Աստղիկ Ավետիսյանի բոլոր հրապարակումները

Astghik Avetisyan

Տես` հըմի ինչըխ կըգմբըռդա

Մեր մարզի ծայրամասային գյուղերում, խստաշունչ ձմռանից հետո (որը տևում է նույնիսկ  6 ամիս), մայիսը կարծես թարմ շունչ հաղորդող, ու գարուն բերող ամիս լինի։

Սակայն այս տարի համեմատաբար ավելի շուտ վերջացավ ձմեռը, և մայիսն էլ սկսվեց անձրևոտ եղանակներով։

Գյուղում հիմա ուժգին ամպրոպ է։ Այնքան եմ տարվել պարապմունքներով, որ, եթե երկինքը չլուսավորվեր շանթի բոցերով, և չլսվեր անձրևի խշշոցը՝ չէի  մտածի, որ դրսում անձրև է գալիս։ Կայծակը լուսավորեց երկինքը, և երբ մտածեցի, որ դրան հաջորդելու է ուժգին գոռգոռոցը՝ ակամայից հիշեցի մանկությունիցս մի դեպք, որը  մեծ ուրախությամբ կպատմեմ։

Երբ փոքր էի՝ հազիվ 4 կամ 5 տարեկան, ամպրոպից  շատ էի վախենում։ Այն ժամանակ ապրում էինք հորական պապիկիս տանը, որտեղ հիմա  հորեղբայրս է ապրում։

Ճռճռացող  թախտ, կլոր սեղան ու մի քանի իր մի մեծ ճաշասենյակում, որոնք չէին թողնում  կարծել, թե այստեղ  ոչ մի մարդ չկա։

Մեծ քույրիկիս հետ տեղավորվում էի թախտի մի անկյունում  ու սկսում աղոթել, որ ամպրոպը վերջանա։ Եվ աղոթքն էլ ուներ մոտավորապես այս  բովանդակությունը.

«Կայծակ չզարկես, չզարկես խնդրում եմ…»։ ՈՒ երբ երկինքը լուսավորվում էր, քույրս միանգամից մեջ էր ընկնում ու ասում.

-Տես` հըմի ինչըխ կըգմբըռդա։

Երբ սկսում էր ուժեղ գոռգոռալ՝ լաց էի լինում, արդեն ոչ այնքան վախից, այլ ուզում էի հասկանալ, թե քույրս ոնց է գուշակություններ անում, որ ես չեմ կարողանում անել։

Շատ մտածելուց հետո, երբ հարցիս պատասխանը չէի կարողանում գտնել, հարցնում էի.

-Քուրիկ , բա դու ինչխ գիմանաս ե՞փ բըդի  գըմբըռդա։

Քույրս նայում էր վրաս, թեթև ժպտում և ոչինչ չէր ասում։