PicsArt. հայացք ներսից

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Այս շաբաթ առիթ ունեցա հյուրընկալվել հայաստանյան ամենահաջողակ կազմակերպություններից մեկում՝ PicsArt-ում: Շատերս ենք լսել նրանց մասին, բայց թե ովքեր են նրանք և ինչով և ինչու են դարձել լավագույնը, քչերը գիտեն, առավել ևս նրանք, ովքեր այսօր փորձում են գտնել իրենց տեղը մասնագիտությունների շուկայում: Այս և շատ այլ հարցերի շուրջ զրուցել եմ Մշակույթի և հաղորդակցման թիմի անդամ` Վարդուհի Ջանոյանի հետ։

-Ի՞նչ առավելություններ ունի հավելվածը այլ լուսանկարների խմբագրությամբ զբաղվող հավելվածների նկատմամբ։

-PicsArt-ը բացի այն, որ լուսանկարների խմբագրությամբ զբաղվող հավելված է, այն միաժամանակ հանդիսանում է նաև սոցիալական ցանց։ PicsArt-ը երկուսը մեկում հարթակ է, որտեղ մարդիկ կարող են լուսանկարներ ստեղծել և կիսվել իրենց մտքերով այլ օգտատերերի հետ։ Հավելվածը անվճար է, չնայած նրան, որ մենք վճարովի ֆունկցիաներ էլ ունենք, գործիքների գերակշիռ մասը անվճար են։ Եթե համեմատենք այլ ծրագրերի հետ, օրինակ՝ Photoshop, ապա PicsArt-ում որևէ լրացուցիչ գիտելիքներ հարկավոր չեն, որովհետև գործիքները պարզ և հասանելի են բոլորի համար։ Այժմ PicsArt-ում հնարավոր է դարձել նաև վիդեոների խմբագրությունը, որը նորից փոխարինում է այլ պրոֆեսիոնալ ծրագրերին, օրինակ՝ «After Effect»-ին, որով խմբագրելու համար օգտատերը պետք է անպայման տիրապետի ծրագրին։

Մենք շատ ուրիշ առավելություններ էլ ունենք, օրինակ՝ «Free to edit» ֆունկցիան, որով դու հնարավորություն ես տալիս այլ օգտատերերին խմբագրել քո լուսանկարը։ Հետաքրքիր է տեսնել թե ինչպե՞ս է աշխարհի մյուս ծայրում ապրող մեկ ուրիշ օգտատեր իր պատկերացմամբ խմբագրում քո լուսանկարը։ Եվ հնարավոր է, որ դա շատ ավելի լավը լինի, քան այն, ինչ դու էիր պատկերացնում։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Շուկայում, ո՞ր հավելվածներն են հանդիսանում PicsArt-ի գլխավոր մրցակիցներ։

-Որպես այդպիսին մենք մեզ ոչ մեկին մրցակից չենք համարում։ Որովհետև չկա այնպիսի հավելված, որը նույն գործառույթներն է կատարում, ինչ-որ մենք։ Բայց եթե շատ կոպիտ համեմատություն անենք, ապա շատերը մեզ Instagram-ի հետ են համեմատում, որը նույնպես լուսանկարներ խմբագրելու հնարավորություն ունի։ Սակայն այստեղ ավելի շատ գերակշռում է սոցիալական ցանցը։ PicsArt-ում այս երկու հարթակները համարժեք են բաշխված, և բացի այդ, մեզ մոտ գործիքները շատ ավելի շատ են, իսկ հնարավորությունները` ավելի լայն։ Այդ իսկ պատճառով մենք այդքան էլ Instagram-ը մրցակից հավելված չենք համարում։ Բայց իհարկե կան նմանություններ, որ մեր օգտատերերը կարող են համեմատել։ Կան մի շարք նկարների edit (խմբագրել) անող հավելվածներ, որոնց նույնպես անմիջական մրցակից չի կարելի դիտարկել, քանի որ նրանք էլ որպես սոցիալական ցանց հանդես չեն գալիս։

-Ինչքա՞ն ժամանակ է, որ գործում է կազմակերպությունը, աշխատանքային գործունեության ընթացքում ի՞նչ կարևոր ձեռքբերումներ են գրանցվել։

-Կազմակերպությունը հիմնադրվել է 2011թ-ին։ Մեծ sticker-ների փաթեթ ունենք, որտեղ օգտատերերը հնարավորություն ունեն ինքնուրույն նոր sticker-ներ ստեղծել։ Այժմ այդ փաթեթում մոտ 50մլն sticker-ներ ունենք, սա նույնպես մեծ ձեռքբերում էր մեզ համար։ Ամեն տարի փորձում ենք նոր փոփոխություններ մտցնել հավելվածի մեջ։ Եվ յուրաքանչյուր հաջողված պրոյեկտ, մեր օգտատերերի կողմից յուրաքանչյուր դրական արձագանք մեզ համար շատ կարևոր է։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Նշեցիք, որ վճարովի ֆունկցիաներ էլ կան հավելվածում, ինչքանո՞վ են դրանք հասանելի, և ո՞րն է ամենաթանկ ֆունկցիան։

-Ինչպես արդեն նշեցի, վճարովի ֆունկցիաները գերակշռող մաս չեն կազմում, շատ ավելի շատ են անվճար գործիքները, sticker-ները, effect-ները։ Բացի այդ վճարովի ֆունկցիաները պարբերաբար անվճար են դառնում։ Երբ նոր գործիք, sticker կամ effect է ավելանում, որոշ ժամանակ վճարովի լինելուց հետո հասանելի է դառնում բոլոր օգտատերերի համար։ Կա նաև մեկ այլ տարբերակ, երբ տվյալ ֆունկցիան ինչ-որ ժամանակահատվածի ընթացքում է անվճար դառնում։ Իսկ ինչ վերաբերում է ամենաթանկ ֆունկցիային, կոնկրետ նշել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ գումարային շեմը շատ ցածր է։ Օրինակ` եթե մեկ ամսվա կտրվածքով վերցնենք subscription-ը (բաժանորդագրությունը), որը հնարավորություն է տալիս դառնալ GOLD, ապա այն կազմում է 4-5$, իսկ ամբողջ տարվա կտրվածքով՝ 40$։ GOLD օգտատերի համար բոլոր գործիքները հասանելի են դառնում։

-Քանի՞ օգտատեր ունի այժմ PicsArt-ը։ Ի՞նչ տոկոս են կազմում ակտիվ օգտատերերը, և ինչպիսի՞ն է հավելվածի վարկանիշը։ Այսինքն ինչքանո՞վ է օգտատերերին բավարարում ծրագիրը։

-Այժմ մենք ունենք 500մլն download, որի մեջ մտնում են բոլոր այն մարդիկ, ովքեր որոշ ժամանակով ներբեռնել են հավելվածը և 130մլն ակտիվ օգտատերեր։ Ակտիվ են համարվում այն օգտատերերը, ովքեր նկարները խմբագրելուց հետո, դրանք պահպանում կամ որևէ սոցիալական ցանցում հրապարակում են։ Օգտատերերի կողմից դրական արձագանքները իհարկե ավելի շատ են։ App-ը միտված է ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հնարավորություն ընձեռնել ստեղծագործել, նկարների և վիդեոների խմբագրության միջոցով արտահայտել սեփական գաղափարները։ Մենք հաճախ ենք մեր օգտատերերի կողմից իրենց կյանքի մասին իրական պատմություններ ստանում նամակների տեսքով։ Եվ այդ պատմությունները փաստում են, որ PicsArt-ը իր առաջնային և ամենակարևոր գաղափարի իրագործմանն է ծառայում, դա է ՝ փոխել մարդկանց կյանքերը դեպի լավը։

Բացասական արձագանքներ հիմնականում գրանցվելու ժամանակ հավելվածի պայմաններին չծանոթանալու արդյունքում են լինում, բայց դրանք հեշտությամբ հարթվում են։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Քանի՞ ուղղությամբ է կարգավորվում հավելվածի աշխատանքը։ Եվ ի՞նչ թիմեր են աշխատում այդ ուղղություններով։ 

-Մեզ մոտ գործում է «մատրիցայի» կառուցվածքը։ Այսինքն մենք ունենք հորիզոնական և ուղղահայաց թիմեր միաժամանակ։ Մասնագիտական թիմեր՝ ծրագրավորողներ, դիզայներներ, QA-ներ (ծրագրային որակի ապահովմամբ զբաղվող մասնագետներ), անալիտիկներ և այլն։ Յուրաքանչյուր մասնագիտական ուղղվածություն ունի իր թիմը և իր տեխնիկական ղեկավարը։ Բայց մասնագետները բաժանված են նաև ըստ App-ի (հավելված) բաժինների։ Այսինքն եթե ունենք օրինակ՝ Editor բաժին, ապա գոյություն ունի առանձին թիմ, որը աշխատում է միայն այդ բաժնի վրա։ Եվ այդ թիմում կան բոլոր անհրաժեշտ մասնագետները։ Հիմնականում թիմերը բաժանված են հենց ըստ App-ի գործիքների։ Եվ իհարկե, յուրաքանչյուր թիմ գաղափարական աշխատանք է կատարում, փորձելով ոչ միայն հավելվածին տեխնիկական լավ տեսք տալ, այլ նաև այն լցնել նոր և հետաքրքիր հնարավորություններով։ Բացի Հայաստանից PicsArt-ը մասնաճյուղեր ունի նաև՝ Սան Ֆրանցիսկոյում, Չինաստանում, Մոսկվայում։ Սրանք թիմեր են, որոնք զբաղվում են մարկետինգով, Մոսկվայի թիմը օրինակ, զբաղվում է արհեստական բանականությամբ։ Իսկ ամբողջ տեխնիկական և մնացած աշխատանքները կազմակերպվում են հենց Հայաստանում։

-Բոլոր գործընթացները սեփական ռեսուրսներո՞վ եք իրականացնում, թե՞ այլ կազմակերպությունների ծառայություններից և պատրաստի ռեսուրսներից էլ եք օգտվում։

-Ունենք պայմանագրային աշխատակիցներ, ովքեր կարող են այլ երկրներից էլ լինել։ Օրինակ՝ քանի որ մեր App-ը ավելի քան 30 լեզվով թարգմանվում է, և այժմ աշխատում ենք նաև հայերենի վրա, մենք թարգմանիչների ծառայություններից ենք օգտվում։ Օգտվում ենք նաև Freelancer-ների ծառայություններից, հաճախ այն տեղանքը, որի համար հավելվածը ցանկանում ենք ներդնել, ավելի լավ պատկերացնելու համար։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Ո՞ր հարթակներում է հասանելի App-ը։

-App-ը հասանելի է երեք հարթակներում՝ Android, IOS, Windows: Windows10-ում հավելվածը հասանելի է նաև համակարգիչների համար։ Իհարկե յուրաքանչյուր հարթակում հավելվածը թե՛ Interface-ը, թե՛ գործիքները տարբեր են, բայց ընդհանուր գաղափարը և գործառույթները նույնն են։

-Չարամիտների կողմից հաճախ ե՞ն հարձակումներ լինում։ Եթե այո, ո՞րն է վերջին խոշոր հարձակումը, օգտատերերը դրանից տուժե՞լ են, թե՞ ոչ։ Ի՞նչ չափերի վնաս եք կրել, ինչպե՞ս եք հաղթահարել։

-Նման հավելվածը իհարկե չի կարող հարձակումների չենթարկվել։ Հավելվածի ապահովությունը ամենօրյա աշխատանք է, և մենք փորձում ենք պատշաճ կերպով այն իրականացնել։ Կոնկրետ օրինակներ չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ հարձակումների ժամանակ օգտատերերի ապահովությունը մաքսիմալ է։

-Հե՞շտ է արդյոք լավ կադրեր գտնելը, ինչպե՞ս եք այդ գործընթացը կազմակերպում։

-Կադրերը իրականում, հատկապես IТ ոլորտում, բավականին շատ են։ Դժվարությունը ավելի շուտ կայանում է նրանում, թե ինչ մասնագիտացմամբ մարդիկ ենք փնտրում։ Օրինակ, վերջերս մենք նկատել ենք, որ Հայաստանում System Administration-ի համար նախատեսված կրթություն չունենք։ Եվ մենք փորձում ենք ինքներս այդ կրթությունը տալ և System Admin-ներ վերապատրաստել։ Վերջերս մեր կազմակերպած անվճար դասընթացների արդյունքում ունեցանք 6 մասնակից, ովքեր միացան մեր թիմին։ Մենք փորձում ենք կրթական ծրագրերի օգնությամբ նպաստել Հայաստանում IT-ի ոլորտի զարգացմանը և հայաստանյան աշխատաշուկան լցնել լավ մասնագետներով։ Համագործակցում ենք նաև Code Academy-ի հետ՝ առաջարկելով PicsArt-ում պրակտիկայի հնարավորություն։

-Ո՞րն է PicsArt-ում աշխատելու առավելությունը, ինչո՞ւ պետք է ապագա ծրագրավորողները իրենց աշխատանքային հեռանկարները հենց այստեղ տեսնեն։

-PicsArt-ը ոչ ստանդարտ աշխատելաոճի կրող կազմակերպություն է։ Այն իր աշխատակիցներին տալիս է գաղափարական ազատություն` թույլ տալով ազատ ստեղծագործել։ Մեզ համար կարևոր չէ քանի ժամ դու նստեցիր քո աշխատանքային սեղանի շուրջ, կարևորը վերջնական արդյունքն է։ Դրա մասին փաստում են ոչ միայն մեր հանգստի զոնաները, որտեղ աշխատակիցները կարող են շփվել, սեղանի խաղեր խաղալ, հանգստանալ, այլ նաև մի շարք միջոցառումները՝ հանգիստը ավելի լավ կազմակերպելու համար։ Օրինակ՝ այստեղ մերսման հնարավորություն ունենք, յոգայի դասընթացներ և առողջ ապրելակերպին նպաստող մի շարք այլ միջոցառումներ ենք կազմակերպում։ Մենք շատ ենք կարևորում մեր աշխատակիցների աճը որպես մասնագետներ։ Դրա համար կրթական ծրագրեր ենք իրականացնում նաև կազմակեպության ներսում։ Անգլերենի, չինարենի, ծրագրավորման դասընթացներ ունենք։ Եթե դու PicsArt-ում ես, դու համընթաց ես շարժվում աշխարհի և միջազգային տրենդների հետ։

-Ներկայումս քանի՞ հոգանոց թիմ է աշխատում PicsArt-ում։ Թիմում տղանե՞րն են գերազանցում, թե՞ աղջիկները:

-Այժմ ունենք մոտ 400 աշխատակից։ Թիմում տղաների և աղջիկների քանակը գրեթե հավասար է։ Այս առումով PicsArt-ը կոտրում է այն կարծրատիպը, որ ծրագրավորմամբ հիմնականում պետք է տղաները զբաղվեն։ Մեր ծրագրավորողների թիմի և տեխնիկական ղեկավարների մի մասը նույնպես աղջիկներ են։

-Ի՞նչ գիտելիքներ և հմտություններ, soft skils-ներ են անհրաժեշտ PicsArt-ում աշխատելու համար։

-Աշխատանքի ընդունելիս նախ և առաջ ուշադրություն ենք դարձնում մարդկանց որպես անհատներ։ Շատ կարևոր է, որ մեր աշխատակիցը լինի ակտիվ, ճկուն, շփվող, որ կարողանա արագ ինտեգրվել թիմին։ Մեր աշխատակիցների մեծամասնությունը երիտասարդներ են և նրանցից շատերը աշխատանքային փորձ չունեին մեր թիմին միանալուց առաջ։ Մենք երիտասարդներին հնարավորություն ենք ընձեռում աշխատել և աճել որպես մասնագետներ մեզ մոտ։ Եվ մասնագիտական հմտություններից առավել գնահատում ենք սովորելու ցանկությունը։