
Ազատ տարածք խորագրի արխիվներ

«Միասին» ճամբար, միասին ծնունդ, միասին հրաժեշտ
-Մանե, կցանկանա՞ս ճամբար գնալ,- հարցրեց ինձ հայրս:
-Այո, կցանկանամ: Ի՞նչ ճամբար է: Որտե՞ղ է: Մենակ ե՞ս եմ գնում,- միանգամից տվեցի մի քանի հարցեր:
-Ճամբարը «Միասին»-ն է կազմակերպում: «Գոյատևելու դասընթաց» թեմայով է լինելու ,- հայրս փորձեց հիշել իմ տրված հարցերը հերթականությամբ,- Սևանա լճի ափին է լինելու: Մենակ կարող ես գնալ, բայց Սարգիսին հարցնենք, նոր:
Երբ մենք հարցրեցինք եղբորս, նա համաձայնվեց:
Մեր համաձայնությունից հետո, սահմանված կարգով «Միասին»-ի կենտրոնական գրասենյակ ներկայացրեցինք անհրաժեշտ փաստաթղթերը:
Մեզ այնտեղ ասացին, որ մեր ջոկատավարը մեզ կզանգահարի: Շատ էի սպասում ջոկատավարիս զանգին:
Եվ ահա: Վերջապե՜ս: Շատ սպասված զանգ …
«Անծանոթ համար է: Հետաքրքիր է, ո՞վ է: Իսկ միգուցե ջոկատավա՞րս է»: Մի ներքին ձայն ինձ ասում էր, որ այդ զանգի հեղինակը ջոկատավարս է :
Փաստորեն իմ ներքին ձայնը ճիշտ էր: Վերջ, մենք գնում ենք ճամբար:
Ճամբարն սկսեց անախորժ դեպքով: 12-րդ ջոկի ավտոբուսը վթարի էր ենթարկվել: Բարեբախտաբար լուրջ վնասվածքներ ոչ-ոք չէր ստացել: Հիվանդանոց, բուժզննում, վախ, ստրես… Ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:
Չեմ նկարագրի մնացած օրերը: Միայն կնկարագրեմ ծննդյանս օրը:
Մի աղջիկ, որը շատ երազանքներ ունի ապագայի հետ կապված, որը չի կարողանում ընտրություն կատարել ազատության և սահմանափակ կյանք վարելու միջև, որը շատ է ուզում, բայց միևնույն ժամանակ չի ուզում, դառնում է 16 տարեկան:
Ճամբարում ժամը 22:00- ին սկսվում է ուրախ ժամանցը: Պարում ենք, լիցքաթափվում…
Պարելու ժամանակ հանկարծ լսում եմ.
-Այսօր շատ հետաքրքիր և հաճելի մի անձնավորության ծննդյան օրն է: 15-րդ ջոկի Մանեի: Շնորհավորենք նրան,- լսելով այս նախադասությունը ես միանգամից նայեցի ժամին՝ կես գիշերն անց էր: Բոլորը սկսեցին շնորհավորել, գրկել, համբուրել…
Առաջինը ինձ շնորհավորեց ջոկատի տղաներից մեկը, իսկ հետո ինձ գրկեց ջոկատավարուհիս՝ մի հաճելի, աշխույժ, էներգիայով լեցուն անձ:
Հետո ջոկիս երեխաների կողմից շնորհավորանքի խոսքեր լսեցի: Մի խոսքով, ծնունդս սկսեց լավ տպավորություններով:
Առավոտ… Ժամը 6:10…
Ինչպես միշտ, ես շուտ էի վեր կացել: Զանգ ստացա մայրիկիցս: Նրանք պետք է գային՝ տորթ, միրգ և էլի նման բաներ բերեին:
-Մամ, բարև:
-Բարի լույս: Ես քեզ չեմ շնորհավորելու: Չնեղանաս` դեռ դու չես ծնվել:
- Չեմ նեղանում: Դուք ե՞րբ եք գալու…
Ու մենք այսպես խոսեցինք մեկ ժամ, բայց մորս կողմից շնորհավորանքի խոսքեր չստացա:
Օրս սկսվեց հորս շնորհավորանքով և մորս չշնորհավորանքով:
Առավոտվա իրադարձությունների շարունակությունը մի քիչ ձանձրացնող է: Զանգ… Շնորհավորում եմ… Հասնես նպատակներիդ…
Իսկ այ, կեսօրվա իրադարձությունները ինձ համար անմոռանալի հուշերի աղբյուր դարձան:
Ովքեր որ ինձ ճանաչում են, գիտեն, որ ես լողալ չգիտեմ, բայց շատ եմ ուզում սովորել: Այդ օրը ես սովորեցի, բայց իհարկե, երեխաների օգնությամբ: Մարիամը, Օնիկը, Կարենը, Վահեն ինձ սովորեցրեցին ջրի վրա մարմինը պահելու նրբությունները, սովորեցրեցին նստել ջրի հատակին և այլն:
-Ինձ բաց չթողնեք: Խեղդվում եմ: Վախենում եմ: Պինդ բռնեք,- նման խոսքեր իմ շուրթերից ոչ-ոք չի լսել:
Ես սիրում եմ ջուրը… Պարելով ջրի մեջ ես հասկանում եմ, որ ազատ եմ, որ ճախրում եմ` թևեր ունեմ:
Մենք լողափից վերադարձանք տուն: Գրեցի տու՞ն: Անկեղծ ասած, այս ճամբարը ինձ համար բոլորից առանձնացված մի քաղաք է «Միասին» անվամբ, իսկ իմ ջոկատը` երեք սենյականոց բնակարան: Ունենք մայր, բայց չունենք հայր՝ նա խոպան է գնացել: Ունենք երեխաների տեսականի՝ չար-չարաճճի, խելոք, համեստ, եփող-թափող և այլն: Մի քիչ շեղվեցի թեմայից: Տուն վերադառնալուց հետո մայրս զանգեց:
-Մենք հասնում ենք:
Նրանք եկան, նրանք գնացին, մենք քեֆ արեցինք, ուրախացանք, ծիծաղեցինք…
Նշեմ նաև, որ իմ ծննդյան օրը առաջին անգամ անձրև եկավ: Անձրևի պատճառով տեխնիկան փչացել էր: Եվ մենք չպարեցինք:
Անցավ այդ օրը… Անցան նաև այդ օրվա հաջորդ օրերը… Եկավ հրաժեշտի պահը…
Արցունքներ, հրաժեշտի խոսքեր, կրկին հանդիպման մտքեր, գրկախառնություններ…
Կհանդիպենք…
Ես ու պապս և ընկերներս

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի
Ես շատ եմ սիրում հանգստանալ ամառային արձակուրդներին: Հիմնականում գնում եմ քաղաք կամ սարը: Առավոտը շատ վաղ եմ արթնանում, մոտավորապես ժամը 5-ին կամ 6-ին: Լվացվում եմ, հագնվում և սկսում եմ մարզանք անել: Մոտավորապես ժամը 7-ին պապիկիս և եղբորս հետ գնում եմ հանդը` արոտավայր: Տանում ենք անասուններին արածացնելու: Շոգ օրերին ես, եղբայրս և պապիկս պառկում ենք ծառի տակ և մի քիչ քնում: Պապիկս անտառում մեզ պատմում է իր ջահել օրերի մասին, պատմում է, թե ինքը մեր տարիքում ինչ զվարճալի բաներ է արել: Հիմա էլ է պապիկս զվարճալի բաներ անում: Ես հիշեցի այդպիսի մի դեպք: Մի անգամ մենք անտառում էինք, և նա եղբորս ասաց, որ գնա տեսնի, թե անասունները ինչ են անում: Եվ պապս ինձ պատմեց, որ իր հայրն էլ իրեն էր ուղարկել անասուններին տեսնելու, երբ մեր տարիքում էր: Նա գնացել էր, փոխարեն հսկելու, սկսել էր կովին կթել: Մենք շատ ծիծաղեցինք:
Երեկոյան ժամը 6-ին կամ 7-ին նախիրը տանում ենք տուն: Ամառվա օրերին առավոտը, ավելի ճիշտ լուսաբացից առաջ` ժամը 4-ին գնում ենք ընկերներով մոշ հավաքելու: Մոշը հասնում է օգոստոսի 10-ից հետո: Մոշը հավաքելուց հետո այն վաճառում ենք և մեզ համար ուտելիք ենք գնում, կամ գումարը հավաքում ենք, որպեսզի դպրոցական պարագաներ գնենք:
Ամառը հաճախ ենք ընկերներով հավաքվում և գնում ենք անտառ ժամանակ անցկացնելու: Շուտով աշուն է, սեպտեմբեր: Ես աշունը շատ եմ սիրում, քանի որ աշնանն եմ ծնվել:

Որտեղ հանգչում են ծաղիկները
Մեր հասցեն՝ Օձունի Մշակույթի տուն
Շուրջ 4 տարի հաճախում եմ Օձունի Մշակույթի տան թատերական խմբակ, որի ղեկավարն է Գոհար Մայրանյանը: Հաճախ ենք կազմակերպում միջոցառումներ և ոչ միայն գյուղում, այլ նաև գյուղից դուրս: Մասնակցել ենք մրցույթների և շահել մրցանակներ: Քանի որ այս տարի Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցն էր, թատերական խմբակի ուժերով կազմակերպեցինք «Կոչեմ ապրողաց» միջոցառումը, որի բովանդակությունը ոչ միայն հիշատակմանն էր վերաբերվում, այլ նաև ոգեկոչմանը: Այդ միջոցառման մեջ ես ներկայացնում էի բուժքրոջ կերպար, խմբակի տարբեր անդամներ մարմնավորում էին տարբեր կերպարներ:
Կարող էինք այլ տարբեր բեմադրություններ ներկայացնել թեմային վերաբերող, սակայն չունենալով համապատասխան հագուստ և առարկաներ, չիրականացվեց մեր նպատակը:
Եվ առհասարակ, մեզ հուզում է այն հանգամանքը, որ չունենք հովանավորներ, որպեսզի խմբակի անդամների բեմական հագուստները, աքսեսուարները, դեկորները ավելացնենք, շատացնենք, ինչպես նաև ունենանք հնարավորություն մեկնել այլ բնակավայրեր` հանդես գալ այլ բեմերում: Մենք շատ ենք ուզում նաև իբրև հանդիսատես դիտել դասական և ժամանակակից դրամատուրգների պիեսներ, հասկանալ արհեստավարժ արտիստների անզուգական խաղը, որը մեզ հնարավորություն կտար ավելի լավ հասկանալ և ճիշտ ըմբռնել կերպար մարմնավորելու և դերասանի մասնագիտության նրբությունները:
Մեր խմբակը տարվա կտրվածքով շատ հաճախ է կազմակերպում միջոցառումներ, բայց հովանանոր ունենալու դեպքում կուզենայինք բեմադրել դասական գործ: Մեր խմբակի ղեկավարը մեծ ցանկություն ունի բեմադրելու Մուրացանի «Ռուզանը» կամ Անդերսենի « Ջրահարսը»-ը: Այդ ամենը իրականացնելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք:
Անահիտ Հովվյան
Լավագույն Չինումաչինը
2014թ. սեպտեմբերի 26-ին Երևանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպվել էր ամենամյա հեքիաթասացության մրցույթ-փառատոն «Երկնքից երեք խնձոր ընկավ»: Այդ մրցույթին Օձունի Մշակույթի տան թատերական խմբակի կողմից ներկայացանք ես` Մերի Նալբանդյանս և Արեն Դավթյանը, ով ներկա պահին ուսանում է Ջիվանու անվան դպրոցի ժողովրդական և գուսանական երգի բաժնում: Մենք ներկայացրել էինք Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը Լոռվա բարբառով: Ժյուրիին և հանդիսատեսին շատ էր դուր եկել մեր ելույթը: Մրցույթին մասնակցում էին 32 խումբ հանրապետության տարբեր մարզերից, Արցախից, Սփյուռքից, և այդ փառատոնի ժամանակ մենք շահեցինք հինգ մրցանակներից մեկը` «Լավագույն Չինումաչինի իմաստուն»:
Առաջիկա օրերին Լոռու մարզում կազմակերպվելու է ազգային ծեսերին և ավանդույթներին նվիրված միջոցառում, որին մենք կմասնակցենք և «Բարեկենդանը» հեքիաթի բեմադրությամբ, և ժողովրդական երգ ենք ներկայացնելու դուետով: Այժմ կատարում ենք նախապատրաստական աշխատանքներ մեր խմբակի ղեկավար ընկեր Գոհարի հետ, և հուսով եմ, որ այդ օրը լավագույնս կներկայանանք բազմահազար հանդիսատեսի առջև: Եվ ուզում եմ, որ անպայման մեր գյուղի և հատկապես մշակույթի տակ պատիվը բարձր պահենք:
Մերի Նալբանդյան

Բյուրականի արվեստի ակադեմիա. սկիզբ
Խաբարբզիկ 1 2015
Վերջապես ես տեսա Էջմիածինը

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի
Ամառ էր: էքսկուրսիայի օրը որոշված էր: Ուղևորվեցինք Էջմիածին: Բոլորս հավաքվել էինք դպրոցի բակում և սպասում էինք ավտոբուսին:
Սրտումս ինչ-որ կրակ էր վառվում, ու մարմինս անհանգստությունից դողում էր. ես ամեն կերպ փորձում էի պատկերացնել մուտքս դեպի երազանքներիս եկեղեցին:
Վերջապես եկավ ավտոբուսը: Մենք՝ բոլորս, տեղավորվեցինք, ու մեքենան շարժվեց դեպի երկնային երանություն: Ես ամբողջ ճանապարհին չափում էի ամեն մի կիլոմետրը ու ինչքան մոտենում էինք այնքան ավելի արագ էր սիրտս դողում:
Հասանք… Ավտոբուսը կանգ առավ ու մենք՝ բոլորս, շարժվեցինք դեպի եկեղեցի: Ճանապարհին պատմության ուսուցչուհին ինչ- որ պատմություններ էր պատմում եկեղեցու մասին, բայց իմ միտքը վաղուց պոկվել էր ուղեղիցս ու պտտվում էր խոհերիս շուրջը: Ոտքերս դողալով՝ ինձ առաջնորդում էին հոգումս ծվարած երազանքի գիրկը, ու մենք, վերջապես, մտանք եկեղեցի: Այդ պահին սիրտս ուզում էր թռչել տեղից ու փարվել եկեղեցու սրտին: Ոտքերս չէի զգում, հուզմունքից լցվել էին աչքերս: Հոգումս ամեն ինչ խառնվել էր իրար, ուզում էի խոսել, բայց բառերը չէին ուզում դուրս թռչել շրթունքներիցս: Հիացած շրջում էի ու աչքերով կլանում ամեն ինչ, որ հանկարծ ոչինչ բաց չթողնեմ: Ու այդ պահին ես զգում էի Աստծո ներկայությունը: Ես հավատում եմ նրա մեծ զորությանը:
Երազանքս կատարվեց: Վերջապես ես տեսա Էջմիածինը:
Դա այն մեծ երազանքն էր, որ երկար տարիներ պահել էի սրտիս մի անկյունում՝ սպիտակ քողով ծածկված:
Աստված թևեր տա բոլորիս երազանքներին:

Մեղվապահը
