arxiv

Եկեք հարևաններ դառնանք. մաս 2

Չգիտեմ` ով ինչպես, բայց մենք հարևանություն անել շատ ենք սիրում: Նույնիսկ ժողովրդական ասացվածք ունենք. «Լավ հարևանը հեռու ազգականից լավ է»: Լավն, իհարկե, լավն է, բայց քանի դեռ չի փորձում դառնալ ընտանիքի անդամ: Էհ, ի՞նչ եմ ասում… Ախր, հայկական ընտանիքը մեծ է, համարյա ողջ շենքը: Բակում են անցնում շատերի կյանքի տարիները: Հա, մոռացա, բա մեր տների բարակ պատե՞րը: Նույնիսկ հարևանի` անկողնում շուռումուռ գալն է լսվում, էլ չասեմ զրույցների մասին: Տան մուտքով բարձրանալիս անսխալ կարող են կռահել, թե ով ինչ ճաշ է եփել, կամ… Ավելի լավ է կարդանք:

Չեմ սիրում գլուխգովաններին

Իմ չսիրած հարևանը մեր շենքի չորրորդ մուտքի հինգերորդ հարկի աջ թևում ապրող Կորյունն է` կոլոտ, թույլիկ, գլուխգովան, իր մասին մեծ կարծիքի ու թիթիզ: Մեսրոպ Մաշտոցի հետ կապ չունեցող Կորյունը ամբողջ օրը բակում ֆուտբոլ է խաղում: Ինքը խաղալ չգիտի, բայց իրեն դնում է Ռոնալդինյոյի տեղը:

-Շավո՛, դուրս արի «զամեն», Գուրգենչի՛կ, մտի՛ խաղա:

Հենց որ մեկն իրեն չի լսում, կռվում է, ծեծվում, գնում 13 տարեկան իր պես թույլիկ եղբորը «խաբար» տալիս:

Մի օր նա խաղալիք հրացան էր գնել, որը կրակում էր պլաստմասե գնդիկներով, ու շատ ցավոտ էր: Որոշեց մեզ վրա փորձարկել: Ես, Գևորգը և Մշկոն փրկվեցինք, որովհետև Կորյունը նշան բռնել չգիտեր:

Թորոս Իսկուդարյան, 13 տ.

  Կերպարանափոխվածը

Մեր հարևանը հաղթանդամ և գեր մարդ է: Ունի ընտանիք, վեց տարեկան աղջկա հայր է: Ես միշտ նրան տեսնելուց բարևում եմ:

-Բարև ձեզ,- ասում եմ ես:

-Բարև, Իննա ջան, ո՞նց ես:

-Լավ եմ, դուք ինչպե՞ս եք:

-Մերսի, դասի՞ց ես գալիս:

-Այո:

Սակայն մի բան դուրս չի գալիս: Երեկոները երբեմն նրանց տանից լսվում են գոռգոռոցներ: Գիշերն էլ երաժշտություն են միացնում, այնքան բարձր, կարծես թե մեզ մոտ է միացված:

Մի անգամ, երբ ես տուն էի վերադառնում դպրոցից, տեսա ութերորդ հարկի պատուհանից թափվող կահույքի կոտրված մասնիկներ: Տանը մայրիկս պատմեց ինձ, որ մեր հարևանը խմել է և որոշել իր ամբողջ կահույքը պատուհանից դուրս թափել:

-Մի գցիր սառնարանը: Ուրիշի ավտոմեքենան կփշրես: Ութերորդ հարկում ենք, չէ՞…,- լսում էի ես հարևանների գոռգոռոցները:

Ճիշտ է, սառնարանը նա դուրս չգցեց, բայց չէր դադարում գոռալ և հայհոյել:

Իննա Ազնաուրյան, 12 տ.

Գիտեք հե՞շտ է այդքանը հիշելը

Մեր տնից երկու տուն այն կողմ ապրում են երկու տատիկ, որոնք ամեն օր դուրս են գալիս բակ, տեղավորվում նստարանին ու սկսում զրուցել.

-Լսի, տեսա՞ր Ֆրանցիսկոն ինչ արեց Վալերիային:

-Հա, բաժանվեցին:

-Լսի, բա Մարսիան էդ ի՞նչ էր անում:

Բայց դա ինձ այնքան էլ չի զայրացնում, որովհետև հասկանում եմ` մեծ կանայք են, զբաղմունք չունեն, սերիալ են նայում ու բամբասում: Ինձ զայրացնում է այն, որ նրանք ամեն մի անցորդի սկսում են հարցեր տալ, այսպես ասած` փորձում են իմանալ նրանց կենսագրությունը, բայց անցորդներն այնքան շատ են լինում, որ ամեն օր նույն մարդկանց նույն հարցերն են տալիս ու մի քանի ամսվա ընթացքում միայն հիշում, թե ով ով է, ում երեխան է, ինչով է զբաղվում:

Մի օր ես անցնում էի փողոցով:

-Վայ, դու էդ ո՞ւմ աղջիկն ես,- հարցրեց Փառանձեմ տատիկը:

-Էն Ալբերտի աղջիկը չե՞ս,- վրա բերեց Մարետ տատը:

-Չէ, ես Գևորգի աղջիկն եմ:

-Բա ի՞նչ ես անում, դպրոց գնո՞ւմ ես:

-Հա:

-Յոթերո՞րդ դասարան ես:

-Չէ, իններորդ:

-Մեծ աղջիկ ես, էդ ե՞րբ էդքան մեծացար, չնկատեցինք:

Եվ ամեն օր, առանց չափազանցության, նույն հարցերն էին տալիս: Միայն քանի ամիս անց այդքանը մտապահելուց հետո սկսեցին ուրիշ հարցեր տալ:

Լուսինե Սարիբեկյան, 13 տ.

Ինչ նեղություն

Սիրուշ տատիկ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Ամեն օր կգա ու կասի.

-Հարսս գնաց ու մնաց, տղես ոնց որ պոչավոր էշ լինի, թոռս Աստծու գեշն ա…

Զզվել եմ արդեն: Ամեն Աստծո օր գալիս է մեր տուն, հեռուստացույց դիտում: Օրեկան վեց ժամ մեր տանն է: Իր ասելով` հարսը գնում է, հեռուստացույցն անջատում, ինքն էլ մթան մեջ բան չի հասկանում տեխնիկայից, որ միացնի: Մայրիկս ասում է.

-Գանք, ձևը ցույց տանք:

-Չէ, չէ, պետք չի նեղություն քաշել, էստեղ կնայեմ:

Մի ժամանակ գոնե լավ էր` չորս ժամով էր գալիս, շաբաթ, կիրակի օրերին էլ չէր գալիս: Հիմա սերիալներն ավելացել են, մի բան էլ` շաբաթ, կիրակի են երկու սերիալը ցույց տալիս: Բայց ասեմ, որ արդեն երկու ամիս է` մեր տան գլուխը հանգստացել է: Սիրուշ տատը մեկնել է Սիսիան` իրենց գյուղ: Գոնե այնտեղ այնպես հարմարվեր, որ չցանկանար այլևս Երևան վերադառնալ:

Քրիստինե Սարգսյան, 13 տ.

2007 թվական