Իմ բնակավայրը խորագրի արխիվներ

Վանաձոր

Ես ապրում եմ Վանաձորում: Վանաձորը մեծությամբ  3-րդ քաղաքն է հանրապետությունում: Ի տարբերություն միայն քսաներորդ դարում կառուցված քաղաքների, Վանաձորը հարյուրամյակներ առաջ է հիմնադրվել: Իմ քաղաքն ունեցել է մի քանի անուն` 13-րդ դարում  քաղաքը անվանել են Ղարաքիլիսա, որը նշանակում է Սև եկեղեցի, հետո 1935-ին վերանվանվել է Կիրովական, իսկ 1991-ից` Վանաձոր: Ոչ բոլորը  կարող են պարծենալ, որ իրենց քաղաքը և’ առողջարանային, և’ արդյունաբերական կենտրոն է: Իմ բնակավայրը չեմ կարող ասել, որ թերություններից զերծ մնացած քաղաք է, մանավանդ 1988-ի երկրաշարժից հետո Վանաձորը նույնպես դարձավ աղետի գոտի, և մինչև այսօր էլ կարող եք տեսնել երկրաշարժից հետո մնացած փլատակներ, բազմաթիվ տնակավաններ, որտեղ դեռևս շարունակում են ապրել աղետյալ ընտանիքներ: Ասացի` արդյունաբերական քաղաք, բայց երևի սովորույթի ուժով, քանի որ այսօր չեն աշխատում նաև գործարանները, ու նախկին բանվորներն ու ինժեներները կամ զբաղվում են մանր առևտրով, կամ վաղուց բռնել են արտագաղթի ճամփան: Մենք` վանաձորցիներս, չնայած այս ամենին, սիրում ենք մեր քաղաքը և կարծում ենք, որ ցանկացած մարդ այցելելով Վանաձոր, հեռանում է լավ տպավորություններով: Վանաձորը հարուստ է հնագիտական հուշարձաններով: Վանաձորում գործում է երկու բարձրագույն ուսումնական հաստատություն: Չնայած դրան, երիտասարդների մեծ մասը ձգտում է գնալ մայրաքաղաք սովորելու: Մեղմ կլիման և զովաշունչ բնությունը Վանաձորը դարձնում է բուժման և հանգստի համար ցանկալի վայր: Հատկապես ամառվա ամիսներին քաղաքը աշխուժանում է, երիտասարդանում, քանի որ Վանաձոր են վերադառնում ուսանողները, արտագաղթած վանաձորցիների երեխաները, ինչպես նաև բազմաթիվ հովեկներ, որոնք երեկոյան խումբ-խումբ զբոսնում են, զրուցում, ծիծաղում: Երանի միշտ այդպես լիներ:

Որտեղ ես ծնվել եմ

Իմ ծննդավայր, իմ բնակավայր, իմ հարազատ օրրան, իմ Ճամբարակ: Մի ամբողջ կյանք է կապված քեզ հետ, մի ամբողջ մանկություն, կյանքի 17 գարուն, որի ընթացքում դու ինձ հարազատ ու թանկ ես դարձել: Քո ամեն մի քարը, ամեն մի ծառը ծանոթ է ինձ: Ամեն մի անցած ճանապարհի հետ՝ գեղեցիկ հիշողություններ են այցի գալիս:
Գուցե առաջին հայացքից այստեղ արտասովոր ոչինչ չկա. ո՛չ բարձրահարկ շենքեր, ո՛չ կանաչապատ պուրակներ, բայց այստեղ անձեռակերտ բնությունն ինքնին կերտում է իր շքեղությունը:

Ճամբարակը թառած է լեռների գրկում: Ամուր պարիսպների նման այդ լեռները հավերժորեն ստանձնել են մեր փոքրիկ տարածքի պաշտպանությունը: Գողտրիկ դիրքում լինելով անգամ՝ նա էլ զգացել է թշնամու արկերի հարվածները, լսել ռումբերի պայթյունի ձայները, նրա սրտում էլ պահպանվել են թշնամու պատճառած վնասների սպիները: Միջին և դրանից բարձր տարիքի ճամբարակցիների հիշողության մեջ պահպանվել են դեպքեր, որոնք հիշելիս նրանք ցավ են ապրում, արցունքոտվում են ոմանց աչքերը, պատմում են ակնթարթներ այդ օրերից և ավելացնում. «Աստված տա, որ դուք էլ չզգաք այն, ինչ մենք ենք զգացել: Միայն թե դուք էլ պատերազմ չտեսնեք»:

Այո՛, հալածվել է նաև Ճամբարակը, սակայն ոչինչ չխախտեց նրա բնության ներդաշնակությունը, ոչինչ չկարողացավ ջնջել Ճամբարակ անունը այս լեռների գրկից: Այս լուռ կանգնած ժայռերը ականատեսն են մեր գյուղի պատմության, և նրանք էլ լրացնում են ճամբարակյան բնության «ստեղծագործության» յուրօրիանակությունը:

Այսօր էլ ճամբարակցին շարունակում է իր բնականոն կյանքը. աշխատում է, արարում, հնձում, ցանում, մշակում: Այսօր էլ նա հյուրընկալ է և սրտաբաց, պատրաստ օգնելու և հիշեցնելու, որ դեռ գոյատևում է այս փոքրիկ անկյունը:

Մաքրավան

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Մեր գյուղը համեստ գյուղ է: Այն շատ մեծ չէ: Նույնիսկ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում մի նկար կա, որտեղ Սարյանը պատկերել է Մաքրավանի համայնապատկերը: Գյուղը բաժանված է երկու մասի՝ նոր թաղամաս և Մաքրավան: Նոր թաղում մարդիկ մռայլ են, թեև ապրում են շքեղ տներում և ունեն ամեն ինչ՝ լավ ապրելու համար: Դա մեր գյուղի ամենալուռ թաղամասն է, որը ինձ դուր չի գալիս: Նույնիսկ այդ թաղամասում ապրող իմ ընկերն ասում է, որ իրեն դուր չի գալիս իրենց թաղամասը, քանի որ այնտեղ մարդ չկա, ում հետ ինքը կարող է խաղալ: Դրա համար նա ստիպված է լինում գալ, հասնել մեր թաղամաս, որտեղ աղմկոտ է և ուրախ: Թեև մարդիկ էլ ապրում են համեստ ու պարզ կյանքով:

Ջրափի

Գյուղը ինձ համար եղել ու մնում է գեղեցիկ ու հետաքրքիր մի նկար, որը լիովին տարբերվում է քաղաքային միապաղաղ ու հոգնեցնող կյանքից: Հիշում եմ, երբ փոքր էի, հաճախ այցելում էինք մեր մարզի Ջրափի գյուղը, որտեղ մեծ տուն ու հողամաս ունեինք: Ես միշտ անհոգ խաղում էի մեր այգում, թաքնվում մասրենու թփերի տակ, հաճախ ծաղիկներից փնջեր կապում ու խնդրում մեծերին, որ ծաղկեպսակներ պատրաստեն ինձ համար: Ու ինձ թվում էր, թե ինչպես իմ, այնպես էլ գյուղում ապրողների առօրյան շատ հետաքրքիր է, և նրանք շատ գոհ են կյանքից: Եվ իրոք… Ինձ թվում է, որ առաջ գյուղացին ուրախ էր, նրա համար կյանքը հեքիաթային էր թվում, չնայած՝ առավոտից մինչ իրիկուն կամ իր կենդանիների հետ էր, կամ էլ դաշտում՝ իր գործին: Երևի դա նրանից էր, որ, չնայած իր՝ դժվարություններով լի առօրյային, նրա դեմքին ժպիտ կար, նրա համար երջանկություն էր թվում հացահատիկի առատությունը: Շատ լավ եմ հիշում, որ երբ փոքր էի, գյուղացիները շատ էին սիրում մեզ, միշտ մեր տուն էին գալիս ու զրուցում մերոնց հետ:

Այս գունեղ ու հեքիաթային կյանքը ինձ համար ավարտվեց 2005 թվականին, երբ մենք վերջնականապես քաղաք տեղափոխվեցինք, ու ես այլևս չկարողացա իմ սիրելի գյուղ գնալ: Չգիտես ինչու, մերոնք եղբորս հաճախակի էին տանում, իսկ ինձ՝ ոչ: Այսպես, ես մինչև վերջերս էլ կարոտով էի հիշում իմ անցկացրած լավագույն պահերը ու չէի էլ ուզում մտածել, որ իմ գյուղը կարող է փոխվել, որ այն դասարանը, որտեղ ես որոշ ժամանակ սովորել եմ, կարող է առաջվանը չլինել…

Մոտ երկու շաբաթ առաջ մերոնք վերջապես ինձ էլ գյուղ տարան: Երբ հասանք, արդեն երեկո էր, ու ես ենթադրում էի, որ ինչպես նախկինում, հիմա նույնպես գյուղի երեկոն անզուգական է լինելու: Բայց ես սխալվեցի: Կայարանից մինչև մեր տուն երկար ու քարքարոտ ճանապարհ էր, որի նախկին տեսքից ոչինչ չէր էլ մնացել: Մինչ տուն  հասնելը միայն մի երեխայի հանդիպեցինք, ով, ի սարսափ ինձ, առանց վախի խաղում էր մի հսկա շան հետ այնպես, ասես գրկել ու շոյում էր իր փափուկ խաղալիքը: Ինձ համար շատ տարօրինակ էր այն ամենը, ինչը տեսնում էի ես այդ պահին: Նախկին կահավորված ու գործող բուժկետից մնացել էին միայն չորս պատերը՝ առանց տանիքի, պատուհանների ու սանդուղքների…

Իմ այն հարցին, թե ինչու են քանդել բուժկետը, տատս ասաց.

-Է՜, բալես, ո՞վ գիտի…

Ու ես սկսեցի մտածել, որ նույն վիճակում է նաև դպրոցը, բայց հետո իմացա, որ այն դեռևս գործում է, բայց, ինչպես գյուղացիներն ասացին. «Դասարանների կեսը մեռած է, էն կեսի բերանումն էլ ըսկի շունչ չկա…»:

Առաջվանից գրեթե ոչինչ չէր մնացել. նախկին աշխույժ գյուղը գրեթե ամայի էր դարձել, իրար հարևան չորս տներից երեքը անբնակ էին, այնինչ առաջ այստեղ մեծ ու ավանդական ընտանիքներ էին ապրում, բուժկետը չէր գործում, դպրոցի երեխաների թիվը վաթսունը չէր գերազանցում, մարդիկ էլ տխուր էին ու հիասթափված…

Միակ բանը, որ ուրախացրեց ինձ ու հույս տվեց, այն էր, որ նախկին փլված եկեղեցին այսօր նորոգված էր ու դարձել էր գյուղի երիտասարդների միակ տեսարժան վայրը, ուր կարելի էր գնալ շաբաթ-կիրակի օրերին:

Հիմա, երբ այլևս այնտեղ չեմ ապրում, մտածում եմ. տեսնես կգա՞ մի ժամանակ, որ Ջրափին կամաց-կամաց նորից դառնա այն գյուղը, որտեղ մարդիկ երջանիկ էին իրենց պարզ ու հասարակ կյանքով:

Ես ապրում եմ Միկրոյում

Իմ թաղամասը շատ փոքր է, հենց այդ պատճառով ստացել է Միկրոշրջան անունը: Միկրոն Հրազդանի թաղամասերից է: Այն բոլոր մյուս թաղամասերի նման գեղեցիկ չէ. ոչ ասֆալտապատված է, ոչ ունի գեղեցիկ այգի, ոչ զբոսանքի վայր, ոչ խաղահրապարակ: Բայց իմ կարծիքով, մարդիկ, որոնք ապրում են այստեղ, հիանալի մարդիկ են: Օրինակ, մեր հարևաններից մեկը, ում անունը Ժորա է (մենք նրան Ժորիկ ենք ասում), սուրճը խմում է աղով: Նա միշտ մեր մյուս հարևանի դուռը թակում է ազդանշանով, և այդ ազդանշանը միշտ ինձ խորհրդավոր է թվացել: Մի մարդ էլ կա, ով միշտ անցնում է բոլոր շենքերի բնակարաններով և գումար կամ հաց է ուզում, վերջում էլ  օրհնում է և հեռանում: Նա ճանապարհին բոլորին բարևում է: Մարդիկ նրան խենթ են համարում, բայց ինձ համար նա հրաշալի անձնավորություն է:

Թեկուզ իմ թաղամասը այնքան էլ գեղեցիկ չէ, բայց լավն է: Միկրոյում առաջ շատ բնակիչներ են եղել, այժմ՝ ոչ: Արտագաղթի պատճառով է երևի: Իսկ արտագաղթի պատճառն էլ աշխատատեղերի փակումն էր: Առաջ կային մի քանի գործարաններ, օրինակ, ցեմենտի գործարանը, «Միկա», «Շուշան» ռադիոսարքավորումների գործարանները, որտեղ աշխատանքի էր անցել մեր բնակչության մեծ մասը: Այդ գործարանները փակվեցին, և մարդիկ ստիպված եղան արտագաղթել ու աշխատանք գտնել այլ տեղերում: 

Հանուն ջրամբարի և առանց նրա

Ախուրյանի ջրամբարը կառուցվել է 1975 թվին: Ջրամբարի շինարարության հետ զուգահեռ շատ գյուղեր տեղահանվել են և կառուցվել նոր ավաններ, քանի որ կմնային ջրամբարի տակ: Այդ գյուղերի թվին են պատկանում Վերին, Ներքին Ջրափիները, Իսահակյանը, Շիրակավանը, Երազգավորսը եւ Նորաբերդ գյուղը, որը հիմա չկա: Ջրամբարի կառուցման նպատակն է եղել ոռոգել Թալինի և Արմավիրի 40 հզ. հա հողատարածք: Սակայն ի՞նչ եղան մարդիկ, որոնք ապրում էին ջրամբարի կառուցման պատճառով տեղահանված գյուղերում:

Վերին և Ներքին Ջրափիները միավորեցին, և կառուցվեց Ջրափի գյուղը: Սկզբում գյուղ էլ չէր, այլ ջրամբարի շինարարությանը մասնակցող աշխատավորներին կացարանով ապահովելու ավան: Հետո շինարարները հեռացան,
և գյուղում շարունակեցին ապրել գյուղացիները: Եթե հանդիպեք ջրափցիների, շատ պատմություններ կլսեք տեղահանման, հին գյուղի սովորությունների մասին: Հանուն ոռոգման ջրի տեղահանվածները, թեև ապրում են ջրամբարի հարևանությամբ, սակայն ոռոգման ջուր այդպես էլ չունեցան: Ինչպես տեղումների հույսին էին եղել իրենց պապերը, այնպես էլ իրենք են այսօր անձրևի հույսին: Վաղուց չորացել են մրգատու այգիները, որոնք սկզբում ոռոգվում էին ջրամբարի ջրերով: Երաշտը ոչնչացրել է գրեթե ողջ տնտեսությունը: Մարդիկ հեռանում են գյուղից:

Երբ գյուղ մտնեք, կտեսնեք մի հին եկեղեցի: Ահա այն ամենը, ինչ մնացել է հին գյուղից: Եկեղեցին նույնպես մնալու էր ջրի տակ, սակայն որոշվեց համարակալել քարերը և տեղափոխել եկեղեցին:

Շուտով գարուն է, ջրափցիները դարձյալ երկնքին են նայում. Աստված կոռոգի՞ իրենց արտերը:

25 տարի առաջ

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Ես և իմ սերնդակիցները չենք տեսել 1988-ի ահավոր ու աղետաբեր երկրաշարժը: Սակայն Գյումրիում դեռ շատ կան երկրաշարժից ավերված շենքերի փլատակներ, որոնք ամեն օր հիշեցնում են մեզ 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին: Բացի այդ, այնքան շատ են պատմել, որ թվում է, թե ես եղել եմ ականատես: Տատիկս համարյա ամեն օր հիշում է դեկտեմբերի 7-ը: Բայց ավելի տխուր են այն հիշողությունները, որոնք կապված են աղետից հետո փլատակված քաղաքում ապրելու հետ: Մի դեպք տատիկիս մեջ շատ է տպավորվել: «Երկրաշարժից այնքան էինք վախեցած, որ մի փոքրիկ առիթ էր պետք նորից սարսափի մեջ ընկնելու: 1989 թվականի հունվարի 25-ից մեր դպրոցը սկսեց գործել վրանների մեջ,- պատմում է տատիկս, որը թե այն տարիներին, թե հիմա դասվար է աշխատում դպրոցում,- Գրատախտակը հարմարեցրել էին վրանում: Գարուն էր, սկսվել էին ուժեղ քամիները, բոլորը խոսում էին, որ իբր նորից ավելի ուժեղ երկրաշարժ է լինելու…

Աշակերտներին հանձնարարություն տալուց հետո նստեցի դասամատյանը լրացնելու: Ու հանկարծ լսեցի երեխաների ոտնաձայներ՝ թփթփոցներ: Ինձ թվում էր, թե ես արդեն գետնի տակ եմ, երեխաներն էլ են ընկնում անդունդը: Այդ պահին մի փոքրիկ աղջիկ՝ Սյուզաննան, գոռաց.

-Ո՞ւր եք վազում, ընկեր Անանյանը մնաց գրատախտակի տակ:

Ես բացեցի աչքերս, հասկանալով, որ գրատախտակն է պոկվել ու ընկել ինձ վրա:

Ինձ թվում է, բոլորին հասկանալի կլինի երկրաշարժի թողած ազդեցությունը մարդու վրա: Անցել է արդեն 25 տարի, չեմ մոռանում այդ աղետալի օրն ու ժամը: Ուզում եմ , որ ոչ մի սերունդ չտեսնի աղետ, ոչ մի մարդ վախեցած չապրի իր կյանքը»:

Մեղրաձորի ոսկու հանքը

Մեղրաձոր գյուղում, Փամբակի լեռնաշղթայում, վաղուց ի վեր հայտնաբերվել են ոսկու հարուստ պաշարներ: Դեռևս 19-րդ դարից կառուցվել և շահագործման է հանձնվել ոսկու փակ հանք: Մինչև այսօր այն որոշ խափանումներով աշխատում է և մեծ քանակությամբ ոսկի ապահովում ողջ Հայաստանին: Այն իր չափերով և ծավալած գործունեությամբ գերազանցում է Սոթքի ոսկու հանքին:

Չնայած հանքավայրը գյուղի բնակչության հիմնական մասի համար ապրուստի միջոց է, բայց այնուամենայնիվ, շատ վտանգավոր աշխատանք է: Հանքահորերը գտնվում են ոչ այնքան լավ պայմաններում, և շատ հաճախ հնարավոր չի լինում խուսափել փլուզումներից ու ցավալի պատահարներից: Դրանցից երկուսը ինքս եմ մտաբերում՝ 2008 և 2013 թվականներին: Բացի փլուզումներից, էլի շատ վտանգներով է լի հանքափորի աշխատանքը: Հանքերում արտանետվում են թունավոր, կյանքի համար վտանգավոր նյութեր: Դրանք վնասաբեր են ոչ միայն հանքում աշխատողների կյանքի համար, այլև ողջ գյուղի բնակչության, և նպաստում են շրջակա միջավայրի աղտոտմանը:

Դուրս բերված ոսկու հանքաքարը գնացքներով տեղափոխվում է Արարատ, ենթարկվում քիմիական և մեխանիկական մշակման և կորզվում ոսկին:

2012 թվականի դեկտեմբերից գյուղում սկսեցին լուրեր շրջանառվել, որ ցանկանում են ոսկու հանքին կից ոսկու կորզման գործարան բացել: Մեր գյուղի անդորրը խախտվեց: Ամենուրեք, անկախ տարիքից և սեռից, խոսում էին այդ մասին, անգամ երբեմն վեճեր էին ծագում դրա շուրջ: Գյուղի բնակչությունը բաժանվել էր երկու մասի՝ մի մասը կողմ էր գործարանի բացմանը, մյուս մասը, ընդհակառակը, կտրականապես դեմ էր դրան: Ավելի ուշ խոսակցությունները փոխվեցին գործնական քայլերի: Նախ, դեմ արտահայտվողները հանրահավաք կազմակերպեցին գյուղպետարանի դիմաց, իրենց բողոքի մասին տեղեկացրին գյուղապետին և ավագանուն: Նշեմ, որ դեմ արտահայտվողները դեմ էին գործարանի աշխատելուն, քանի որ, ըստ նրանց, գործարանն աշխատելիս կարտանետեր ցիանաթթու, ինչը շատ վտանգավոր է շրջապատի համար: Մյուս կողմը չէր ժխտում ցիանաթթվի արտանետման հանգամանքը, բայց և պնդում էր, որ այդ քանակությամբ վտանգավոր չէ:

Ի վերջո, վեճերը թեժացան: Շուտով գյուղ եկան բնապահպաններ, քիմիկոսներ, գիտնականներ, ովքեր ևս տարբեր կարծիքներ ունեին: Անց էին կացվում բուռն քննարկումներ, ուսումնասիրություններ: Ողջ համացանցը հեղեղված էր այդ լուրերով, «Մեղրոձոր-գոլդ» ՓԲԸ-ի տնօրենը ևս լուրջ քննարկումների մեջ էր: Շուտով վիճակն էլ ավելի թեժացավ, և հարցը հասավ ՀՀ նախագահին:

Ամեն դեպքում, գործարանի բացումը գյուղին  աշխատատեղեր կապահովեր, գյուղի սոցիալական դրությունը կբարելավվեր:

Այնուամենայնիվ, այս պատմությունը չի հանգել իր վերջնակետին: 

Նոր կյանք Գոմարանում

Լուսանկարը՝ Ալեն Ղազարյանի

Լուսանկարը՝ Ալեն Ղազարյանի

Սումգայթի ջարդերից անմիջապես հետո 1988 թվականին սկսվեց Բաքվի ցեղասպանությունը։ Այդ նույն թվականին զոհվեցին և բռնությունների ենթարկվեցին մի շարք հայ ընտանիքներ։ 1988 թվականի դեկտեմբերին ծանր իրավիճակ սկսվեց։ Շատ ընտանիքներ կարողացան հեռանալ Բաքվից, և ազատվել անգութ թշնամու ճանկերից։ Բաքվից հեռանալուց հետո տասնութ ընտանիք հանգրվան գտան Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի փոքրիկ գյուղում՝ Գոմարանում։ Այդ գյուղը գտնվում է Հայաստանի տարածաշրջանում, սակայն, համարվում էր ադրբեջանական գյուղ։ Գոմարանցիները սկսեցին զբաղվել անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, որոնք էլ դարձան նրանց գոյատևելու միջոցները։ Նրանք սկսեցին համակերպվել նոր միջավայրին, յուրաքանչյուրը զբաղվում էր իր գործերով։ Գործերը ավարտելուց հետո բոլորը հավաքվում էին գյուղի կենտրոնում և սկսում զրուցել կորցրած անհոգ կյանքի մասին։ Այդ զրույցների ժամանակ պարզ էր դառնում, որ ընտանիքների բոլոր անդամները աշխատում էին գործարաններում։ Նոր շրջապատ ներխուժեց սերը, այդ սիրուն հաջորդեցին ամուսնությունները ու նոր ընտանիքների կազմավորումները։ Այդ երջանիկ ընտանիքներից մեկն էլ կազմեցին իմ հայրն ու մայրը։ Գյուղը դարձավ մի ընտանիք, որտեղ միասին էին  նշում ուրախության բերկրանքը ու ապրում կորստի ցավը։

Ես ծնվել եմ Գոմարանում, բռնագաղթի մասին միայն մեր համագյուղացիների պատմածներով գիտեմ: Երևի մի անգամ արդեն տեղահանություն ապրած իմ համագյուղացիները կուզենային մնալ գյուղում, հիմնավորվել… Սակայն ցավոք, շատերը աշխատատեղերի բացակայության պատճառով նորից են արտագաղթում, և գյուղը նորից դատարկվում է:

Տանձավեր

Տանձավեր գյուղը Սյունիքի մարզի գյուղերից է: Տանձավեր գյուղի մասին կան շատ պատմություններ: Այնտեղ պահպանվել է երեք եկեղեցի: Կա Տանձավեր կոչվող դաշտ, որն էլ հենց պատճառ է դարձել գյուղի անվանման համար: Գյուղը դեռ հին ժամանակներից դարձել է հարձակման կենտրոն, որի պատճառով էլ մարդիկ կամաց-կամաց լքեցին գյուղը: Գյուղի վերաբնակեցման գործընթացը դարձյալ սկսվեց 1960-ական թվականներից: Գյուղ եկել են Շրվենանցից և Լեռնաձորից շուրջ տասնվեց ընտանիք: Գյուղն իսկապես ծաղկում ապրեց մինչև իննսունականները: Տանձավերը հիմա դարձյալ գտնվում է շատ վատ վիճակում: Գյուղում գրեթե չկան երիտասարդ ընտանիքներ, չկան աշխատատեղեր: Տանձավերում կարող են զբաղվել միայն անասնապահությամբ և հողագործությամբ: Իսկ այսօր միայն դրանցով ընտանիք պահել չի լինի: Գնալ մոտակա ավանները կամ քաղաքները աշխատելու, կարող էր շատերին գյուղում պահել, սակայն այնքան անմխիթար են ճանապարհները, որ Կապան հասնելու համար համարյա երկու ժամ պետք է գնաս: Ժամանակին գյուղում ապրում էր մոտ 200 ընտանիք, իսկ այսօր…

Մեր գյուղում պահպանված է 1705 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որի տանիքը ուժգին քամին պոկել է. ու հիմա չկա մի բարերար, որ կառուցի եկեղեցու տանիքը: