Իմ գյուղը խորագրի արխիվներ

Բերքահավաք

-Վաղն առավոտյան շուտ պիտի վեր կենաք։

-Բայց մամ, հազիվ շաբաթ_կիրակի է, ինչի՞ շուտ վեր կենանք։

-Որովհետև շատ գործ ունենք անելու, խնձորը պիտի քաղենք, կակալը (ընկույզը) պիտի թափ տանք: Մի խոսքով, էգուց բերքահավաք ենք անելու։

Այս խոսակցությունը մեր տանը տեղի ունեցավ ուրբաթ երեկոյան: Ես ու քույրս Վանաձորից էինք եկել մեր տուն՝ Քարինջ,, ու մայրս մեզ նախապատրաստում էր առաջիկայում իրականացվող ծրագրերին։

Գյուղում աշունը շատ գործաշատ է: Բոլորը ձմռան պատրաստությունների մեջ են, ձմռան՝ այն միակ եղանակի, երբ գյուղացին ինչ-որ չափով հանգստանալու և ամբողջ տարվա չարչարանքը վայելելու հնարավորություն ունի։

Աշունը գյուղում

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Աշնան թախծոտ արցունքը կաթեց նաև Բաղանիս գյուղի վրա։ Գյուղում աղմկում է գետը, և այդ աղմուկը տարածվում ու խլանում է աշուն հագած Բաղանիսի դատարկ փողոցներում։ Դե, փողոցները դատարկ են, քանի որ ուսանողները գյուղում չեն, տղաների մեծ մասը գտնվում է բանակում, իսկ դպրոցականները ցրտի ու դասերի պատճառով դուրս չեն գալիս տներից:

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Նայում եմ պատշգամբից. մի ծերունի՝ ձեռնափայտը ձեռքին, ոտքերը հազիվ քարշ տալով, անցնում էր փողոցը։ Մեծահասակների նույնպես քիչ կտեսնեք փողոցներում:

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Երևի այդ ծերունին էլ գնում էր խանութ՝ ինչ-որ բան գնելու: Երբ արև է լինում, նրանք հավաքվում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ ու նարդի կամ թղթախաղ են խաղում: Ծերունիները նմանվում են ծերացող բնությանը։

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Արևը, ժլատ առևտրականի նման, շողերը կարծես կշռելով է բաժանում աշխարհին, իսկ երկինքն իր սպիտակ ամպերով հրաժեշտ է ասում հեռացող հավքերին։ Արևի ժլատությունից մրսում է գյուղը, մրսում է նաև այն փոքրիկը, որը կուչ է եկել մոր գրկում։ Անգութ է աշունը։ Հանկարծ քամուց ու անձրևից հոգնած մի տերև ընկավ տետրիս վրա։ «Այս տերևի վերջն էլ սա էր»,- մտածեցի ես։ Ամեն ինչն էլ ունի իր վերջը։

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ավագյանի

Աշունը մտնում է իր խորը հունի մեջ և գյուղի փողոցները լցնում է դեղին ու չորացած տերևներով։ Աշնան մառախլապատ եղանակին թշնամին իրեն համեմատաբար հանգիստ է պահում, չեն լինում կրակոցներ. թշնամու կողմից էլ ոչ մի շարժ չի նկատվում:

Օրոր էր ասում աշունն անտառին

Մալիշկայի անծուխ ծխնելույզները

Լուսանկարը` Վահե Ստեփանյանի

Լուսանկարը` Վահե Ստեփանյանի

-Բա վայոցձորցուն հարի՞ր ա գազի փեչը: Բա մի հատ չգնա՞ս՝ փեչը գրկես, նստես ու մի բան էլ՝ վրեն կարտոշկա ժարիտ անես:

Ամեն տարի մեր գյուղի տներից առնվազն մեկի ծուխը մարում է: Հեռանո՞ւմ են, թե՞ գազի վառարան են դնում, ո՞վ իմանա: Բայց կային ժամանակներ, երբ Մալիշկայի բոլոր տներից ծուխ էր դուրս գալիս: Այնքան գեղեցիկ էր: Այդ ժամանակ տնից դուրս եկած ծխով էին հաշվում, թե քանի ընտանիք է մնացել գյուղում, ու քանիսը գնացել: Գուցե անվերադարձ:

Ամեն ծխի մարելու հետ հեռանում են նաև մեր բարեկամներն ու ընկերները: Անտեր են մնում տները, որոնք այնքան մեծ սիրով էին կառուցվել, որոնք դեռ պատրաստ էին իրենց մեջ մեծացնել մի քանի սերունդ ևս: Բայց լքվեցին ժամանակից շուտ: Գյուղս բավականին մեծ է այսքան քիչ ժողովրդի համար:

Տնից դուրս եմ գալիս այն հույսով, որ դրսում շատ մարդ կլինի, կտեսնեմ Էմմա տատիկին, Սվետ տատիկին կամ գոնե ընկերներիցս մի քանիսին: Բայց Էմմա տատիկն էլ էստեղ չի, Ռուսաստանում է, Սվետ տատիկը քաղաք է գնացել, ընկերներս էլ վերմակներով փաթաթված համակարգչի կամ բջջայինի առաջ են: Գյուղս դատարկվել է: Այնքան քիչ մարդիկ են մնացել, և ում էլ հարցնես իր ապագայի մասին, կասի, որ այստեղ չի տեսնում իր ապագան, որ ինքն էլ է գնալու:

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Լուսանկարը` Սոնա Թումանյանի

Սիրտս լցվում է, երբ իմանում եմ, որ շատ հնարավոր է՝ որոշ ժամանակ անց դատարկվի նաև մեր փողոցն ամբողջովին: Դե, մեր փողոցում միայն մենք ենք հիմա ապրում, հարևան համարյա չունենք:

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Լուսանկարը` Նարեկ Բաբայանի

Գյուղս էլ ձմռանը ծխով պատված չի լինի, ու իր ծխնելույզից էլ ծուխ չի բարձրանա, կամ քիչ կբարձրանա: Գնում են ու թողնում են մեզ մենակ՝ իրենց անտեր դարձած տների հետ:

Լավ է, երբ Դսեղում աշխուժություն է

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Այսօր գյուղիս փողոցները նորից մարդաշատ էին, իսկ մեր գյուղում մարդաշատ լինում է, երբ այլ տեղից հյուրեր ենք ունենում: Հավանաբար կհիշեք, որ ամիսներ առաջ խոսվում էր բարերար Արմեն Տիգրանյանի և Մշակույթի նախարարության համագործակցության մասին, որը ուղղված էր Դսեղում` Թումանյանի թանգարանի բակում և հրապարակում թեմատիկ արձաններ ստեղծելուն: Այսօր այն ոչ թե ծրագիր է, այլ իրականություն: Ամռանը, մեկ ամսվա ընթացքում երիտասարդ քանդակագործները Դսեղում տուֆից կերտում էին Թումանյանի ստեղծագործությունների հերոսներին, որոնց կարող եք տեսնել, երբ տուն-թանգարան գալիս լինեք: Իսկ թանգարանի բակում հերոսները ոչ թե տուֆից են, այլ փայտից: Ծրագրի շրջանակներում այցելուների համար բակում նաև տաղավար է կառուցվել:

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Այսօր արդեն կատարած աշխատանքը ամփոփելու ժամանակն էր: Այդ առիթով Դսեղում էին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ամերիկահայ երաժիշտ, բարեգործ Աշոտ Տիգրանյանը և այլոք: Վերջիններս թանգարանի բակում մեկական ծառ տնկեցին, կատարեցին տաղավարի ու քանդակների բացումը ու նշեցին, որ Դսեղում անցկացվող միջոցառումներն ու ծրագրերը այսքանով չեն ավարտվում: Այս ամենին հաջորդեց փոքրիկ համերգ Դսեղի պարային համույթի, ասմունքողների և թատերական խմբակի մասնակցությամբ: Վերջում էլ հյուրերը շրջեցին հրապարակով ` մոտիկից ծանոթանալու քանդակներին:

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

 

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Լուսանկարը` Անի Ղուլինյանի

Նշեմ նաև, որ օրեր առաջ Դսեղում տեղի ունեցավ ամենամյա տիկնիկային փառատոնի բացումը, որը նախկինում մեկից երկու շաբաթ տևողությամբ հյուրընկալում էր Դսեղը, իսկ այսօր այն շրջում է Հայաստանի մարզերով, և մեզ մոտ հատուկենտ ներկայացումներ են լինում:

alla alvard davtyan

Կոշը

Թեև Դավթյան եմ, բայց Գալստյանների ճյուղի մի տերևն եմ։ Մենք Արագածոտնի շրջանի Կոշ գյուղից ենք։ Թեև Երևանում եմ ծնվել և մեծացել, բայց միշտ կապ եմ պահել մեր գյուղի հետ։ Ըստ ավանդության՝ այստեղ ապրել է Աստվածաշնչում հիշատակվող Քանանի որդի Քուշը, որի անվան ձևափոխումից էլ ստացվել են Կվաշ, Կավաշ, Կուաշ անվանումները։

Գյուղը հիշատակվում է Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի երկերում: Կոշում է ապրել կուրացած Տիրանը, որը խեղդամահ է արվել որդու՝ Արշակ Երկրորդի կողմից։ Գյուղում նաև մի աղբյուր կա՝ Սուրբ Վարդան աղբյուրը։ Այն այսպես է կոչվում Վարդան Մամիկոնյանի պատվին, քանի որ ամեն անգամ արքայի մոտ գալիս Վարդան Մամիկոնյանը ջուր է խմել այդտեղից։ Կոշում են գտնվում նաև Զաքարյան իշխանների կողմից կառուցված Կուսաբերդ կամ Աղջկա բերդ ամրոցը, 630 թվականին Գրիգոր իշխանի կառուցած Սբ. Ստեփանոս վանքը։

Գյուղում ապրում է մոտավորապես 3300 բնակիչ։ Պապս պատմում է, որ իր ապուպապերը Պարսկաստանից եկել են Կոշ 1828 թվականին։ Օրդուխան պապս ունեցել է 3 տղա՝ Կիրակոսը, Համբարձումը, Գալուստը։ Մենք Գալուստ պապի ճյուղից ենք։ Մենք ունենք նաև մեր տոհմածառը, որն սկսվում է Օրդուխան պապից, իսկ այսօր արդեն եղբորս անունն էլ կա այնտեղ: Մեր արմատների մասին հետաքրքրվել է նաև «Մենք ենք, մեր սարերը» հաղորդաշարը։

nona khachatryan

Մարցը

Լուսանկարը` Նոնա Խաչատրյանի

Լուսանկարը` Նոնա Խաչատրյանի

Ես Նոնան եմ, Մարցի թոռ եմ (ի դեպ ասեմ, որ Մարցը գտնվում է Լոռու մարզում): Չեմ ծնվել գյուղում, բայց սիրում եմ այն գյուղը, որտեղ ծնվել  են տատս և պապս։

Մեր գյուղը շատ հին գյուղ է, հետազոտություններ կատարելիս  պարզվել է, որ  դեռ 3000 տարի առաջ մեր գյուղում եղել են մարդկանց բնակավայրեր: Մեր գյուղի  մասին այդքան էլ շատ մարդիկ չգիտեն, իսկ ով էլ գիտի, հավատացեք, շատ է սիրում այդ փոքրիկ դրախտային աշխարհը։

Մեր գյուղը բարի գյուղ է, և պայքարող   այդ  բարությունը երևում է գյուղ մտնելուն պես, իսկ պայքարը երևաց այն ժամանակ, երբ մարցեցիները իրենց  միասնականությամբ  թույլ չէին տալիս, որ Մարց գետի վրա ՀԷԿ կառուցեն: Բայց   գյուղացիների խոսքը  հաշվի չառնելով, խաբեությամբ կառուցեցին, իսկ մեր գետը  գնալով ցամաքեց…
Մեր գյուղում բավականին շատ խնդիրներ կան. առաջին հերթին ճանապարհները, որոնք անբարեկարգ վիճակում են գտնվում: Գյուղում շատ քիչ մարդ է, որ ջուր ունի, իսկ գազի մասին բոլորը երազում են, բայց անկախ այդ կենցաղային խնդիրները, մարդիկ մնում են նույն ջերմ մարցեցիները։
Մորս պապը` Արտեմ Սարիբեկյանը, եղել է գյուղի նախագահը։ Պապիս պատվին մեզ ասում էին «Սարոյանց ժղովուրդ»։

Տատս այնքան է պատմել հոր խիստ լինելու մասին, որ ամեն անգամ Արտեմ պապիս անունը լսելուն պես մի պահ լրջանում եմ։

Ինչպես բոլոր գյուղերում, մեր գյուղում էլ մեկը մյուսին բարեկամ և ազգակից է, այդ իսկ պատճառով իմ «թռցրած» մրգերի համար ինձ ոչ մեկը չէր նախատում, այլ ծիծաղով էին նայում իմ այդ քայլին։
Լավ, էլ  չերկարացնեմ և եզրափակեմ նյութս:
Եվ ի վերջո, ես  Նոնա Խաչատրյանն եմ , Մարցի թոռ, Մարցը սիրող և հարգող մի մարդ, հասարակ լոռեցի, ով երազում է, որ բոլոր մարցեցիները ապրեն ապահով և մնան նույն հյուրընկալ ժողովուրդը։

Եկ Արևածագ

Լուսանկարը՝ Մարգարիտա Ոսկանյանի

Լուսանկարը՝ Մարգարիտա Ոսկանյանի

Արևածագը գտնվում է Լոռու մարզում, տեղակայված է Լոռու սարահարթի արևելյան հատվածում, Ձորագետի ստորին հոսանքի բարձրադիր ձախափնյակում՝ սարավանդի վրա: Այս չոր ու ցամաք տվյալները, հավանաբար, պատկերացում չեն կարող տալ իմ գյուղի իրական կերպարի մասին:

Իսկ միգուցե լսած կլինեք Ստեփան Զորյանի «Ղաչաղանի» մասին: Նա գրում է, որ Ղաչաղանում անտառ ու ծառեր չկան, որովհետև այն ջուր չունի:

Հիմա փոխվել է թե՛ գյուղի անունը, թե՛ պատմվածքի բովանդակությունը: Ղաչաղանը դարձել է Արևածագ, ու եթե այն ժամանակ, երբ Զորյանը գրում էր գյուղիս մասին, գյուղում ջուր չկար, և ասում էին, թե միայն «տանը մնացած» աղջիկներն էին այստեղ հարս գալիս, ապա հիմա լրիվ հակառակն է՝ բոլոր աղջիկներն էլ երազում են Արևածագում ամուսնանալ:

Արևածագցիների նախնիները Լոռի են եկել Արցախից: Արևածագում անգամ աքաղաղի կանչն ու ցորեն հնձելու մեքենայի ձայնն են ուրիշ: Ասֆալտապատ ու լուսավոր փողոցներ, գույնզգույն երդիկներով տներ ու աննկարագրելի սիրուն բնություն: Մարդիկ էլ են էստեղ ուրիշ՝ անասելի շատ են աշխատում: Շոգ ամառ լինի, թե ցրտաշունչ ձմեռ, միևնույնն է՝ գյուղում միշտ էլ գործ կգտնվի: Թեպետ Արևածագում ժամանցային վայրեր քիչ կան, բայց օրդ բավականին հետաքրքիր է անցնում: Գյուղում «COAF»-ի կողմից բացված SMART-սենյակ ունենք, մենք առաջիններից էինք, որտեղ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունը բացեց վիքիակումբ:

Հատկապես՝ ամռան ամիսներին, գյուղում անպայման մի մոլորված զբոսաշրջիկ կգտնես, որը փորձում է անգլերեն չիմացող պապիկներից ճիշտ ճանապարհը պարզել:

Արևածագում և՛ արևն է առաջինը ծագում, և՛ լուսինը: Էստեղ ամեն քար ու թուփ շատախոս են, եթե ընկերակցես նրանց, քեզ շատ բան կպատմեն:

Ու եթե հոգնել ես քո միանման առօրյայից, քաղաքի աղմուկ-աղաղակից, ուրեմն Արևածագը քեզ է սպասում:

Ու հա, եթե արդեն որոշեցիր գալ, չմոռանաս քեզ հետ մի երկու կարևոր բան վերցնել՝ տաք հագուստ, թուղթ ու գրիչ և ականջակալներ: Տաք հագուստը քեզ պետք կգա, որովհետև նույնիսկ ամռանը՝ երեկոյան ժամերին, հաստատ մրսելու ես, թուղթ ու գրիչն ամենաշատն են հարկավոր, որովհետև ոչ միայն սարերի հետևից դուրս եկող արևածագն ես տեսնելու, այլ Արևածագի հարյուրամյակների պատմությունը ծայրից ծայր իմացող արևածագցի Վազգեն Հովհաննիսյանից պիտի լսես այն ու գրառումներ կատարես, իսկ երբ մեր Թափեն բարձրանաս՝ արևամուտը տեսնելու համար, պիտի որ ուզենաս ականջակալներովդ քո սիրած երգը լսել:

Մենք մեր գյուղի բնակիչներով խոստանում ենք, որ քո այցելությունը անմոռանալի կլինի:

laura sekoyan

Սոլակի մոռացվող ավանդույթները

Վերջին շրջանում փորձում էի փնտրել այնպիսի հին ավանդույթներ, որոնք դեռ պահպանվել են գյուղում։

Առաջին բանը, որ աչքի է ընկնում, նորածին երեխաների քառասունք պահելու ավանդույթն է, որը մյուս ավանդույթների պես ևս ոչնչացման եզրին է։ Երբ նորածին երեխաներին հիվանդանոցից տուն են տանում, չի կարելի դռան շեմից ներս տանել նրան, մինչև երեխայի հայրը տուն չմտնի և չդիմավորի երեխային։ Այսինքն՝ ոչ թե հայրը գա տուն՝ երեխային ընդառաջ, այլ երեխան՝ հորը։ Մյուս կողմից՝ մինչև երեխայի քառասունքը լրանալը նրան ոչ մեկը չպետք է տեսնի՝ բացի տան անդամներից։ Երեխայի մայրը ևս տանից քառասուն օր չի կարող դուրս գալ։

Ամենից հետաքրքիրը երեխային քառասունքից դուրս բերելն է։ Այդ գործընթացը կատարելու համար անհրաժեշտ է, որ եկեղեցուց մի կնքված տղա կամ տղամարդ բերի այն ամանը, որի միջի ջրով քահանան լվանում է ձեռքերը։ Ապա երեխայի տատը պետք է քառասուն անգամ այդ թասով ջուր լցնի երեխայի գլխին և վերջում օրհնանքներ ասելով՝ դուրս բերի քառասունքից։ Երեխային բարուրելուց հետո այդ լողանալու ջրից են վերցնում ու օրհնանք ասելով՝ խաչ տանում երեխայի վրայով՝ միաժամանակ ջուրը ցողելով երեխայի վրա։ Յուրաքանչյուր լոգանքից հետո մայրը չպետք է կերակրի երեխային, որպեսզի երեխայի բերանի խոռոչից հետագայում հոտ չգա։ Սա գյուղական ավանդույթներից երևի թե ամենապահպանվածն է։

Ուսումնասիրությանս ընթացքում մեր գյուղում աչքովս ընկավ մի զառամյալ ձի, որը սայլ էր քարշ տալիս, իսկ սայլի վրա նստած էին մի փոքրիկ տղա ու նրա պապիկը։ Այդպիսի բան ես տեսել էի հայկական արտադրության հին ֆիլմերում, միայն սայլի հետևից թափվող խոտն էր պակասում ֆիլմում տեսածս պատկերը ամբողջացնելու համար։ Գյուղի ավանդույթներն ու սովորությունները պահողը ծերերն են, և ես հենց նրանց քայլերին էի հետևում։ Օրերս մի ծեր տատիկ եկավ մեր տուն՝ ձեռնափայտը ձեռքին։ Անկեղծ ասած՝ ես նրան չէի ճանաչում, բայց նրա կնճռոտված դեմքն այնպես էր լուսարձակում, երբ նա զրուցում էր մեր տան ամենափոքր մարդուկի հետ։ Ու ինձ համար ամենահետաքրքիրը այդ զրույցում այն էր, որ տատիկը իր ծոցից հանեց մի խաչբառ` հետաքրքիր փաթեթավորմամբ, որի մեջ նա քաղցրավենիք էր դրել։ Երբ նա տվեց այդ փաթեթը երեխային՝ ես պատկերացնել անգամ չէի կարող, որ այդ թերթի մեջ կարող էր կոնֆետ ու թխվածքաբլիթ լինել։ Եվ վերջապես, ուսումնասիրությունս ապացուցեց, որ սովորույթներն ու ավանդույթները ոչ միայն օգնում են ճիշտ դաստիարակություն ստանալ, այլ ամենից հաճախ ունակ են հաճելիորեն զարմացնել։

Բագարանն ու բագարանցիները