Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Media Behind the Scenes. Սլովակիա, օր 1-ին

Վեց ամսվա ընդմիջումից հետո վերջապես նորից հնարավորություն ընձեռվեց փոխանակման ծրագրի մասնակցելու։ Այս անգամ ուղևորությունը դեպի Սլովակիա էր։ «Մանանա» կենտրոնը, որը Եվրոպայի երիտասարդական մամուլի (European Youth Press)   ցանցի անդամ է, Media Behind the Scenes ծրագրի շրջանակներում լրագրողական թրեյնինգների է ուղարկում  Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի`  17.am-ի հինգ ակտիվ թղթակիցների` Սուրեն Կարապետյանին, Զարինե Կիրակոսյանին, Մարիամ Բարսեղյանին, Դավիթ Ասլանյանին և ինձ` Աննա Անդրեասյանիս: Մենք պետք է մասնակցենք թրեյնինգների, որոնք միտված են երիտասարդ լրագրողների մեդիագրագիտությունը զարգացնելու։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Նորից «Զվարթնոց» օդանավակայանում ենք։ Առաջին կանգառը լինելու է Բուխարեստում։  Եվրոպայում հնարավորինս շատ քաղաքներում լինել ցանկացող երիտասարդներս մեծ հույսեր էինք փայփայում, թե կկարողանանք Բուխարեստում գտնվելու 10 ժամը օգտագործել քաղաքը բացահայտելով ու զբոսնելով։ Սակայն մեզ հիասթափություն էր սպասվում։ Պարզվեց` մեր մեկանգամյա մուտքի վիզան  չէր թույլատրում վայելել այդ հաճույքը։ Հույս ունենք, որ Եվրոպայի հետ վիզային ռեժիմի դյուրացումը մի օր այդ հնարավորությունը մեզ կընձեռի ճամփորդել առանց սահմանափակումների: Իսկ մինչ այդ մենք տասը ժամ արգելափակված էինք մնալու օդանավակայանում:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Օդանավակայաններում մի բան, որ տանել չեմ կարողանում, նստարանների կողքի բռնակներն են, որոնք քեզ սահմանափակում են մի նստատեղի սահմաններում և թույլ չեն տալիս հարմարավետ տեղավորվել։ Ու հենց դրանց առկայության պատճառով չէինք կարողանում հանգիստ քնել, անընդհատ մի տեղինց մյուսն էինք գնում։

Բարեբախտաբար, Զարինեն փոքր նստարաններին տեղավորվելու հատուկ մասնագետ է և մեզ սովորեցրեց «տիրապետել այդ արվեստին»։ Մի խոսքով, երկար ճիգերից հետո մենք սովորեցինք տարբեր դիրքերով տեղավորվել նստարանների վրա ու մեզ լիարժեքորեն զգալ ինչպես տանը։

Հիմա անցնում ենք երկրորդ կանգառին, որը Վիեննան էր։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Բնականաբար մենք առանձնակի ոգևորությամբ էինք սպասում այնտեղ հասնելուն։ Հենց ինքնաթիռից դուրս գալու պահից հասկացանք, որ այն մի քաղաք է, որտեղ մեծ հաճույքով կմնայինք՝ այն էլ երկար ժամանակով, բայց քանի որ մեր ճանապարհորդությունը դեռ չէր ավարտվել, պետք է ուղևորվեինք հաջորդ կանգառ։

Պատրաստվում էինք գնացքով գնալ Բրատիսլավա, այնուհետև Տռնավա։ Այնպես ստացվեց, որ մենք շտապելու և այս հարցերում մի քիչ էլ անփորձ լինելու պատճառով սխալ գնացք նստեցինք և միայն գնացքի շարժվելուց հետո հարցուփորձ անելով հասկացանք, որ ճիշտ գնացք չենք նստել։ Բայց դե ինչ կարող էինք անել, արդեն ուշ էր։ Բարեբախտաբար, երկու գնացքներն էլ նույն քաղաքը՝ Բրատիսլավա էին գնալու, ուղղակի տարբեր գնացքի կայարաններով էին անցնելու։ Հետևաբար մեր մյուս գնացքին հասցնելու համար, որի տոմսը արդեն գնված էր, պետք է գնացքի մի կայարանից մյուսը գնայինք և այն էլ մեծ արագությամբ։ Այդպես էլ արեցինք։ Մեզ այդ ընթացքում օգնեց մի սլովակ երիտասարդ, և մենք միասին գիշերվա կեսին գնացքի կայարանից մեր ճամպրուկներով վազեցինք դեպի ավտոբուսը, որը մեզ պետք է հասցներ գնացքի մյուս կայարանը։ Այստեղ պետք է նաև նշել, որ մեր սլովակ ընկերը հայ կոլեգա ուներ, այս փաստը մեզ ընդհանուր թեմա տվեց խոսելու և քննարկելու։ Վերջապես հասանք Տռնավա տանող գնացքին։ Ապահովության համար մի քանի անգամ ստուգեցինք և հավաստիացանք, որ այն հենց մեր գնացքն է, որից հետո տեղավորվեցինք և հանգիստ շունչ քաշեցինք։ Այս գնացքում սովորեցինք մեր առաջին սլովակերեն արտահայտությունը՝ «տու տու արաբատու», որը նշանակում էր «ճամպրուկները բարձրացրեք վերև»։

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Մոտ մեկ ժամ հետո արդեն Տռնավայում էինք։ Այս քաղաքում մենք պետք է մնայինք մեկ գիշեր, որից հետո պետք է շարունակեյինք մեր ճամփորդությունը, որը կարծես մի ամբողջ հավերժություն էր տևելու։ Տեղավորվեցինք հոսթելում և վայելեցինք այդքան սպասված հանգիստը։

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Առավոտյան շուտ արթնացանք ու որոշեցինք շրջել քաղաքով, քանի որ այն շատ գեղեցիկ ու հետաքրքիր էր։ Բազմաթիվ լուսանկարներ անելուց ու մի լավ շրջակայքը ուսումնասիրելուց հետո, նորից ուղևորվեցինք դեպի գնացքի կայարան՝ Պոպրադ հասնելու համար։ Գնացք նստելուց հետո ստիպված էինք մոտ 10 վագոն անցնել` մեր տեղերը գտնելու համար։ Այն բոլորովին էլ հիասթափեցնող չէր։ Մեզ հատկացված էր կուպե, որտեղ հարմարավետ տեղավորվեցինք ու սկսեցինք վայելել պատուհանից բացվող գեղեցիկ տեսարանները։ Գնացքը անցնում էր գեղեցիկ դեղին ծաղիկներով լեցուն դաշտերով ու տեղ-տեղ դրանք ընդհատող սարերով։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Մեր հավատն էլ չէր գալիս, բայց հասանք Պոպրադ։ Գնացքի կայարանում հանդիպեցինք մյուս մասնակիցներին։ Նրանցից մի քանիսին արդեն գիտեինք նախորդ ծրագրերից։ Միասին ավտոբուսով ուղևորվեցինք դեպի մեր վերջին կայարանը` Ստառա Լեսնա, որտեղ առաջիկա շաբաթում պետք է մնանք։ Այն տեղակայված է սարերի մեջ, հետևաբար, երբ հասանք այնտեղ, մեր արդեն մեծ խմբով ոտքով փորձում էինք գտնել հյուրանոցը։ Վերջապես կազմակերպիչները եկան մեզ տանելու, ու մենք հասանք այդքան բաղձալի հյուրանոցը։

Եվ այսպես, այս երկար, արկածներով լի ու զվարճալի ճամփորդությունը ավարտվեց, ու մենք վերջապես հնարավորություն ունենք հանգստանալու և առավոտյան թարմ ուժերով սկսելու դասընթացը։