Նաիրա Մխիթարյանի բոլոր հրապարակումները

naira mkhitaryan

Խոստովանություն

-Ախր ո՞նց կարողացար դուրս գալ խմբակից, վեց տարիդ անիմաստ ջուրը գցեցիր, գոնե էս մի տարին էլ գնայիր, վկայականդ ստանայիր:

Վերջերս շատ եմ լսում էս հարցը ու միշտ նույն պատասխանը տալիս.

-Դե, ժամանակ չեմ ունենա հաստատ, սկսելու եմ ինձ անհրաժեշտ առարկաները պարապել արդեն, համ էլ համայնքային խոշորացումից հետո վարձը կրկնապատկվեց: Անիմաստ եմ համարում էդքան գումար տալ, մանավանդ, որ էդ վկայականով ոչինչ չեմ կարող անել:

Վերջում էլ պարտաճանաչ ավելացնում եմ.

-Համ էլ հավես չունեմ, մի տեսակ հոգնել եմ:

Չէ, ես չեմ հոգնել ու երբեք չեմ հոգնի դաշնամուր նվագելուց, երբ մենակ եմ կամ մտերիմ ընկերների հետ: Ես հոգնել եմ ու չեմ վարանի ասել՝ ատում եմ բոլոր տեսակի համերգները, որտեղ ներկայանում ու նվագում եմ: Ես դա չեմ համարի բարդույթ կամ կոմպլեքս, ուղղակի չեմ սիրում:

Հիշում եմ, թե ինչպես առաջին համերգի ժամանակ նվագեցի ու առանց խոնարհվելու իջա բեմից, իսկ վերջի՞նը. վերջինի ժամանակ էլ:

Հիմա հնարավորություն ունեմ բացատրելու: Չէ, ես ինքնահավան չեմ: Ուղղակի առաջին համերգի ժամանակ ինձ ասել էին, որ հանկարծ չխոնարհվեմ: Համերգը ամբողջական ներկայացում էր, ու դաշնամուրային համարը՝ պարզապես ներկայացման դրվագ: Իսկ վերջի՞նը: Վերջինի ժամանակ չխոնարհվեցի, որովհետև չէի նվագել: Հա, հենց էդպես: Սառած ու դողացող մատներով մի երկու ստեղն սեղմեցի: Ազնավուր էի նվագում կամ պիտի նվագեի: Հետո տեխնիկական խնդրի պատճառով սկսեցի չլսել ինքս ինձ, խառնվեցի ու հաջորդ վայրկյանին հեռացա բեմից:

Չեմ ասի, որ միակ պատճառը տեխնիկականն էր: Չնայած` չէ, լավ էլ տեխնիկականն էր. ուղեղս անջատվել էր: Հուսամ, կներեք ավելի չմանրամասնելու համար, ուղղակի կան զգացումներ, որ անբացատելի են…

Բեմից իջնելուց անմիջապես հետո տուն շտապեցի: Տանն եմ, Ազնավուր եմ նվագում` «Հավերժական սերը», նվագում եմ այնպես, ինչպես երբեք: Սառած չեմ, հոգիս միացրած է, զգում եմ: Այնպես, ինչպես պահանջում, հորդորում էր ուսուցիչս: Տանը ոչ ոք չկար: Նվագելն ավարտելուց հետո ողբս եմ կապել ու շարունակ մեղադրում եմ ինձ:

Հիշում եմ, թե ինչպես չորս տարի առաջ երազում էի Բեթհովենի «Էլիզեի համար»-ը նվագել, բայց քանի որ այն բավականին բարդ էր, իսկ ես նոր-նոր կարապների, սագերի ու բադերի պարեր էի նվագում, երազանքս չիրականացավ այդ և մոտակա երեք տարիների ընթացքում:

Գալիք հաշվետու համերգին պիտի հենց էդ ստեղծագործությամբ ներկայանայի, բայց չեմ ներկայանա, որովհետև ատում եմ ամեն տեսակ համերգները, ու որովհետև ես էլ խմբակի սան չեմ:

Երազանքս իրականացնելու համար ինձ անհրաժեշտ չեն բեմ, հանդիսատես ու ծափեր, ես դրա իրականացման բերկրանքը զգում եմ ամեն անգամ, երբ տանը մենակ եմ:

naira mkhitaryan

Հանուն ընտանիքի

-Մամ, դուրս եմ գալիս արդեն:

-Գոնե մի բերան հաց կեր, այ աղջիկ, որ նորմալ դաս անես:

-Չէ, մամ, ես առավոտները հաց չեմ ուտում:

Իրականում լավ էլ ուտում եմ, եթե հասցնում եմ արագ պատրաստվել, բայց գրեթե միշտ ժամանակս չի հերիքում:

-Գնա, պապային դպրոցում տեսնես, ասա՝ շուտ գա, հոգնած կլինի:

Նույն երկխոսությունը մեր տանը կրկնվում է ամեն երեք օրը մեկ՝ հայրիկի երկրորդ աշխատանքի օրերի ժամանակ, բացառությամբ միայն էն դեպքերը, երբ հայրիկի աշխատանքային օրերը համընկնում են դպրոցում ոչ աշխատանքային շաբաթ-կիրակիների հետ:

Քանի որ դպրոցում հաշվապահության համար տրվող «աղքատավարձը», ինչպես մեր ընտանիքում սիրում ենք բնորոշել, սկսեց չբավարարել ընտանեկան ծախսերին, հայրիկս սկսեց փնտրել երկրորդ աշխատանք:

Գտնելը հեշտ եղավ: Դե հա, ո՞վ կհրաժարվեր երեք բարձրագույն կրթությամբ մարդուն աշխատանքի ընդունել զինվորական պահեստների պահակության համար:

Աշխատանքային առաջին օրվանից հետո հայրիկը առավոտ վաղ շտապել էր դպրոց՝ աշխատանքի:

Այդ օրվանից սկսած ուսուցչանոցը դարձավ իմ ու հայրիկի տեսակցության վայրը:

-Բարև ձեզ: Ընկեր Սարգսյանը դասամատյանն է փնտրում,- ուսուցչանոց մտնելով ասացի, հետո ցածրաձայն ավելացրի,- պա՞, բարև, ո՞նց ես:

Պապան էնքան խառն էր, որ նույնիսկ չնկատեց էլ: Եթե տանը լինեինք, կկանգնեի անմիջապես դիմացը ու հանդիսավոր կերպով կողջունեի ինձ նկատել տալու համար, բայց քանի որ դպրոցում ենք, չի կարելի խանգարել ընկեր Մխիթարյանին:

Դասերի ավարտից անմիջապես հետո արագ տուն շտապեցի: Հայրիկին տեսնելուն պես վզովն ընկա: Դե հա, ընդամենը երկու առավոտ ու մի գիշեր չէի տեսել, բայց արդեն կարոտել էի: Ինձ համար անսովոր էր արթնանալ ինքնուրույն, և ոչ այն աթոռի գետնին ընկնելու թխկոցից, որին ամեն առավոտ ոտքը պարտաճանաչ հարվածում է հայրիկը:

Հայրիկը չէր դժգոհում երկրորդ աշխատանքից:

-Ինչ անում եմ, երեխեքիս համար եմ անում, որ կարևորը՝ լավ ուսման տամ: Նառ ջան, արդեն կարաս նույնիսկ վճարովի ընդունվես, վարձդ ապահովված ա,- կատակի տալով ավելացրեց հայրիկը:

Հայրիկի նման զոհողությունները, առավոտվա 7-ին վազել Երևան, ամբողջ գիշեր չքնել ու դրսում անցկացնել, հաջորդ առավոտ անմիջապես դպրոց շտապել, տուն գալ միայն նախաճաշելու համար ու արագ Ապարան կամ Աշտարակ գնալ՝ հաշվետվություններ ներկայացնելու, ավելի պարտավորեցնող են դարձնում:

Երկրորդ աշխատանքի ընդունվելու համար ներկայացնելիք ինքնակենսագրականը «սիրուն ձեռագրով» արտագելիս ափսոսանք ու հիասթափություն էի ապրում, որ նշում եմ բարձրագույն ուսումնական հաստատությունների անունները, որոնք ավարտել է հայրիկը, որպեսզի պահակության համար աշխատանքի տեղավորվի: Մտածում էի, որ էդքան սովորելը ոչ մի բանի պետք չեկավ, բայց էդ ամենն էլ մեծ նշանակություն ուներ, որ աշխատանքային մի քանի օր անց մեր տուն սկսեցին հյուր գալ հայրիկի աշխատանքային ընկերներն ու նույնիսկ գնդապետը: Էդ ամենը, ամենայն հավանականությամբ, կիրթ վարվելակերպի արդյունք էր:

-Մամ, գնում եմ արդեն:

-Պապային տեսնես, հիշեցրու, որ ապառիկի մուծման օրն ա:

-Մամ, բա «մի բերան հա՞ցը»:

-Դու առավոտները հաց չէիր ուտում բա:

-Մամ, քանի ժամանակ ունեմ, թեյը բեր, վա՜յ…

Կարոտիլ տեմ

Լուսանկարը` Աննա Գասպարյանի

Հունիսի 25 ին իմացա, որ երկու օրից ճամբար պիտի գնամ: Շատ ուրախացա, անհամբեր սպասում էի: Խոսքս 1994թ-ին հիմնադրված Փամբակի Արամյան ճամբարի մասին է: 1998թ.-ին Փամբակ գյուղի թույլտվությամբ ճամբարի շենքը վերակառուցվել է և անվանվել է Փամբակի ճամբար: ԱՄՆ-ի ԵՄՔԱ-ն Արամյան ընտանիքի օգնությամբ ապահովել է անհրաժեշտ ֆինանսավորում Փամբակի ճամբարի ամբողջական վերակառուցման և ընդլայնման համար, որն էլ ավարտվել է 2012 թվականի սկզբին և վերանվանվել է Վանաձորի ԵՄՔԱ-ի Արամյան ճամբար: Ճամբարը նախատեսված է 7 – 16 տարեկան երեխաների համար և ունի 40 երեխա հյուրընկալելու հնարավորություն: Այն երիտասարդներին ծառայող համայնքային կազմակերպություն է, որը տեղական կարողությունները հարստացնելով և դրանց վրա հիմնվելով, հանրության մեջ սերմանում է դրական փոփոխություն՝ կրթության, շահերի պաշտպանության և ուղղակի ծառայությունների միջոցով՝ ուղղված առողջ մարմնի, մտքի և հոգու զարգացմանը:

Լուսանկարը` Աննա Գասպարյանի

«Վորլդ Վիժն» կազմակերպության շնորհիվ ես և Աննա Գասպարյանը համալրեցինք 40 երեխաների շարքերը:

Ճամբարում եմ: Առաջին օրը մի տեսակ չէր անցնում, անկեղծ ասած.այն չէր, ինչին սպասում էի, բայց առաջին տպավորությունը երբեմն խաբուսիկ է լինում… Իմ դեպքում երբեմնը մեղմ է ասված: Առաջին տպավորություններս երբեք չեն համապատասխանում իրականությանը:

Ինչևէ, ճամբարային վեց օրերը, չհաշված առաջին տպավորության առաջին օրը, դարձան ամենաուրախ ու միաժամանակ, ամենահուզիչ, ամենաանմոռաց օրերը, որոնք միշտ հիշելու եմ, սկսած ամենասիրելի ջոկատավարներից: Կուզենայի խոսքս ուղղել ընկեր Ֆելիքսին: Չեմ ստի, սկզբում Ձեզ չէի սիրում, մի տեսակ «յոլա» չէինք գնում իրար հետ, նույն կերպ ընկեր Լևոնի հետ… Ընկեր Լևոնին հասցրեցի սիրել շատ:

Հիշո՞ւմ եք, երբ ասացի, որ թղթակցում եմ 17.am կայքին, մոտեցաք ու սեղմեցիք ձեռքս: Հիմա, նույն 17-ի շնորհիվ ասում եմ, որ շատ եմ սիրում բոլորիդ. ընկեր Սոսին, Արմինեին ու մյուսներին: Հուսով եմ, երբևէ նորից կհանդիպենք:

Լուսանկարը` Աննա Գասպարյանի

Ճամբարային ամենամեծ ձեռքբերումներս եղան նոր ընկերներս: Կարոտում եմ ամեն անգամ ճաշարան մտնելն ու սեղանների վրա անունս փնտրելը: Ես մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ էի սպասում, թե ում կողքին եմ նստելու: Ու ամեն անգամ նոր դեմքեր, նոր ընկերներ: Խոսքը մեր մեջ, երբ հասա տուն, բնազդաբար անունս էի փնտրում սեղանի վրա:

Հիշում եմ խարույկն ու քնապարկով գիշերը դրսում անցկացնելը, ու ինչպես դարձանք մոծակների զոհ: Ինչպես ասում են՝ ընկերովի մահը հարսանիք է, իսկ մեր հարսանիքին կիթառահար էլ կար, ով իր նվագով ստիպում էր բացել բերանդ ու բոլորին հավասար երգել՝ հաշվի չառնելով բացարձակ բաղաձայն լինելուդ փաստը: Հիշում եմ էն բոլոր առավոտները, որոնք սկսվում էին ռոք երաժշտությամբ, ու հեչ կապ չունի, որ առավոտները մահճակալիցդ խելագարի նման վեր էիր թռչում:

Իսկ իբրև վերջաբան՝ երանի նրանց, ովքեր պիտի հյուրընկալվեն Վանաձորի YMCA ճամբարում մեզանից հետո:

Ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել «Վորլդ Վիժն» կազմակերպությանը Սուրեն Օհանջանյանի գլխավորությամբ: Ձեզ եմ պարտական YMCA ճամբարում գտնվելուս համար:

Շնորհակալ եմ մեր բոլոր ջոկատավարներին, առաջին հերթին, մեզ YMCA արժեքներով դաստիարակելու համար. հոգատարություն, ազնվություն, հարգանք, պատասխանատվություն: Սրանք արժեքներ են, որոնք մեզ պետք են գալու ամբողջ կյանքի ընթացքում:

Շնորհակալություն՝ յուրաքանչյուրիս առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու, մեզնից մեկը լինելու համար.

Հ.Գ. Էն, որ նույնիսկ Վանաձորի բարբառն է տպավորվել: «Կարոտիլ տեմ, ազիզնե՜ր»:

naira mkhitaryan

«Վարդէվըր. ըդման գրա»

Պատմում է հնաբերդցի մորական տատիկս.

-Առավոտվա շաղին, ժամը 6-ից հելնում էինք, ընգնում ճամփա, գնում Սուրբ Հովհաննեսի վանք: Վանքի մոտ մեզի հարս էինք նշանակում:

-Տատ, բա փեսա՞:

-Փեսա էլ ենք ունեցել, բայց աղջիկ: Մենք տղեքին չէինք խաղցուցե, բայց իրանք մեզի անընդհատ ջրած:

-Տատ, բա դու հարսի դեր տարե՞լ ես:

-Բա ոնց. հարսի էլ, փեսի էլ: Մեր օրենքի մեջ կար, որ հարսին չեն ջրում, բայց մեր ուզող տղեքը մեզ ջրում էին:

-Տատ, քեզ ջրե՞լ են:

-Բա ոնց: Արամայիս (պապիկս) Թիվրիզն էր: Ասի՝ լավ ա, ընձի ջրող չկա: Հասանք, մի թափ Վարդևըր խաղցանք, մեկ էլ տեսա չամադանով կայնուգ էր: Չամադանի մեջն՝ շշերով ջուր: Լարվավ հետևիցս, կալոշներս (ըդման էլ  գրա՝ կալոշ, բա էն վախտ կալոշ էր, կոշիկ ո՞վ ուներ) քցեց ջուր, մացի բոբիկ: Վա՜յ, Արամայիս, Արամայիս …

Բայց գնաց իրանց տնից նվեր կալոշ բերեց, հագա: Կալոշներով էլ ջրե՜ց. պապին ի՞նչ չբերե իմ գլխուն: Վարդավառից տուն ենք եկե, պապայիս հաց էի տանում, եկավ ջրե՜ց, հացս թափեց, գնաց իրանց տնից տոլմա բերեց՝ տարա:

Տո, ի՞նչ չընք էրե, է՜: Մինչև գիշեր խաղցել ենք, պարել ենք, երգել ենք…

Իմ կարծիքից մինչև իմ քայլը

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Բարև: Ինչպե՞ս ես: Անհանգի՞ստ, անհամբե՞ր, պլանավորում ես մասնակցությունդ ցույցի՞ն, գուցե նեղսրտած ես, որովհետև հնարավորություն չունե՞ս մասնակցելու:

Եթե աշակերտ ես, մեծամասնության կարծիքով՝ առիթից օգտվում ես դասի չգնալու, դաս չսովորելու համար: Իսկ ի՞նչ է անում էդ մեծամասնությունը: Մտածում է, որ մեկ է, ոչինչ չես փոխելու, նախատում է քեզ դասի չգնալու համար՝ պատճառաբանելով, որ ազգին կրթված սերունդ է հարկավոր, ու որ ամենակարևոն է՝ դու անչափահաս ես:

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Ի՞նչ է, անչափահասը չի՞ տեսնում՝ ինչպես է տանջվում ծնողն իրեն պահելու համար, չի՞ զգում արտերկրում աշխատող հարազատի կարոտը, չի՞ տեսնում իր իսկ ժողովրդի պայքարը, չի՞ ոգեշնչվում ամեն տեսակ հաղթանակներից։

Ես անչափահաս եմ, հա: Բայց ես դասարանի դռան վրա հենց սկզբից գրել եմ «#ՄերժիրՍերժին»: Ես չվախեցա տնօրենին ասել, որ ես եմ գրել, ես չհուսահատվեցի, երբ գրածս մաքրեցին, ես չհուսահատվեցի, երբ երեք անգամ ձախողեցին մեր կազմակերպած դասադուլը, ես չվախեցա կարծիքս հայտնել ու չորրորդ անգամ դուրս եկա ցույցի՝ գրածս մաքրողների գլխավորությամբ:

Ես չէի մրսում, սոված չէի, չէի հոգնում, չէի մտածում, որ անիմաստ է: Ես վեր թռա պառկած տեղից՝ հրաժարականի լուրը լսելուն պես, վազեցի դուրս, ընկերներս էլ նույն ոգևորությամբ վազելով գալիս էին, մենք ուրախությունից թռչկոտում էինք իրար գրկած, մենք մեզ կարևոր մարդ համարեցինք, քանի որ ունեցել էինք մեր քայլը:

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Ես շարունակում եմ իմ պայքարը, իմ փոքր քայլերով քայլում եմ ժողովրդիս հետևից: Ես հավատում եմ, վստահում եմ, գիտակցում եմ պահի լրջությունը. ես պատրաստ եմ:

Հ.Գ. Դասադուլի ժամանակ նկատել եմ ժպիտդ, ոստիկան, գիտեմ, որ հոգով մեզ հետ ես, ու նոր՝ թավշյա հեղափոխությունը նշելիս՝ կենացդ խմելու ենք:

naira mkhitaryan

Զատկի հացը

-1975 թիվն էր,- պատմում է մայրս,- մորաքրոջս ընտանիքում վեց աղջիկներից հետո վերջապես ծնվեց այդքան սպասված տղա զավակը։ Զավակի ծնունդը համընկավ Սուրբ Զատկի տոնին, ու մորաքույրս, տղայի ծնունդը համարելով Աստծո կողմից տրված պարգև, թոնրի անուշ հաց թխեց ու բաժանեց գյուղացիներին։

Այդ գեղեցիկ ավանդույթը շարունակվում է մինչ օրս՝ անկախ այն բանից՝ Զատկի փոփոխական օրը համընկնում է տղայի ծննդյան հետ, թե ոչ։ Մորաքրոջս համագյուղացիները գիտեն, որ այսօր նրա թխած հացից պիտի բաժին ստանան, ու հաստատ հիմա թոնրատունը լիքն է մարդկանցով։ Ես էլ բազմիցս օգտվել եմ այդ հյուրասիրությունից ու հիմա կարոտով եմ հիշում այդ օրերը, որովհետև վաղուց հեռացել եմ իմ գյուղից, բայց ամեն տարի՝ Զատկի տոնին, հոգով ու սրտով այնտեղ եմ։ Վստահ եմ, որ ավանդույթը շարունակվում է, քանզի մորաքույրս ասում էր․ «Քանի Աստված ինձ ապրելու ուժ ու օր ա տվել, պիտի էս քայլով շնորհակալ լինեմ Տիրոջից։ Կերեք, անուշ լինի էս սուրբ հացը։ Աստծուց էլ արևշատություն ու երկար կյանք խնդրեք որդուս համար»։

naira mkhitaryan

Բարեկենդանի նապաստակը

Դասերն ավարտվել էին: Ես ու ընկերուհիս տուն էինք վերադառնում, սովորականի նման՝ դանդա՜ղ քայլելով, կամ չէ, այս անգամ՝ թռչկոտելով քարից-քար, որովհետև այս եղանակին մեր գյուղի ճանապարհները անանցանելի են՝ ցեխի պատճառով: Ճանապարհին հանկարծ նկատեցինք էլի քարից քար թռչկոտողի, բայց նապաստակի, կամ՝ նապաստակի դեմքով երեխայի: Զարմացանք, մեծ հետաքրքրություն առաջացավ, ու մոտեցանք նապաստակին, կամ՝ նապաստակի դեմքով երեխային: Պարզվեց՝ դասարանով Բարեկենդանի տոնն են նշում: Դասընկերներով հավաքվելու են, փոխվեն հագուստներով ու շրջեն տնից տուն: Հետաքրքրությունը կայանում է նրանում, որ փորձելու են հնարավորինս անճանաչելի լինել, այնչափ, որ սեփական ծնողները չճանաչեն: Ծնողներն էլ իրենց հերթին պիտի երեխաներին նվերներ տան, հիմնականում քաղցրեղեն: Վերջում բոլորով հավաքվելու են մի տեղ Բարեկենդանը նշելու:

Այսքանը հասցրեցի պարզել մեր նապաստակի դեմքով հերոսից, ով շնչակտուր վազում էր ընկերների մոտ՝ հանկարծ առանց իրեն տեղ չգնան, բան չուտեն:

Հա, մեկ էլ հասցրեցի իմանալ, որ այս ամենը կազմակերպել է իրենց դասղեկը, ով միևնույն ժամանակ, Հայ Եկեղեցու Պատմության ուսուցչուհին է:

Հետո ես ու ընկերուհիս շարունակեցինք ճանապարհը, դժգոհելով, որ մեծացել ենք՝ իբրև թե, ու նման բաներ կազմակերպելու ո՛չ հավես ունենք, ո՛չ էլ ժամանակ:

naira mkhitaryan

Խնայում ենք

-Նառ, տետրս վերջացել ա, տետր կտա՞ս,- երեկոյան դասերը պատրաստելիս հանկարծ հիշեց եղբայրս:

-Դավ, ինձ էլ ա պետք, տանն էլ չկա:

-Նառ ջան, եղբորդ հետ գնա խանութ, ուշ ա՝ կվախենաս մենակ: Լիքը շուն-մուն կա,-ասաց մայրիկը:

-Հա մա, մենակ էլ կգնամ, թող դասերն անի:

Մի կերպ համոզեցի, որ մենակ գնամ: Ախր, շատ եմ սիրում գիշերային երկինքն ու աստղերը: Տանից դուրս եկա՝ վառելով դրսի լույսը: Բացառություն էր, որովհետև միշտ անջատում եմ, պատճառաբանելով, որ էս գիշերով ոչ ոք տեղ չի գնում, անիմաստ ինչի վառենք, խնայում եմ էլի:

Չեմ խաբի, մի քիչ վախվխելով գնացի: Փառք Աստծո, մեր թաղում ինձ նման մտածողներ ու խնայողներ չկան, բոլորի տան դրսի լույսերը վառված էին: Մեր գյուղում գիշերներն այդպես են լուսավորվում փողոցները:

Գնումս կատարեցի ու տուն վերադարձա՝ անմիջապես անջատելով դրսի լույսը: էս գիշերով դժվար տեղ գնան, գնում էլ են՝ էդքան լույս կա վառված, թող գնան: Խնայողությունը մնում է խնայողություն:

naira mkhitaryan

Ես մեծ եմ

Զանգ եկավ։ Վաղը պարապմունքի եմ, պատմության մրցութին մնացել են հաշված օրեր, իսկ ես դեռ չեմ ավարտել հարցաշարս։ Ի՞նչ անել․ անջատել երաժշտությունը, վերցնել գիրքն ու սկսել կարդալ։ Ի դեպ, Սևակի «Քամին» է լցրել սենյակս, զգում եմ, որ արդեն տհաճ է լսելը, մի տեսակ հոգնել եմ նույն երգը լսելուց, բայց միևնույն ժամանակ, կախվածության մեջ եմ ընկել։

Բացում եմ գիրքը, երաժշտությունը չեմ անջատել։ Նայում եմ տողերին, չէ, չեմ կարդում, ուղղակի նայում եմ։ Փակում եմ գիրքը, մեղադրում «Քամուն»։ Լցվեց սենյակս, թերթեց գրքի էջերը ու փակեց։

Ես չեմ կարողանում կենտրոնանալ, գրողը տանի, հաստատ պարտվելու ենք մրցույթում, եթե այսպես շարունակվի։ Գրո՞ղը, գրողը հիմա անշարժացած մատներս են, բայց ես չեմ, ես երբեք չեմ կիսվում իմ ապրումներով, կամ, միգուցե, չէի կիսվում, ինչևէ։

Դասից վերադառնում եմ, մտնում տուն, ուրախ-ուրախ պատմում եմ, թե ինչպես եմ անցկացրել օրս։ Ինձ ոչ ոք չի լսում։ Հայրս նստած է բազմոցին, մայրս՝ վառարանի կողքին։ Նրանք երկուսն էլ տանն են, ինձ հետ նույն սենյակում, բայց միևնույն է՝ ինձ ոչ ոք չի լսում։

Նայում են, բայց չեն լսում, ինչպես ես՝ նայում եմ, բայց չեմ կարդում։ Ու այդպես ամբողջ օրը։

Ես նկատել էի մորս արցունքները։ Դրանք պարզապես խառնում են իրար հոգիս, փոթորկում, ինչպես քամին։

Իմ հոգու քամին չի դադարում, որովհետև ինձ ոչ ոք ոչինչ չէր պատմում, միակ միջոցը նրանց խոսակցությունից որևէ բան կռահելն էր, բայց դա էլ չօգնեց․ խոսակցություն չկար։

Ես գիտեմ, որ ինչ-որ բան այն չէ։ Ինձ հույս տվեց միայն մորս համբույրը՝ քնելուց առաջ, բայց էլի ոչ մի բառ։

Ի՞նչ է, ես այդքան փո՞քր եմ, ոչինչ չե՞մ հասկանա, եթե կիսվեն ինձ հետ։ Եթե տեղը գա, կասեն, որ հիմա մեծ աղջիկ եմ, պատասխանատու իմ ու եղբորս քայլերի համար, իսկ ո՞ւր է այդ մեծ աղջիկը, երբ գալիս է ծնողների մտատանջությունը կիսելու ժամանակը։

Մամ, պապ, ես ուզում եմ, որ ինձ մեծի պես ընդունեք, ես հոգնել եմ փոքր լինելուց, ես կարող եմ հասկանալ ձեզ։

Մամ, ես էլ կաղոթեմ, ինչպես դու, ու հավատա՝ ամեն ինչ լավ է լինելու։

Ութսուներկուամյա մանուկիս

Լուսանկարը՝ Նաիրա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Նաիրա Մխիթարյանի

«Մանանայի» դասընթացների վերջին օրն էր, ու հենց այդ օրն էլ հավանության արժանացավ առաջին նյութս՝ տեղադրվելով կայքում: Նյութիս մեջ տեղ էր գտել տատիկիս պատմած պատմություններից մեկը: Այդ պատմությունը ինձ հաջողություն բերեց. ես արժանացա առաջին ընթերցողների ծափերին: Դա երբեք չեմ մոռանա:

Ինձ խորհուրդ տվեցին գրել տատիկիս պատմած պատմությունները, բայց քանի որ խոսքը մայրական տատիկիս մասին է, և նա մեզ հետ չի ապրում, կդժվարանամ մանրամասն հիշել նրա պատմությունները, որոնք պատմել է տարիներ առաջ, երբ հյուր էր եկել մեզ:

Հիմա ես ուզում եմ գրել տատիկիս մասին, բայց ոչ թե իր պատմությունը, այլ թե ինչքան եմ սիրում ու կարոտում իրեն: Կարոտում, որովհետև Նոր տարուց Նոր տարի հազիվ տեսնեմ, թե՝ չէ:

Ամանորյա տոներին գնացել էինք տատիկին տեսնելու՝ մորեղբորս տուն: Սենյակ մտնելուն և տատիկին ամուր-ամուր գրկելուն պես, նա ասաց.

-Մեռնիմ անընիդ, բալես, երկու օր առաջ դարձար քառասուն օրական, ու պապդ մահացավ:

Ան, թզբեխի վրա հաշվում եմ անընդհատ, դարձար տասնհինգ տարեկան քառասուներկու օրեկան:

Այս լսելուն պես էլի ամուր գրկում եմ տատիկիս ու նայում մորս: Մի պահ մտածեցի՝ երևի մոռացել է քառասունքիս լրանալու օրը, բայց հետո՝ չէ, հաստատ չէր մոռանա պապիկիս մահը, պարզապես, սովորության համաձայն, իր վիշտը երբեք չի բարձրաձայնում:

Տատիկս ոտքից գլուխ զննում էր ինձ:

-Իմ օրիորդ բալա: Հասմո, քու երեխեքուց խորոդ ա,-դիմում է մորաքրոջս, միասին ծիծաղում ենք,- գլուխս էլ հաստատ էս անտեր նաուշնիկներից ու ռադիոյից ա սկսել ցավալ,- բողոքեց տատս ու հանեց ականջակալները. նա լավ չի լսում:

Երկար զրուցելուց ու տոնը շնորհավորելուց հետո հեռացանք:

-Կտեսնվենք երևի մյուս Նոր տարի,- արցունքներս զսպելով ցածրաձայն ասացի դուրս գալուց առաջ:

Տա՜տ, իմ խորհրդատու, հիշում եմ մեր տան այն առավոտը, երբ արթնացա բարձի հարվածից: Գլուխս բարձրացրի՝ ինչ-որ մեկին նախատելու մտադրությամբ, ու զարմացա՝ տեսնելով, որ հարվածի հեղինակը դու ես: Ախր, ո՞նց էիր էդ ծանր բարձը այդ տարիքիդ բարձրացրել, մի բան էլ՝ նետել մահճակալիս:

-Հելի, մեռնիմ արևուդ, աղջիկն երկար չքնի, հելի՝ մե հատ կոֆե դիր:

Տատ, կհիշես հաստատ մեր ժեստերի լեզուն, որն օգտագործում էինք, երբ հյուրեր էին գալիս քեզ տեսնելու, ու քանի որ ցածր էին խոսում, իսկ լսողությունդ այն չէր, չէիր կարողանում պատասխանել նրանց պարզ հարցերին. «Բարև, Նազո տատ, ո ՞նց ես, ի ՞նչ կա-չկա, հո հիվանդ չե ՞ս», ու ես հյուրերի մեջքի հետևում փորձում էի ժեստերով բացատրել քեզ, ու դու խորամանկ ժպիտով անսխալ հասկանում էիր ցույց տվածներս:

Տատ, ես երբեք չեմ մոռանա, որ երբ ծնվել եմ, դու բացարձակ կույր վիճակում՝ շրջապատից հարցուփորձ անելով ու օգնություն խնդրելով, հասել ես խանութ ու ինձ համար ծածկոց գնել:

Ես այդ ծածկոցով տիկիկներիս էի ծածկում փոքր տարիքում, իսկ երբ մեծանամ՝ ծոռներիդ եմ ծածկելու:

Տատ, ես վախենում եմ…

Վախենում եմ կորցնել քեզ, այլևս չլսել աղոթքներդ ու խրատներդ, չլսել պատմություններդ, հատկապես, մամայի ամուսնության մասին: Տատ, ես վախենում եմ, իսկ դու, կարծես դիտմամբ, անընդհատ խոսում ես մեծ լինելուդ, վատառողջությանդ ու պապիկի մոտ գնալու ցանկության մասին: Տատ, ախր, գիտես, որ իմ միակ տատիկն ես, ես պապիկ էլ չունեմ, ու շատ ունեմ քո կարիքը…

Ես համոզվել եմ, որ մեծանալով՝ մարդիկ հոգեպես մանկանում են, և դու՝ իմ ութսուներկուամյա մանուկ, իմացիր, որ քեզ երբեք չեմ մոռանում, և որ դու իմ միակն ես:

Չգիտեմ, կկարդա՞ն քեզ համար այս հոդվածս, կամ կլսե՞ս արդյոք, երբ կարդան, բայց կարծում եմ, ինչ-որ պահ կզգաս ներկայությունս կողքիդ, ինչպես զգում ես, երբ վատառողջ եմ լինում, զանգում ես, հարցնում.

-Բալա ջան, երազիս քեզ տեսել եմ, խո հիվանդ չե՞ս:

Ու ես նույնիսկ հիվանդ ժամանակ պատասխանում եմ.

-Չէ, տատ, հիվանդ չեմ: