Իմ գրադարակը խորագրի արխիվներ

karine nahapetyan

Տվեք ինձ գրքեր` թռչելու թևեր

Գիրքը մարդու համար ինքնազարգացման, ինքնաձևավորման, ինքնահաստատման լավագույն միջոցն է, բայց իհարկե, լավ գիրքը: Կարծում եմ, որ մարդը մի փոքր «գող» պետք է լինի և իր յուրաքանչյուր կարդացած գրքից որսա իրենը և դարձնի կյանքի բանաձև:

Իսկ ի՞նչ գրքեր եմ կարդում ես: Նախ ասեմ, որ ուղղակի և անուղղակի ձևով կառչած եմ հայ գրականությանը: Հիմա կարդում եմ Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը»: Վերջերս եմ մտել Չարենցի աշխարհը և աներես հյուրի նման չեմ ուզում դեռևս դուրս գալ: Զարմանում եմ, երբ մարդիկ մերը թողնելով, ընկնում են օտարների հետևից, երբեմն փնովում են մերը, ընդ որում` չուսումնասիրելով :

Անդրադառնանք գրքին: Նախ ասեմ ` Չարենցը հանճար է: Ես առաջ շատ էի անտեղի շռայլում «հանճար» բառը, հիմա օգտագործում եմ տեղին: Գրքում, կարելի է ասել, որ պատկերված է Չարենցի կյանքից մի դրվագ` խենթություններով և բազում սիրահարվածություններով լի, իսկ կենտրոնում մեծ սերը` իր կինը` Արփենիկը:

Առաջ կարդում էի այն,  ինչ ընկնում էր ձեռքիս տակ: Հետո սկսեցի զանազանել անարժեքն ու արժեքավորը: Ասեմ, որ ինչ կարդում եմ, ոչ միշտ է, որ «հալած յուղի» նման ընդունում եմ, և ըստ իս,  սխալ է ամեն բան ընդունել այնպես, ինչպես որ գրված է: Այսպես վարվելով կարծես դառնում ես ինչ-որ մեկի ստրուկը և անցնում նրա ենթակայության տակ:

Իմ կարդացածներից շատ եմ հավանել Վարդգես Պատրոսյանի «Կրակե շապիկը»: Այստեղի հերոսները ամեն մեկը յուրովի է կերտված: Գրքում կար մի  այնպիսի հերոս, որ չբացահայտվեց իմ կողմից և կարծում եմ, որ լավ գրքի գրավականը հենց սա է, երբ ինչ-որ բան առեղծված է մնում, և հերոսի կամ որևէ երևույթի բացահայտումը մնում է կարդացողի հայեցողությանը: Այսպիսով մենք էլ ենք դառնում գրքի հերոսներ և որոշ ժամանակ ապրում նրանց հետ, զբոսնում, զրուցում, վիճում, գովաբանում, հիասթափվում, երազում… Եվ վերջիվերջո` լքում:

Լքում ենք , սակայն երբեք չենք մոռանում…
Կան հեղինակներ, որոնք դարձել են «գրասեղանային», միշտ մեր ձեռքին են: Նրանցից են ինձ համար Վահագն Դավթյանը, Չարենցը,  Ակսել Բակունցը, Համո Սահյանը, Վարդգես Պետրոսյանը և այլն:

Գիրք կարդալիս մատիտս միշտ ձեռքիս է, որ ինձ դուր եկած մտքերը արտագրեմ տետրիս մեջ, բայց շատ ժամանակ ծուլությունս ինձ հաղթում է, և դրանք այդպես էլ մնում են:

Ժամանակակից գրականությունը այդքան էլ չեմ հավանում, որովհետև հիմքը կենցաղն է, ոգին բացակայում է: Համ էլ` ժամանակակից աշխարհը, կարծում եմ, որ իր բացասական և դրական կողմերով բոլորիս հայտնի է, և այդքան էլ հետաքրքիր չէ իմացածդ և տեսածդ կարդալ` հազար հատ բառարան քրքրելով:

mushegh kyurekhyan

Ազնավուրը Ազնավուրի մասին կամ մեծությունը գրքի էջերում

Վերջերս կարդացի Վահեի «Փոթթերիանա»-ն, և այն ինձ տարավ դեպի Հոգվարդս. մտովի բարձրացա անվերջ շարժվող աստիճաններով, մտա գաղտնի սենյակ և նույնիսկ հասա տնօրենի սենյակ ու նստեցի Դամբլդորի աթոռին: Դրեցի գլխարկը, որը երեխաներին բաժանում էր, այսպես ասած, ֆակուլտետների: Քանի որ գիտեի, եթե ցանկանայի, ապա կհայտնվեի Գրիֆինդորում (չէ որ գլխարկը լսում է ցանկությունը) և հայտնվեցի:

«Մարդը կազմված է այն գրքերից, որոնք կարդացել է»: Հեղինակը`Ռալֆ Էմերսոնը, դիպուկ է ասել, քանի որ  յուրաքանչյուրի ապրած ամեն մի օր դառնում է իր իսկ կենսագրական «գրքի» մի էջը, իսկ այդ գիրքը գնում է դեպի մարդկության պատմության գրադարան:

«…Եվ այսպես, 1924թ. մայիսի 22-ին Փարիզի ծննդատներից մեկի մանկաբարձուհին, չտիրապետելով օտար լեզուների հնչյունաբանությանը, իր վրա է վերցնում որոշելու Քնար և Միշա Ազնավուրյանների միակ մանչ ներկայացուցչի անունը»:
Այսպես է սկսվում իմ առաջին կարդացած ծավալուն գիրքը: Երևի արդեն ծնողների ազգանունից հասկացաք`խոսելու եմ աշխարհահռչակ շանսոնյեի` Շահնուր Վաղինակ Ազնավուրյանի մասին: Նրան բոլորը ճանաչում են որպես Շառլ Ազնավուր: Ամբողջ աշխարհն է ճանաչում շանսոնյեին, բայց քչերը գիտեն նրա կյանքի պատմությունը: Փոքր ժամանակ, երբ մայրը սենյակից դուրս է եկել, քույրը` Աիդան, նրան հագուստի կոճակներ է տվել, որ ուտի, և շաբաթվա մեջ մի քանի անգամ ստիպված են եղել բժիշկ կանչել: Քչերը գիտեն, որ նրանք ունեցել են փոքրիկ ռեստորան (ի դեպ, եթե մտածում եք կարդալ գիրքը, ապա ուշադիր կլինեք այդ մասում. այդտեղ պատմում է պատառաքաղների մասին, այնքան  հետաքրքիր է):
Ամբողջ գրքից իմ մեջ տպավորվել է մի հատված, դա խնջույքների և թաղումների ժամանակ մեծերի խմելու արարողակարգն է: Ինչու եմ ասում արարողակարգ, քանի որ դա մի առանձին գործողություն էր: Խնջույքների և թաղումների ժամանակ կար մի հատուկ մաս, երբ բոլոր տղամարդիկ կանգնում էին և օղու բաժակը պահում էին բերանի դիմաց, իսկ արմունկը պետք է լիներ ուղիղ: Ոչ ոք իրավունք չուներ իջեցնելու արմունկը, նրանք պետք է այդպես կանգնեին 3-ից 10-ը րոպե, իսկ դեպքեր են եղել, նույնիսկ 20 րոպե կամ կես ժամ: Իսկ զավեշտալին այն էր, որ երբ խմում-վերջացնում էին բոլոր ներկաների և նրանց մահացած բարեկամների կենացները առանձին-առանձին, անցնում էին գազի, հոսանքի,  ջրի և նույնիսկ շիրիդ կամ պարանի կենացներին (պարանի կենացը մեր օրերում անվանում են օջախի կենաց և խմում ամենավերջում):
Գրքում լինում են, երբ հեղինակը տվյալ մասին համահունչ արձակ կամ չափածու որևէ բան է գրում, (այս մասը, օրինակ, իր անպատասխան սիրո մասին է):

Կյանքի շեմին բացվող կանաչ տարիների,
Տարիներից, որոնք ապրում են
Ու շնչում են մեղմ կրակով խոհերիս շղթայում…

Կամ`
 Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝  ես ինձ դուր եմ գալիս:

Գրքի մեջ շատ կան այսպիսի հատվածներ, դրանք վերջում կգրեմ:

Կարդալով աշխարհահռչակ հայի կյանքը, հասկանում ես, որ հայի ճանապարհը միշտ լեցուն  է դժվարություններով, իսկ եթե հայը իր առջև դնում է նպատակ, ապա միշտ հասնում է դրան: Ի դեպ, մոռացա նշեմ`  ամեն ինչի միանգամից չեն հասնում, պետք է կամաց-կամաց առաջ գնալ: Փոքր քայլերով երկար կգնաս, իսկ եթե մեծ քայլերով գնաս, դժվար թե  հասնես ցանկալի արդյունքի: Հասնելուց էլ չես կարող հիշել որևէ դեպք, երբ պայքարել ես, ջանք ես գործադրել, ու համոզված եմ, կյանքդ անցել է անհետաքրքիր: Բերեմ հենց Շառլ Ազնավուրի օրինակը. նա սկզբում երգել է կաբարեներում, փոքրիկ ռեստորաններում, ապա նրան տեսնելով ընդգրկել են շրջագայությունների մեջ, իսկ հետո ինքն է իր սեփական շրջագայություններն ունեցել:

Կարդացեք անպայման նրա կյանքը, այն շատ հետաքրքիր է և, միևնույն ժամանակ, երբ դուք կարդաք գիրքը, ձեր տան մյուս անդամները կարող են համակարգչով զբաղվել, ոչ թե ամբողջ օրը մեկը նստած լինի, ինչպես մեր տանն է:

 

Ահա գրքի միջից առանձնացված հատվածներից մի քանիսը `

  • Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն:  Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ:
  • Հայը սիրում է լավ սեղանն ու լավ գինին: Այո՜, գինին, որն ազգային խմիչք է, հայը նույնքան է սիրում, որքան ֆրանսիացին: Տոնը առանց ճոխ սեղանի, առանց գինու, առանց երգի, տոն չէ հայի համար:
  •  Ամեն անգամ, երբ մեկն ուզում է մեկ ուրիշին ավելի շատ աշխատեցնել, առանց նրա ռոճիկը բարձրացնելու, շողոքորթում է նրան, խնկարկում ու ասում, որ վստահում է:  
  •  Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: 
  • Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում:  Իսկ եթե չէ,  բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:
  • Պետք է ասել, որ խմիչքը չէ, որ խոսեցնում է հային, այլ խոսքն է խմեցնում նրան:

Փոթթերիանա

Ես չէի կարող անտարբեր մնալ 17.am-ի նոր խորագրի՝ «Իմ գրադարակի»-ի հանդեպ, որովհետև ինքս էլ շատ եմ սիրում կարդալ: Կարդում եմ ամեն ինչ, սկսած «Կոկա-Կոլա»-ի շշի վրա գրված բաղադրությունից մինչև դպրոցում՝ սեղանների վրա փորագրված «բլոգները»: Բայց միշտ էլ առանձին թուլություն եմ ունեցել արկածային ու ֆանտաստիկ ժանրի գրականության հանդեպ:

Ամեն ինչ սկսեց նրանից, որ մեր տան գրապահարաններից մեկի երրորդ հարկում գտա Ժ. Վեռնի «Խորհրդավոր կղզին» գրքի «խորհրդավոր» կազմ ունեցող սովետական հրատարակությունը: Ես միանգամից կլանվեցի գրքով, և դեռ 72 ժամ էլ չէր անցել, գիրքը` իր ամբողջ աշխարհով, արդեն ուղեղիս սեփականությունն էր: Հետագայում ես այն երևի ևս մի 20 անգամ վերընթերցեցի, ու Վեռնի գիրքը դարձավ իմ «սեղանի գիրքը»: Իսկ հետո ձմեռվա մի ցուրտ օր, երբ ուզում ես փաթաթվել վերմակի մեջ ու գիրք կարդալ, նույն «հրաշք» 3-րդ հարկում գտա գիտական ֆանտաստիկա ժանրի «Ուխտագնացություն դեպի երկիր» ժողովածուն: Ու այն ինձ ծանոթացրեց Ազիմովի, Շեքլիի, Սայմակի ու Յանգի աշխարհների հետ: Ու նրանց պատմվածքները կերակրեցին իմ «հիվանդոտ» երևակայությունը մի քանի շաբաթով: Բայց փոխանակ «հագենալու», ես ավելի «ծարավեցի»: Էսպես ես հասցրի յուրացնել մեր տան ամբողջ գրականությունը: Մեր «ժլատ»  գրադարանից «պոկեցի» մի քանի գիրք ու արագ «մարսեցի»:

Բայց այնուամենայնիվ, գրքերի բացակայության պատճառով ես «արկածների քաղցից մեռնում էի»: Ու ահա եկավ այն «գեղեցիկ օրը», որ իմ ռուսերենի գիտելիքները ինձ թույլ տվեցին ազատորեն կարդալ ռուսերեն լեզվով: Ու իմ դեմ բացվեցին գրականության դռները նոր լույսի ներքո: Հիմա ես կարող էի կարդալ ամեն ինչ, քանի որ համաշխարհային գրականության մեծ մասը ռուսերեն լեզվով հասանելի է էլեկտրոնային գրականության հարթակում: Ես առանց երկար-բարակ մտածելու իրար հետևից «տապալեցի» Սըր Կոնան Դոյլի Հոլմսի մասին պատմող ամբողջ գրականությունը: Նրան հետևեց Ագաթա Քրիստիի դետեկտիվ Պուարոյի ամբողջ «կենսագրությունը»: Թոլկինի մի քանի հազար էջանոց «Մատանիների տիրակալը» մի որոշ ժամանակ հագեցրեց ինձ: Ու ահա օրերից մի օր ես հասկացա… Հասկացա, որ չեմ կարդացել ժանրի «գոհարը»:
Ահա Հարրի Փոթթերի մասին պատմող վիպաշարը իմ էլեկտրոնային գրադարակում է: Ռոուլինգի անմահ սագան ուղղակի գրականության գլուխգործոցներից է: Ու չփորձեք ինձ ասել, թե «Փոթթերիանան» ընդամենը հիմար հեքիաթ է: Ես կրկնում եմ. այն համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Նրա ֆանտաստիկ ու անիրական աշխարհում շատ երևույթներ ավելի լավ են ներկայացված, քան ռեալիզմի ոճին հարող գրքերում: Համենայն դեպս, ինձ չեք կարող համոզել, որ այն «դատարկաբանություն» է:
Ես փոքր հասակից սիրահարվել էի Ռոուլինգի կերպարներին՝ սրտացավ և ուղղակի «խելքի ծով» Հերմիոնային, տարօրինակ ու միևնույն ժամանակ, հարազատ թվացող Ուիզլիների ընտանիքին, իր չափերին համապատասխան բարությամբ օժտված Հագրիդին, իմաստուն ու գաղտնիքներով պատված Դամբլդոր եղբայրներին, անձնազոհ ու խիզախ Սիրիուս Բլեքին, ինձ համար «իդեալական» ուսուչցի կերպար դարձած Մակգոնագլին, Լյուպինին, Գրյումին ու Ֆլիտվիկին, Սնեյփին` իր հանճարեղ էությամբ ու սառը հայացքով, Հարրին՝ ով օժտված էր անսահման խղճով… Ես կարող եմ հերթով թվարկել գրքում ներկայացված հարյուրավոր կերպարներից յուրաքանչյուրին: Նրանցից ամեն մեկը յուրօրինակ, հետաքրքիր ու ձգող է:
Դե, ինձ թվում է չկա մեկը, ով տեսած չլինի վիպաշարի բավականին դիտարժան էկրանիզացիան: Մենք բոլորս էլ հետևել ենք Ռոնի, Հարրիի, Հերմիոնայի, Նևիլի, Դրակոյի, Ջինիի, Լունայի արկածներին այն 7 տարիների ընթացքում, ինչ նրանք սովորել են Հոգվարդսում: Բայց սա այն դեպքերից է, երբ գիրքը ֆիլմից մի քանի անգամ լավն է:
Ես ագահորեն վերադիտում էի ֆիլմերը, վերընթերցում գրքերը: Կարդում էի Փոթթերի մասին Ռոուլինգի կողմից գրված ամբողջ գրականությունը: «Upgrade» էի անում Փոթթերի մասին ամբողջ ինֆորմացիան` ամեն օր ժամերով անցկացնելով համակարգչի առաջ: Ու մի օր ես հասկացա, որ դարձել եմ «Potterhead» կամ եթե ուզում եք` «Փոթթերի հողի վրա» գժվել էի:
Դե, գրքի գաղափարախոսությանը ամեն մեկը կարող է յուրովի մոտենալ: Բայց գրքի «միջուկը» իսկական նվիրված ընկերության գաղափարն է: Հարրին վերջում հաղթեց ու սպանեց իր հակառակորդին: Բայց իմ կարծիքով գրքի իմաստը այն չէ, որ ցույց տա բարու հաղթանակը չարի նկատմամբ: Հակառակը, Վոլդոմորտին սպանելու մասին խոսք անգամ չէր գնում մինչև վիպաշարի վերջին մասերը: Հարրին ընդամենը ուզում էր ապրել…
Նրա և իր ընկերների կերպարները գրքում ներկայացված են լիարժեք մարդկայն կերպարների նման՝ իրենց լավ ու վատ կողմերով: Գրքում երբեք չի շեշտվել, որ նրանք ինչ-որ մի բանով տարբերվում են ուրիշ կախարդներից: Հարրին ուղղակի պատահականորեն ծնվել էր այն օրը, որը որ պետք չէր: Իսկ Ռոնը ու Հերմիոնան ընդհանրապես իդեալական կերպարներ չեն, մանավանդ Ռոնը: Բայց նրանք ունեին այն, ինչ չուներ նրանց հակառակորդը՝ իսկական ընկերներ ու սեր:
Վիպաշարում տեղ են գտել նաև ուրիշ հիասքանչ կերպարներ, որոնցից ինձ համար ամենասիրելին Սևերուս Սնեյփի միաժամանակ վանող ու հետաքրքիր կերպարն է: Նրա միշտ սառը հայացքի տակ թաքնված են միայն մաքուր սերն ու անվերապահ հավատարմությունը:
Հա, մի բան էլ ասեմ: Վիպաշարը կազմված է 7 գրքից: Ու եթե այն ինձ համար հավասար է Դանթեի «Աստվածային կատակերգությանը», ապա գրքի երրորդ մասը՝ «Հարրի Փոթթերն ու Ազկաբանի բանտարկյալը», հավասարեցնում եմ «Կատակերգության» «Դժոխք» գլխի հետ: Այն ուղղակի հրաշք է: Քանի որ առանց այն էլ շատ «սփոյլերներ» արեցի, ուղղակի կասեմ , որ կարդալով «Փոթթերիանան», դուք երբեք չեք փոշմանի:
Էլ ինչ ասեմ: Շնորհակալ եմ Ջ. Կ. Ռոուլինգին իմ «անհագ» երևակայությունը «հագեցնելու» համար:

Հ. Գ. Փոթթերի շնորհիվ ես նոր ընկերներ ունեցա, որոնց շա՜տ եմ սիրում:
Հոգվարդսցիներ, Սիրում եմ ձեզ շա՜տ… 

«Ալքիմիկոսը»

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Ասում են, որ մարդիկ ձևավորվում են իրենց իսկ կարդացած գրքերով, և պետք է հարյուր գիրք կարդաս, որ ընտրես լավագույն տասը:

Այս գիրքն այն հազվագյուտներից է, որը կարդալիս կարողանում ես ճանաչել ինքդ քեզ, և կյանքի համար կարևոր խորհուրդներ վերցնել: Ինձ ասում էին, որ ես չեմ հասկանա, բայց կարդացի և ձեզ էլ առաջարկում եմ անպայման ընթերցել: Գուցե, հիմա մեկ ուրիշ ձևով հասկանաք, իսկ տարիներ հետո մեկ այլ կերպ, բայց, հավատացեք, այդպես ավելի հետաքրքիր կլինի` կտեսնեք ձեր մտածելակերպի փոփոխությունը:

Դե ինչ, ներկայացնում եմ հանճարեղ Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» գիրքը:

Սա մի պատմություն է կյանքի, հովվի, մարդկային երազանքների, ճակատագրի, սեփական առասպելի և այն իրագործելու մասին: Եթե դուք ունեք երազանք, և այն ձեզ անիրականանալի է թվում, կարդացեք, և վստահեցնում եմ` կփոխեք ձեր կարծիքը: Այնքան եմ ուզում պատմել սյուժեն, բայց քանի որ ինքս չեմ սիրում, երբ ինձ պատմում են` կզսպեմ ինձ: Բայց մի քանի խորիմաստ մտքեր, որոնց վերաբերյալ արժե խորհել, կառանձնացնեմ:

–Ի՞նչ է Սեփական առասպելը,- հարցրեց տղան:

–Դա այն է, ինչ միշտ ցանկացել ես անել: Երբ մարդ մուտք է գործում երիտասարդություն, գիտի, թե որն է իր Սեփական առասպելը: Այդ շրջանում ամեն ինչ պարզ է ու հնարավոր, և մարդը չի վախենում երազել և ցանկանալ այն ամենը, ինչ կուզենար կյանքում: Սակայն ժամանակն անցնում է, ու ինչ-որ խորհրդավոր ուժ փորձում է ապացուցել` Սեփական առասպելն իրականացնելու անհնարինությունը:

Կանխազգացումն այն արագ ցատկերն են, որ հոգին կատարում է կյանքի համաշխարհային հոսանքի մեջ, որտեղ բոլոր մարդկանց պատմությունները միահյուսված են, ու հնարավոր է ամեն բան իմանալ, որովհետև ամեն ինչ գրված է:

Գաղտնիքը ներկայի մեջ է, եթե ուշադիր հետևես ներկային, կկարողանաս լավացնել այն: Իսկ եթե ներկադ լավը լինի` ապագադ նույնպես լավը կլինի: Մոռացիր ապագայիդ մասին ու կյանքիդ յուրաքանչյուր օրն ապրիր Օրենքի պատվիրաններով ու հավատա, որ Աստված պահապան կլինի զավակներիդ: Ամեն բացվող օր իր մեջ հավերժություն է կրում:

Երկրագնդի վրա յուրաքանչյուր մարդ իր գանձն ունի:

Երջանիկ է այն մարդը, ով Աստծուն իր մեջ է պահում: Երջանկություն կարելի է գտնել չնչին բաների մեջ:

Երբ ամենամեծ գանձերը մեր առաջ են, երբեք չենք նկատում: Որովհետև մարդիկ չեն հավատում գանձերին:

Անկախ նրանից, թե մարդ ինչով է զբաղվում, նա Երկրի վրա կատարում է Աշխարհի Պատմության գլխավոր դերը:

Կարծում եմ, ձեզ էլ հետաքրքրեցին հեղինակի մտքերը: Մի մտածեք, վերցրեք գիրքն ու փորձեք ընկալել: Ինչպես ասում էր տատիկս.

-Ինչ էլ հասկանաք, էլը քյարա:

Մնաս բարով, թախի՛ծ, և բարե՜ւ, թախի՛ծ…

Սերը, ակնթարթային անհոգությունը, պատանեկական մտքերը, այն, ինչը մնում է այդ ամենից հետո, սխալները, հուսահատությունը, տխրությունը…Բաներ, որոնց մասին քչերս ենք բարձրաձայնում կամ գրում, բայց բոլորս էլ, անշուշտ, ինչ-որ ժամանակ ապրում ենք այդ:

Ֆրանսիացի արձակագիր Ֆրանսուազ Սագանի «Բարև, թախիծ» վեպը պատմում է տասնութամյա մի աղջկա մասին, ում առաջ կյանքը դնում է բազում խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ոչ միայն մտավոր, այլև բարոյական ուժերի լարում: Եվ այդ լարման մեջ աղջիկը, ապրելով հոր հետ, միև նույն ժամանակ ապրում է մենակ:

Գիրքը, չնայած իր փոքր ծավալին և  թեթև  տրամադրությանը, բավականին ընդգրկուն է իմաստային առումով, և  նրանից, իհարկե, կարելի է վերցնել ուսանելին, անհրաժեշտը:  Օրինակ՝ այն, որ 17-18 տարեկանը, որքան մոտ է չափահասությանը, նույնքան անկայուն ու անկանխատեսելի է, և  երբևէ պետք չէ անուշադրության մատնել ապրումները, որ նա տանում է իր ներսում: Կամ էլ այն, որ սերը իրարից անկախ զգացմունքների հաջորդական շղթա չէ միայն, և  չնայած բոլոր երջանիկ րոպեներին, մի օր ստիպում է մտածես՝ այն, ինչ զգում ես, իսկապե՞ս սեր է թե՞…

Առհասարակ ցանկացած գիրք էլ ունի այդ անհրաժեշտ կորիզը, պարզապես միշտ պետք է իմանալ՝ ինչ կարդալ, երբ կարդալ և ինչպես կարդալ:

Գլխավոր հերոսուհին՝ Սեսիլը, ապրում է քսաներորդ դարի փարիզյան կյանքի անհոգ թոհուբոհի մեջ, և ամենաթանկը, որ նա ունի, հայրն է՝ որքան նման, նույնքան տարբեր իրենից: Վերջինս էլ, րոպեական ուրախություններ որոնելով տարբեր ֆրանսուհիների մեջ, հաճախ  չի նկատում իր երիտասարդ աղջկա ապրումները: Քայլ առ քայլ հասունացնելով ընթացքը՝ հեղինակը ի վերջո հանգում է ամենաանսպասելիին. տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում, և  թե ում մեղքով, որոշումը ընթերցողինն է:

***

Այս անծանոթ զգացմունքը, որ մեղմ ձանձրույթով հալածում է ինձ, ես վարանում եմ կնքել գեղեցիկ և  հանդիսավոր անունով՝ թախիծ: Դա այնպիսի համակործան և  այնպիսի եսասեր զգացմունք է, որ նրանից ամաչում եմ, մինչդեռ թախիծը ես միշտ հարգել եմ:

Ցանկանում էի, որ ինձ շոյեին, մխիթարեին, ինքս ինձ հետ հաշտեցնեին:

Ուրիշի թերություններին հեշտությամբ ես հաշտվում, երբ դրանք շտկելը քո պարտքը չես համարում:

Քանզի բոլորս էլ ձգտում ենք մի բանի՝ դուր գալ մյուսներին: Մինչև այսօր էլ չգիտեմ, թե ինչ է թաքնված նվաճելու այդ ձգտման մեջ. կենսական ուժերի գերառատությո՞ւն, նկատված լինելու ցանկությո՞ւն, թե՞ ինքդ քեզ վստահ լինելու, զորեղ զգալու մի թաքուն, անխոստովանելի կարիք:

Տարօրինակ է՝ ճակատագիրը սիրում է մեզ ներկայանալ շատ սովորական և անարժան տեսքով:

Նա ինքն իրեն ժպտաց հայելու մեջ, ինչպես ժպտում ենք մեկին, որին լքելու ենք: