխելու առավոտը սկսում էր ժամը 4-ին: Տատիկս արթնանում  էր և սկսում խմորը հունցել:
-Սոսե,- ընդհատեց ինձ տատիկս.
- Մենք իրիգունն էինք հունցում. ես, Վալյան ու Աիդան, խմորը ծածկըմ ինք, մնում էր մինչև ժամը 4-ը: 4-ին թոնիրը վառըմ ինք, պուլում ու արագ սկսըմ ինք թխել:
-Բա ինչո՞ւ էիք այդքան շուտ անում խմորը, մեկա արագ գալիս է:
- Է, այ բալամ, էն վախտը թթխմոր չկար, մենք «խաշով» էինք անում:
-Իսկ «խաշն» ի՞նչ է:
-«Խաշը» էտ հին հացից վերցրած խմորն էր, որ թթվել էր:

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Ինձ ու քրոջս համար մեծ ուրախություն էր, որովհետև մենք էլ գործ ունեինք անելու: Պետք է պուլերը կրեինք, բայց Աստված չանի, թե հանկարծ մի պուլը կոխ տայինք: Հա, մոռացա պատմեմ, թե ինչպես էր գալիս հացթուխ Լաուր տատիկը: Երբ նա գալիս էր, առաջին բացած պուլը գցում էր թոնրի մեջ և սկսում երգել: Հա, անպայման նշեմ, որ մինչև յոթ հացը չլրանար, չէինք կարող ուտել:
-Տատիկ, ինչո՞ւ հենց յոթը:
-Վեսկավերի հացն է»:
-Էտ ի՞նչ ա, տատի:
-Տղամարդիկ քինըմ են, առավոտը շուտ եզները լծըմ են, վեր վարեն հողը, և էտ կոչվըմ ա «վեսկավեր»: «Վեսկավերի» հացը պիտի դզվի, վեր արդեն ուրիշները ուտեն:
Ահա~, հասկացա, թե ինչու: Հիշում եմ նաև, որ Լաուր տատիկը պատմում էր իր սկեսրայրի` Գոգոլ դայու արկածները: Գոգոլը մեր գյուղի ամենահումորով մարդն էր, որ արդեն կես դար է, ինչ մահացել է, բայց ամեն օր հիշվում է: «Օգնողներց» մեկը ասում էր.
-Լաուր, մի պատմի, թե հունց էս Գոգոլ դայուն ասալ Հաչոցըմը Այնաբի պարկալու մասին:
Ու Լաուր տատիկը սկսում էր, և այդպես չէինք զգում, թե ինչպես օրը ավարտվեց: Օրը ավարտվելուց հետո նորից սկսում էր մի ուրիշ աշխատանք. պետք է ամբողջ փողոցին նոր թխված լավաշ հասցնեինք: Իսկ ինչ կմնար, արդեն փռում էինք մեր բակում, որպեսզի չորանար:
Ցավոք, այսօր մենք չենք տեսնի այդպիսի բան:
Հա~, մոռացա նշեմ, Գոգոլ դայու մասին կպատմեմ հաջորդ անգամ:

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

 

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

 

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

 

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

 

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Խնձորի այգին

Աշունը նկարագրելիս չգիտեմ, Տերյանի՞ն հիշեմ, Բակունցի քնարական արձակի՞ն անդրադառնամ, թե՞ ապավինեմ մանկությանս հուշերին, երբ տատիկիս հետ գնում էի Սիսիանի շրջանի «Գետաթաղի տակ» կոչվող այգիները։ Ոչ մի նկարիչ այսպիսի կախարդական գույներով չի կարող նկարել այդ չքնաղ տեսարանը, կարծես գույների կախարդ ծերունին շռայլել է իր ներկապնակի բոլոր գույները։ Կարմիր, դեղին եւ կանաչը խառնվել են իրար եւ ստեղծել մի հիասքանչ բնանկար։

Երբ ուղղակի ուզում եմ կտրվել աշխարհից, գնում եմ այնտեղ եւ նայում ծառերին։ Աշխարհի ամենահամով տանձն ու խնձորը այնտեղ է։ Չգիտեմ, ինչ-որ բան կա այնտեղ, որ բոլոր մարդկանց ձգում է։ Ամեն տարի իմ ամենաերջանիկ օրերից է, երբ այնտեղ տատիկիս հետ պետք է խնձոր հավաքենք, որ պետք է տատիկս ծառի վրայից կանչի.

-Սոսե, եկ էս կյոքը երկալ։ Անպայման լավ խնձորը կճոկես, լցնես յաշիկը, վեր հանկարծ առնողը մեզանա դժգոհ չիլի։

Ու այսպես են անցնում իմ օրերը Գետաթաղի տակին։

Մեկ աղջիկ և հինգ տղա

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի


Ողջույն: Ես Սոսեն եմ: Սովորում եմ Սյունիքի մարզի Դարբասի միջնակարգ դպրոցում: 12-րդ դասարանում: Սա այն դեպքը չէ, որ ես շարունակեմ խոսքս` ասելով, թե ունեմ շատ ընկերներ, ընկերուհիներ, որովհետև ես մեր դասարանի միակ աղջիկն եմ. մեր դասարանում սովորում է մեկ աղջիկ և հինգ տղա:
Զարմացա՞ք, դե ոչինչ, կյանքում ամեն ինչ էլ պատահում է:
Չնայած դրան` իմ օրերը անցնում են ուրախ ու զվարթ, որովհետև ես ուշադրության կենտրոնում եմ: Եվ գյուղում, և դպրոցում ոչ ոք չի կարող ինձ խեթ նայել. հինգ կտրիճները մեջքիս կանգնած են:
Օրերս որոշել էինք «Ոսկե աշուն» միջոցառմանը բեմադրենք Հ. Թումանյանի «Կիկոսի մահը»: Ինչպես ասում են, սա արդեն տասներկուսների «վերջն» էր: Ես հայրն էի, իսկ տղաները` իմ ընտանիքի անդամները: Հագել էի հին խորհրդային ոստիկանության մի բաճկոն, դրել ականջավոր գլխարկ, իսկ տղաները` իրենց տատիկների խորհրդային խալաթները, գլխներին կապել էին շալեր: Բոլորը հենց մեր տեսքից ծիծաղից ուշաթափվել էին:
Իսկ ամենահետաքրքիրը տղաների  օրն է: Արդեն սեպտեմբերից գումար եմ հավաքում, որ նվեր գնեմ իմ դասընկերներին, իսկ նրանք այստեղ-այնտեղ պարծենում են, թե իրենք ազատվել են մարտի 8-ի տանջանքից, իրենց Սոսեն է, էլի, մի տուփ կոնֆետ կգնեն, ու վերջ:
Բա~, ես էլ այսպես եմ ապրում իմ դասընկերների հետ: Ֆուտբոլ խաղալիս դարպասապահը ես եմ, հերթապահություն անելիս ամեն օր պետք է ես մնամ, ու էլի շատ էլիներ, որոնք թույլ են տալիս ինձ որպես  հարգված ու սիրված դասընկերուհի կայանալու:
Շնորհակալ եմ մեր դասարանի տղաներից, որոնք երբեք թույլ չեն տալիս ինձ մենակ զգալ:

Կողմ եմ վեցօրյա ուսուցմանը

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Եթե իմ կարծիքը հարցնեն, ապա ես դեմ եմ հնգօրյա ուսուցմանը, որովհետև այն ձգվում է մինչև ժամը  տասնհինգը: Այն ժամանակը, որ ամենաարդյունավետ դաս սովորելու պահն է, իսկ այդ ժամին մենք շատ հոգնած վերադառնում ենք տուն: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, դասերը վեցօրյա պետք է լինեն, որպեսզի կարողանանք արտադասարանական աշխատանք կատարել: Մանավանդ, որ ես մեր դպրոցի աշակերտական խորհրդի նախագահն եմ և ինչքան էլ խնդրում եմ, չեմ կարողանում որևէ մեկին պահել դպրոցում:

Իսկ ինչ վերաբերվում է դպրոցական գիտելիքներով բուհ ընդունվելուն, կարող եմ ասել, որ գյուղական դպրոցներում սովորում են քիչ երեխաներ. դասարանում 5-6 հոգի, և եթե ուզես էլ, չես կարող չսովորել: Այստեղ հերթ պահելու գաղափար չկա: Մենք սովորում ենք բոլոր առարկաները, և առանց մասնավոր պարապմունքների ընդունվում ենք բուհեր, նույնիսկ  բարձր գնահատականներով: Իսկ եթե մասնավոր պարապենք և հերթ պահենք, ինձ թվում է ավելի բարձ կստանանք: Գյուղական դպրոցում էլ են աշխատում վաստակաշատ մանկավարժներ, ովքեր հենց այդ նույն բուհերն են ավարտել: Բայց, չգիտես ինչու, գյուղական ուսուցիչը ստվերում է մնում, իսկ քաղաքի ուսուցիչը իր մասնավոր դասերով «լավ մասնագետի» համբավ է ձեռք բերում: Օլիմպիադաներում նրա աշակերտներն են տեղեր զբաղեցնում, մրցույթներում հաղթանակները միայն ավագ դպրոցինն են. մի՞թե սա գյուղական դպրոցի խնդիր չէ: Թևպետ անցյալ տարի մեր դպրոցը բավականին հաջողություններ ունեցավ: Ուրեմն, սառույցն արդեն կոտրվում է:
Հարկավոր է, որ գյուղական դպրոցներն էլ վերջապես հրապարակ դուրս գան. չէ՞ որ այստեղ ուսուցումը ավելի ազնիվ և անաչառ հիմքերի վրա է դրված: