Ես և իմ սերնդակիցները չենք տեսել 1988-ի ահավոր ու աղետաբեր երկրաշարժը: Սակայն Գյումրիում դեռ շատ կան երկրաշարժից ավերված շենքերի փլատակներ, որոնք ամեն օր հիշեցնում են մեզ 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին: Բացի այդ, այնքան շատ են պատմել, որ թվում է, թե ես եղել եմ ականատես: Տատիկս համարյա ամեն օր հիշում է դեկտեմբերի 7-ը: Բայց ավելի տխուր են այն հիշողությունները, որոնք կապված են աղետից հետո փլատակված քաղաքում ապրելու հետ: Մի դեպք տատիկիս մեջ շատ է տպավորվել: «Երկրաշարժից այնքան էինք վախեցած, որ մի փոքրիկ առիթ էր պետք նորից սարսափի մեջ ընկնելու: 1989 թվականի հունվարի 25-ից մեր դպրոցը սկսեց գործել վրանների մեջ,- պատմում է տատիկս, որը թե այն տարիներին, թե հիմա դասվար է աշխատում դպրոցում,- Գրատախտակը հարմարեցրել էին վրանում: Գարուն էր, սկսվել էին ուժեղ քամիները, բոլորը խոսում էին, որ իբր նորից ավելի ուժեղ երկրաշարժ է լինելու…
Աշակերտներին հանձնարարություն տալուց հետո նստեցի դասամատյանը լրացնելու: Ու հանկարծ լսեցի երեխաների ոտնաձայներ՝ թփթփոցներ: Ինձ թվում էր, թե ես արդեն գետնի տակ եմ, երեխաներն էլ են ընկնում անդունդը: Այդ պահին մի փոքրիկ աղջիկ՝ Սյուզաննան, գոռաց.
-Ո՞ւր եք վազում, ընկեր Անանյանը մնաց գրատախտակի տակ:
Ես բացեցի աչքերս, հասկանալով, որ գրատախտակն է պոկվել ու ընկել ինձ վրա:
Ինձ թվում է, բոլորին հասկանալի կլինի երկրաշարժի թողած ազդեցությունը մարդու վրա: Անցել է արդեն 25 տարի, չեմ մոռանում այդ աղետալի օրն ու ժամը: Ուզում եմ , որ ոչ մի սերունդ չտեսնի աղետ, ոչ մի մարդ վախեցած չապրի իր կյանքը»: