Berlin day 6-1

How to Read Media in the Post-Truth Era, Բեռլին. Օր 6 կամ պատմություն այն մասին, թե ինչպես կորցրի կյանքս Բեռլինում

Բարև։ Էսօրվա նյութս երևի լավ կստացվի, որովետև ես լավ եմ գրում միայն խորը դեպրեսիաների ժամանակ, իսկ հիմա տրամադրությունս հենց այն է, ինչ պետք է։ Գիտե՞ք, առաջին անգամ եմ Գերմանիայում, ու սա այն երկիրն է, որը միշտ իմ երազանքների ճանապարհորդությունների ցուցակում առաջինն է եղել։ Իսկ հիմա ես ամեն անգամ միայն վատ հիշողություններ կարող եմ ունենալ Բեռլինի հետ կապված՝ հիշելով, որ այստեղ կորցրել եմ մի բան, որի մեջ այս պահի կյանքս էր։ Միայն այս, շատ բաներ չեմ պատմի, բայց 19 տարեկան մի քիչ «դեբիլոտ» Մարիամը էդ անտեր հեռախոսի մեջ էր։ Ինչպես Սիրանն է ասում՝ մեր կյանքը ինչ-որ առարկաների մեջ չէ, բայց երբ զզվանքով պայուսակդ գցես գետնին, երբ գուգլին հրամայես իսպառ ջնջել ամեն ինչ քո հեռախոսի մեջից, երբ այն երբևէ նորից կմիացվի, երբ մուրազով առած հարիփոթերյան պայուսակդ էլ աչքիդ չի գա, երևի մի քիչ կհասկանանք իրար։ Բեռլինի տրանպորտից ավելի խառը բան կյանքումս չեմ տեսել, նույնիսկ իմ գլխում ամեն ինչ էդքան խառը չի, ինչքան էդ անտեր ու-բան ու էս-բանների մեջ։ Բայց հարցը դա չէր։ Հարցն այն էր, որ ես երբեք շատ ուշադիր չեմ իմ անձնական իրերի հանդեպ, միշտ «արխային» եմ։ Ու էդպես ես 19 տարի 11 ամիս ոչինչ չեմ կորցրել․ երբեք։ Ու այս ճամփորդության ժամանակ Սիրանը անընդհատ պատմում էր, ինչպես են Ֆրանսիայում լիքը գողություններ արել իրենցից, ինչքան ուշադիր է պետք լինել, որ ես էլ էսօր երևի առաջին անգամ ուշադիր եղա։ Ու յոթ տրանսպորտ փոխելով մի կերպ տուն գալիս, արդեն մեր կանգառում, որտեղից հոսթել էինք գալիս, նկատեցի, որ հեռախոսս չկա։ Կյանքում առաջին անգամ ուշադիր էի։ Իսկ հույս ունենալ, որ Բեռլինի կայարանում կամ գնացքում ինչ-որ բան կգտնես, հավասար է, որ հույս ունենաս անմահ լինել։ Մինչ ես տուն հասա, հեռախոսս արդեն անջատած էր, գուգլը դա պարզելու հնարավորություն է տալիս։ Իսկ հեռախոսիս պնակի մեջ ընկերուհուս հինգ տարի առաջ նկարած Ռամշթայնն էր, որ բոլոր հեռախոսներիս պնակների մեջ եղել է։

Ես երբեք, 19 տարի 11ամիս ոչինչ չեմ կորցրել, բայց միշտ ինքս իմ վրա կատակներ եմ արել, թե ցրված եմ՝ երբեք այդպիսին չլինելով։ Էսօր աղջիկներով գնում էինք իմ երազանքների պայուսակն առնելու, ու ես ասում էի, որ իմ մասին շատ տիպիկ էտյուդ կլինի, եթե գնանք ու պայուսակն այլևս այնտեղ չլինի։ Բայց իրականում իմ մասին էտյուդ դարձավ այն, որ պայուսակն առա ու կորցրի հեռախոսս։ Ես, որ միշտ կոնկրետ գիտեմ՝ հեռախոսս աջ գրպանումս է, դրամապանակումս երեսունհինգ եվրո յոթանասուն ցենտ ու հինգ հազար դրամ կա, տանն էլ հին օծանելիքի տուփիս մեջ էլ՝ համալսարանի վարձս, հիմա հանկարծ չգիտեմ, թե առհասարակ հեռախոսս ուր է։ Իմ հեռախոսը, որի մասին էդքան գրել եմ, որը գիտեր իմ դեղ խմելու ժամերն ու քննություններիս օրերը, որը գիտեր, թե ինչ եմ մտածել ես հոկտեմբերի 17-ին՝ իրիկունը ժամը 10-ին։

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Գուցե մի քիչ մեծացա, չգիտեմ, գուցե պետք էր, որովհետև շուտով 20 տարեկանս կխփի, գուցե մի բան կսովորեմ ու այլևս երբեք ուշադիր չեմ լինի իմ իրերի նկատմամբ, այլ առաջվա պես, գուցե ընդհակառակը, կհիշեմ այս դեպքն ու ուշադիր կլինեմ։ Գուցե շատ բաների մասին էի մտածում, քիչ առաջ՝ ցնցուղի տակ, ու գուցե, առհասարակ, հիմա ավելի լայն եմ մտածում, քան մի քանի ժամ առաջ։ Գուցե սա մի օր պետք է լիներ, որ խրատվեի, իսկ գուցե պարզապես պետք էլ չէր հին ձևերս փոխել։ Գուցե պետք չէր էդքան վստահ լինել, որ ես երբեք ոչինչ չեմ կորցնում, իսկ գուցե պետք չէր էդ վստահությունը կորցնել։

Գուցե, չգիտեմ։

Իսկ դուք կներեք, բայց ոչինչ, էսօրվա օրագիրը էսպես կարդացեք։ Որովհետև համարյա բան էլ չենք արել, ամբողջ օրն ազատ էինք մեր ծրագրերի վրա աշխատելու համար։ Աշխատեցինք ու գնացինք ման գալու, որովհետև դեռ երբեք էսքան շատ ժամանակ չեմ ունեցել մի բանի վրա աշխատելու համար։ Վաղը կվերջացնենք, իսկ Անին մարդավարի կպատմի։ Աշխատում ենք, ազնիվ խոսք, գլուխ չենք պահում։

Իսկ ե՞ս, հա, ոնց որ Ջոզեի are you okay-ին ասացի՝ I will be, այնպես էլ ձեզ կասեմ։ Հա, հեռախոս էր, կյանքս չէր։ Կյանքում ավելի վատ բաներ են լինում։ Գուցե։

Իսկ էս քաղաքից ուզեմ էլ, ինձ հիշողություն չի մնա, որովհետև բոլոր նկարներս անտեր հեռախոսիս հետ գնացին գրողի ծոցը։