Իմ գյուղը խորագրի արխիվներ

Մեր ձմեռը աշնան կեսին

Նորից ձմեռ, ձյուն ու բուք, որքան էլ զարմանալի է, մեզ մոտ` Ծովազարդում, ձմեռ է, ձյուն…

Այնքան հաճելի է նայել դուրս ու տեսնել, որ ամեն բան ներկված է սպիտակով։

Գիտե՞ք` անցյալ տարի նմանատիպ մի հոդված էի գրել: Մինչև հիմա աչքերիս առաջ է, թե ինչպես էի ջղայնացած գրում «Ծովազարդի երկար ձմեռը» հոդվածը, ասես երեկ լիներ, և այսօր նույն թեմայով եմ գրում, սակայն այլ զգացմունքներով։

Սիրում եմ ձմեռը, այն անակնկալների ու հրաշքների աշխարհ է, և այդ աշխարհում կա միայն սպիտակ գույն, սակայն ամեն ինչը այնքան հետաքրքիր է, այնքան գունավոր է թվում։

Անհամբեր սպասում եմ, թե երբ կբերենք եղևնին ու ընտանիքով կզարդարենք։ Անցյալ տարվանից հետո միայն մի բան չի փոխվել` ես էլի չեմ կարողանում աստղը դնել տոնածառի գագաթին։

Տարօրինակ է, չէ՞, որ դեռ նոյեմբերն էլ չի եկել, սակայն ես գրում եմ այս թեմայով: Ում համար դաժան, ում համար էլ շատ հաճելի` մեր ձմեռը սկսվեց։

Ձմռան հենց առաջին օրով արդեն հասցրել եմ ձնագնդի «ուտել»` ուղիղ իմաստով։

Կյանքում ամեն ինչ չէ, որ մեր սրտով է, բայց մենք պետք է համակերպվենք, ինչպես համակերպվեցինք ձմռանը, որը եկավ աշնան կեսին, անկոչ, բայց սիրելի հյուրի պես: Այդպիսի հյուրերը մեր շրջապատում այնքան էլ քիչ չեն։

arpineMikayelyan

Մի արագիլի պատմություն

-Ա՛ն, իսկ ձեր գյուղում հայկական եկեղեցի կա՞ր,- մի անգամ զրույցի ընթացքում հարցրի ազգակցուհուս՝ Անիին, որը եկել էր Ախալքալաքի փոքրիկ գյուղից:

-Հա՛, իհարկե, հենց մեր տան կողքին էր, ու երևի դրանից էր, որ երազումս շատ հաճախ էի սրբերի տեսնում:

-Ի՜նչ հետաքրքիր է, ինձ հետ նման դեպք երբեք չի պատահել: Իսկ դու հաճա՞խ էիր գնում եկեղեցի:

-Գրեթե ամեն երեկո: Կուզե՞ս մի շատ հետաքրքիր և հուզիչ բան պատմեմ դրա հետ կապված։

-Հա՛, հա՛, լսում եմ,- խանդավառված տեղիցս թռնելով՝ բացականչեցի:

-Լավ։

Ստացվել էր այնպես, որ եկեղեցու գմբեթի խաչն ընկել էր, ու այդ ընթացքում արագիլները բույն էին հյուսել այդ նույն տարածքում ու ապրում էին իրենց փոքրիկ ձագուկների հետ: Դե, բնական է, որ բույնին ոչ ոք ձեռք չէր տա, հետևաբար նրանք հրաշալի ապաստարան ունեին, դե, մենք էլ մեծ ուրախությամբ և հիացմունքով էինք դիտում իրենց: Բայց օրերից մի օր՝ ուշ գիշերին, քամի ու փոթորիկ եղավ, որին հաջորդեց կայծակը. էնպիսի մի կայծակ, որը ի զորու էր մեծ ավերածություն գործել: Ես այդ երեկո տանից դուրս չեկա, քանի որ սարսափում եմ կայծակներից, թեև այն դադարել էր: Հաջորդ օրը՝ լուսադեմին, ձայներ հասան ականջիս, ու վեր թռա տեղիցս: Դուրս եկա տանից ու տեսա, որ եկեղեցու բակում մի մեծ ամբոխ էր հավաքվել: Մոտեցա ու կարողացա ճեղքելով մարդկանց բազմությունը՝ հասնել եկեղեցու դռան մոտ ու տեսնեմ՝ ինչ… Մարդիկ ցավով ու հիասթափությամբ աչքերները հառել էին անշնչացած արագիլներին, որոնց սպանել էր այդ չարաբաստիկ կայծակը, իսկ բույնը ավերվել էր: Մի քանի արագիլներ էլ դեռ քանդված բույնի վրա ընկած էին, որոնց հատուկ սարքավորումներով ներքև իջեցրին: Մենք դրանց հողի մեջ թաղեցինք՝ մտածելով, որ կենդանության կգան, բայց ապարդյուն:

-Տե՜ր Աստված, ինչքան ափսոս…

Սակայն ձագուկներից մեկը դեռ շնչում էր: Գյուղացիներով նրան վերցրինք, պահեցինք ու մեծացրինք՝ մեր երեխայի պես. պարզապես, նա բոլորինս էր: Սկզբից փորձում էր հեռու մնալ մարդկանցից, բայց ժամանակի ընթացքում ընկերացանք: Այդ փոքրիկ չարաճճին սովորել էր, որ մենք պետք է նրա հետ կիսենք մեր հացը ու չէր էլ փորձում կեր փնտրել: Հա, ի դեպ, նա շատ-շատ էր սիրում ձուկ ու գորտ ուտել: Նա արդեն չէր վախենում մարդկանցից, այլ ազատ շրջում էր տարածքում, մոտենում գյուղացիներին՝ թեկուզ շոյվելու համար:

Լսիր, մի օր էլ, երբ զարթուցիչս չէր արթնացրել ինձ, ու ես չէի հասցրել ճիշտ ժամին դպրոցում լինել, հանկարծ պատուհանիս կտկտոց լսեցի. կարծեցի, թե փողոցի չարաճճի փոքրիկներն են մանր քարեր նետում դեպի իմ սենյակի պատուհանը: Բարկացած վեր կացա, որպեսզի դուրս գամ տանից և մի լավ դաս տամ այդ չարաճճիներին: Բայց երբ բաց արեցի պատուհանը, տեսա, որ ոչ թե երեխաներն են, այլ այն փոքրիկ արագիլը, ով եկել էր ինձ արթնացնելու:

-Իսկ դպրոցում չբարկացա՞ն ուշանալուդ համար։

-Դե՜ հա, ամենավատն էլ այն էր, որ հենց տնօրենի դասն էր: Բայց գիտե՞ս՝ այդ օրից ի վեր ես այլևս չուշացա դասից. նախ զարթուցիչս էր զնգում, այնուհետև պատուհանիս կտկտոցը… Այո՛, նա մեր լավագույն ընկերն էր։ Ախր շատ էինք սիրում, է՜:

-Իսկ հիմա՞, մինչև հիմա այդտե՞ղ է ապրում։

-Ափսոս, հիմա տեղեկություն չունեմ: Գուցե կրկին բույն է հյուսել այն նույն տեղում, որտեղ իր հայրն ու մայրն էին իրենց համար ապաստան գտել, կամ էլ մեկ այլ վայրում, չգիտեմ…

-Ինչ հուզիչ է։ Հուսով եմ, որ այդ արագիլը նույնպես կունենա ձագուկներ ու նրանց կբերի, որպեսզի ընկերանան իր հարազատ գյուղացիների հետ:

-Հա, ես էլ հույս ունեմ, որ երբ գնամ էնտեղ, կհանդիպեմ իմ հին ընկերոջը։

Մեր կյանքն իրոք զարմանահրաշ է։ Թռչուն լինի, թե կենդանի, կամ էլ այն փոքրիկ սարդիկը, որը ժրաջանորեն ճերմակ սարդոստայն է հյուսում և նույնիսկ մրջյունը, որը անընդհատ այս ու այն կողմ կեր է փոխադրում, շատ հնարավոր է, որ մի օր դառնա լավագույն ընկերդ:

Հ. Գ. Ի դեպ, Անին հիմա այնտեղ է ու իր փոքրիկ ընկերոջ հետ ջերմ ողջույններ է ուղարկում քեզ։

Աշունը Սոլակում

Հաղթանակած կալավանցիները

Սովորական առավոտ էր, երբ վեր կացա անկողնուցս, որ գնամ դասի: Դասը սկսվեց, եկավ ֆիզկուլտուրայի ուսուցչուհին՝ Ստելլա Բարսեղյանը, և ասաց.

-Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի է ունենալու սպորտային մեծ փառատոն, տարիքը՝ անսահմանափակ, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել:

Դասամիջոցի զանգը հնչելուն պես տնօրեն տիկին Քեշիշյանը մեզ բոլորիս հավաքեց և ասաց․

-Պետք է անպայման մասնակցենք և հաղթենք:

Մենք ոգևորված համաձայնեցինք, ընտրեցինք մեզ համապատասխան սպորտաձևը և տրամադրվեցինք մարտական:

Հաջորդ օրը ժամը 10։00-ին եկավ համապատասխան մեքենան, և մենք ուղևորվեցինք դեպի Ճամբարակ: Այնտեղ մեզ դիմավորեց ֆիզկուլտուրայի ուսուցչուհին, ոգևորեց ու ասաց.

-Պետք է անպայման հաղթենք: 

Մենք մասնակցեցինք բազկամարտին, շախմատին, հազար մետր վազքին և նարդիին: Բոլորը հիացած էին Կալավանի և Այգուտի դպրոցներով, ուսուցչուհին ցնծում էր:

Մենք մասնակցեցինք սպորտային մեծ փառատոնին, ծանոթացանք նոր մարդկանց հետ, բարձր պահեցինք թե՛ դպրոցի պատիվը, թե՛ գյուղի: Ուրախ, հաղթանակած վերադարձանք գյուղ:

Ես անչափ ուրախ եմ, որ ապրում եմ փոքրիկ, բայց արդեն մեծ անուն ունեցող Կալավանում:

Չիր պատրաստելու նուրբ արվեստը

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Տնական չիր։ Չիր տնական։

Տարբեր բաղադրատոմսեր, գաղտնիքներ ամեն խոհանոցից, նախնական բաղադրատոմսից փոքրիկ շեղումներ յուրաքանչյուր տնային տնտեսուհու կողմից։ Ի՞նչ ընտրել, ո՞նց անել։

Միացնում ենք ֆրանսիական երաժշտություն, հատկապես եթե Ֆրանսիական համալսարանից ենք, որովհետև մոդայիկ է, որովհետև պիտի ցույց տանք, որ գիտենք, ու որովհետև պարզապես հաճելի է։ Նախապատրաստական փուլը թերևս այսքանն է։ Հետո անցնում ենք բուն գործին։

Հեռացնում ենք խնձորի միջուկը, մաքրում ենք կեղևը։ Օղակներով կտրատում ենք։ Շարում ենք չրի պատրաստման սարքի սկուտեղների վրա։ Նախօրոք մի քանի կողմից նկարում ենք, որ բոլորին ցույց տանք։ Տեղադրում ենք սարքի մեջ և voilà, մի քանի ժամ (օր) անց չիրը պատրաստ է։ Եթե իհարկե չմոռանաք միացնել սարքը։

Դիետիկ (ինչքան ուզում եք, կերեք) և համեղ։

#խոհանոցային_գաղտնիքներ_որ_գաղտնիք_չեն

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Նոյեմբերյան, ժամանակի կանչող վկան

Երբեմն մենք հիանում ենք մեր ժամանակակից ճարտարապետների և դիզայներների նոր աշխատանքներով: Շատ հաճախ դրանք այնքան ճոխ են, որ սկսում են ճնշել մարդուն։ Ես այսօր Նոյեմբերյան քաղաքի հին տներից մեկում էի։ Այնտեղ չկար ժամանակակից դիզայն կամ ճարտարապետություն, բայց կար հնություն, հին փայտի հոտ և վերջ ի վերջո, ձեռքով կատարված աշխատանք պատերին, որից հոսում էր ժամանակը, այնտեղ բնակվածների կյանքը, լավ ու վատ օրերը ու մարդկային ջերմությունը։

«Քայլ դեպի տուն»-ը Եղիպատրուշում

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Ճանաչողական մասի շրջանակներում «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները օգոստոսի 11-ին և 17-ին եղան նաև Ապարանի Եղիպատրուշ գյուղում, որտեղ Ապարանի «ՍՔԱՅ» ակումբի և մի խումբ եղիպատրուշեցի կամավորների ջանքերի շնորհիվ նախապես ծրագիր էր կազմվել պատանիներին գյուղական կյանքի հետ ծանոթացնելու և դրա մասնակիցը դարձնելու։

Մասնակիցները նախ ծանոթացան գյուղի պատմամշակութային վայրերին, ապա բաժանվելով խմբերի՝ անցան խաղ-մրցույթին:

Նախապես մշակվել էր 5 առաջադրանք.

1. Թոնրի լավաշի պատրաստում և մեղվի փեթակների բացում, մեղրաքամ:

2. Բուրդ չփխել, մանել:

3. Ցորենից ձավարի ստացում և կովերի կթման գործընթաց:

4. Գյուղի մասին տեղեկության հավաքում:

5. Խոտի տուկերի հավաքում մեքենայի մեջ:

Յուրաքանչյուր վարժության կատարման համար տրվում էր 20 րոպե, վարժությունները գնահատվում էին, և արդյունքում թիմերից մեկը ճանաչվում էր հաղթող՝ նվեր ստանալով ազգային հագուստով ֆոտոսեսիա:

Հետգրություն. Լուսանկարներում են՝ «Կիլիկիա» և «Լայմն-լիմոն» խմբերի մասնակիցները:

Մեղրաքամ

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Վերափոխման տոնին վերափոխումներ

Օգոստոսի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Աստվածածնի Վերափոխման տոնը կամ խաղողօրհնեքը: Տոնին ընդառաջ, Արագածոտնի թեմի Եղիպատրուշ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին էլ վերափոխվել էր: Տոնը կրկնակի էր եղիպատրուշեցիների համար՝ շնորհիվ մի խումբ անհատ բարերարների: Բարերարները սեփական նախաձեռնությամբ հոգացել էին եկեղեցին ապահովել պատուհաններով, մոմամաններով, գրակալներով, գորգերով, Սուրբ Սեղանով և ամենից կարևորը, տեղադրվել էր դուռ: Բարերաները, որոնք այդպես էլ չցանկացան անվանական խոսել, նշեցին, որ այս եկեղեցին մի անգամ տեսնողը չի կարող անտարբեր մնալ, չի կարող չդառնալ նրա մի մասը: Դռան ծախսերը հոգացած բարերարը նշեց նաև, որ եկեղեցուն պետք է վերաբերվել ինչպես սեփական տանը:

-Եթե տունդ մաքրում, պահպանում ես քամուց, կենդանիներից, ուրեմն, հոգևոր տունը առավել ևս արժանի է ուշադրության:

Եղիպատրուշեցիների համար Սուրբ Աստվածածին եկեղեցին և Աստվածամայրը գյուղի հովանավոր Սրբություններն են, ուստի այսօրվանից էլ ավելի պարտավորված են պահպանել իրենց սրբությունը: Տեր Մուշե քահանա Վահանյանը, ում մեծ ջանքերի շնորհիվ եկեղեցում ի վերջո բարեկարգումներ եղան, Սուրբ Պատարագի քարոզի ժամանակ նշեց, որ եկեղեցին այլևս միայն աղոթքի տուն է, որտեղ էլ չպիտի կենդանիներ լցվեն, որի պատերը էլ չեն ողողվելու ոչ առաքելական սրբատկերներով:

Եկեղեցու բարեկարգումը շատ կարևոր է հոգևոր կյանքը ակտիվացնելու համար: Դա ևս մեկ անգամ ապացուցեց բարեկարգություններից հետո տոնին մատուցված Սուրբ Պատարագի մարդաշատությունը: