Սերյոժա Առաքելյանի բոլոր հրապարակումները

Փոքրիկ, բայց մեծ ուրախություններ

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Գրպանիցս հեռախոսս հանեցի և տեսա‚ որ պատահականորեն ֆեյսբուք սոցիալական կայքս է բացվել։ Կայքիցս դուրս չեկա և որոշեցի թերթել ժապավենը։ Մի քանի լուր նայելուց հետո տեսա‚ որ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը գրառում է կատարել։ Գրառումը բարեգործության մասին էր‚ որը վերաբերվում էր սահմանամերձ Բաղանիսին։ Անկեղծ ասած, ինձ շատ հետաքրքրեց և որոշեցի այն կարդալ։ Գրառումը բացվեց և տեսա, որ բարեգործությունը նվիրվում է Բաղանիսին` փողոցային լույսերը ավելացնելու նպատակով։ Նշեմ‚ որ երկու տարի առաջ ծրագիր իրականացվեց‚ որպեսզի բաղանիսցիները ապահովված լինեն փողոցային լույսերով: Պարզվեց‚ որ մեծ գումար է անհրաժեշտ մի քանի թաղամաս լույսով ապահովելու համար։ Փառք Աստծո, Հայաստանում կան այնպիսի մարդիկ, ովքեր մտածում են սահմանում ապրող մարդկանց մասին, և այդ մարդկանցից մեկը Քրիստինե Պեպելյանն էր, ով 600.000 դրամ նվիրաբերեց Բաղանիսին։  Քրիստինեի շնորհիվ ծրագիրը ավարտին հասցվեց, և մի քանի թաղամաս ապահովվեց փողոցային լույսերով։ 

Մինչ լուսավորության ապահովումը երեխաները խաղում էին սահմանված ժամանակով։ Երևի դուք ինքներդ ձեզ հարց եք տալիս. խաղի սահմանված ժամանակը ո՞րն է։ Այո` այն‚ որ երեխաները խաղում էին մինչև 19:00, որից հետո մութը վրա էր հասնում։ Երեխաները լուսավոր թաղամասից հեռանում էին այնպես‚ կարծես ինչ-որ մեկը բռնել էր իրենց ձեռքը և չէր թողնում‚ որ այդտեղից հեռանան։  Տեսնում էի, թե երեխաներից մեկը` ով ապրում էր մութ թաղամասում‚ ինչպես էր երեք քայլ անում և հետ նայում լուսավոր թաղամասում ուրախ խաղացող երեխաների դեմքին: Ընկերներիցս մեկը նույնպես բնակվում էր այդ մութ թաղամասում, և ինձ համար շատ անսովոր էր լուսավոր թաղամասից մտնել լուռ ու մութ թաղամաս`  կարծես թե միանգամից սենյակի լույսը մարում է, և ամեն ինչ պատվում մթությամբ։  Ես վախենալով առաջ էի գնում, կանգ առնում‚ որովհետև առջևս և ոտքերիս տակ չէր երևում։

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Հիմա ամեն ինչ այլ կերպ է‚ որովհետև նվիրաբերված գումարով գնվեցին լամպեր‚ երկաթյա ձողեր և հոսանքալարեր։ Աշխատանքները կատարվեցին մեկ ամսվա ընթացքում, և մութ թաղամասերը մնացին անցյալում։ Նրանց փոխարինել էին երեխաների աշխույժ ձայները։ Թաղամասում ապրողները շատ էին ուրախացել։ Մարդիկ չէին հավատում‚ որ իրենց թաղամասը նույնպես լուսավորված է։ Ամեն լույսերը վառվելով մարդիկ Քրիստինեին օրհնում և բարի խոսքեր են մաղթում։

Լավ կլիներ, եթե հայրենասեր հայտնիների բարեգործական այս քայլերը ոչ թե պարսավեին ոմանք, այլ իրենք էլ հետևեին նրանց օրինակին:

seryoja arakelyan

Սեպտեմբերի մեկի, չկայացած ծննդյան օրվա ու էլի շատ բաների մասին

Ես Սերյոժան եմ: Ապրում եմ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում: Սեպտեմբերի 1-ին սովորականի նման գնացինք դպրոց: Երեխաները ստացան իրենց գովասանագրերը, և սկսեցինք դասերը: Բոլորիս տրամադրությունը բարձր էր: Մենք շատ ուրախ էինք, որ երկարատև արձակուրդից հետո հանդիպել էինք: Դասերը վերջացնելուց հետո երեխաները իրենց ծնողների հետ ճամփա ընկան դեպի տուն: Ամեն ինչ նորմալ էր, հանգիստ: Սակայն կատարվեց անսպասելին: Ադրբեջանական դիրքերից սկսվեց գնդակոծվել Բաղանիսը: Մեծից փոքր խուճապի էին մատնվել և այդ լարված իրավիճակին փնտրում էին մի այնպիսի վայր, որտեղ հնարավոր կլիներ պատսպարվել` թեկուզ անապահով վայրում: Գնդակները մի քանի վայրկյանի ընթացքում հասան գյուղ: Աղմկոտ ձայներով հարվածեցին տան կտուրներին, դպրոցի պատերին, ապակիներին և գազատար խողովակներին:

Կրակոցները մի կողմ, դա արդեն սովորական է դարձել յուրաքանչյուր սահմանամերձ գյուղում ապրող մարդու համար: Այդ օրը ինձ համար շատ կարևոր օր էր: Այդ օրը ես տոնելու էի իմ ծննդյան տարեդարձը, ամենաշատ սպասված օրերից մեկը իմ կյաքում: Կրակոցները դադարելուց հետո ես գնացի տուն և իմացա, որ ոչ մի ծնունդ էլ չի լինելու: Կրակոցների պատճառով հարազատներս հրաժարվեցին ներկա գտնվել ծննդյանս տարեդարձին: Ապահովության համար ծննդյանս տարեդարձը հետաձգվեց: Տխրել էի, բայց հասկանում էի հարազատներիս, որոնք պիտի գային այլ վայրերից Բաղանիս:

Ես հաճախում եմ նկարչական դասընթացների: Ազատ ժամանակս հատկացնում եմ  նկարելուն: Սակայն նկարելու համար անհրաժեշտ է գնալ Նոյեմբերյան քաղաք: Նկարչությունը ինձ համար մեծ նշանակություն ունի, բայց նկարչական նյութեր գնելը մեծ դժվարություն է առաջացնում` մեկը այն, որ մեր գյուղում չկան անհրաժեշտ պարագներ: Եվ ոչ միայն դա: Գյուղի խանութներում կա հագուստի, գրենական պիտույքների և մի շարք մթերքների պակաս:

Ես դեռ շատ եմ գրելու, դեռ կհասցնենք ավելի մոտիկից իրար ճանաչել: