Մեդիա Ճամբար. Օր առաջին

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

«Մանանա» կենտրոնը Սերբիայի Մեդիա կրթության կենտրոնի հետ համատեղ  հուլիսի 15-23-ը նախաձեռնել է Մեդիա Ճամբար։ Ճամբարը կազմակերպվում է “Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով” ծրագրի շրջանակներում, որը ֆինանասավորվում է Եվրոպական Միության կողմից։ Ճամբարի ընթացքում հայ և սերբ երիտասարդները հնարավորություն կունենան աշխատելու միասին ֆիլմերի, ֆոտոպատմությունների եւ հոդվածների վրա, կիսվելու գաղափարներով և մտքերով: Այսօր ճամբարի առաջին օրն էր, ու թեև մեր սերբ ընկերները դեռևս չեն միացել մեզ, բայց,  մեր՝ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի www. 17.am կայքի թղթակիցներիս շրջանում արդեն սկսվել են ակտիվ քննարկումները, ստեղծագործական գաղափարներն ու բանավեճերը: 

Ու մինչ  ճամբարում ստեղծագործական մթնոլորտ էր, որոշեցինք կիսվել մեր առաջին տպավորություններով: Եվ այսպես, օր առաջին, լիքը տպավորություններ ու… 

-Սկսել եմ համագործակցել «Մանանայի» հետ 2014 թվականից, երբ Վայոց Ձորի մարզի այն պատանիների հետ, ովքեր ուզում էին դառնալ պատանի թղթակից, անց էին կացվում  մեդիա-դասընթացներ: Այդ ժամանակվանից մինչ այսօր թղթակից եմ: Հիմնականում գրում եմ, ֆոտոներ էլ եմ անում, բայց այդքան էլ չի ստացվում, ավելի նախընտրում եմ գրելը: Մեծ սպասելիքներով եկել եմ մեդիա ճամբար, այս ստեղծագործական կոլորիտը շատ կարևոր է, երբ ուզում ես ստեղծագոծել, կապ չունի՝ գրել, թե ֆոտո անել: Ուզում եմ շատ գրել և գրելու եմ:

Լուսինե Կարապետյան, Վայք

 

-Սիրում եմ լուսանկարել, պատանի թղթակից եմ արդեն երկու տարի: Սկզբում ֆոտոն հոբի էր, բայց հիմա ուզում եմ զբաղվել պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ: Սպասելիքներս են այս ճամբարից՝ հնարավորություն ստանալ խորացնել գիտելիքներս ֆոտոյի, կինոյի, ժուռնալիստիկայի ոլորտներում: Ավելի շատ ուզում եմ մասնագիտանալ ֆոտոյի մեջ և, իհարկե, կինոյի:

Հռիփսիմե Եղիազարյան, Հրազդան

 

-«Մանանայի» հետ սկսել եմ համագործակցել մոտ 2-3 տարի առաջ: Գրել եմ մի քանի հոդվածներ, որոնք տպագրվել են «Խաբարբզիկում»: Նկարել ենք մի քանի ֆիլմեր, դրանցից մեկը՝ «Դեպի փոփոխություններ» ֆիլմը «Ես եմ» միջազգային կինոփառատոնում դարձել է մրցնակակիր: Այսօր ճամբարի առաջին օրն էր, շատ հետաքրքիր անցավ: Ակնկալում եմ նոր գիտելիքներ ձեռք բերել՝ հատկապես կինոյի բնագավառում:

Սամվել Մքոյան, Վանաձոր 

 

-Ավելի շատ սիրում եմ ժուռնալիստիկա, քան ֆոտո, կամ կինո: Այսօր առաջին օրն էր մեդիա ճամբարի, և ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Մեջս ինչ-որ քնած գաղափարներ կային, որոնք մեծ թափ առան, ընդլայնվեց մտահորիզոնս: Ավելի շատ ուզում եմ գրել, խորանալ ժուռնալիստիկայի մեջ: Ուզում եմ գրել զինվորական գործերի, երիտասարդների բանակ գնալու և հայրենիքը պաշտպանելու գործի, զինվորների հոգեկան վիճակի մասին:

Մանե Սարգսյան, Ճամբարակ

 

-Ես արդեն 2 տարի է թղթակցում եմ www.17.am կայքին: Այս ճամբարի ընթացքում ուզում եմ հասցնել այն ամենը, ինչ կա օրակարգում, ուզում եմ ընդգրկվել բոլոր աշխատանքներում, որպեսզի ավելի խորացնեմ գիտելիքներս: Ուզում եմ ճամբարից միայն լավ հիշողություններ մնան, և հուսով եմ սերբերի հետ կունենանք հետաքրքիր մշակութային փոխանակություն:

Վարսեր Զաքարյան, Իջևան

 

-Ակնկալում եմ ստեղծագործական եռանդուն կյանք, կրեատիվ օրեր, հետաքրքիր դասընթացներ, հետաքրքիր ֆիլմեր: Շատ ուրախ եմ, որ համագործակցում ենք սերբերի հետ: Շատ եմ կարևորում ճամբարի թեման, շատ կարևոր է ազատությունը: Ինքնաարտահայտման ազատությունը Հայաստանում շատ արդիական թեմա է, ուզում եմ այն լայն մասշտաբ ստանա, որ երիտասարդները չվախենան արտահայտվել, քանի որ դրանից է կախված մեր երկրի ապագան: Ուզում եմ շատ ֆոտոնախագծեր անենք, սոցիալական թեմաներով ֆիլմեր նկարենք:

Լիլի Նալբանդյան, Գյումրի 

Հիշում եմ, թե ինչպես քեռուս գլխին վերևից մի մեծ քար ընկավ

Բազմաթիվ չարչարանքների ու տանջանքների միջով անցած 65-ամյա Նինա Խաչատուրյանը, հիշելով իր անցյալի մասին, տխրում է: Նրա պատմածները վերաբերում են 80-ականների վերջին, երբ Բաքվում ադրբեջանցիները բռնի ուժով հայերին դուրս էին հանում իրենց տներից: Տիկին Նինան պատմում է. «Մենք, որ Բաքվից փախանք, մայրիկիս իմ երեխաներին և եղբորս երեխաներին մի թալինցի «շաֆյոռ» տարավ Թալին: Երեք ամիս մնացել ենք այդտեղ: Ռուսական դպրոց չլինելու պատճառով հետո ման ենք եկել  Արարատում, ռուսական դպրոց ենք գտել ու տեղափոխվել Արարատ գյուղ, արդեն այստեղ ապրեցինք երկու տարի: Արարատ գյուղում ապրելիս  մենք տուն ստացանք Զոդում և հիմա ապրում ենք այստեղ: Այն ժամանակ, երբ բնակվում էինք Բաքվում, ամուսինս աշխատում էր վարսահարդար, իսկ ես մինչև ամուսնանալս աշխատում էի նավթային մեքենաշինական ինստիտուտում,  երեխաներիս ծնվելուց հետո չեմ աշխատել»: 

Իսկ Բաքվից տեղահանման մասին պատմելիս ասում է. «Մենք նույնիսկ չենք լսել դրա մասին,  ինքներս ենք ականատես եղել այդ ամենին: Ադրբեջանցիները մարդկանց դաժանաբար սպանում էին: Հիշում եմ, թե ինչպես իմ քեռու գլխին վերևից մի մեծ քար գցեցին կամ ինչպես իմ խնամու տղան հասցրեց տաքսիով փախչել: Այդ ամենից հետո ինձ համար շատ դժվար եղավ նորից նոր կյանք սկսել: Կարդացողը կարող է հավատալ, կարող է՝ և ոչ»:

Բոլոր հարցերիս պատասխանելուց հետո նա ընկավ հիշողությունների գիրկը: Չցանկացա շարունակել իմ հարցերը, քանի որ տիկին Նինային ցավ էինք պատճառում:

Բարի երթ

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը բոլոր տասներկուերորդցիների համար: Մենք նույնպես հուզված ենք, չէ որ այսօր Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը ևս  ունի շրջանավարտներ:

Ռիմա Պետրոսյան, Գեւորգ Մարգարյան, Լիլի Նալբանդյան, Լեյլի Թադեւոսյան, Արմենուհի Ունուսյան, Վահագն Հովհաննիսյան, Էլմիրա Հովհաննիսյան, Մարիամ Ներկարարյան, Շուշանիկ Հարությունյան, Նաիրա Մարկոսյան, Տաթեւիկ Թադեւոսյան, Լիլիթ Բալաբեկյան, Թագուհի Վարդանյան, Սիլվա Խանսանամյան, Անի Կարապետյան, Մերի Սարգսյան, Մանե Սարգսյան Ա., Մարիաննա Գեւորգյան, Տաթեւիկ Խաչատրյան, Սյուզաննա Խառատյան, Սիրուշ Մկրտչյան, Սվետա Սարգսյան, Լիլիթ Սարգսյան, Գոհար Մարտիրոսյան, Նարե Դավթյան, Լիլիթ Ավանեսյան, Լուսինե Համբարձումյան, Մանե Թումանյան, Աստղիկ Իսրայելյան, Աիդա Մովսիսյան, Հասմիկ Հակոբյան, Մարտին Մովսիսյան, Վարդուհի Լեւոնյան, Սուսաննա Մարդումյան, Լիանա Ծովանյան, Էլիզաբեթ Խուդավերդյան, Սոնա Ղեւոնդյան, Լիանա Դավթյան, Տիգրան Չիբուխչյան, Սուսաննա Գալստյան, Նառա Սոլոյան, Վիրաբ Հայրապետյան, Թերեզա Հայրապետյան, Մոնիկա Բարսեղյան, Աննա Այվազյան, Սոնա Նալբանդյան, Վերոնիկա Հովսեփյան, Լիլիթ Մանուկյան, Նարե Դալլաքյան, Լենա Մանուսարյան, Ալիկ Գրիգորյան, Էմմանուել Մկրտումյան, Սամվել Մքոյան, Դիանա Ղազարյան, Արփինե Աղավելյան, Սյուզաննա Քոսյան, Անի Ավագյան

Շնորհավորում ենք, սիրելիներ: Մենք հավատում ենք, դուք այն սերունդն եք, որը գալիս է լի եռանդով ու լավատեսությամբ, նոր փոփոխությունների վճռականությամբ:  Սա առաջին քննություն է այդ ճանապարհին, որը համոզված ենք,  հաջողությամբ կհաղթահարեք: Հավատացեք ինքներդ ձեզ, հավատացեք ձեր ուժերին և հավատացեք այն առաքելությանը, որ դրել եք ձեր առաջ: Բարի երթ:

Զոդի փոշին

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Ես  ապրում եմ Զոդի  բանավանում: Մի փոքրիկ տարածք, որտեղ կա երկու գործարան: Դրանք իրենց վատ ազդեցությունն են թողնում մթնոլորտի եւ շրջակա  միջավայրի վրա: Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես կարելի է օրը մի քանի անգամ հագուստ փոխել, կամ տան փոշիները մի քանի անգամ սրբել: Միջավայրին վնասակար այդ օդը վատ է անդրադառնում նաեւ երեխաների վրա, եւ պատահական չէ, որ այստեղ  ապրող մարդիկ հիվանդանում են թոքային եւ սրտային հիվանդություններով: 

Իմ նշած գործարանները՝ Ոսկու կորզման ֆաբրիկան  եւ «Արարատ ցեմենտ»-ն են: Կարծում եմ, որ վերջինում պետք է տեղադրվեն փոշին կլանող սարքեր, որոնց բացակայության պատճառը երևի թե գումար  խնայելն է:

Գուցե խնդիրը այդքան մտահոգող  չլիներ, եթե տարածքը կանաչապատ լիներ: Մենք՝ Արարատ քաղաքի ապագա երիտասարդներս, պետք է  խնամքով եւ հոգատարությամբ վերաբերենք մեր բնակավայրի նկատմամբ, շատ կանաչ այստեղ աճեցնենք,  եւ թույլ չտանք, որ գործարանները վնասեն շրջակա միջավայրը և մեզ:

Իմ գյուղը` Արարատ

Լուսանկարը՝ Սաթենիկ Գալստյանի

Արարատ: Մի բառ, որը ասելիս հասկանում ենք լեռան, մարզի, քաղաքի և գյուղի ամբողջություն: Արարատ մարզում է գտնվում Արարատ կոչվող գյուղը, որը տեղացիներին հայտնի է Դավալու անվամբ: Դավալու անվան մեկնաբանությունը ոմանք կապում են դավի և լի բառերի հետ, բացատրելով, որ այն նշանակում է կռվի, դավի, վեճի վայր։  

Ուսումնասիրություններն ապացուցում են, որ գյուղի բնակիչները պատվասեր և հյուրասեր են եղել ու զենք գործածելու մեջ հմուտ։ Յուրաքանչյուր ընտանիք զենք է ունեցել։ Դա է պատճառը, որ Դավալու գյուղը կանգուն է մնացել, թալանի չի ենթարկվել։ Ոմանք Դավալու անունը բացատրում են, ասելով, թե դավալեցիների սարսափն այնքան է տարածված եղել ավազակ ցեղերի վրա, որ գյուղ մտած ուղտը վախից լու է դարձել։ Գյուղում կա 3 դպրոց, խաչքարեր, հուշահամալիր, Ս. Հակոբ եկեղեցին և Վազգեն Սարգսյանի անվան տուն-թանգարանը: Մեր գյուղը շատ հերոսներ է պարգևել հայ ժողովրդին: Արարատ գյուղում է ծնվել և մեծացել սպարապետ Վազգեն Սարգսյանը, ում անունով էլ այժմ գյուղում տուն-թանգարան կա: Այնտեղ պահվում են  արժանապատիվ հայի  անձնական իրերը, զենքերը, փաստաթղթերը և պարգևները: Գյուղացիները  զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, ինչպես նաև անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

Իմ առօրյան գյուղում անցնում է շատ հետաքրքիր: Թեև մեծահասակները ամբողջ օրը տարված են գործերով, բայց գյուղի աշխուժությունը պահպանում են փոքրերը:

Գյուղի հուշահամալիրի առջև միշտ մարդաշատ է արևոտ օրերին: Պապիկները հավաքվում են  ու կիսվում միմյանց հետ գյուղում տեղի ունեցած իրադարձություններով:  Գյուղում շատ բաներ կան շտկելու և փոփոխելու: Գյուղում կան փողոցներ, որ ոռոգման խնդիր ունեն, ասֆալտապատելու: Սակայն ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում և բոլորիս ջանքերով այս խնդիրները կվերանան:

Լուսանկարը՝ Լիլիթ Բադալյանի

Արարատի երեխաները

Մենք ապրում ենք Զոդում

Լուսանկարը՝Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝Լիլիթ Կարապետյանի

Ես ապրում եմ Արարատի մարզի Զոդ ավանում: Զոդում մարդկանց մեծ  մասը մնացել է առանց աշխատանքի: Շատերը գնացել են արտերկիր աշխատելու, որպեսզի իրենց ընտանիքը պահեն, շատերը տանը նստել են և սպասում են: Իմ հայրը նույնպես արտերկրում է: Ես շատ եմ կարոտում իմ հայրիկին, բայց դա ոչինչ չի փոխում: Նա գալիս է Հայաստան ամենաշատը մեկ ամսով: Ես չեմ հասցնում կարոտս առնել: Հայրիկս աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստանում նա տաքսու վարորդ էր աշխատում, հետո գրասենյակը փակեցին, և նա գնաց արտերկիր աշխատելու: Հայրս արդեն հինգ տարի է գնում-գալիս է, բայց այստեղ աշխատանք չկա, որ աշխատի:

Զոդում չկան ժամանցի վայրեր, չնայած, որ լինեին էլ, վստահ կարող եմ ասել, որ ոչ ոք չէր գնա: Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Որովհետև այդ սրճարանները գումարով են լինելու: Հետևաբար մարդիկ չեն կարողանա գնալ ամեն օր, քանի որ գումար չունեն, իսկ ինչո՞ւ գումար չունեն, որովհետև աշխատանք չկա, իսկ ինչո՞ւ աշխատանք չկա… Այդ հարցին ես անզոր եմ պատասխանել: Ինքս էլ կցանկանայի, որ Զոդում շատ լինեն աշխատատեղերը: Ասեմ ավելին, Զոդում կա մի կիսակառույց դպրոց, որը այդպես էլ չկառուցվեց ու կասկածում եմ, որ երբևէ կկառուցվի: Շենքի հիմքը սխալ է դրված՝ ճահճի վրա: Ու եթե շարունակեն կառուցել, շենքը կփլվի:

Չգիտեմ, այդ անտեսվածության պատճառով է, թե չէ, բայց երբ մայրուղու վրա անգամ ցուցանակ չկա, որ ցույց տա, որ մոտակա բնակավայրը Զոդն է: Հաճախ մարդիկ հարցնում են, թե որտեղ է Զոդը: Մեկ-մեկ մտածում եմ, որ հենց ցուցանակը հայտնվի, Զոդում կյանքը կսկսի փոխվել:

Ուրախ տրամադրություն

Լուսանկարը՝ Մանե Մ. Սարգսյանի

Լուսանկարը՝ Մանե Մ. Սարգսյանի

Ձմեռ էր: Երկնքից հանդարտ, բայց խոշոր փաթիլներով ձյուն էր իջնում: Փողոցում ոչ մի մարդ չէիր տեսնի, միայն մեքենաներն էին դանդաղ երթևեկում:

Դպրոցից բարձր տրամադրությամբ դուրս եկա և սկսեցի դանդաղ քայլել` վայելելով ձմեռային հրաշալի օրը: Սկսեցի սահել սառույցի վրա և հանկարծ վայր ընկա, սակայն դրանից էլ տրամադրությունս չընկավ: Այդպես մի քանի անգամ ընկնելով ու բազմաթիվ վնասվածքներով ստանալով հասա տուն: Տանը մարդ չկար:Հաց կերա, բայց զգացի, որ ի վիճակի չեմ (կամ գուցե չեմ ուզում) դաս անել: Դրեցի ականջակալներս և, տրամադրությունս ավելի բարձրացնելու համար, սկսեցի լսել ուրախ երաժշտություն: Արդեն ժամը հինգն էր, երբ եղբայրս տուն եկավ: Չգիտեմ ինչու էր նա տխուր: Որոշեցի տրամադրությամբս վարակել նրան, սակայն չհաջողվեց: Մտա սենյակ, և տեսնելով գրքերիս շարանը, հիշեցի, որ դաս ունեմ անելու, ավելին ` ռուսերենից անգիր: Սակայն դրանից էլ տրամադրությունս չընկավ: Ես հասկացա. մարդն ինքն է իր օրը դարձնում ուրախ` ուրախանալով նույնիսկ մանրուքի վրա:

Այն ժամանակ մեր տանը

Կեսօր էր: Սենյակից դուրս գալով ու տեսնելով, որ մայրս սեղան է դնում, պահարանից մի քանի գիրք վերցրի ու արագ տնից դուրս փախա:   10 րոպե անց ներսից լսեցի մայրիկիս ձայնը:  

-Մանան, գնա լվացվի ու արի հաց ուտելու:
Չարձագանքեցի: Մայրս, տեսնելով, որ չեմ արձագանքում, հասկացավ, որ դուրսն եմ:
-Էլի: Քանի անգամ եմ ասել, որ գրքերը չի կարելի ճղել, չես ափսոսում:
Բանն այն է , որ սիրում էի գրքեր պատռել (պարտադիր պայման էր, որ գիրքը լիներ հաստ ու քիչ թե շատ պատկերազարդ ), այնուհետև պոկված թերթերը խառնել իրար ու սարքել մի գունդ:  Սարքելուց մի քանի րոպե անց գունդը հայտնվում էր աղբամանում, որովհետև ես չէի սիրում գնդով խաղալ, միայն սիրում էի թերթերը շերտ-շերտ պոկել: Գունդն էլ սարքում էի միայն նրա համար, որ թղթերը աղբամանում մեծ տարածք չզբաղեցնեին ու շատ աչք չզարնեին:
Եվ երբ ես նորից զբաղված էի իմ «սև գործով», մայրս կրկին ինձ բռնացրեց «հանցանքի վայրում»: Ինչպես միշտ, ես ունեի իմ անփոփոխ պատասխանը.
-Մամ, եթե չեք ուզում, որ տան գրքերը ճղեմ, ուրեմն ինձ համար խանութից ուրիշ գրքեր առեք:
-Բալես, ինչքան ուզում ես տետր տամ` ճղի, մենակ էդ գրքերը չէ: Հանկարծ մի օր էլ ախպորդ տետրերը կճղես:
Ու այդ օրը հեռու չէր:  Երեք օրից եկավ այդ չարաբաստիկ օրը, երբ իմ թեթև ձեռքով պակասեցին եղբորս ոչ ավել, ոչ պակաս միանգամից երկու գրքերի մի քանի էջեր:
-Սաղ քո պատճառով եղավ, մենակ քո: Գոնե պոկել պոկել էիր, էդ էջերը ընենց պոկեիր, որ պոկած տեղերը չերևային…
Մինչ շնչակտուր խոսում էր եղբայրս, այդ պահին ներս մտավ մայրս.
-Ի°նչ ա եղել, ինչի° ես գոռում:
-Ինչի եմ գոռում, ինչի եմ գոռում: Աղջիկդ ընենց հավեսով էր պոկել գրքերիս էջերը, որ երբ ուսուցիչը տեսավ, հերիք չի մի լավ ամոթանք տվեց, մի հատ էլ «երկուս» դրեց:
Ու այդ պահին պայուսակից հանեց օրագիրը և մեզ ցույց տվեց իմ շնորհիվ ստացած «երկուսը»:
-Հա, ի°նչ վատ ա, լավ էլ կերած-խմած «երկուս» ա: Էսի ավելի լավ չի՞ , քան ճմրթած «հինգը»,-առանց մտածելու ասացի ես:
Սա բավական էր, որ եղբայրս ափերից դուրս գար, բայց զսպեց իրեն ու դուռը հետևից շրխկացնելով դուրս գնաց:
Մայրս այսքան ժամանակ լուռ լսում էր, և երբ եղբայրս դուրս գնաց, նա մոտեցավ ինձ.
-Տեսա՞ր` ինչ եղավ քո պատճառով: Եթե չես ուզում, որ ջղայնանամ, ուրեմն խոստացիր, որ էլ գիրք չես ճղելու:
-Հա մամ, խոստանում եմ,- մի քիչ նեղված ասացի ես,-բայց գոնե կթողնե՞ք բարակ գրքերը…
Մորս զայրացկոտ հայացքը էլ ինձ չթողեց, որ շարունակեմ:
Այդ օրվանից ես ստիպված եղա վերջ տալ գիրք ճղելու իմ այդքան սիրելի սովորությանը:  Եվ որպեսզի ընտանիքիս ու ինձ համոզեմ, որ էլ գրքեր չեմ ճղում ու չեմ ճղելու, հենց որ պատռված գրքեր էի տեսնում, նրանց աչքի առաջ սկսում էի կպցնել, սակայն այդ «վերանորոգման» ընթացքում ձեռքերս կարծես ինձ չէին ենթարկվում և ուզում էին գոնե մի էջ պակասեցնել այդ գրքից:

Այս դարի մարդ չեմ

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

-Էսօր իմ էջը կմտնես ու կտեսնես, թե քանի ընկեր ունեմ: Ծանոթ-անծանոթ կապ չունի, խոսում ենք ամբողջ օրը, ոչ թե քո նման,- ասում էր դասընկերուհիս:

-Հետաքրքիր է, ի՞նչ եք գտել դրա մեջ: Ամբողջ օրը նստած եք համակարգչի առաջ ու խոսում եք, չե՞ք ձանձրանում: Ավելի լավ չի՞ դրա փոխարեն իրական կյանքում փորձես էդքան ընկեր ունենալ և ոչ թե վիրտուալ: Համաձայն եմ, ինտերնետը շատ լավ բան է նրա համար, որ հնարավորություն ունես շփվել արտերկրում ապրող հարազատներիդ ու ընկերներիդ հետ կամ կարող ես ստանալ ցանկացած քեզ հետաքրքրող տեղեկություն…,- ինձնից գոհ պատասխանում էի ես:

-Ու~ֆ հերիք ա, հա՞,- ընդհատեց նա,- մեկ ա, բան չես հասկանա մինչև ինքդ չփորձես: Ոնց որ էս դարից չլինես:

Լեզվակռիվը կշարունակվեր, թե մեր ճանապարհները չբաժանվեին:

Ի՞նչ է նշանակում՝ էս դարից չես: Չեմ հասկանում, էս դարից լինել կամ չլինելը որոշվում է նրանով,  թե քանի ընկեր ունես վիրտուալ կյանքում կամ կաս ինտերնետում թե ո՞չ: Չէ, ես պառավ տատիկ չեմ, որ ամեն ինչից բողոքում եմ, ուղղակի ինձ համար ավելի հետաքրքիր է ինտերնետով հետևել լուրերին և փնտրել ինձ հետաքրքրող տեղեկությունը… Այսպես ինքս ինձ համոզելով ու կռվելով հասա տուն: Առանց անգամ վերարկուս հանելու բացեցի դասընկերուհուս ֆեյսբուքի էջն ու…

-Ի՞նչ, 500 ընկե՞ր,- զարմանքից գոռացի ես,- ախր, նրա հետ միայն ես եմ ընկերություն անում:

-Ի՞նչ եղավ,- սրտապատառ հարցրեց մայրս:

-Հեչ, մամ, ուղղակի աղջիկդ էս դարի մարդ չի,- ծիծաղելով պատասխանեցի ես ու վերարկուս հանելով վազեցի հաց ուտելու: