Իմ բնակավայրը խորագրի արխիվներ

Serine Stepanyan

Սուրբ Սուրբ

Սարի Սուրբ մատուռը՝ Գեղարքունիքի մարզի ամենաբարձր պատմության հուշարձանը, գտնվում է Զոլաքար գյուղից 15 կիլոմետր դեպի հարավ, Ակնախաչ լեռան գագաթին՝ 3299 մետր բարձրության վրա:

Զոլաքար գյուղում միայնակ ապրող մի մարդ երազ է տեսնում, թե ինչպես իր տնից ոչ հեռու գտնվող գոմում հրաշք է կատարվում: Գոմի մսուրում նա լույս է տեսնում, իսկ գոմի ու մսուրի շուրջը` օձեր, որոնք  այդ լույսից կուրանում են, իսկ լույսը տարածվում է դեպի երկինք: Այս մարդը վեր է կենում ու գիշերով գնում գոմ: Ճրագի լույսով տեսնում է, որ մսուրում պառկած է մի գեղեցիկ կին` իր երկու նորածինների հետ, որոնց հասցնում է անուններ տալ ու մեռնում է: Նրա վերջին բառերն էլ լինում են երեխաների անունները` Խաթուն և Հովհաննես:

Որբերը մեծանում են ծերունու տանը և երկուսն էլ իրենց նվիրում են Աստծուն: Ամենուր նրանք պատմում են Աստծո ու աստվածային հրաշքների մասին, իրենք ևս շատ հիվանդների բուժում են իրենց հրաշք ձեռքերով ու աղոթքներով: Երբ Խաթունը մահանում է, եղբայրը նրան հողին է հանձնում Սևանա լճի ափամերձ մի վայրում, գերեզմանի վրա մի փոքրիկ մատուռ է կառուցում և գնում է դեպի լեռները: Նա բարձրանում է մի բարձր սարի վրա, քրոջ մատուռի դեմ դիմաց, հասարակ քարերով մի հյուղակ է սարքում և մինչև իր կյանքի վերջը ապրում է այնտեղ:

Այժմ այդ սրբավայրերը վերանվանվել են «Ծովափան խաչքար» և Սարի Սուրբ Հովհաննես: Մինչև այժմ էլ ժողովուրդը մեծ հավատով է այցելում այս սրբավայրերը: Խաթունը առավել հայտնի է սիրահարներին օգնելու մեծ զորությամբ, իսկ Սարի Սուրբը, որտեղ բարձրանալը բավականին դժվար է, ավելի շատ հայտնի է որպես արու զավակ չունեցող մայրերի ուխտատեղի:

Վարդավառի տոնին գյուղացիների մեծ մասը նախընտրում են այցելել այս սրբատեղի, նոր դրանից հետո տոնել Վարդավառը։

Ես նույնպես Զոլաքար գյուղից եմ և շատ եմ սիրում այցելել Սարի Սուրբ, ստորև կտեղադրեմ սրբավայրի նկարներից։

 

aniharutyunyanarm

Այսպես չեն լքում գյուղը

Կարող է թվալ, թե գյուղում ապրողներից շատերը երազում են տեղափոխվել քաղաք, ավելի լավ կլինի՝ մայրաքաղաք, բայց այդպես միայն թվում է առաջին հայացքից։

- Ես կվարտիրայի մեջ չեմ կարա ապրեմ, բա մարդ սեփական հայաթ չունենա՞։ Երբ ուզես` դուրս գաս, հարևաններիդ հետ խոսես, արևին նստես, ամեն դուրս գնալուց չզարդարվես, սիրուն շորեր չհագնես։ Չէ, իմ շունչը կկտրվի։

Այսպես վստահ գյուղը չի ուզում լքել Սարոն։ Հողի հետ կապված մարդու համար բարդ է գնալ ու փակվել քաղաքում, այդպես են մտածում գյուղում։ Տանջանքն այստեղ հատկապես գյուղական գործերով զբաղվող մարդու համար շատ է, ոչ ոք չի հերքում, բայց զարմանալի պնդաճակատությամբ բնության հետ կռվող ու ընկերություն անող մարդիկ չեն ուզում հեռանալ։ Սարոյին Գոհարը՝ կինն է միշտ հակադարձում․

- Է՜, ախր, դու ի՞նչ ես հասկանում, կվարտիրան ձմռանը տաքացնելը հեշտ ա, մի քիչ վառում ես, վերջ, իսկ էս գյուղի մեծ տները առավոտից իրիկուն տաքացնում ես, էդքան փող ես ծախսում, էլի ցուրտ ա։ Հեսա Նարեկին որ ամուսնացրինք, գնալու եմ Երևան, իրանց հետ ապրեմ։

- Ինձ չսպառնաս, է, գնում ես` գնա, ես ստեղից ոչ մի տեղ եկողը չեմ։

Սարոն վեր է կենում արևի հետ ուղղությունը միշտ փոխող փոքրիկ, ինքնաշեն աթոռից, ծանր հոգոց է հանում ու գնում Գևորգենց բակ, որտեղից շինարարության ձայներ են գալիս։ Գևորգն ամբողջ տունը քանդել ու վերանորոգում է, երբեք չի ասել՝ ուզում է գյուղո՞ւմ ապրել, թե՞ գնալ քաղաք, բայց տունը սարքելու գործընթացն ամեն ինչ իր տեղն է գցում։ Գյուղում, երբ հարևաններից որևէ մեկը վերանորոգում է տունը, բոլորն իրենց պարտքն են համարում գնալ, տեսնել՝ ինչ կա-չկա, ինչպես են ընթանում գործերը, օգնել պե՞տք է արդյոք։ Ու այդպես Գևորգենց տան փոքր միջանցքներում ավելի շատ հարևան կա, քան շինարար։

- Բայց էս զալը մեծ ա, ինչի՞ չկտրեցիք, երեխեքին սենյակ կլիներ։ Իսկ էս պատերի գույնը վերջնակա՞ն ա, հա՞, հըմմ…

Խորհրդատուների պակաս Գևորգը չունի, օգնողների էլ։ Լավ չէ, երբ հարևաններդ ու համագյուղացի ընկերներդ կյանքի մեծ մասը Ռուսաստանում են աշխատել, բայց լավ է, երբ կարող ես ցանկացածին զանգել ու խնդրել վերանորոգման ընթացքում որևէ հարցով օգնել։ Ու աշխատանքները վերածվում են տոնի․ առանց Հրաչի թորած տնական օղու սեղան չեն նստում, օրվա կեսից արդեն բոլորի քեֆը լավ է, մի քանիսը երգելով են գործ անում, օրվա ավարտին արդեն սկսվում է ամեն օրվա «ուրախությունով լինի»-ն։ Այդպես են գյուղում տուն վերանորոգում։ Այդպես էլ հանգիստ, առանց ավելորդ խոսքերի գյուղից չեն գնում։ Բայց նաև լավ օրից չէ, որ մարդիկ գնում են գյուղից։ Աշխատանք, ապագա, սեր են փնտրում քաղաքում ու երկրից հեռու։ Իսկ կգտնե՞ն, վստահ չեն, իրենք էլ չգիտեն, բայց գնում են, հույս ունեն։ Կարո՞ղ ես մեղադրել մարդուն արդյոք իր բակն ու մեծ, ձմռանը սառը տունը թողնելու համար, չեմ կարծում։

- Բարի լույս, դե, մի հատ կոֆե տվեք, խմենք, սկսենք էս ներկը, – ամեն առավոտ գալիս է Սամվելը։ Գևորգի մանկության ընկերն է, երիտասարդության տարիներին տան պատերն իրենց ձեռքերով են շարել, այսքան տարի անց հիմա պոկում են իրենց փակցրած պաստառներն ու նոր շունչ տալիս պատերին։ Գևորգն ասում է՝ երանի մեր դեմքի կնճիռներն ու սպիտակ մազերը փոխելն էլ էսքան հեշտ լիներ։

Իրենց ընկերության սենտիմենտալն էր Գևորգը դեռ մանկուց։ Սամվելն էլ կատակասերն է, ասում է` Գև ջան, արի էս ներկից մազերիդ էլ քսեմ, աչքերիդ գույնի հետ կսազի: Գևորգը ներողամտաբար է նայում Սամվելին, որի գլխին կարգին մազ էլ չի մնացել, իրենը գոնե միայն սպիտակել է: Ու օրվա բացվելու հետ կրկին հավաքվում են ընկերներն ու հարևանները, կեսը` օգնելու, մյուս կեսը` Հրաչի օղու համար: Էդպես են գյուղում տուն վերանորոգում ու ցանկացած իրադարձություն կիսում` հարևաններով, ընկերներով, իրար ձեռք մեկնելով, ամեն մեկը խորհուրդ տալու իր պարքը կատարելով:

Էդպես չեն լքում գյուղը Գևորգը, Սարոն ու անգամ տղայի ամուսնանալուն սպասող Գոհարը:

Այսքան տարբեր, բայց այսքան հոգեհարազատ…

Բարև, ես Արմենն եմ, 16 տարեկան, Տավուշի մարզի Թեղուտ գյուղից։

Գիտեմ՝ դժվար թե իմանաք իմ գյուղի մասին, ու հենց դրա համար էլ որոշեցի գրել ու պատմել ձեզ էս հրաշքի մասին։

«Այսքան տարբեր» ասելով նկատի ունեմ ինձ։ Հա, շատ տարբեր եմ իմ գյուղում թե իմ մտքերով, թե պահվածքով։ Իսկ հոգեհարազատ՝ գյուղս։ Փոքր ժամանակ գիտեի, թե մեր գյուղը շրջափակված է անտառներով, ու որևէ տեղ գնալու համար պետք է շատ մեծ ճանապարհ կտրել ու անցնել։ Էստեղ մարդիկ նույնպես հոգեհարազատ են (չգիտեմ, միգուցե գյո՞ւղն է իր գեղատեսիլությամբ մարդկանց «ստիպել» բարեհոգի լինել)։ Յուրաքանչյուրն էլ պատրաստ է օգնել իր մերձավորին։ Հիմա էլ մեր գյուղ են այցելում բազում զբոսաշրջիկներ ու մեր հայրենակիցները (ես էլ պահը բաց չեմ թողնում իրենց հետ անգլերեն շփվելու ու հաղորդակցվելու համար)։ Բոլորը կարծում են, թե մի դրախտ են ընկել։ Ես ու իմ համագյուղացիներն էլ մտածում էինք, որ նրանք գժվել են (ինչպես կարելի էր այդպես զմայլվել մի վայրից, որտեղ նույնիսկ ինտերնետն է վատ աշխատում)։ Բայց երբ գյուղից երկար ժամանակով բացակայեցի, հասկացա, որ նրանք չեն գժվել, այլ մեզ համար դա սովորական էր, և չէինք կարող տեսնել այն, ինչը տեսնում էին մեր գյուղ եկող համերկրացիներն ու զբոսաշրջիկները։ Ես հասկացա, որ պետք է ինչ որ բանից որոշ ժամանակ հեռու մնալ այն իրոք ու ի սրտե գնահատելու համար։

Էստեղ դու կարող ես շատ բան սովորել թե՛ երեխաներից, թե՛ մեծահասակներից (հիմնականում բոլորը ներգրավված են գյուղատնտեսության մեջ)։

Էստեղ էլ ուզում եմ մի քանի նկար թողնել, որպեսզի դուք էլ շնչեք ու զգաք էն ներդաշնակությունը, որը կա էստեղ՝ բոլորիս մեջ։

Ու էլի եմ գրելու, գրելու եմ մեր գյուղի ու իր հրաշքների, էստեղ ապրող հյուրասեր մարդկանց ու էն առօրյայի մասին, որը հաստատ ձեզ կմոտիվացնի։

ՄԵՐ ԳՅՈՒՂՆ ԷՍ Է

-Երանի Գերմանիայում կամ Ֆրանսիայում ծնված լինեի։

Սա ես եմ, և իմ երազանքը ութ-ինը տարի առաջ՝ ութ-ինը տարեկանում, երբ դեռ չգիտեի անգամ, թե որտեղ են այդ երկրները կամ ինչպիսինն են, ուղղակի լսել էի, որ իմ մի քանի հարազատներ այնտեղ են ապրում ու շատ գոհ են։

-Վայ, ինչի մեր գյուղից լավ տեղ կա՞։

Սա էլի ես եմ, բայց հիմա՝ 17 տարեկանում։ Վիճում եմ մի քանի դասընկերներիս հետ, որոնք բողոքում են գյուղից։ Ես չեմ ասում, որ պետք է հավիտյան մնանք գյուղում և ոչ մի քայլ չանենք, ուղղակի սիրել ու պահպանել այն պարտավոր ենք բոլորս։

Իսկ ո՞րն է այդ գյուղը։ Դա Ոսկեհատն է՝ Արագածոտնի մարզի։ Չեմ ասի տնտեսապես գերզարգացած, մեծ ու շքեղ գյուղ է, բայց բնակիչների համար անչափ թանկ է ու սիրելի։

Գյուղս այնքան էլ ծեր չէ։ Առաջին բնակիչները եղել են տատիս ու պապիս ծնողներն ու նրանց հասակակիցները։ Գաղթել են Արևմտյան Հայաստանից ու տուն կառուցել այստեղ՝ Ամբերդ գետի ափին (գյուղացիները անվանում են նաև Համբերդ)։ Գետը, որը սկիզբ է առնում Արագած սարից, գյուղի գլխավոր հարստություններից մեկն է։ Մարդկանց ոչ այնքան հայտնի, սակայն գյուղի համար արժեքավոր կոթողներից է նաև Ճգնավորի այրը։ Քարայր-կացարանը գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, 12-19-րդ դարի շինություն է։ Թեև այրը այնքան էլ մեծ հռչակ չի վայելում, այնուամենայնիվ միգուցե այստեղ ժամանակին ճգնել է մեծ փիլիսոփաներից կամ պատմիչներից մեկը։

Այժմ մեր էքսկուրսիան ավարտենք գյուղի ամենագլխավոր ու ամենակարևոր կոթողով։ Սուրբ Սարգիս եկեղեցի-ամրոցը համարվում է մեր գյուղի հոգևոր կենտրոնը։ Եկեղեցու մասին հստակ տեղեկություններ չկան, բայց կարծիքներ կան, որ այն կարող է հասնել մինչև 14-15-րդ դար։

Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Մշակում են տարբեր տեսակի մրգեր և բանջարեղեն։ Հնում շատ են մշակել հատկապես «Ոսկեհատ» անունով խաղողը։ Գյուղացիների խոսքով, հենց դրա համար էլ գյուղը անվանել են Ոսկեհատ։ Ի դեպ, Ոսկեհատի հին անվանումը եղել է Բադրինջ (ըստ մեծերի՝ ծաղկի անուն է)։

Սա է մեր գյուղը՝ փոքր, բայց հարազատ։ Հա, մոռացա գլուխ գովել։ Ես զտարյուն ոսկեհատցի եմ, այսինքն, իմ մայրիկի հայրն ու մայրը և հայրիկի հայրն ու մայրը՝ չորս տատիկներս ու պապիկներս, ծնվել են հենց այս գյուղում՝ գրեթե նույն թաղամասում։ Հայրս նույնպես այս մասին հպարտությամբ է խոսում։

Եվս մեկ տեղեկություն՝ գյուղում կա երիտասարդական հասարակական կազմակերպություն՝ «Ոսկեհատը»։ Այն հիմնադրվել է գյուղի երիտասարդների ջանքերով և ակտիվ գործունեություն է ծավալում, կազմակերպում է ամենամյա ազգային-բակային ճամբարներ և այլն։

Margarita Udumyan

Հայրենիքը սկսվում է սահմանից

…Դուք առավոտյան արթնանալուն պես մտածում եք, թե ինչ եփել և կամ ուր տանել ձեր փոքրիկին, իսկ մենք` սահմանին ապրողներս (ես ապրում եմ Տավուշի մարզի Չորաթան գյուղում) հենց աչքերը բացելու վայրկյանից շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը` մեր երեխաների անվտանգ քունը ապահովելու համար։

Շատ են բողոքում սահմանամերձ գոտիների ճանապարհներից և հեռավորությունից, բայց ոչ բոլորն են գիտակցում նրանց կարևորությունը։
Ես բնակվում եմ մի փոքրիկ գյուղում, որը մայրաքաղաքից չորս ժամվա ճանապարհ է, բայց ամեն անգամ գյուղից գնալը տևում է մի ամբողջ հավերժություն, իսկ վերադառնալը վայրկյաններ։

Բոլորը խոսում են հայրենասիրությունից և ռազմական ոգուց, բայց դուք ոչ մեկի աչքերում այդքան խիզախություն և ուժ չեք տեսնի, որքան սահմանին մոտ ապրող փոքրիկ մանչուկների, ովքեր դեռ մանկուց ապրել են այդ դժվարությունները։

Իմ փոքրիկ գյուղն էլ անմասն չի մնացել գնդակոծություններից, բայց այն մինչ օրս կանգուն է իր հզոր բնակիչների շնորհիվ։

Բոլորը սիրում են իրենց ծննդավայրը, իսկ մենք ոչ միայն սիրում, այլև հպարտանում ենք նրանով։ Փոքր ժամանակ մենք կրակոցների ձայները կարծելով հրավառություն, դուրս էինք գալիս և ուրախ ծափահարելով և թռչկոտելով դիմավորում նրանց, չնկատելով ընտանիքի անդամների լացակումած դեմքի վրա արհեստականորեն, դողացող շուրթերով հազիվ նկատելի այն ժպիտները, որը մեզ մոտ ուրախ ձևանալու համար էր միայն։ Հիշում եմ, որ ես շատ էի սիրում խաղալ հրազենի դատարկ փամփուշտներով և դեռ մի հատ էլ ականջօղ էի պատրաստում և կախում ականջիցս, իսկ հիմա այդ դատարկ փամփուշտից ականջօղի փոխարեն լիքը փամփուշտները կախված են աչքերիցս և փորձում են արցունք քամել պատերազմից հետո արդեն ցամաքած կոպերիցս։

Մենք կրակոցների ժամանակ չենք լացում, քանի որ այնքան ենք մեծացել, որ ուժ ենք տալիս դրա միջով արդեն անցած մեր ընտանիքին։

Այստեղ բնակվող երեխաների մեծամասնությունը չեն լքում իրենց գյուղը, այլ գնում են սովորելու, որպեսզի վերադառնան և շենացնեն այն։ Ամուսնանալով աղջիկները չեն ուրանում իրենց ծննդավայրը, քանի որ դա նրանց սրտում խորը դաջված անբացատրելի մեծ սեր է։

Երկար և դժվար ոլորանները ապացույցն են այն բանի, որ գեղեցիկը և արժեքավորը ոչ բոլորին են հասանելի, իսկ դժվարությունները ոչ բոլորը կարող են հաղթահարել։
Հայրենասիրությունը մահճակալի տակ լացող և իրենց ծնողների թիկունքում թաքնված վախկոտների համար չէ, այլ սահմանը շենացնող քարը ձեռքին ամուր բռնած, զենքի համար ոտքերը գետնին զարկող չորս տարեկան երեխաների համար է, ովքեր ուզում են շուտ մեծանալ, որպեսզի գնան սահմանը պահելու։ Սահմանամերձ գոտու երեխաների մեծ մասը այն հարցին, թե ինչ են ուզում դառնալ, պատասխանում են՝ զինվոր։
Հետևություննրը թողնում եմ ձեզ։

… Եվ երբեք մի մոռացեք, որ հայրենիքը սկսվում է սահմանից։
Հիշեք, որ Մոնթեի և Նժդեհի նկարներով հագուստ կրելը դեռ հայրենասիրություն չէ։

Կեչուտի հիվանդանոցը

Կեչուտ գյուղի հիվանդանոցի տեղում առաջ ճահճոտ վայր էր,  մինչև կառավարությունը որոշեց, որ պետք է կառուցվի հիվանդանոց, որը եղավ բոլոր գյուղացիների և ոչ միայն գյուղացիների, այլ հարակից տարածքների լավագույն հիվանդանոցներից մեկը։

Էմմա տատիկը թախիծով, բայց մեծ հպարտությամբ պատմում է: Սկսեց ամենասկզբից, թե  երբ է կառուցվել։

-1989 թվականի սեպտեմբերից սկսել է աշխատել հիվանդանոցը, երեք հարկանի էլ եղել  է: Ամեն հարկը բաժանված է եղել  մասերի: Առաջինը մանկական բաժինն էր, երկրորդը` ծննդաբերության, երրորդը` վիրահատական և թերապիայի  բաժինը։ Բժիշկները լավագույնն էին՝ Հակոբյան Սիլվան, Սլավիկ Ծատուրյանը  (մանկական բաժնից), ծննդաբերականից` Բելլան (ազգանունը չեմ հիշում), թեև նրան բոլորը գիտեին Բելլա, Օպերացիոն բաժնից` Վալերի Ջալալյանը։

Սարքավորումներով  հագեցած էր: Բոլորը ձեռք էին բերված Ամերիկայից, գերհզոր էր ամեն բան։ Հանրապետությունում  նման սարքավորումներ ունեցող, այն էլ էդ թվականներին, շատ քիչ էին։ Ունեինք գաղտնի ստորգետնյա տարածք, որտեղ կարող էին պատերազմի ընթացքում 100 հիվանդի բուժել  և տեղավորել,- ժպիտով ասաց,- ինչքան գետնի վրա է, այնքան էլ տակն է: Դեղորայքները նույնպես Ամերիկայից էին։ Տոննաներով սնունդ էին ստանում, բաժանում հիվանդներին: Անգամ ամեն հարկում մատուցողներ կային, որպեսզի սպասարկեին հիվանդներին։

Մինչ  Էմմա տատիկը իր խոսքը կավարտեր, ամուսինը ներս մտավ, ասաց.

-Ուտելիք  ասեցիք` հիշեցի: Կային  այնպիսի մթերքներ, որոնք մեզ անծանոթ էին, – հավելեց Էդիկ պապիկը,- հիշում եմ,  մի օր ձվի փոշի էինք բաժանում ժողովրդին, հետաքրքրեց, թե  ինչ է:  Մեր բախտից մնացել էր  մեկ հատ:  Խոհարարին  ասացի`  փոքր ժամանակ սրանից կերած կա՞, ասաց` հա՛: Դե  պատրաստի`  տեսնեք էդ ինչ ա: Պատրաստեց,  ու եղավ պանիր: Փաստորեն դա պանրի փոշի էր, այլ ոչ թե ձվի, անգլերեն գրվածն էլ չէինք հասկացել:  Բայց ամենահամեղը շոկոլադի փոշին էր։

Բայց  հիվանդանոցն այս ամենով չէր սահմանափակվում: Ունեցել է քոլեջ, որի շրջանավարտները մինչև այսօր աշխատում են և շատ լավ մասնագետներ են։

Իսկ թե որ դեպքը երբեք չի մոռանա, խորը հոգոց հանելով պատմեց.

-Այն, որ աղջկա կյանք ենք փրկել ես և ընկերուհիս (մենք մաքրուհիներ էինք):

Ծանր հիվանդ աղջիկ բերեցին մեզ մոտ, համարյա մահամերձ: Ես ու ընկերուհիս էինք` Օվսանը:  Միանգամից տեղափոխեցինք պալատ, իր հետ տառապեցինք, շատ ծանր գիշեր էր,  մինչև լույսը բացվեց, եկավ գլխավոր բժիշկը։ Հարցրեց, թե ուր է ծանր հիվանդը, ասացինք` վերակենդանացման բաժնում: Աղջիկը հիմա լավ է ամուսնացել  է:

Հիվանդանոցը աշխատել է միչև 2005 թվականը, ապա երկրի փոփոխությունների հետ նաև փոխվեց նաև հիվանդանոցը: Այլևս չէին կարողանում աշխատակիցներին  աշխատավարձ տալ և ապահովել շենքի ծախսերը։ Այդպես փակվեց հիվանդանոցը, իսկ շենքը մնաց լքված ու ամայի:

Խուստուփը

Համացանցում կարող ենք հաճախ հանդիպել բազմաբովանդակ հոդվածների, որոնք պատմում են Խուստուփ լեռան մասին։ Այնտեղ գրված կլինի. «Կանաչազարդ Սյունիքի մարզում է գտնվում արքայական Խուստուփը, Կապան քաղաքից շուրջ 10կմ հարավ-արևմուտք։ 3201 մետր բարձրությունից իր վեհ ժպիտն է սփռում զմրուխտազարդ Կապան քաղաքի վրա»։

Այդ հոդվածներում իրենց ուրույն տեղը կգտնեն նաև Խուստուփի մասին երկրաբանական նկարագրերը, տեղագրական փաստերը, կլիմայական պայմանները և բոլոր այն մանրամասները, որոնք կպատմեն և, ինչու ոչ, նաև կբացահայտեն   լեռը՝ աշխարհագրական տեսանկյունից։

Իսկ ինչպիսի՞նն է վեհաշուք Խուստուփը փոքրիկ Շվեյցարիայից՝ Կապանի սրտից երևում։ Այն հրաշք է։ Տարվա յուրաքանչյուր եղանակին բացահայտում է իրեն յուրովի։ Ձմեռը ծածկվում է ճերմակ ձյան շերտով, իսկ ահա գարնանը նոր շունչ ու թափ է հաղորդում իրեն, այս ժամանակ է, որ ձյան հալոցքից առաջացած գետերն ու բազմարահետ առվակները միաձուլվում են միմյանց, դառնում են հորդառատ մի գետ՝ Վաչագանը։  Այն ավելի վեհ տեսք է հաղորդում ինչպես Խուստուփ լեռանը, այնպես և զարդարում է չնաշխարհիկ Սյունյաց աշխարհը։ Ամռանն այնքան պարզորոշ է լինում, որ անգամ ալպյան մարգագետիններն են հեռվից, շատ հեռվից աչքի ընկնում, իսկ ահա աշնանը մառախլապատ է, բայց հիասքանչ է դառնում։

Այնքան նրբագեղ և միևնույն ժամանակ,         այնքան փառահեղ է Խուստուփ լեռը, այնքան գեղատեսիլ և այնչափ պանծալի, և ըստ իս, այս ամենը հայի ոգու ամբողջությունն է, խոնարհ ու վայելուչ հայուհիներից, հպարտ ու աներկյուղ քաջորդիներից և իհարկե, մեր քաջազուն Նժդեհի սրտից սերված, ով ոչ միայն իր կյանքը նվիրեց հայրենիքին, այլ նաև մահից հետո հավերժ մնաց իր իսկ արյամբ և ոգով պահված հողում, թաղվելով Խոստուփ լեռան լանջին։

Խուստուփը, իր հավերժական արծիվը և անկոտրում հայ ժողովուրդը` մեկ միասնության մեջ…

Լուսանկարները ՝ Սոնա Մելիք-Քարամյանի