Ազատ տարածք խորագրի արխիվներ

Զբոսնելու տրամադրություն

Ձյուդոն` որպես հոբբի

Մեզանց շատերը, եթե ոչ բոլորը, մանուկ հասակում ունեցել ենք մեր հերոսները: Իմ հերոսները շատ էին` «Սարդ մարդը», «Հալկը», «Հզոր ռենջերները» և այլն: Ցանկանում էի լինել հզոր, ինչպես Հալկը, կամ խիզախ Սարդ մարդու պես, և հաճախ նմանակում էի նրանց: Երբ դարձա ութ տարեկան, հասկացա, որ ես եմ իմ հերոսը և սկսեցի հետաքրքրվել, թե ինչպես «ուժեղ տղա» դառնալ: Այդ ժամանակ մեր գերդաստանում գործում էր չգրված մի օրենք` բոլոր տղաները պետք է զբաղվեին սպորտով, իսկ ավելի կոնկրետ` ձյուդոյով: Եվ քանի որ ես բացառություն չէի, նույնպես սկսեցի զբաղվել ձյուդոյով: Առաջին տպավորություններս այնքան էլ հուսադրող չէին, որովհետև նորեկ էի և բոլորին թե’ ֆիզիկապես, թե’ տեխնիկապես զիջում էի: Սակայն նոր ընկերներս ինձ ոգևորում էին և հույս տալիս, որ դա դեռ սկիզբն էր:

Անցնում էին օրեր, շաբաթներ, ամիսներ, և ամեն անգամ ավելի ուժեղ էի ինձ զգում: Հիշում եմ, մի անգամ մեր խմբակի առաջատարներից մեկին հաղթեցի և ամբողջ պարապմունքի ընթացքում այնքան ոգևորված էի, որ կարծես օլիմպիական չեմպիոն էի դարձել:

Անցնում էին տարիներ, մեր խմբակ շատերը հաճախեցին, շատերը ձյուդոյից հեռացան, սակայն ներկայիս խումբը տարիների ընթացքում հավաքվեց, և Հրազդանում շարունակում է սպորտային ոգին վառ պահել:

Ձյուդոյի հիմնադիրը Ճապոնացի Ձիգարո Կանոն է: Ձյուդոն ճապոներենից թարգմանվում է որպես ճկուն ճանապարհ, սակայն այստեղ միայն ճկունությունը բավարար չի, հարկավոր են ֆիզիկական տվյալներ, և ամենակարևորը` հարգանք դիմացինի նկատմամբ; Եթե քեզ բնորոշ չէ հարգանքը, ուրեմն դու ձյուդիստ չես կարող համարվել: Այս առիթով Ձիգարո Կանոն ասել է. «Չհարգելով դիմացինիդ` նվաստացնում ես քեզ»:

Ներկայում ձյուդոյով զբաղվելու պայմանները Հրազդանում համեմատաբար լավ են, քան նախկինում, սակայն գրեթե բացակայում է պետական ֆինանսավորումը, որը իր հետևանքներն է ունենում: Ճիշտ է, կան չեմպիոններ ովքեր ֆինանսավորում են ստանում, սակայն երկրորդ կամ երրորդ տեղերը զբաղեցրած մրցանակակիրները այն չեն ստանում: Վատ վիճակում է գտնվում նաև մարզասրահի գույքը: Սակայն այս ամենը չի խանգարում մեզ մարզվել և զբաղվել սիրած սպորտաձևով: Մեր խմբակը տվել է Հայաստանի, Եվրոպայի, Աշխարհի և ամենակարևորը` օլիմպիական  բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Տարիներն անցնում են, տարիների հետ ձյուդոյից հեռանում են շատերը, բայց մի բան հաստատ է. ինչպես բնության մեջ ոչինչ հենց այնպես չի անհետանում, այլ մեկը փոխարինվում է մյուսով, այդպես էլ Հրազդանում միշտ կհայտնվեն ձյուդոյի նոր սիրահարներ…

Իմ ընտանիքը

Լուսանկարը՝ Էրիկ Բադալյանի

Լուսանկարը՝ Էրիկ Բադալյանի

Իմ ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց՝ հայրս, մայրս, քույրս, եղբայրս և ես: Մեր ընտանքի պաշտպանը՝ հայրս՝ Տիգրան Միրզոյանը, ծնվել է Բերդ քաղաքում 1972 թվականին, ունի երկու մասնագիտություն՝ կաթի և կաթնամթերքի ինժեներ-տեխնոլոգ և իրավագետ: Նա շատ խելացի է և ինձ միշտ օգնում է ամեն հարցում: Նա երբեք իմ հարցերը, որոնք չափից շատ են, անպատասխան չի թողնում: Նա մեր տան սյունն է: Մեր տան մյուս սյունը՝ մայրս՝ Լուսինե Ստեփանյանը, ծնվել է Կոթի գյուղում` 1975 թվականին: Մասնագիտությամբ բանասեր է: Նա է, որ ամեն վայրկյան մեր կողքին է, իր քնքշությամբ ու ջերմությամբ ողողում է ամբողջ տունը: Իմ հետ անընդհատ բանավեճերի մեջ մտնողը՝ քույրս՝ Անին, ծնվել է 1996 թվականին Բերդ քաղաքում: Անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնոււմ, թե ինչ կանեի առանց նրա: Որպես մեծ՝ շատ բան է սովորեցրել ինձ: Իսկ մեր բանավեճերը հիմնականում դպրոցական առարկաների ու աշխարհի վերաբերյալ են: Եթե անգամ ես հասկանում եմ, որ նա է ճիշտ, մեկ է, շարունակում եմ պնդել իմ տեսակետը: Բայց եթե մի օր բանավեճ չլինի, իմ օրը օր չի լինի: Եղբայրս՝ Տարոնը, ծնվել է 2005 թվականին Իջևանում: Նա մեր տան փոքրիկն է, և, անկեղծ ասած, բոլորը նրան երես են տալիս, բայց ամեն դեպքում շատ խելոք տղա է: Ես պաշտում եմ իմ ընտանիքը, որտեղ տիրում է փոխադարձ սեր, հարգանք:

Գարունը Գյումրիում

Ես ունեմ իմ բլոգը

Ես ունեմ մեկ անձնական և մեկ աշխատանքային բլոգ: Իմ անձնական բլոգը կոչվում է «Ութոտնուկ», որի հասցեն է՝ www.utotnuk.wordpress.com : Սա «Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց ծրագրի» արդյունքում է բացվել, որի ժամանակ իմ ծրագիրը հաղթեց և դրա հիման վրա բացվեց այս բլոգը: Բլոգում շատ պատմություններ կան, որտեղ քննարկվում են կոռուպցիայի օրինակներ, կան նկարներ, տեսանյութեր և այլն: Այս բլոգը ղեկավարում եմ ես` չնայած որ ունեմ յոթ հոգուց բաղկացած աշխատանքային  թիմ:

Եթե առաջին բլոգը իմն է, ապա երկրորդ բլոգում ուղղակի աշխատում եմ: Բլոգը կոչվում է «Ես ուզում եմ փոխել իմ կանքը», որի հասցեն է՝ www.dprocakan.wordpress.com: Այս բլոգը բացվել է մրցույթային ծրագրի հիման վրա, որը տևելու է վեց ամիս: Ես այստեղ հեղինակ եմ, գրում եմ այն հարցերի, խնդիրների մասին, որոնք առկա են դպրոցում: Նախագծի ավարտին պարզ կլինի, թե ով է շահել գլխավոր մրցանակը, և ամեն ամսվա հաղթող ով է ճանաչվելու:

Ես շատ եմ սիրում իմ երկու բլոգները և հաճույքով եմ աշխատում: