Ինեսա Սողոյանի բոլոր հրապարակումները

inesa soghoyan

Հաղթանակից շատ ու շատ տարիներ անց

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար կարևոր օր է: Չէ որ դա ոչ միայն ԽՍՀՄ- ի, այլ նաև ՀԽՍՀ-ի հաղթանակն էր: Հայաստանից, այդ փոքր տարածքից,  600 հազար հայորդի է մեկնել ռազմաճակատ:  Նրանցից կեսից էլ քիչն է վերադարձել: Շատերը դեռ ընտանիք չէին կազմել, իսկ շատերն էլ թողել էին իրենց ընտանիքը: Շատերը պատերազմից վերադարձել են արդեն հաշմանդամ և, շատ շատերը գերությունից վերադառնալով, նորից աքսորվել են Սիբիր: Ով դիմակայել էր այս ամենին, վերադարձել էր, իսկ ով ոչ, հավերժ անմահացել է: Այս ամենի մասին մեզ պատմեց մեր գյուղի վերտերան Մեխակ Ավետիսյանը:

Նա մեզ պատմեց պատերազմի մասին: Պատմելուց հետո պատասխանեց մեր մի քանի հարցերին:

-Պարոն Ավետիսյան, կպատմե՞ք պատերազմից մի դրվագ, որը երբեք չեք մոռանա:

-Պատերազմի օրերին կային շատ անմոռանալի դրվագներ, տխուր և ուրախ պահեր: Հիմնականում գերակշռում էին տխուր պահերը:
Պատերազմի ժամանակ կային հողի տակ թաքստոցներ. այդ թաքստոցներում էինք  հանգստանում, իսկ ռազմական գործողությունների ժամանակ դուրս էինք գալիս և կռվում: Մեր խումբը բաղկացած էր 10 հոգուց: Կային մի քանի հոգի, ովքեր չէին կռվում: Նրանք միշտ մնում էին թաքստոցում: Մի անգամ, երբ ռմբակոծում էին մեր տարածքը, նրանք նորից թաքստոցում էին: Հանկարծ թաքստոցը փլվեց: Չնայած դրան, մենք շարունակեցինք կռվել: Կռիվը դադարելուց հետո խմբում մնացինք երեքով: Մենք փնտրում էինք ողջ մնացածներին: Պատկերացրեք ինչ վատ վիճակ էր. դիակները շուրջդ են, իսկ դու փնտրում ես քո ընկերներին: Մենք գիտեինք, որ երեքը մնացել էին թաքստոցում, իսկ մնացած  չորսը կռվի դաշտում էին. այդպես մենք գտանք չորսից միայն երկուսին, իսկ այն երեքին հողի տակից հանելուց հետո փոս փորեցինք, որ թաղենք: Մեկը վրացի էր, իսկ մյուս երկուսը՝ ուկրաինացի:

-Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կգնահատեք ձեր և մեր ժամանակների հայրենասիրությունը:

-Հայրենասիրություն միշտ էլ եղել է, կա, կլինի: Բայց ես չեմ ուզի, որ հայրենասիրությունը արտահայտվի պատերազմում ցուցաբերած քաջությամբ: Հայրենասիրությունը թող արտահայտվի քաղաքացիական կյանքում, բայց ոչ միայն պատերազմում:

-Իսկ ի՞նչ զգացիք հաղթանակի պահին:

-Հաղթանակը մեծ ուրախություն էր, մեծ ցնծություն: Բայց բոլորիս հոգիներում դեռ ցավ  կար, քանի որ զոհվել էին մեր ընկերները, նաև եղբայրները:

Երբ զրույցն ավարտվեց, մենք սկսեցինք հաղթանակին նվիրված մեր ցերեկույթը, որին ծեր վետերանը մեծ սիրով մասնակցեց:

 

inesa soghoyan

Իմ ազատությունը

Երբևէ մտածե՞լ եք՝ ազա՞տ եք, թե՞ ոչ: Գուցե ազատ եք, բայց միևնույն ժամանակ՝ անազատ: Ես դեռ մեկ տարի առաջ հագնում էի այն, ինչ հագնում էին բոլորը, լսում էի հասարակության կարծիքը ու ապրում էի դրանով, աշխատում էի ամեն բան անել, որ դուր գամ շրջապատիս: Կարծում էի՝ ազատ եմ ապրում: Շուտով մտածեցի, որ այդպես ճիշտ չէ, հասկացա, որ այն, ինչ ես համարում էի ազատություն, ավելի շատ անազատություն էր`շրջապատից կախվածություն: Հասկացա ու փոխեցի այն, ինչ խանգարում էր ազատ ապրել:

Այժմ սիրում եմ այն, ինչ ուզում եմ, ազատ արտահայտում եմ զգացմունքներս, լսում եմ ինձ ու հաճելի երաժշտություն, հագնվում եմ այնպես, ինչպես ինձ է հարմար, այլ ոչ թե մտերիմներիս, լսում եմ հասարակության կարծիքն ու անտեսում:

Ես հասկացել եմ՝ կյանքը մի մեծ ավտոբուս է, որտեղ պետք է նստես, եթե չես ուզում հոգնել: Երբ հասնում ես վերջին կանգառին, պետք է իջնես, բայց պետք է գոհ լինես քո ընտրած տեղից: Դա քո կամքն էր, դու կարող էիր համառություն դրսևորել և գտնել քո տեղը:
Շատերս չենք հասկանում, թե ինչպես է մեր շրջապատը ստիպում ապրել իր կարծիքով և դարձնում մեզ անազատ: Ազատությունը հեքիաթ է, որը բոլորը պետք է լսեն ու հասկանան միայն ճիշտ ձևով: Իսկ ճիշտը մեր չափորոշիչներն են:

Խմբագրության կողմից. Հետաքրքիր է լսել նաև ձեր կարծիքը: Դուք ինչպես եք պատկերացնում ազատությունը: Գրեք մեզ:

inesa soghoyan

Կարծես գտել եմ

Մի պահ մտովի տեղափոխվեք 14-րդ դար՝ Ֆրանսիա: Ընթանում է հարյուրամյա պատերազմը: Հյուսիսում վիկինգները գրավում են Անգլիան: 1432 թվական. ֆրանսիական հեծելազորը պարտության մատնեց Օտտո IV-ին…

«Չեմ հասցնում, ունեմ ուրիշ հետաքրքրություններ» ու այսպիսի պատճռաբանություններ էի հնարում, երբ ասում էին, որ գիրք կարդամ: Չէի սիրում, և ամեն ինչ այդպես էլ կշարունակվեր, եթե չհանդիպեի մի «գիրք կրծողի», ու նա ինձ խորհուրդ չտար գիրք կարդալ: Համացանցը փորփրելով գտա մի գիրք, որի սյուժեն շատ հետաքրքիր էր:
Փնտրեցի գրադարաններում.
-Գրողը տանի, չկա:
Փնտրեցի գրախանութներում.
-Այստեղ չկա, այստեղ էլ:

Ուռա՜, գտա, ինչ ուրախ եմ:
Սկսեցի կարդալ: Ինչպես միշտ, գրքի սկիզբը անհետաքրքիր էր, ու սկսեցի մտածել, որ չեմ ուզում կարդալ: Հասա կարևոր մասի. գրքի հերոսը մահանում է՝ հայտնվելով մի երևակայական աշխարհում: Վերջացրի գիրքը՝ որոշելով, որ կկարդամ նորը:
Եվ սկսեցի սիրել գիրք կարդալը: Այժմ ինչ առիթ լինում է, բոլորին հորդորում եմ գիրք կարդալ: Երբ ամեն ինչից հոգնած և ձանձրացած եմ լինում, սկսում եմ գիրք կարդալ: Դա շատ է օգնում. հանում է հոգնածությունս, սպանում բարկությունս, տալիս հիանալի խորհուրդներ և դասեր: Ուղղակի այս ամենը ստանալու համար անհրաժեշտ է ճիշտ գիրք ընտրել:

inesa soghoyan

Իմ գյուղի՝ Սարուխանի պատմությունը

Ես իմ գյուղի պատմությունը իմացել եմ պապիս պատմած պատմություններից։ Այսօր նույնպես խնդրեցի, որ պատմի․

-Սարուխանի հիմնադիրները եկել են Արևմտյան Հայաստանի Զանգեզուր նահանգից։ Առաջինը Սողոն էր, նա մի քանի մարդկանց հետ եկել, հետազոտել է բնակավայրը և հավանել: 1830 թվականի գարնանը, 17 հոգով եկել և բնակություն են հաստատել այստեղ։ Սկսել են զբաղվել անասնպահությամբ և հողագործությամբ:
Մի օր Սողոն աղջիկներին ուղարկում է ջրի։ Աղջիկները ջուրը վերցնում և տեսում են, որ մեջը ձուկ կա, արագ տանում են տուն։ Սողոն տեսնում է, որ իշխան ձուկ է։ Շատ է ուրախանում և որոշում մինչև աշուն մնալ այդտեղ և հավաքել բերքն ու բարիքը։
Աշնանային մի երեկո Արևմտյան Հայաստանի Սրբահանից մի խումբ հայեր են գալիս և խնդրում, որ գիշերը մնան իրենց տանը, առավոտյան շարունակեն իրենց ճանապարհը։ Գիշերը խմբին հարգում պատվում են։ Առավոտյան տեսնում են ձյուն է եկել, ասում են․

-Էս ձանը դո՞ր էրթանք, թո մնա գարունը կբացվի, կէրթանք,- մնում, տեսում են ամեն ինչ կա, մտածում են, որ ավելի լավ տեղ չեն գտնի ու իրենք էլ են բնակություն հաստատում գյուղում։

Դալիկարդաշը բաժնվում է երկու մասի՝ Սրբահան և Զանգեզուր:
-Պա՛պ, բա ինչո՞ւ են անվանել Դալիկարդաշ:
-Այդ ժամանակ գյուղերն ու մարզերը ունեցել են թուրքական անուններ օրինակ՝
Դալիկարդաշ-Սարուխան
Բաշքանդ-Գեղարքունիք
Կուլալի-Կարմիրգյուղ
Քուզաջի-Լանջաղբյուր
Քարիմքանդ-Ծաղկաշեն։

-Բա ուրիշ ի՞նչ անուններ է ունեցել Սարուխանը:
-Դալիկարդաշ (նաև Դալիղարդաշ), Ակունք, ԽՍՀՄ-ի ժամանակ կոչվել է Սարուխան:
-Բա զանգեզուրցիները ու սրբահանցինները ինչո՞ւ են այդքան հաճախ կռվում:
-Մեր գյուղը շա՜ր կռվարար է, գյուղում չկա մեկը, որ կռիվ անել չսիրի։

inesa soghoyan

Անցյալ տարվա հիշողություններից

Նոյեմբերի 25-ին մենք «Շահերի պաշտպանություն» դասընթացին էինք, երբ ընկեր Դաշտոյանը հայտարարեց, որ Գյումրիում պետք է լինի TEDx-ը:

TEDx-ը միջոցառում է, որի ժամանակ հավաքվում են տարբեր մարդիկ՝ տարածաշրջանների խոսնակներ, որոնք կիսվում են իրենց ձեռքբերումներով, խորհուրդներ են տալիս, պատմում են պատմություններ:
Ինչպես շատերը գիտեն՝ 2016 թվականին Գյումրին երիտասարդական մայրաքաղաքն էր:
Նոյեմբերի 26-ին 13 հոգով ճանապարհ ընկանք դեպի Գյումրի: Ճանապարհի վրա ծախսեցինք մոտ 3 ժամ, սակայն այդ ժամանակը անցավ ակնթարթի պես, հետաքրքիր խաղերի շնորհիվ: Սկզբում բոլորս ամաչում էինք խոսել իրար հետ, մոտ մեկ ժամ անցնելուց հետո սկսեցինք խոսել:
Հասանք Գյումրի, հանդիպեցինք Գավառ տարածաշրջանի խոսնակին և ծանոթացանք մյուս խոսնակների հետ, որոնք կիսվեցին իրենց փորձով: Պատմեցին շատ պատմություններ դպրոցի, մրցույթների ժամանակ տեղի ունեցած միջադեպերի, ընթերցանություն, ռիսկի դիմելու, գյուղի, զգացմունքների մասին:
Գյումրիից վերադառնալիս բոլորս արդեն ծանոթ էինք, ժամանակն անցավ շատ ուրախ, նույնիսկ այնքան, որ չէինք ուզում տուն հասնել:
TEDx-ը իմ կյանքում շատ բան փոխեց. սկսեցի ազատ արտահայտվել, լինել համարձակ, բացի այդ՝ ձեռք բերեցի հիանալի ընկերներ:

inesa soghoyan

Արձակուրդային պլաններ

Սկսվեցին, ջա՜ն, արձակուրդները սկսվեցին: Ինչքան էի սպասում: Ուռա՜, ամեն օր արդեն հավեսով կարթնանամ (ես երբեք զարթուցիչով չեմ արթնացել), մարմնամարզությունը կտևի երկար, կգնամ կլվացվեմ ու ամենասիրելի հարցս՝ թե՞յ, թե՞ սուրճ. համաձայնեք՝ բարդ ընտրություն է: Ու 15 օր շարունակ ստիպված չես արագ գործերդ վերջացնել, որ գնաս դասի, կամ հոգնած դասից գաս ու դաս սովորես, շուտ քնես ու կինո չնայես:

Վերջապես ստիպված չես գիշերվա 3-ին արթնանալ ու մտածել՝ հեռախոսդ կամ նվագարկիչդ լիցքավորման դրվա՞ծ է, թե՞ մոռացել ես: Եվ էլ չես ասի. «Մի հատ կոմպը կտա՞ս՝ դասերս գրեմ»:
Բայց ամենալավը արձակուրդների մեջ շատ ազատ ժամանակ ունենալն է: Արդեն կսկսեմ նվագարկչիս մեջ շատ երգեր ներբեռնել, կվերջացնեմ գիրքս, որն սկսել եմ մի քանի օր առաջ ու դասերի պատճառով չեմ հասցրել կարդալ: Ամենակարևորը՝ կգրեմ նյութեր 17.am-ին տպագրվելու համար: