Գայանե Պարոնյանի բոլոր հրապարակումները

gayane paronyan

Հակոբ Պարոնյանը

Արդեն ավարտել եմ դասերս։ Նստած  թեյ եմ խմում և մտածում եմ ազգանվանս մասին։ Թե ինչպես է այն ծագել, ինչ նշանակություն ունի։ Սակայն այդպես էլ չեմ կարողանում գտնել ինձ հուզող հարցերի պատասխանները։

Երկար այսպես մտածելուց հետո հանկարծ հիշում եմ մի փոքրիկ, բայց զվարճալի պատմություն։

Մի  քանի տարի առաջ էր։ Դպրոցում մայրենիի  ժամին ուսուցչուհին պետք է բացատրեր Հակոբ Պարոնյանի մասին դասը։ Բոլոր դասընկերներս անհամբեր սպասում էին, թե ինչ պետք է ասի նա, երբ հանկարծ հարցրեց.

-Երեխանե՛ր, ո՞վ է Հակոբ Պարոնյանը։

Դասընկերներս շփոթված նայելով դեմքիս, միաձայն պատասխանեցին.

-Գայուշի  պապա՜ն։

Շատ  չզարմանաք։ Ես Գայանե Պարոնյանն եմ։ Իսկ հայրիկիս անունը Հակոբ է։

gayane paronyan

Միգուցե

Եկավ նորից սեպտեմբերը… Բոլորը պատրաստվում են դպրոց գնալուն:

«Մամա, մամա, էսի լավն ա, էս եմ ուզում..», «Մամ, մամ, գրիչ, գրիչ ա պետք», և այսպես շարունակ:

Ըստ իս, հիմա ամենադժվարը ավագ դպրոց գնացող աշակերտների համար է: Նոր շրջապատ ստեղծելն այդքան էլ հեշտ չէ: Չես կարողանում թողնել հին ու մոտ ընկերներին, բոլորը լալիս են: Մյուս տարի ես էլ պիտի գնամ, պիտի հեռանամ ընկերներիցս և ուսուցիչներիցս: Չեմ ուզում:

Երեկ խոսում էի մայրիկիս հետ: Նա պատմեց իր դպրոցական տարիների մասին: Նա սովորել է տասը տարի, քանի որ չկային ավագ դպրոցները: Ու հարց առաջացավ, թե ինչի համար են ստեղծվել այդ դպրոցները: Միգուցե դա աշակերտների շահերի՞ց է բխում: Իսկ ի՞նչ կլիներ առանց ավագ դպրոցների:

Ինքս ինձ մտածում էի, և հանկարծ մի բան մտքովս անցավ: Պետք չէ ձգտել ամեն ինչին հասնել հեշտությամբ: Մի՞թե կարող ենք մենք մեր կյանքն իմաստալից համարել, եթե չփորձենք ամեն ինչ անել մեր ուժերով:

Միգուցե ավագ դպրոցն էլ մի փորձություն է, որի միջով անցնելով մենք փորձ ենք ձեռք բերում ամեն բնագավառում: Միգուցե: