Մենք էլ ենք մարդ

Ինձ առավելապես հուզում է քաղաքիս էկոլոգիական վիճակը: Մեր մարզում շատ են այնպիսի ձեռնարկություններ, որոնք աղտոտում են օդը: Կամ ցենետ են արտադրում և ամբողջ փոշին տարածում քաղաքի վրա, կամ հանքարդյունաբերական գործարաններ են, որոնք թունավոր նյութերով փորձում են հանքաքարից թանկարժեք մետաղ կորզել ու էլի թունավոր գոլորշիները մթնոլորտը աղտոտում են: Ես այս մասին այնքան էլ շատ չէի մտածում, որովհետև կարծում էի, թե այդպես էլ պետք է լիներ: Այս հարցը փոթորկեց հոգիս այն ժամանակ, երբ մեր դպրոց պետք է ամերիակցի կամավոր գար և մեր քաղաքում ապրեր, մեզ անգլերեն սովորեցներ: Շատ էինք ուրախացել, որովհետև շատերը հնարավորություն չունեն մասնավոր պարապելու, իսկ լեզուն հիմա նույնիսկ ընդունելության քննությունների ժամանակ է պետք: Սակայն…Այն կազմակերպությունը, որը պիտի կամավոր ուղարկեր, չհամաձայվեց մեր քաղաք կամավոր ուղարկել: Նրանք ասացին, որ մեր քաղաքի օդը չափից շատ է աղտոտված, իրենց կամավորի առողջությունը չեն ուզում վտանգել:

Իսկ մենք մարդ չե՞նք, որ ապրում ենք այստեղ: Իսկ մեր առողջության մասին ո՞վ պիտի մտածի:

Ինչն է ինձ հուզում …

Մեզ շրջապատում են բազմաթիվ խնդիրներ և յուրանքաչյուրն ունի իր կարևորության աստիճանը:

Ինձ ամենաշատը հուզում է այն հարցը , որ համալսարանները չունեն իրենց մասնաճյուղերը մարզերում: Բոլոր կարևոր կենտրոնները գտնվում են Երևանում: Մարզերը կարծես մղված են ետին պլան: Եվ այս խնդրի առջև մենք հաճախ ենք կանգնում:

Քույրիկիս դասընկերուհիներից մեկը, ով գերազանց սովորում էր դպրոցում, մասնակցում օլիմպիադանների՝  ստանալով բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր, չկարողացավ ստանալ համալսարանական կրթություն, որովհետև նրա ընտանիքը չուներ բավական գումար ուսման վարձի և ճանապարհածախսի համար: Լավ ապագա ունենալու համար պետք է լավ և խելացի սերունդ ունենանք:

Սիանա Զալայան

Մեր դպրոցում լաբորատորիաներ կան, բայց չկան փորձեր անելու սարքավորումներ: Օրինակ, քիմիայի կաբինետում բացակայում է քարշիչ պահարանը: Այն անհրաժեշտ է լաբորատոր փորձերի համար: Նրա առկայությունը շատ կարևոր է: Առանց այդ սարքի փորձերը շատ վտագավոր են: Քիմիական փորձերից շատերի ժամանակ առաջանում են թունավոր գոլորշիներ, և աշակերտները կարող են թունավորվել: Դա ինձ շատ է հուզում:

Մարիամ Հովհաննիսյան

Իմ ընտանիքը իմ փոխարեն է մտածում և որոշում կայացնում, անկախ իմ կամքից: Ես մտածում եմ` կլինի՞ ժամանակ, որ ես որոշումները կայացնեմ: Չնայած ծնողներս ասում են՝ դու դեռ փոքր ես, որոշումներ կկայացնես, երբ մեծանաս, բայց միայն դրա համար չեմ ուզում շուտ մեծանալ:  Ոչինչ, թող նրանք իմ փոխարեն որոշումներ կայացնեն:

Լիլիթ Բադալյան

Վերջերս դասից տուն էի վերադառնում և տեսա, թե ինչպես են 10-15 տարեկան տղաներ մեր բակում վիճում: Ինձ հետաքրքրեց, թե որն է խնդիրը: Խնդիրը մի աղջիկ էր: Նա 10 տարեկան էր: Այդ տարիքում մենք դեռ «հալա-մուլա» էինք խաղում, ֆուտբոլ ու «որսորդն ու բադերը»: Իսկ նրանք մեծերի նման միայն ու միայն զբոսնում են, խոսում են, թե ում զգեստն է գեղեցիկ, սերիալի հերոսուհիների նման են իրենց պահում: Ուզում եմ ամեն ինչ անել, որ երեխաները վայելեն իրենց մանկությունը, ունենան հետաքրքրություններ և մանկական զբաղմունքներ:

Մարիամ Զալալյան

Մենք մարդ ենք

Լուսանկարը՝ Մերի Վարդանյանի

Լուսանկարը՝ Մերի Վարդանյանի

-Հիմա՛ր, չե՞մ ասել չխոսես:

-Խոստանում եմ, էլ չեմ խոսի, մենակ էլ մի խփեք:

Այսպիսի երկխոսության  լսողն ու ականատեսն եմ եղել շատ անգամներ: Ուսուցիչը խփում է (շատ անգամ հայհոյում և վատ բառեր ասում) երեխային նրա համար, որ երեխան խոսում է դասի ժամանակ: Բայց զարմանում եմ, մենք մարդ ենք, մեզ տրված է մարդկային լեզու: Մի՞թե չենք կարող երեխային խոսքով հասկացնել, որ չի կարելի դասի ժամանակ խոսել և այլ ավելորդ բաներով զբաղվել: Հետաքրքիր է, արդյոք ուսուցչին թույլ տրվո՞ւմ է հարվածել երեխային, եթե անգամ երեխայի ծնողները նրա վրա ձեռք չեն բարձրացնում: Մի՞թե ուսուցիչները չեն մտածում, որ իրենց հարվածներից կարող է երեխային որևէ վնաս հասցվել, իսկ հայհոյանքները կարող են ազդել երեխայի հոգեբանության վրա, ինչը ապագայում երեխայի համար կարող է ստեղծել բազմաթիվ ու անդառնալի խնդիրներ…

Վիշտը

Մեր քաղաքում կա մի տղա: Նա 14 տարեկան է: Անունը չեմ ուզում գրել: Վատ կզգա: Սովորելու հետ մեկտեղ նա աշխատում է` ձու, կանաչի վաճառելով օգնում է իր մայրիկին: Նրանք երկուսով ապրում են վատ պայմաններում, բայց չնայած այս դժվարություններին, նա շատ ազնիվ է, հետաքրքրասեր ու տաղանդավոր: Այդ դժվար պայմաններից նրա առողջությունը վատացել է.  տեսողությունն  ու լսողությունը լավ վիճակում չեն: Բայց գումար չունեն բուժման համար: Նա շատ զգայուն է դարձել և ամաչում է հասակակիցների հետ շփվել:

Մի օր զբոսնելուց ես տեսա նրան մի շան ձագի հետ: Նա շատ ուրախ էր: ր աշխատած գումարով պաղպաղակ էր գնել և, փոխանակ ինքը ուտեր, շանն էր կերակրում: Ես ժպտացի նրան ու անցա: Հետո մի շաբաթ չտեսա նրան, իսկ երբ տեսա, նա շատ տխուր ու հուսահատված էր: Ես մոտացա նրան և հարցրի, թե ինչ է պատահել, նա պատասխանեց.

-Մասիս էինք գնացել, եկա տեսա` շունս սատկել ա:

Չգիտես` ում էր խանգարել այդ փոքրիկ շնիկը, նրա միակ ընկերը և ուրախությունը:

Այդ պահին ես փորձեցի պատկերացնել ինձ նրա տեղում, բայց չկարողացա: