Ազատ տարածք խորագրի արխիվներ

Իմ քույրը

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Ես տասը տարեկան էի, երբ ինձ հասավ այն լուրը, որ ես պետք է քույր ունենամ։ Շատ ուրախացա և ամբողջ օրը ժպիտով շրջում էի տան մեջ։ Մենք որոշել էինք, որ քրոջս անունը պետք է դնենք Լիլիա, բայց հետո հայրս հակառակվեց և անունը դրեցինք Լիլիթ։ Երբ քրոջս հայրիկիս մեքենայով տուն էինք տանում, նա աչքերը բացեց և նայեց ինձ, ես շատ ուրախացա և գրկեցի նրան։ Նա շատ փոքրիկ էր, նրա աչքերը մուգ շագանակագույն էին։ Քույրս այդ ժամանակ շատ էր սիրում լողանալ։ Հետո անցան օրեր, և քույրս ատամ հանեց ու ատամնահատիկ արեցինք։ Այդ ժամանակ նա վերցրեց գումար, ներարկիչ և ատրճանակ։ Առաջին տարին մի քիչ վատ էր, բայց երբ սկսեց խոսել, ճանաչել, ավելի ուրախ դարձավ մեր կյանքը։ Հետո քույրս արեց իր առաջին քայլերը։ Այդ ժամանակ ես մի կրիա ունեի, որը բավականին մեծ էր, որոշեցի տալ քրոջս, նա շատ էր սիրում այդ կրիային, երբ նստում էր կրիայի վրա, նա գնում էր և ամեն կերպ փորձում էր գցել նրան իր վրայից։ Քույրս սկսեց արդեն վազել, այնպիսի օր չէր լինում, որ նա չընկներ։ Հետո կրիան փախավ: Ճիշտ է, Լիլիթը տխրեց, բայց կրիան ազատվեց Լիլիթից։ Հետո ինձ ընկերս նվիրեց 2 ճագար։ Քույրս նույնպես մտերմացավ ճագարների հետ, բայց երբ մեծացավ, ճագարների ականջներից բռնում և նետում էր օդ։ Ճագարներին դա դուր չէր գալիս, և երբ քրոջս տեսնում էին, արագ թաքնվում էին։ Մի օր էլ քույրս այդպիսի բան արեց, բայց ավարտվեց Լիլիթի լացով, որովհետև ճագարը մի լավ դաս էր տվել նրան։ Ճագարը ցատկել ու ճանկերով վնասել էր քրոջս ձեռքը։ Այդ օրվանից քույրս վախենում է ճագարից։

Իմ քույրը մի օր վիրավորեց ինձ և նեղացած գնաց։ Ես միտումնավոր մի շոկոլադե ձողիկ գնեցի և տարա տուն, որպեսզի քույրս տեսնի։ Ինձ շատ հետաքրքիր էր՝ այդ ձողիկը տեսնելով կշարունակի՞ նեղացած մնալ, թե կգա ինձ հետ ընկերություն կանի։ Եվ երբ նա տեսավ ձողիկը, արագ վեր թռավ և եկավ ինձ մոտ։ Նայեց ինձ ու ասաց.

-Էս ձողիկը կտա՞ս, ապեր ջան։

-Դու ինձ ապուշ ես ասել։

-Չէ, ապեր ջան, էլ չեմ ասի, կտա՞ս ձողիկը։

-Վերցրու։

Եվ երբ կերավ և վերջացրեց, գնաց մի քիչ հեռու և գոռաց.

-Վալե՜ր, ապու՜շ։

Ու փախավ։

Ես ընկա հետևից և բռնեցի նրան, երբ ուզում էի դաս տալ նրան, նա ինձ ասաց.

-Չէ, ապեր, ես քեզ չասեցի, ես ինձ ասեցի։

Ես ջղայնացա, բայց իմ քրոջը ես չէի կարող ապտակել, քանի որ այնպիսի անմեղ դեմք ունի, որ կարծես հրեշտակ լինի։ Ես շատ եմ սիրում իմ քրոջը։

Լուսանկարը՝ Արփինե Վերանյանի

Հայոց մեծերը

Ամեն մարզ գնալիս, ամեն քաղաք ու գյուղ, ամեն բակ մտնելիս, նրանք առաջինն են մեզ դիմավորում.

-Բարև, բալիկ ջան, բարով ես եկել… Ի՞նչ կա-չկա աշխարհում…Ի՞նչ գործով ես եկել…,- ողջունում են մեզ մեր ազգի մեծերը` մեր տատիկները և պապիկները: Թվում է, միշտ նստած են իրենց տեղում, ոչ մի տեղ չեն գնում և ոչ մի տեղից չեն գալիս, սակայն գիտեն աշխարհի բոլոր նորությունները, բոլոր հոգսերը, և թե ինչ է սպասվում առջևում: Այսպիսին են նրանք` մեր կյանքի պահապանները:

Իմ պապը

 

Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի

Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի

Պապիկս՝ Ռոբերտ Քամալյանը, արդեն քառասունչորս տարի է` աշխատում է դպրոցում և դասավանդում է ռազմագիտություն առարկան: Դպրոցն ու հայրենասիրությունը պապիկիս կյանքի անբաժանելի մասն են կազմում: Նա շատ ակտիվ և կենսուրախ մարդ է, երբեք չի հոգնում իր աշխատանքից: Պապիկս շատ է սիրում կազմակերպել հայրենասիրական միջոցառումներ իր աշակերտների հետ: Նրա միտքը միշտ զբաղված է այդ ուղղությամբ, անընդհատ փորձում է մի նոր ու հետաքրքիր բան մտածել, որպեսզի աշակերտներին նույնպես հաճելի  լինի: Պապիկս նաև ինձ է դասավանդել և  մեր դասարանի հետ նույնպես կազմակերպել է մի հիանալի միջոցառում՝ նվիրված Մայիսի  ինին: Ես մինչև հիմա շատ լավ եմ հիշում լեփ-լեցուն  դահլիճի ծափահարություններն  ու պապիկիս  հպարտ  ժպիտը, երբ  ամեն  ինչ  կայացել  էր իր  ուզած ձևով: Բոլոր աշակերտները կրում  էին զինվորական հագուստներ և քայլում էին հպարտ և խրոխտ, կարծես մի  մեծ  զինվորական   ջոկատ: Պապիկիս դասասենյակում ամեն ինչ իր հստակ  տեղն  ունի, այն կարծես  նրա  հոգու  ամենատաքուկ  անկյունը լինի: Պապիկս բազմաթիվ  պատվոգրեր, պարգևներ ու շքանշաններ է ստացել Պաշտպանության նախարարության կողմից:

Նրանց  տանը ամենուրեք իշխում է հայրենասիրական ոգին: Պապիկի գործն ամենաշատը ցանկանում է շարունակել փոքր  տղա  թոռնիկը՝ կրտսեր  Ռոբերտը: Նա նույնիսկ ատամհատիկին ընտրել է պապիկի  մասնագիտությունը: Չնայած երկուսուկես տարեկան է, բայց  գիտի  գրեթե բոլոր հայրենասիրական երգերը, պապիկի  հետ միշտ  մասնակցում  է միջոցառումներին: Ինքն ու փոքր  քույրը  քնում  են  մեր  օրհներգի երաժշտության  տակ: Պապիկս համոզված է, որ բոլոր մարդիկ պետք է վաղ հասակից դաստիարակվեն հայրենասիրական ոգով:

Շունն ու կատուն

Երբ երազանքը և իրականությունը իրարից հեռու են

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

Ի՞նչ մասնագիտություն ընտրել, որպեսզի մարզում աշխատես, շատ հետաքրքիր է: Ինչ մասնագիտություն ցանկանում ես, կարող ես ընտրել, այ, աշխատել շատ դժվար է, իսկ եթե ուզում ես քո ընտրած մասնագիտությամբ աշխատել, պետք է շատ լավ ծանոթություն: Վանաձոր քաղաքում գործազրկության մակարդակը շատ բարձր է, և հիմնական պատճառը, ըստ երևույթին, ցածր աշխատավարձն է: Իսկապես հետաքրքիր է` մարդ կարող է աշխատել մի ամբողջ ամիս և արդյունքում ստանալ չափազանց քիչ գումար: Այս պատճառով է, որ շատերը լքում են քաղաքը, այնուհետև հանրապետությունը:

Հարց. ի՞նչ մասնագիտություն ընտրել: Երբ սրա մասին հարցնում ես մեծերին, ասում են՝ երևի այնպիսի մասնագիտություն, որ կարողանաս աշխատանք գտնել, աշխատել: Եվ այս ամենից եզրակացություն, որ պետք է ընտրես ոչ թե այն, ինչ սիրում ես, այլ այն, ինչով կարող ես աշխատել:

Քոլեջ թե դպրոց

Սովորում եմ «Եվրոպական քոլեջ հիմնադրամ»-ի Գյումրու մասնաճյուղի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժնում: Երբ քոլեջն ավարտեմ, կստանամ հաշվապահի դիպլոմ: Այստեղ մենք սովորում ենք մասնագիտական առարկաներ, օտար լեզուներ ենք ուսումնասիրում: Համարվում ենք ուսանող: Դա ինձ շատ է դուր գալիս, այդ ուսանողական կյանքը: Քոլեջի ուսխորհրդի նախագահն եմ: Հաճախակի միջոցառումներ ենք կազմակերպում: Բայց պետք է ասեմ, որ այդ պաշտոնն ինձ շատ է նյարդայնացնում, որովհետեւ ուսխորհրդի անդամները լավ չեն աշխատում, ծուլանում են:

Չեմ սիրում, երբ քոլեջի ուսանողներից ոմանք, նաև դասախոսներից, խառնվում են իմ և ընկերուհուս հարաբերություններին: Չեմ սիրում, երբ իմ սանրվածքը կամ հագուկապը դասախոսներիս դուր չի գալիս: Սիրում եմ, երբ դասերից փախչում ենք, չեմ սիրում, երբ դրա համար պատժվում ենք: Փախուստներն էլ միշտ ես եմ կազմակերպում:

Աշխարհը ջրափոսի մեջ

Արեւոտ օր Մալիշկայում