Լիլիթ Պողոսյան / Ուլունցի բոլոր հրապարակումները

Lilit Ulunts

Գրքերից կառուցված տունը

Նվիրվում է մորս, տատիկիս և իմ բոլոր ուսուցիչներին

Այն տունը, որտեղ ես մեծացել եմ, կարծես հյուսված լիներ գրքերից։ Գրադարակների վրա շարքով դասավորված էին հաստափոր դասագրքեր` թերթերն արդեն մաշված, բայց բույրը՝ թարմ ու հին գեղարվեստական կտավներ։ Այդ գրքերի կողքին ապրում էին մորս ձայնը, տատիկիս հայացքը ու իմ ներսում անշշուկ աճող սերը՝ սովորելու, սովորեցնելու և երբեմն լուռ երազելու հանդեպ։

Ես մեծացել եմ ուսուցիչների տան մեջ։

Տատիկս ուսուցչուհի էր՝ ոչ միայն մասնագիտությամբ, այլ ամբողջ էությամբ։ Նրա աչքերում կար մի հանգիստ, բայց հաստատուն լույս, որը սովորեցնում էր առանց խոսքի։ Նա չէր սիրում խիստ հսկողություն, բայց իր ներկայությունը բավարար էր, որ ինքնակազմակերպվես։ Հիշում եմ, երբ տեխնոլոգիայի ժամին դպրոցում համեղ ուտեստներ էինք պատրաստում, տատիկս տանը կապեց նարնջագույն նախշերով գոգնոցս, հետո զգուշությամբ ամրացրեց գլխիս սպիտակ շեփորաձև գլխարկս և ասաց.

«Խոհանոցը նույնպես դասարան է, այստեղ պետք է լինել ուշադիր, պահպանել մաքրություն և աշխատել սրտանց»։

Նա լուռ հետևում էր իմ շարժումներին՝ գնահատելով ոչ միայն ճաշի համը, այլև իմ հոգատարությունն ու մանրուքների հանդեպ ուշադիր վերաբերմունքը, այն, ինչից իրական ուսուցումն սկսվում է։

Իսկ մայրս դասարանում կանգնում էր ոչ միայն որպես ուսուցչուհի, այլև որպես կենդանի կերպար, ով պատմությանը կյանք ու հոգի էր հաղորդում։ Հիշում եմ, թե ինչպես մեկս պատկերում էինք Սև ծովը, մյուսը՝ Արարատ լեռը, երրորդը՝ Հայկական պարը, և այդպես աստիճանաբար մենք մեր դասարանը վերածում էինք կենդանի քարտեզի։

Դպրոցից դուրս էլ մայրս շարունակում էր դասավանդել։ Հիշում եմ մի անգամ, երբ քույրս դեռ դպրոցական էր, նրա դասարանի աղջիկները հավաքվել էին մեր տանը՝ «սունկ» թխվածքաբլիթներ պատրաստելու։ Այդ հանդիպումը վերածվեց մի յուրահատուկ դասի, որտեղ սովորում էին ոչ միայն խոհարարական հմտություններ, այլև համերաշխության ու համագործակցության արվեստը։

Ինքնուրույն սովորելը ինձ միշտ առանձնահատուկ հրճվանք էր պարգևում։ Երբ զգում էի, որ սովորել եմ դասերս, կանչում էի տատիկիս՝ իմ առաջին և խստապահանջ քննադատին։ Նստեցնում էի նրան կողքիս ու հերթով գրքերը փոխանցում էի նրան։ Ըստ դասացուցակի գնում էինք առաջ։ Պարտադիր նայում էր նաև տետրերս, որպեսզի թվերից յուրաքանչյուրը լինեին առանձին վանդակներում, իսկ տառերը մեծ ու ընթեռնելի։ Տատիկիս աչքերը լեցուն էին ուշադրությամբ և սիրով, նա չէր հանձնվում նույնիսկ ֆիզկուլտուրայի վարժություններին՝ մի փոքր խստությամբ ստուգում էր դրանք, որ ես երբեք չմոռանայի ուժի, համբերության ու հաստատակամության կարևորությունը։ Տատիկս ինձ հետ հավասար ավարտեց դպրոցս։  Այսպիսին է իմ տատիկը՝ ուսուցչուհի և հոգատար ուղեկից, ով յուրաքանչյուր պահի զգուշորեն առաջնորդում էր իմ քայլերը՝ դառնալով կյանքիս իմաստը կրող մարդ։

Տասներկու տարի շարունակ ես սովորել եմ ամեն առարկա հավասար։ Յուրաքանչյուրը` նույն լրջությամբ, նույն ուշադրությամբ։ Եվ այդ հավասարության մեջ ես մոլորվել էի։ Չէի կարողանում հասկանալ՝ որն եմ սիրում, որն է իմը։ Այսօր էլ… Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե որն եմ ամենաշատը սիրել։

…Մեզ մոտ գրականության վերջին դասն էր։ Շարադրություն էինք գրում։ Վերջին շարադրությունը։ Լռություն էր… Դասն ավարտվում էր։ Երբ հանձնեցինք թղթերը, ուսուցչուհիս լուռ  կարդաց իմ շարադրությունը, ոչինչ չասաց. պարզապես մեղմ ժպտաց։ Հետո նայեց ինձ ու կամացուկ ասաց.

-Սխալ մասնագիտական ուղղություն ես ընտրել։ (Մինչդեռ ես էլ չգիտեի, թե ինչ եմ ընտրել)։ Քեզ մոտ ստեղծագործելը իսկապես լավ է ստացվում։ Ընտրիր այն ուղին, որն իրոք քոնն է։

Ես միայն ժպտացի։

Ու երբ նա դուրս էր գալիս դասարանից, կանգ առավ դռան մոտ ու հավելեց.

- Մի քանի  տարի հետո կհիշես այս խոսքերը… Կհասկանաս։

Չեմ էլ մոռացել։ Ամեն անգամ, երբ գրիչս ձեռքս եմ վերցնում, այդ խոսքերն են մտքիս գալիս։ Նա հավատաց մի բանի, ինչը ես ինքս իմ մեջ դեռ չէի տեսնում։

Բայց իմ աշխարհը մի քիչ ուրիշ է՝ տարօրինակ, յուրահատուկ։ Ես ապրում եմ մաթեմատիկական մտածողությամբ, զգում եմ ֆիզիկայի օրենքները և գրականության շունչը։ Ու երբ այդ ամենը միաձուլվում է, ստացվում է մի աշխարհ, որը միայն ինձ համար է հասկանալի։ Ես դեռ չեմ որոշել, թե որն եմ ամենաշատը սիրում, բայց գուցե հենց այդ խառնարանի մեջ է իմ ճանապարհը։

Ուսուցիչն իմ կյանքում երբեք միայն դասավանդողը չի եղել։

Նա եղել է լռության մեջ խոսող օրինակ, ճշտի կողմը տանող ձայն, հպարտության ու խոնարհության համաձուլվածք։
Նա եղել է լույս այն պահին, երբ իմ ճանապարհը մութ է եղել։
Նա եղել է հավատ այն ժամանակ, երբ ես ինձ վրա վստահ չեմ եղել։

Այսօր ուզում եմ գլուխ խոնարհել իմ բոլոր ուսուցիչների առջև՝ երախտագիտությամբ լի սրտով։

Ու առանձնահատուկ հիշել մորս, տատիկիս՝ նրանց, ովքեր մանկությանս լույսն էին,
ովքեր մինչ օրս իմ մեջ պահպանում են մի բան,
որ բառերով ասել չի լինում։

Ուսուցիչը լուռ լույս է։
Լույս, որից սերունդներ են ջերմանում։
Եվ երբեմն հենց նրա սերմանած արժեքների շնորհիվ աշխարհը դառնում է մի փոքր ավելի լուսավոր, մի փոքր ավելի արժանապատիվ։

Uluntc

Վրձինը ու Լիլիթը

Դեռ օգոստոսի 33-ն էր…

Հենց ամենաանսպասելի վայրկյանին, որ թվում է, թե մեր կյանքը տակնուվրա շուռ է եկել, մենք կորցրել ենք ինքներս մեզ ու մեր զգացմունքները կառավարելու կարողությունը, ամեն ինչ փոխվում է: Փոխվում ենք նաև մենք: Մենք կրում ենք ժպիտ մեր դեմքին ու երջանկություն մեր ներսում:

Իմ օրերը սկսվում են ու վերջանում  ծանր պայուսակը ուսիս մի կերպ տրանսպորտների մեջ շախմատ խաղալով, աջ ու ձախ վազվզելով: Բայց ես երջանիկ եմ ինձ համարում: Ես դժգոհ դեմքով վազում եմ վերևից դեպի ներքև կանգառների գծով, որ հասցնեմ իմ ավտոբուսին: Ես գալիս եմ տուն, վազում եմ մի սենյակի մեջ, որ հասցնեմ գործերս ժամանակին ավարտելը: Հետո վազում եմ, որ հասցնեմ հանգստանալ… Եվ ես փորձում եմ… Բացում եմ վերջերս սիրելի դարձած գիրքը ու տառերի հետ համընթաց վազքի մեջ փորձում շուտ ավարտին հասցնել, որ էլի հասցնեմ…

Մենք վազում ենք, մենք շտապում ենք ոչ միայն փողոցում, կանգառում՝ ավտոբուսին հասնելու համար, այլ նաև տանը, մտքերում, ամենուր… Մենք շտապում ենք: Շտապում ենք, և դա երևի թե մեզնից յուրաքանչյուրիս կյանքում կայացրած լավագույն ճիշտ որոշումներից է, որովհետև մենք շտապում ենք մերը հասցնելու ու մեր նպատակին  հասնելու համար:

Գիրք, հանգիստ, դաս, աշխատանք… Շղթա է անելիքների՝ հասցնելու:

Ես, համենայնդեպս, շղթան փորձում եմ հասցնել իր տրամաբանական նպատակակետին: Հարցնում եք՝  ո՞րն  է դա: Շղթան ավարտվում է հենց իմ ներսից, լսվում է «համարյա» արտահայտությունը, որը երբևէ չի բարձրաձայնվում, որովհետև իմ շղթան չի վերջանում: Դե՜ , նպատակակետերը անընդհատ շատանում են …

Շղթան շարունակում  է ցիկլիկ ընթանալ, և մենք եզրագծում ենք այդ շղթայական գործընթացը: Որպես կենտրոն ընտրում հասցնելը, որը մեզ պետք է մղի  դեպի առաջ և կորցնում ժամանակի կորուստը հասցնելու գործընթացի մեջ: Ես համենայնդեպս փորձում եմ հասցնելու մեջ հասցնել … Բայց հասցնելուն զուգընթաց մեզ կոտրում են ներսից: Կոտրում են կյանքի ու մեր առջև անընդհատ մեծացող ու դեպի վեր սավառնող երազանքները: Ինձ ճանաչողները միանգամից կպնդեն իմ գունատարօրինակ տեսակի մասին: Ես միշտ եմ երազում, նույնիսկ հիմա, որ էլի փշրվում եմ… Ես մինչև վերջ հավատս չեմ կորցնում, որ սրտումս պահած երազանքները մի օր ի կատար ածեմ: Գիտեմ, որ երազանքների մասին չեն բարձրաձայնում, բայց ես ուզում եմ խոսել ամենակարևոր երազանքիս մասին: Ես երազում եմ, որ իմ գունախառը երազանքները չխամրեն այդքան շատ գույների մեջ…

Արդեն օգոստոսի 33-ն է, և ես շտապում եմ հասցնել էլի հասցնելու մեջ:

Lilit Poghosyan-Ulunts

Համարակալված տերևը, որ բաժին հասավ ինձ

Դեղնանարնջագույն նոյեմբեր… Արևը սառնագույն ու նուրբ շողերով փաթաթվեց այգու ամբողջության միակությանը: Աղջիկը մտամոլոր ու փնթի քայլերով հաշվում էր հսկայական այգու երկարությունը: Տերևները՝ դեղին, կարմիր, բայց առավելապես շագանակագույները, նրան ընկերակցում ու օգնում էին… Նրանցից յուրաքանչյուրը դասավորված էր յուրահատուկ կերպով, որոնց ետնամասում աղջիկն ինչ-որ նշումներ արեց ու հեռացավ: Տուն տանող ճանապարհն այնքան տհաճ ու միաժամանակ հեռու էր թվում, որ նա առաջին իսկ պատահած նստարանը դարձրեց իր տունը: Չէ՜, ցուրտ չէր… Տերևները տաքությունն ամբողջությամբ ապահովում էին. Դե՜, էլ ինչ էր պետք երջանիկ զգալու համար. գույներ, մի քիչ ջերմություն ու նոթատետրը…

Անդադար գրում ու ջնջում էր, լացում, իսկ արցունքները միահյուսվելով կապույտին, մաքրում էին կոպիտ տառերը սահուն գույնով:

Մի քանի բառ ընթեռնելի էր. այնպես, հենց, արև, քար…

Փորձեցի նորից ստեղծել ջնջվածը, ու արդյունքում ստացվեց. «Կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում, հենց այնպես արևն անգամ չի շողում: Անձրևը նույնպես այնպես չի գալիս, կապույտը կամար չի կապում այնպես, բայց հիշիր՝ կյանքում արև ու անձրև, կանաչ ու կապույտ, քեզ ուղեկցում են «հենցայնպես» ճամփով:

Շարժվիր դու առաջ, առանց «այնպես»-ի, որ կյանքում հանկարծ չբախվես «հենց»-ի:

Ուզում եմ հասնել անծայր արևի ես հենց կենտրոնին

առանց «այնպես»-ի ու առանց «հենց»-ի,

Միշտ պայծառագույն հստակ քայլերով:

Ու հիշի՜ր, աղջիկ, այդ ճանապարհին քեզ կկանգնեցնեն ամենահսկա քարերն այն սուր, բայց դու չընկճվես ու չվախենաս, քայլերդ ամուր կսեղմես գետնին ու կբարձրանաս ու դու կհասնես հենց այն կենտրոնին` ամենաանծայր արևի կողքին…

Աղջիկը փակեց նոթատետրը, հավաքեց իրերն ու հեռացավ:

Ճանապարհին բախվեց դեղնակարմիր, բայց առավելապես շագանակագույն տերևին, ոտքն անմիջապես ետ քաշեց, որ չտրորի… Հետաքրքի՜ր էր, թե ինչու այդքան երանգավոր ու նոր տերևների կողքին հենց դա ընտրեց: Հենց այդ տերևն էր, որ թույլ չտվեց նրան շարունակելու անիմաստ չափումներն ամբողջ այգով: Վերցրեց ու ամրացրեց նոթատետրին: Արևն էլ չէր շողում, նստարանը դատարկ էր, իսկ գետինը համարակալված տերևներով. Այգու ծայրամասում գունավոր աղջկա վերջին շողքն էր, որ չքացավ…

Սիրուն էր, շատ  ամեն ինչ, ամեն բան ամեն ինչի ներսում, դրսում էլ: Մեզ մնում է մեր մտքերը համարակալել այնպես, ինչպես աղջիկը՝ տերևները: Մեզ մնում է չվախենալ միայնության զգացումից ու քայլել, իսկ միայնության վախը կանցնի հենց իմ ստեղծած ամենատարբեր գույներն ունենալով գրպանում, հոգում ու ամեն-ամեն տեղ…

Դեղնանարնջագույն նոյեմբեր… Աշնան վերջը ու էլի` ես:

Lilit Poghosyan - Ulnetsi

Աղջիկն ամպերից վեր

Թվում էր՝ ամեն ինչ ճիշտ է ընթանում. արևը փայլում էր, Երկինքը բարևում իր կապույտով մինչև գարնան պայծառ օրերին փոխարինելու եկավ արծաթաթույր ձմեռը: Փաստորեն կյանքում ոչ մի բան իր հիմնական հունով չի ընթանում: Լինում են պահեր, կարճ կամ երկար, որոնք փոխում են մեր պատկերացումների համակարգի հունը: Իմ պատկերացումներն ու ես արդեն հասել էինք «ԴԵՊԻ ԿԱՆԱՉ» քաղաք տանող կանգառին, երբ տեղեկացրին, որ վերոնշյալ համարի ավտոբուսի փոխարեն ժամանել է «Դեպի Սպիտակ» տանող ավտոբուսը: Դե, ես էլ ստիպված նստեցի, ու շարժվեցինք: Ողջ ավտոբուսում տեղում էր ձյուն, ավտոբուս մտնող ճանապարհի վրա տեղ-տեղ մերկասառույցներ էին, իսկ ճանապարհային աշխատողները նույնիսկ չէին հասցնում կատարել ձնամաքրման աշխատանքները, բայց մեզ դա չէր խանգարում. Մեր ավտոբուսն ընթանում էր: Դե, որպեսզի ժամանակը շուտ անցնի, բացեցի նոթատետրս:

Առաջին էջում պատկերել էի մեծ արև, իսկ ներքևում` Բ-տառը. Սլաքով միացրել էի արևի շողերին, արդյունքում ունեցա «Բարև»-ը, կողքին կանաչ ու կապույտով իմ մոլորակն  էի նկարել, շուրջբոլորը` աստղեր, թերթեցի, մյուս էջերում էլի գունավոր պատկերներ էին, ամպեր, սարեր, դեղին ավտոբուս, ոլորաններ, ու ես` պայուսակն ուսիս կանգառում կանգնած…

Եթե վերլուծենք էս ամեն ինչը, արդյունքում կունենանք «հրաշախառը» մի պատմություն:

Մի քանի ամսվա բոլոր շաբաթ կիրակիները ես անց էի կացնում Կոլյա պապիկի ամենադեղին ավտոբուսով երթևեկելիս…

Հա՛, հա՛, ես հենց էն հացատան մոտ իջնող աղջիկն եմ:

Թե ոնց ստացվեց, որ ինձ էդպես էին հիշում հիմա կբացահայտենք… Ընդամենը մի քանի ամիս, ու ես քննությունների էի, պետք էր մի քիչ գոնե պատրաստվել, նախքան թեստ գրելը: Ես ինչքան էլ ինքս ինձ վրա աշխատում էի, չարչարվում էի, գրում-ջնջում էի, միևնույն է, շատ անինքնավստահ էի, անընդհատ սթրեսներ, լաց, վախ, ընթացքում նույնիսկ որոշել էի, որ չպետք է շարունակեմ ուսումս… Բայց շուտով որոշեցինք, որ պետք է ստուգենք՝ ինչքանով եմ պատրաստ:

Քանի որ իմ հայրենիքը գտնվում է ամպերից վեր, մի քիչ դժվար է Ա-ից Բ կետ հասնելը, ու քանի որ իմ ինքնաթիռի վերանորոգումը ես չէի ավարտել և ժամանակն էլ բավականին քիչ էր, որոշեցի Կոլյա պապիկի ավտոբուսով տեղաշարժվել, բայց հավատացեք, իմ ինքնաթիռից էլ արագ էր ընթանում… էնքա՜ն արագ, որ ես ճանապարհի կեսին պետք է ասեի` հացատան մոտ պահեք, հակառակ դեպքում չէի հասցնի իջնել: Մի քանի անգամ մոռացել եմ ասել ու վերջին կանգառից մինչև հացատուն ոտքով ստիպված եմ եղել քայլել, հետո սովորեցի ավելի ուշադիր լինել ճանապարհներին:

Դեղին ավտոբուսին հաջորդում էր ամենաժպտերես ու ջերմ ուսուցչուհիս, ով իր ամեն մի խոսքով ինձ մոտիվացնում ու սթափեցնում էր: Իր հետ իմ խնդիրները յուրօրինակ լուծում էին գտնում: Ես սովորեցի իր պես մտածել ու իմ մոլորակին նայել ամենավերևից, ներքևից ու մնացած բոլոր կողմերից…

Ոլորանները, որոնք սկզբից բարդ ու խճճված էին թվում, հիմա ես անցնում էի սավառնելով…

Բացի խնդիրներին լուծում տալուց, ես հասցնում էի իմ թռիչքի ընթացքում հետևել Փոքրիկ իշխանին ու իր վարդին…

Թվացյալ մութ պատերով մոլորակը, որտեղ ես ապրում էի, գույներով լցվեց, վախերին փոխարինելու եկան ամենաջերմ ու գունեղ ժպիտները, ինձ մոտ կարծես թե ամեն ինչ ստացվում էր, ու հանկարծ ավտոբուսը բախվեց մեկ այլ ավտոբուսի… Դուռը բացվեց, արևի շողերը ողջունեցին ինձ, և լսվեց իմ անուն ազգանունը: Իջա և ասացին, որ պետք է նստեմ մյուս՝ ավելի մարդաշատ ավտոբուսը…

Ավտոբուսը կանգնեց սիրուն պատուհանիկներով «տան» դիմաց:

Իսկ ես մտածում էի, թե հացատնից համալսարան երկու կյանք է պետք հասնելու համար: Տեսնու՞մ եք, Կոլյա պապիկի ավտոբուսը, չէ՜, ինքնաթիռը հրաշքներ է գործում…

Նոթատետրս փակեցի, տեղավորեցի պայուսակումս և հեռացա ավտոբուսից…

Արդեն ամառ էր. համարյա վերջը: Իմ ինքնաթիռի վերանորոգման աշխատանքներն ավարտել էի, հիմա այլևս ոչ ոք ու ոչինչ չի կոտրի նրա թևերը:

lilit poghosyan/ulunts

Էլի արևը կշողա

Կապուտաչյա երկնքից աշխարհի ամենամեծ ու լուսավոր արևն իր շողերով փաթաթվում է ինձ և ողջունում: Իսկ ես արթնանալուս պես վազում եմ պատշգամբ, նայում նրան, ժպտում ու հեռանում: Այդ արևը նման չէ սովորական դեղնանարնջագույն արեգակին, որ պարզապես կա մեզ ջերմացնելու, մեր ամենօրյա աշխատանքին նպաստելու համար: Ինձ գրկողն իմ արևն է, որն իր մեջ ամփոփում է նվիրվածություն, անսահման մեծ կարոտ, աննկարագրելի շատ տաքություն՝ սառած, որին չի կարող փոխարինել ոչ մի ջերմացնող սարք: Չէ՞ որ ջերմությունը ձեռքերի մեջ է, ոչ թե հոսանքի: Չէ՞ որ ջերմությունը զգում են ոչ թե մի ամբողջ վառվող ակնթարթ, այլ ապրում ջերմությամբ ողջ կյանքի ընթացքում: Ցավոք, մեզնից յուրաքանչյուրն իր ջերմության մասնիկը կորցրեց, տալով արևին, ավելի ջերմացրեց Երկնաշխարհը… Իսկ Երկրաշխարհս դատարկվեց ու մասնատվեց: Բայց գիտե՞ս, ամենասարսափելին այսքանի մեջ ջերմության պակասը չէ, որովհետև ես կիրակի օրերին քո տուն եմ գալիս,  քեզ համեղ կոնֆետներ բերում ու նեղանում, որ չես ուտում:  Հիշու՞մ ես, նախկինում ափսեի մեջ ոչ մի կոնֆետի կտոր չէիր թողնում:

Գալիս ու սառած հողաթումբն եմ գրկում, մեկ-մեկ այնքան եմ ջղայնանում, որ ուզում եմ մասնատել այն քարի կտորները, որ բաժանում են քեզ ինձնից, ինձ` իմ արևից. ուզում եմ շուտ հասնել, գրկել, տաքանալ ու ասել կներես. Կներե՜ս, որ դու քո տեղում ես, իսկ ես, նա, մենք` ոչ…

Երևի մտածում ես պարտավորված եմ քեզ կոնֆետ բերում, որ նախկինի պես հերթական անգամ չնեղանաս ինձնից… Լսի՜ր, իսկ գուցե կոնֆետները փոխանցեմ Աստծուն, ու դրա դիմաց քեզ՝ ամենաքաղցր  ու թանկարժեք կոնֆետը վերցնեմ: Աստված կտա, հաստատ գիտեմ, կտա՜… Թանկագին կոնֆետ, թանկագին կյանքի համար… Հավերժական ու երբեք չկոտրվող կոնֆետն արևի համար, արևի դիմաց:

Համառ քայլերով մոտեցա եկեղեցուն, աղոթեցի քո հոգու հանգստության ու լուսավորության համար:

Սիրտս ասում է՝ կգա՜ս ու գծածդ երազանքներն առանց հերթի իրականություն կդարձնես: Մեղադրում ես չէ՞, ինձ, հիմա էլ ես եմ քեզ մեղադրում գնալուդ ու բոլորիս աշխարհը քեզ հետ տանելու համար: Խամրեցին վրձնիս գույները, որ պատրաստվում էին մի ամբողջ կյանք քեզ ներկել ուրախության գույներով:

Ես կարոտում եմ քեզ, քո` ինձ ժպտալը, նույնիսկ քո կոպիտ հումորները, կարոտում եմ անգամ քո` ինձ նեղացնելը…

Եթե նույնիսկ աշխարհը կործանվի պատերազմի ալիքներից, դու վեր կհառնես ու կարոտիդ ու սիրուդ գումարի քառակուսիով կլցնես աշխարհը. մե՜ ր աշխարհը:

Մի ամբողջ հոգի կարոտ սպասում է քեզ, ես հավատում եմ քո գալուն:

Դու արևահրեշտակ ես, զինվո՛ր, այնքան կարևոր, որքան անունդ և այնքան թանկ, որքան սրտիդ ամեն բաբախյունը… Ես քո տանն եմ, դու ինձ գրկում ես ու ջերմացնում վերևից:

Իսկ հետո գալիս է գիշերը, և արևը քնում է, իմ պատշգամբի հյուսիսարևելյան աջ կողմում աստղն է շողում, քո անունով աստղը, որ իմ սխալվելու, ընկնելու պահին կանգնեցնում ու սթափեցնում է ինձ:

Արևը, աստղը, աշխարհը մեկ տարի անց էլ, աշխարհի՝ տարիների չափման սանդղակի չափ, դարեր էլ անց կմնան նույնն ու իմը…