



Չեմ հիշում, թե որ թվականն էր, բայց պարզ գիտեմ՝ դեկտեմբերի 7-ն էր։ Դեկտեմբերի 7-ը աշխատանքային օր է, ուստի մենք էլ սիրուն պատրաստվել ու դպրոց էինք գնացել։ Դպրոցում բոլորս տարբեր, բայց միմյանց նկատմամբ անտարբեր չէինք. դա լավ եմ հիշում։ Կարծես սովորական օր լիներ սովորական մարդկանց համար։ Մոռացել եմ արդեն՝ այդ օրը քանի դասաժամ ունեինք, կամ թե զանգերն առհասարակ քանի րոպեն մեկ էին հնչում, կամ էլ թե դասամիջոցներին առավել հաճախ ինչ էինք անում։ Բայց հիշում եմ ձեր աչքերի տխրության քանակը, պարոն Հակոբյան։ Վստահ եմ՝ մեր հանդիպման ժամին Դուք ինձ չեք ճանաչի, սակայն գլխումս կուտակված պատկերների մեջ ձեր աչքերում արտացոլված երկրաշարժը երկար կմնա։
Այս անգամ թվականը գիտեմ, 2022 թվականն էր, օրն էլի դեկտեմբերի 7-ն էր…
Աղոտ եմ հիշում, թե ինչ բառերով մեզ ցույց տվեցիք Սպիտակի երկրաշարժը, բայց Ձեր աչքերը, Ձեր տրտմությունը, Ձեր դեմքի մռայլությունը այսօրվա պես լավ եմ հիշում։ Ինչքա՛ն, ինչքա՛ն շատ ասելիք կար այդ աչքերում, ու մի քանի օրում ինչքա՛ն, ինչքա՛ն փրկության ճիչեր էիք լսել։ Դուք էլ Ձեր տխրության մասին ասելիս երևի չգիտեիք, որ շարքերում նստած աղջիկներից մեկը գրի կառնի Ձեր աչքերի մասին ու դեռ երկա՛ր, երկա՛ր տարիներ կհիշի ու երկրաշարժը կտեսնի Ձեր իսկ աչքերով։ Այդ օրը դուք Ձեզ նման չէիք, Ձեր մարմինն ամբողջությամբ կարծես պատված լիներ Ձեր աչքերով, Ձեր մեծ մարմնից միայն Ձեր փոքր աչքերն եմ հիշում։ Սկսեցիք խոսել, հիշու՞մ եք։ Զարմանալի էր, որ դասից դուրս ինչ-որ բանի մասին էիք ուզում խոսել, բայց զարմանալի թեմա չէիք ընտրել։ Սկսեցիք խոսել, ու ոչ թե շարժվում էր Ձեր բերանը, այլ էլի ու էլի Ձեր աչքերն էին խոսում, Ձեր աչքերն էին դարձել ամենախոցելի մասը Ձեր մարմնի։ Այսինքն նրանք արդեն խոցվել էին, նրանք խոցվել էին փրկվել կամեցողների ու գտնված դիակների պատկերները տեսնելիս։ Դուք էլ էիք խոցվել, ես Ձեզ այդ կողմից երբեք չէի տեսել։ Ձեր աչքերը, պարոն Հակոբյան, Ձեր աչքերն ու դրանց մեջ շողացող արցունքի հատիկները…
Գուցե Դուք այդ պահին կարծում էիք, թե մենք բախտավոր ենք, բախտավոր ենք այնքանով, որ մեր մաշկի վրա խոր ցավ չենք զգացել, Դուք ու մյուս բոլոր ուսուցիչները կարծում էիք, թե մենք բախտավոր ենք… Բայց այդժամ իհարկե ձեզանից ոչ ոք չգիտեր, որ տարիներ անց մեր տղաներից շատերը էլ ողջ չեն լինի, նրանց մայրերն էլ չեն գա դպրոց ու չեն լսի իրենց տղաների չարությունների մասին… Մեզանից ոչ ոք չգիտեր, ոչ ոք չգիտեր, թե ցավն ինչ է, ոչ ոք կյանքի գինը չգիտեր… Մենք հուզվում էինք պատմություններից, որոնք ուրիշի աչքերում ու ականջներում էին մեխվել, իսկ այսօր օդն անգամ արցունքոտ է: Ո՜վ կպատկերացներ, որ մեր ընկերների գերեզմանին ծաղիկ պիտի դնենք, ընկերների, որոնք այդպես էլ չհասցրին կյանքի համն առնել…






Դպրոցներում գարնանային արձակուրդ է։ Այս ժամանակաշրջանը սիրելի է թերևս բոլոր աշակերտների համար։ Իմ աշակերտները բացառություն չեն։ Այո, իմ երազանքի ճանապարհին ես ունեցա իմ առաջին աշակերտներին, որոնց համար ժամանակավոր, բայց նաև վերջին ուսուցիչն եմ, քանի որ նրանք ավարտում են դպրոցը։
Բազում ֆիլմերից, գրքերից ու իրական պատմություններից ոգեշնչված` ես մտա դասարան` ևս մեկ անգամ սեփական օրինակով սովորեցնելու համար, թե ինչ կարևոր է սիրելը մեր լեզուն ու գրականությունը։
Իմ աշակերտները շատ խելացի են, նրանցից յուրաքանչյուրը մի նոր հավատ է, նոր սեր մարդկային կյանքում։ Նրանք նաև չափազանց հոգատար են ու հնարամիտ։ Ես հասցրել եմ կարոտել նրանց արձակուրդների ընթացքում։ Դպրոցը մառախլապատ ու փոթորկահար անտառի է նման, երբ այնտեղ չկան աշակերտներ։
Երբեք չեմ մոռանա իմ առաջին դասը ու այն հարցերը, որոնք ուղղված էին ինձ։ Ժամանակի ընթացքում իմ աշակերտները ճանաչեցին ինձ, գուցե ոչ այնքան լավ, որքան կուզեի, բայց երբ ամեն անգամ նրանց շուրթերից լսվում է ինձ կանչող ձայնը, ես հասկանում եմ, որ դպրոցն այն վայրն է, որտեղ ես միշտ պետք է լինեմ։
Մինչև արձակուրդի սկսվելը` ունեցածս վերջին դասի ժամանակ, ես պատիվ ունեցա լսել նրանց երազանքների մասին։ Ես հավատում եմ աշակերտներիս երազանքների իրագործմանը։ Հավատում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կդառնա այն մարդը, ինչ որ ցանկանում է. բժիշկ, ծրագրավորող, հնէաբան, Մեծ մարդ…
Երևի նրանք պատկերացնել անգամ չեն կարող, թե ինչ հաճախ են ուսուցիչները հիշում նրանց, ժպտում նրանց ասած մի բառից, սիրում նրանց` բոլոր սովորական ու անսովոր հատկանիշները, ու կարոտում, կարոտում, կարոտում։
Ուսուցիչն այն արևն է, որ պետք է լինի ամեն դասարանում, բայց նրա շողերը աշակերտներն են, առանց որի արև չի լինում։
Կան ուսուցիչներ, որոնք հաճախ են ուզում լսել, թե ինչ հիացած են իրենցով աշակերտները, բայց չգիտես ինչու, վախենում են հիացական խոսքեր ասել այդ նույն աշակերտներին։ Ես նման վախեր չունեմ ու այսօր, ավելի քան երբևէ, ուզում եմ ասել իմ աշակերտներին, որ շնորհակալ եմ այդքան տարբեր ու յուրահատուկ լինելու համար, և ի վերջո, չնայած, որ նրանցից միայն մեկն է իրեն այդպես կոչում, բայց ես բոլորին տեսնում եմ հենց այդպես` ՇՔԵՂ։