Ազատ տարածք խորագրի արխիվներ

Gohar Petrosyan

Կապույտ դատարկություն, որ անծայր է թվում

Աչքերիս առաջ անծայր թվացող կապույտ ծովն է: Այնքա՜ն խաղաղ է ու պարզ, որ կարծես երբեք չի կեղտոտվել փոշուց ու թափոնից, որ ասես թե ինքը չէր ողջ գիշերը քամուց ալեկոծվում: Մեռած լռություն է տիրում մի ծովի ափին, որը ամպրոպից ավելի բարձր որոտալ գիտեր, արևից էլ վառ շողեր արձակել ու տեղն եկած ժամանակ էլ նավեր խորտակել: Այնքան փոքր էր թվում, բայց այնքան անծայր է հիմա: Այնպես լքված է, հոգնած ու անորոշ: Նույնիսկ ճայերն են լքել:

Քամին երկար սպասելուց հիասթափեցրած հյուրի նման գալիս ու ուղղակիորեն պարանոցիցս քաշում ու տանում է դեղին շարֆս: Թող տանի, գուցե շարֆս ընկեր մնա լքված ծովին:

Խոսելս չի գալիս: Անտաղանդ գիրք թերթողի պես այս ու այն կողմ եմ անում գրքիս էջերը: Ինձ հետաքրքրում էին գրքի էջերը, տեսքը, թղթի բույրը, բայց ոչ բովանդակությունը. անմիտ է թվում կյանքը: Դե հա… մենք հաճախ ենք սիրում անպատասխան: Տեսնում ենք, հիանում, համ հետաքրքրասիրությունից այրվելով տարվում դրանով, ինչպես թմրամոլը ափիոնով: Եվ երբ ուշքի ենք գալիս՝ նախընտրում ենք այն երբեք փորձած չլինելը: Բայց դե, էլ ինչ… Է՛հ, ափիոնս լավն էր, պարզապես… Գրողը դրան տանի:
Ես տարօրինա՞կ եմ խոսում: Կներեք, պարզապես այլ կերպ լինել չէր կարող: Ինձ մի պահ թվում էր, թե այս կյանքից իրոք գլուխ եմ հանում, փիլիսոփա եմ, ով բոլոր հարցերի պատասխաններն իմանալով նախընտրում է լռել: Բայց հիմա ես իրոք խոսել եմ ուզում: Տեսնես՝ ի՞նչ կուզեմ հինգ տարի անց: Լռե՞լ, թե՞…
Մի՞թե այս ծովն իրական է, թե՞ պարզապես կապույտ դատարկություն: Ես սարսափում եմ պատկերացնելուց, թե ամենը խաբկանք էր, պայքարը՝ անիմաստ: Եվ ո՞ւր տարավ դեղին շարֆս:

Աչքերիս առաջ անծայր թվացող կապույտ ծովն այնքա՜ն խաղաղ է, լուռ ու հոգնած: Նավերը խորտակված են, լուսինն էլ չի ուզում իր տեղը զիջել արևին: Միևնույնն է, ծովս խաղաղ է ու կապույտ: Նա իր մեջ խեղդեց բոլորին: Ես մնացի:

Դե, հիմա ինչպե՞ս խեղդեմ ինձ իմ մեջ: Դեղին շարֆո՞վ:

marine nikoghosyan

Շրջանցելով COVID-19-ը

Այս շրջանում մեզ համար շատ կարևոր է գնահատել կյանքը։ Կյանք, որն ապրում ենք միանգամից և առաջին անգամ:

Հնարավոր է, մենք կապրենք ևս մեկ օր։ Հնարավոր է՝ դեռ հազար օր, կամ երեք հազար, կամ տասը։ Այնքան, որ կկարողանանք ծախսել մեր ժամանակն այնպես, ինչպես ցանկանում ենք։ Բայց ցավոք, շատերիս համար վաղվա օրը կարող է և չգալ։

Գտնվելով կյանքի խաղում՝ մենք չենք կարող խուսափել դրա թելադրած կանոններից և չենք կարող ամբողջովին բացահայտել մի բան՝ մեր կյանքի վերջին օրը։ Մնացած ամեն ինչ բացահայտվում է ժամանակին։

Կյանքը մեզ տվել է ապրելու և երջանիկ լինելու հնարավորություն, և մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Ինչքան էլ չարությունը, դաժանությունը և ձախողումները շրջապատեն մեզ, մենք պետք է շարունակենք ապրել. ապրել պայքարելով։ Ամեն օրը ապրել այնպես, կարծես դա մեր կյանքի վերջին օրն է։

Արդյոք հնարավո՞ր է…

Կյանքի արժեքն անընդհատ կառուցելու, ստեղծելու մեջ է, քանի որ աշխարհում ավերողներ շատ կան: Սիրենք կյանքը, քանզի այլապես անհնար է նրա հետ հաշտ ապրել։ Ժպտանք աշխարհին, քանի որ արտասվել կարող են բոլորը։ Կարողանանք երջանիկ ապրել, քանի որ պարզապես ապրել հաջողվում է երկրի վրա շատ մարդկանց։

Մենք երբեք չգիտենք՝ ինչ ցանկանալ, ինչպես անել, որովհետև մեզ միայն մի կյանք է տրված, և մենք չենք կարող ո՛չ համեմատել այն նախկին կյանքերի հետ, և ո՛չ էլ մեր սխալներն ուղղել հետագա կյանքերում։

Մենք երբեք չենք իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չենք կարող համեմատել։ Կյանքում ամեն ինչ ապրում ենք միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու։ Այս դեպքում մեզ միայն մնում է ապրել և զգալ կյանքի յուրաքանչյուր օրը, ժամը և վայրկյանը։

Ապրել և սիրել կյանքը…

suren manukyan

Աննա

Նա կանգնած էր ժայռի եզրին։ Քամին խաղում էր նրա ալիքաձև վարսերի ու զգեստի փեշերի հետ։ Կյանքն այլևս չէր ապրում նրա մեջ։  Նրան թվում էր, թե վաղուց է մահացել։ Անկենդանությունն ու դատարկությունը յուրովի  էին երևակում դժոխքը նրա համար։ Կարմրած դեմքն ու թաց աչքերը մերթ ուղղվում էին հեռուն, դեպի երկինքը, մերթ էլ անդնդի ներքևում ճողփացող ջրերին։ Երկինքը պարզ էր ու գունատ։ Մերկ ոտքերն ու թեթև զգեստը տանում էին նրան անցյալ։ Այնտեղ, ուր նա երջանիկ էր։

Աննան 17 տարեկան էր, երբ ես նրան տեսա առաջին անգամ։ Նա ալիքվող շեկ մազեր ուներ ու մտազբաղ հայացք։ Նա գեղեցիկ էր։ Իր տարիքի համեմատ  շատ խելացի էր ու հասուն։ Նա երազանքներ ուներ։

Անցան տարիներ, ու ես տեսա նրան կրկին։ Պարզվեց, որ մենք սովորում ենք նույն համալսարանում։ Նա փոխվել էր, ասես ուժեղացել էր։ Կայուն։ Սիրում էր կյանքը և ավելի էր գեղեցկացել։

Այնպես ստացվեց, որ մենք հայտնվեցինք մի շրջապատում․ ընդհանուր ընկերներ, համակուրսեցիներ։ Ես մոտ չէի նրա հետ և իրականում՝ առանձնապես չէի ճանաչում նրան, բայց ամեն անգամ  տեսնելիս ինչ-որ բան իր հայացքում ինձ ձգում էր․․․ Այն պահին նա այնքան իրական էր։

Այդ ուժեղ ու կայուն բնավորության հետ մեկտեղ, արդեն տարիներ էր, ինչ նա իր սիրտը նվիրել էր մի տղայի․ անմոռաց ու անվերադարձ։ Ու այդ ժամանակ նա գեղեցիկ էր, քան երբևէ։ Այդ տղան մեր կուրսից էր։ Ես ճանաչում էի նրան ոչ ավել, քան Աննային։ Նրանց սիրում էին բոլորը։ Չգիտեմ էլ, ինչու, իմ դեմքին ժպիտ էր հայտնվում ամեն անգամ, երբ տեսնում  էի նրանց։

Մի օր իմացա, որ նրանք կռվել են։ Երկուսն էլ մի փոքր տաքարյուն էին։ Բայց ես կասկած չունեի, ես համոզված էի, որ դա ժամանակավոր է։

Երեկոյան Աննայի հեռախոսը զանգեց․

-Աննա ․․․ Բարև ․․․ Լսիր, այսպես չի կարող շարունակվել, ես գալիս եմ, որ խոսենք ․․․ Ես սիրում եմ քեզ:

Արցունքները հոսեցին Աննայի աչքերից․

-Ես էլ քեզ եմ սիրում, արի շուտ ․․․

Բայց այդ երեկո նա տեղ չհասավ։

Մենք բոլորս գնացել էինք նրա հուղարկավորությանը։ Մենք այնտեղ էինք։ Ես հիշում եմ Աննայի դեմքը։ Նրա աչքերը։ Նա կոտրվել էր։ Նրա սիրտը չկար։ Այն կորել էր ինչ-որ տեղ իր տան ճանապարհին։ Իսկ տղայի սիրտը անկանոն բաբախում էր Աննայի կրծքի տակ՝ մեկ ուժեղանալով, մեկ մարելով մինչև մոռացություն։

Ես որոշեցի, որ պետք է սատար լինեմ նրան, օգնեմ  հաղթահարել կամ գոնե չկործանվել այդ մղձավանջում։ Չգիտես ինչու, ինձ ձգում էր դեպի նա։ Թույլ տվեց ինձ հաճախ տեսնել իրեն, ժամանակ անցկացնել, բայց  այդպես էլ  չբացեց իր սիրտն իմ առջև։ Նա փորձում էր, անկեղծորեն ջանում էր պայքարել վշտի ու ցավի դեմ, բայց երբեմն զգում էի, թե ինչպես էին իր սեփական մտքերը գայթում ու տանում իրեն դեպի բոլորովին այլ իրականություն։ Ես այլևս նրա հետ չէի։

Մենք հիմնականում հանդիպում էինք նրա տանը։ Ֆիլմ էինք դիտում, ընթերցում էինք կամ ուղղակի զրուցում։ Այդ ամենի բարի հավելումն էր դարձել գինին։ Այն օգնում էր մեզ ցրվել։

Այդպիսի մի երեկո ես տուն էի վերադառնում, երբ ճամփի կեսին հիշեցի, որ ինչ-որ բան եմ մոռացել նրա տանը (հիմա անգամ չեմ հիշում` ինչ, բայց այն կարևոր էր, այդ իսկ պատճառով էլ ես հետ գնացի)։ Առանց թակելու ես իջեցրի բռնակը։ Դուռը բաց էր։ Մտնելով ներս, գտա նրան գինու շիշը ձեռքին։ Դեմքը կարմրած էր։ Աննան սրբեց արցունքները ու ասաց․

-Մի դատիր ինձ։

Ես նստեցի նրա կողքին։ Իհարկե,  չէի կարող դատել նրան, բայց մի՞թե այն, ինչ տեսել էի, նորմալ էր։ Նորմալ չէր վերջերս ոչինչ։ Չգիտեմ։ Համենայն դեպս մի փոքր լուռ մնալուց հետո նա ինձ ասաց․

-Ինչի՞ համար է այս ամենը։

Ես քարացել էի, ուզում էի մի բան ասել, պատասխան տալ, բայց ամեն մի միտք, որ ծնվում էր իմ մեջ, մահանում էր միանգամից, որովհետև այդ պահին  վախենում էի անմիտ երևալ, վախենում էի,  կմտածի, թե երբեք չեմ հասկանա իրեն, ու կվանի ինձ։  Ես լուռ մնացի։ Նա ծածուկ ժպտաց․

-Դու լավն ես, բայց ես կորցրել եմ հավատս:

․․․ Ու կրկին ես լուռ էի։ Համենայնդեպս, դրա համար զղչում եմ ամենից շատ։ Քանի որ  պատասխան էր սպասում ինձնից,  ելք էր ակնկալում, ես նրա միակ հույսն էի։ Իսկ ես լուռ էի ․․․

Ես սպանեցի նրա վերջին հույսը։

Աննան գերազանց էր սովորում ․․․ Մինչև այդ դեպքը։ Հաջորդ կիսամյակը նա ավարտեց մի կերպ, ցածր գնահատականներով, իսկ դրան հաջորդող տարում  լքեց համալսարանը։ Ամեն ինչ գլորվում էր ներքև, նա փորձում էր աշխատանքի տեղավորվել, ցրվել, մոռանալ, նորից ապրել, բայց ․․․ Մեռած տղայի սրտից բուսած փշերը տարածվել էին նրա օրգանիզմում։

Անքուն գիշերներ, ալկոհոլ, թափառումներ մինչև առավոտ։

Ես չէի կարողանում օգնել նրան, ես չգիտեի, թե ինչպես կամ գուցե չէի համարձակվում։ Նա կամ օրերով դուրս չէր գալիս տնից, կամ տուն չէր վերադառնում օրեր շարունակ։ Ու չկար մեկը, ով կօգներ նրան։ Ծնողները վաղուց էին մահացել։ Նա մենակ էր, իսկ այն ուժեղ բնավորությունը կոտրվել էր անսահման սիրո գերեզմանում։ Նա անում էր ամեն ինչ, որ մոռանա, բայց օգուտ չկար․ մոռացության ժամերից հետո հնչում էին հին մեղեդիները, բայց ավելի ուժգին։

Ու վերջապես նա այնտեղ էր, ժայռի եզրին։ Այնտեղ, ուր հաճախ էր լինում ընկերոջ հետ։ Նա կյանքի ու մահվան սահմանին էր, որտեղ գուցե հայտնվել էր վաղուց։ Իսկ ես ուղղակի հետևել էի դրան։ Բոբիկ ոտքերը դիպչում էին սառը ժայռերին։ Արցունքների մանր կաթիլները հոսում ու կորում էին անհատակ անդունդում։ Նա այլևս չկար, քամի էր, մեղմիկ սուրացող քամի, որում կրկին լսվում էր սիրած տղայի ձայնը․

-Ես սիրում եմ քեզ։

Ինձ հանձնեցին մի երկտող.
«Քեզ հետ անցկացրած րոպեները կտրում էին ինձ ցավից ու իրականությունից, բայց երբ դու էլ էիր գնում, ես ավելի մենակ էի մնում անտանելի ցավի ու միայնության հետ»։

Manvel Manukyan

Ո՞վ ես դու, անհայտ զինվոր

Բարև՛, հեռավո՛ր ընկեր… Լսել եմ, որ Խորհրդային միությունում այդպես էին դիմում միմյանց: Անցել են յոթանասունհինգ երկար տարիներ, փոխվել է աշխարհը։ Թվում է՝ հավերժություն է անցել, բայց անփոփոխ է քո հանդեպ վերաբերմունքն ու երախտագիտությունը։ Հայաստանի բոլոր գյուղերում ու քաղաքներում դու հուշարձան ունես, չգրված պատմություններ, որոնք մեզ պատմել են ամեն ընտանիքում պատերազմից չվերադարձած իրենց զինվորի մասին: Ես նաև  շատ եմ դիտել Հայրենական պատերազմի մասին պատմող ֆիլմեր: Դրանք այնքան անկեղծ ու իսկական են։ Փորձել եմ մտովի պատկերացնել քեզ… Ինչպիսի՞ն ես, հայրենի՛ք փրկող անհայտ զինվոր: Հավանաբար խորն ու մտածկոտ աչքեր ունես, ազնիվ սիրտդ բաբախում է արդար զայրույթից: Իսկ գուցե քո՞ւյր կամ երեխանե՞ր ունես… Երևի կարոտում ես մորդ կամ կնոջդ, բայց փորձում ես հաղթահարել կարոտն ու կռվել, որպեսզի նրանց ոչ մի վտանգ չսպառնա, նրանք կարողանան ժպտալ ու ապրել… Հավանաբար գիտակցում էիր, որ կարող ես զոհվել կամ անհայտ կորչել, բայց պատասխանատվությունն ու ուխտը ավելի զորեղ էին… Հավանաբար ֆաշիստները չար էին ու դաժան, բայց դու անկոտրում էիր ու հզոր…

Պատերազմները մարդկության պատմության մեջ եղել և մնում են ամենավատ հիշողությունները, բայց մենք պետք է սերնդեսերունդ արթուն պահենք հուշը, որպեսզի դրանք էլ չկրկնվեն: Չպե՛տք է մոռանանք, թե ինչքան ցավ ու մահեր է բերում պատերազմը: Պիտի հիշենք, որ կարողանանք պահպանել ու գնահատել խաղաղությունը…

Հեռավո՛ր ընկեր, այս տարի շքերթներ չեն լինի, բայց բոլորս միահամուռ հիշելու ու հարգելու ենք քո հերոսությունը: Որքա՜ն որդիներ կորցրեցին մայրերը… Նրանք սգացին ցմահ:

Ամենահզոր հերոսը ինձ համար զինվորն է: Մի քանի տարի հետո ես էլ զինվոր կդառնամ, ես է՛լ կպաշտպանեմ իմ հայրենիքը, որի սահմանները գծվեցին մեր նորօրյա հերոսների արյամբ:

Անհա՛յտ զինվոր, քո շնորհիվ է աշխարհում հաղթել մարդկայնությունը: Այո՛, անմահ է հիշատակդ՝ անվերջ հուրհրատող կրակի նման…

emma tadevosyan

Ներսում

Ասում են՝ զգո՛ւյշ երազեք, քանի որ ձեր երազանքները իրականանալու հատկություն ունեն: Երբ ես փոքր էի, ամեն առավոտ՝ աչքերս բացելուն պես, մի սիրուն անզգույշ երազանք էի պահում: Ես վստահ էի, որ այն երբեք չի կատարվի, բայց շարունակում էի անխնա պատկերացնել դրա ամեն մի դետալը: Անջատում էի զարթուցիչը, փակում էի աչքերս ու պատկերացնում, թե ինչպես ենք մենք մեր չորսակնանի անկողին-մեքենաներով գնում դպրոց, որտեղ կարիք չկա սեղանների և աթոռների, որտեղ հեչ պարտադիր չէ կտրվել մեր տաքուկ վերմակներից:

Բարի գալուստ 2020 թվական: Գրեթե մեկ ամիս շարունակ՝ ամեն առավոտ, երբ ես բացում եմ աչքերս, տեսնում եմ մեր դասախոսներին, կուրսեցիներիս. ես այլևս ստիպված չեմ շարժվել տեղիցս, իմ սենյակը դարձել է մի ողջ համալսարան, իսկ անկողինս սիրով և ջերմությամբ փոխարինելու է եկել այնքան անցանկալի սեղաններին և նստարաններին:

Բարև, սիրելի՛ օրագիր: Այսօր ապրիլի 12-ն է՝ օրը կիրակի: Եկել եմ՝ էլի մի գաղտնիք հետդ կիսելու, բայց ոչ ոքի չասես, հա՞, միայն քեզ եմ վստահում: Այսօր մի բան եմ արել, որի համար այնքա՜ն եմ զղջում: Չգիտեմ էլ ինչպես սկսել… Ախր… Ես չէի ուզում… Ես հասկանում եմ,  բայց…

Այսօր առավոտյան, երկար դադարից հետո որոշեցի տանից դուրս գալ. ուզում էի մի քիչ զգալ գարունը:  Հիմա ավելի շատ ժամանակ է պետք թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես պատրաստվելու համար նախքան տանից դուրս գալը՝  է՛լ դիմակ, է՛լ ձեռնոց, է՛լ զեկուցագիր, է՛լ. «Էմմա, ձեռքերով դեմքիդ չդիպչես», է՛լ. «Էմմա, առհասարակ ոչ ոքի և ոչնչի չդիպչես»։

Դուրս եկա: Սկզբում ամեն ինչ լավ էր, ոչ սովորականի պես շունչս վայելելով քայլում էի մեր քաղաքի դատարկ փողոցների հետ համերաշխ, մի քիչ էլ անսովոր լռության հետ կռիվ տալով: Ամեն ինչ լավ էր, քանի դեռ հեռվում չնկատեցի ընկերներիցս մեկին, ով նայում էր ինձ այնպես, ինչպես, կարծում եմ, Ռոբինզոն Կրուզոն Ուրբաթին է նայել, երբ հանդիպել են: Քայլերս արագացրի: Երկար ժամանակ է՝ չէինք հանդիպել, մոռացել էի՝ ոնց էր ժպտում Մարին: Հենց մոտեցա, անմիջապես գրկեցի նրան, ամուր-ամուր, կարոտա՜ծ: Հեչ մտադրություն չունեինք իրար բաց թողնելու, մինչև պատահաբար աչքովս չընկան կապույտ-կապույտ ձեռնոցներս… Միանգամից բաց թողեցի Մարիին ու հետ ցատկեցի: Անմիջապես սկսեցի հիմար հարցերով լցնել մեր միջև եղած մեկ մետր հեռավորությունը, որ չզգայինք: Չեմ հիշում, թե նա ինչ պատասխաններ էր տալիս, որովհետև մտքումս պտտվում էին այն բոլոր սահմանափակումներն ու կանոնները, որոնք այնքա՜ն նորմալ ու հեշտ էին թվում…

Տուն վերադառնալիս կամա թե ակամա մտքումս հաշվում էի, թե արդյոք 14 օր հետո որքան եմ զղջալու Մարիին գրկելու համար…

Հիմա գրում եմ քեզ, սիրելի՛ օրագիր, որովհետև իմ՝ դեռևս փոքրիկ կյանքում, ամենադատարկ, ամենատարօրինակ, ամենասառը զղջումն է պատահել ինձ հետ:

Շատ բան չի փոխվել: Ամեն օր սովորականի պես արթնանում եմ, նախաճաշում, հետո՝ դասի, հետո՝ դասեր, հետո՝ քուն: Պարզապես ներքին խելագարության հետ մենակ մնալ ենք սովորում: Պարզապես էլ ամեն երկուշաբթի մեր ներսի դժգոհությունը գումարի հետ չենք փոխանցում երթուղայինի վարորդին ու ամեն ուրբաթ «Աստվա՜ծ իմ, վերջապես այս շաբաթն էլ ավարտվեց…» նախադասությունը չենք շպրտում տիեզերք ու տուն վազում:

Տա՜նն ենք, մեզ հետ ենք, աշխարհին փոխարինելու ենք եկել ամեն մեկս մեզ համար: Դրսի աշխարհի հետ ամեն օր պայքար էր. ներսում ոչ ոք չէր մնացել…

luiza sargsyan

Սևանում սպասում ենք

Սևանում ձմեռը երկարատև է: Ձյունը ծանր-ծանր նստում է տանիքներին ու անզիջում համառությամբ փայլում արևի շռայլ, բայց տկար շողերի ներքո։ Բոլորս հասցնում ենք մի լավ հոգնել-ձանձրանալ ու առանձնահատուկ կարոտով ենք սպասում գարնանը։

Այս տարի մի քանի ամսյա բանտարկությունից հետո ուզում էինք վայելել գարունը, բայց ավաղ… Գարունն իր հետ բերեց վիրուսի գույժը: Մինչդեռ մենք այնքա՜ն էինք ուզում շնչել օդի թարմ ու անուշ բույրը, երեխաներն ուզում էին կրկին ցատկոտել դրսում, խաղալ միմյանց հետ: Այդ վիրուսը նման է մի հսկա հրդեհի՝ բռնկվում է շատ արագ և ճարակում է ողջ աշխարհը: Մեզնից ամեն մեկը պիտի ջանք գործադրի՝ հանդարտեցնելու և մարելու այդ չար հրդեհը…

Կյանքն աշխարհում ասես կանգ առավ: Օրեցօր լուրերն ավելի տագնապալի են դառնում: Ու դժվար է այս իրականության հետ հաշտվելը, նոր կյանքին հարմարվելը: Մենք շատ ենք կարոտում դպրոցը, ուսուցիչներին, ընկերներին: Արդեն երկու ամիս է, ինչ հեռավար ենք անցկացնում դասերը: Թվում է, թե պետք է հարմարված լինեինք, բայց… չենք դադարում անհամբերությամբ սպասել: Երանի սա վատ երազ լիներ: Արթնանայի ու տեսնեի, որ ամեն ինչ ավարտված է։ Այ, օրինակ՝ հիմա մենք մեր դասղեկի հետ էքսկուրսիայի պատրաստվելիս կլինեինք: Ինչքա՜ն էինք սպասում այդ օրվան ու քննարկում մանրամասները…

Անկեղծ ասած՝ երբեք մտքովս չէր անցնում, որ այսքան շատ կարող եմ երազել դպրոց գնալու մասին։

Չնայած այս ամենին՝ ես հավատով սպասում եմ, որ մենք մի օր կարթնանանք ու կզգանք, որ վերջացել է այս աշխարհակուլ մղձավանջը: Եվ ամեն ինչ կլինի առաջվանից ավելի՛ լավ։