Հետք Մեդիա Գործարանը սկսում է 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը

Հետք Մեդիա Գործարանը սկսում է 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հունիսի 30 , 2022։

Դիմելու հայտը՝ այստեղ։

Տեղեկատվական այժմյան հոսքերի մեջ ավելի ու ավելի է արժևորվում պատասխանատու, վստահելի և ստուգված բովանդակությունը։ Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ճկուն, ստեղծարար և պատասխանատու լրագրողների, որոնք իրենց հրապարակումներով ազդեցություն են ունենում որոշումների կայացման և հասարակական գործընթացների վրա։

Այս տարվա նախնական դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.

●      Հետաքննական լրագրություն,

●      Տվյալների լրագրություն,

●      Վիդեո լրագրություն,

●      Նկարահանում և մոնտաժ,

●      Տվյալների վիզուալացում և անիմացիա,

●      Ֆոտո լրագրություն,

●      Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS),

●      Փաստերի ստուգում,

●      Տնտեսական և ֆինանսական լրագրություն,

●      Անգլերենը լրագրողների համար,

●      Էթիկա և մեդիա օրենսդրություն,

●      Թվային անվտանգություն։

Եթե ցանկանում ես տիրապետել գրելու, նկարահանման, մոնտաժի, տվյալների վիզուալացման, վերլուծական հմտություններին և կիրառել դրանք հետաքննական և մուլտիմեդիա լրագրության մեջ, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին, որտեղ հմտություններդ կարող ես դարձնել մասնագիտություն։

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։

Այս տարի 30 ուսանող հնարավորություն ունի սովորել Մեդիա Գործարանում՝ նոր սերնդի աուդիո/վիդեո սարքավորումներով և համակարգիչներով։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից ուրբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:10 և 14:30 – 17:40։

Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել՝

●      18 տարին լրացած անձինք,

●      լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,

●      գործող և ֆրիլանս լրագրողները,

●      մեդիա ոլորտով հետաքրքրված անձինք։

Դիմեք Մեդիա Գործարան, եթե

●      կարող եք օրական 4-6 ժամ հատկացնել դասերին և հանձնարարությունների կատարմանը,

●      պահպանում եք վերջնաժամկետները,

●      պատրաստ եք աշխատել լրագրությանը հատուկ անկանխատեսելի իրավիճակներում,

●      գնահատում եք կրթվելու, անձնական աճի և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը,

●      ճկուն եք նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։

Ընտրության փուլեր՝

●      նախնական դիմում-հայտերի դիտարկում,

●      հարցազրույց և տեղում հանձնարարություն,

●      վերջնական ընտրություն և հաստատում։

●      Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հունիսի 30 , 2022։

Դիմելու հայտը՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը` ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Հետք Մեդիա Գործարանի երրորդ ակադեմիական տարին հայտարարվում է միջոցների առկայության պայմանով։

Հայաստանի պատանի թղթակիցների կայքը 8 տարեկան է

Հիշենք պայծառ պահերը ձևավորման, կայացման, վերելքների ու վայրէջքների:

Մենք  շարունակում ենք մեր գործունեությունը, հաճախ դառն արցունքները կուլ տալով: Չէ՞ որ կյանքը շարունակվում է, ամեն տարի նոր պատանիներ են միանում մեզ, և հույս ունենք, որ մեր ընթացքը շարունակվելու է:
Շնորհավորում ենք:
ani jilavyan

Ամբողջ գերդաստանից ընդամենը մեկը

-Իմ պապան էլ ա փրկվել Եղեռնից,- լսեցի տատիկիս ձայնը, երբ մտա սենյակ,  որտեղ հեռուստացույցով մի հաղորդում էր, և խոսում էր Եղեռնից փրկված պապիկի թոռնուհին:- Դե իրան աղջկա շորերով են պահել, որ թուրքերը ձեռք չտան,- շարունակեց տատիկս:- Իրենց ընտանիքն ու հարևաններից մի քանիսը թաքնվել են իրենց նկուղում,  բայց  թուրքերը բացի տները, մտել են նաև նկուղները ու ստուգել:  Նրանց էլ գտել են, դուրս հանել:

-Իսկ հետո՞,- հարցրեցի ես, չնայած շատ էի լսել այդ պատմությունը:

-Նրա հոր ու եղբոր վիզն են կտրել իր աչքի առաջ,- շարունակեց պատմել տատիկս հուզվելով,- փոքր քրոջն էլ կապել են մոր մեջքից և դեպի Արաքս քշել` սպանելու: Պապաս միշտ ասում էր, որ այդ ժամանակ Արաքսը արյունից ամբողջովին կարմիր ա եղել: Հետո նրան ուժեղ խփել են: Նա հարվածից ընկել ա, և թուրքերը, կարծելով որ նա մահացել ա, այդպես էլ թողել են նրան: Հետո երբ վեր ա կացել, տեսել ա ռուսական զորքը գալիս ա, մտածել ա, թե թուրքերն են: Գնացել ա իրանց նկուղ, որտեղ ուրիշ մարդիկ են դեռ թաքնված եղել, ասել ա, թե թուրքերը կարմիր պոպոզավոր գլխարկներով գալիս են ձիերով: Էդ ժամանակ էլ մարդիկ ասել են, որ դրանք ռուսներն են, ու դուրս են եկել: Ռուսական զորքը փրկել ա նրանց, պապաս հայտնվել ա Ստեփանավանի որբանոցում,- ավարտեց պատմությունը տատիկս և աչքերը սրբեց անձեռոցիկով:

-Նա Մշից էր, չէ՞,- հարցրեցի ես:

-Հա, Մշից էր,- հաստատեց նա:

Մի քանի րոպե տիրած ծանր լռությունը խախտեց տատիկս.

-Պատկերացնու՞մ ես, մարդն իր ազգանունը չիմանա: Դե պապան փոքր ա եղել, իր ազգանունը չի իմացել, հետագայում չգիտեմ, թե ով է նրան ազգանուն տվել: Ես ու երկու քույրս էլ ենք էդ ազգանունով գրվում, բայց չգիտենք, թե մեր իսկական ազգանունն ինչ ա:

Մի քանի րոպե լռելուց հետո ասացի.

-Ամենավատն են ա, որ չենք կարող պարզել, թե ձեր իսկական ազգանունն ինչ պիտի լիներ: Հենց էդ էլ եղել ա թուրքերի նպատակներից մեկը` եթե չկարողանան բնաջնջել, գոնե պատմությունը ջնջեն:

-Ինչքան դաժանություն են տեսել հայերը…- տատիկիս միտքը կտրեց հեռախոսազանգը, և ես դուրս եկա սենյակից` հեռախոսը վերցնելու: Բայց  մտքերս դեռ 1915 թվականում էին, և ես պատկերացնում էի կարմիր Արաքսին նայող մանկահասակ Իլիաս պապիկին:

Հրապարակվել է 2015/04/25

Մենք վերապրողներ ենք

Ապրիլի 24-ին շատանում են Ցեղասպանության մասին նյութերը, պատմությունները։ Կամա, թե ակամա, ինքս դառնում եմ դրանց մասնակիցը։ Հետաքրքրվում եմ, թե ինքս որտեղից եմ, որտեղից են իմ արմատները։ Հարցնում եմ պապիկներիս, տատիկիս, լսում եմ նրանց պատմությունը, թե որտեղից են եկել նրանց ծնողները։ Ահա  ևս մի այդպիսի օր մոտեցա պապիկիս՝ մայրիկիս կողմից՝ Արտավազդ պապիկին։ Նա ծնվել է Երևանում, բայց գիտի իր ամբողջ ընտանիքի պատմությունը։

«Իմ պապան ծնվել ա 1916թ-ին, Էրզրում գավառի Սարիղամիշ գյուղում։ Սարիղամիշը շատ հայտնի գյուղ ա, այնտեղ շատ ճակատամարտեր են եղել, հարուստ պատմություն ունի։ Ցեղասպանությունը, դու շատ լավ գիտես, մի տարում, մի օրում չի եղել։ Այն շարունակվել է տարիներ։ Իմ պապայիս ընտանիքը Էրզրումից գաղթել է 1918 թ.-ին։ Գյուղում այդ տարիներին ինչ-որ երկաթուղի էին սարքում, որի շինարարությունը այդպես էլ անավարտ մնաց, որովհետև ռուսական զորքերը հանկարծակի հետ քաշվեցին։ Ամբողջ գյուղը մնաց անպաշտպան։ Բնակչությունը չէր կարող գնալ զորքերի հետ։ Դե ինքդ պատկերացրու։ Այդքան կին, երեխա, տարեց մարդիկ, եզներ, սայլեր։ Նրանք շատ դանդաղ կշարժվեին, զորքի հետ չէին հասցնի։ Բայց գյուղում մնալն էլ էր վտանգավոր։ Ու իմ պապիկը՝ Մինաս պապը, նրա եղբայրը ու եղբոր տղան հավաքում են իրենց ընտանիքներին ու ոչ միայն ընտանիքներին՝ հարևաններին, ու որոշում գնալ Արևելյան Հայաստան, Արաքսը անցնելու։ Շարժվում էին մոտավոր Ղարսի ուղղությամբ։ Նրանց համար Արաքսն անցնելը կյանքի տվյալ պահի միակ հույսն էր, կանցնեին Արաքսը` կլինեին խաղաղության մեջ։ 1918թ-ին Սարիղամիշ գյուղից մեծ թափոր գնում է Արաքսը անցելու, մարդիկ շարժվում էին շատ դանդաղ։ Դանդաղ գնալու պատճառներից մեկը իրենց հետ գնացող սայլերն էին ու կենդանիները, իսկ մյուսը՝ այն, որ նրանք շարժվում էին գիշերով, որ ոչ ոք նրանց չտեսնի։ Ու այդպիսի մի գիշեր, երբ թափորը շարժվում էր առաջ, զգացվեց ջրի պակաս։ Մինաս պապը ու Աղասար ամին՝ պապիս եղբայրը, գնում են ջուր բերելու։ Երևի գնում էին իրենց արդեն ծանոթ վայրերով, որովհետև գիշերը չէր լինի գնալ անհայտ ուղղությամբ ջուր բերելու։ Գնալուց մի քանի րոպե հետո լսվում է կրակոցի ձայն, ավելի ուշ Աղասար ամին է վերադառնում, առանց ջուր ու առանց Մինաս պապ։ Ամենայն հավանականությամբ թուրքերը նկատել էին իրենց ու կրակել, կրակել էին մոտիկից, ու երևի պապս միանգամից մահացել էր։ Չեմ կարծում, որ պապիս եղբայրը ուղղակի վնասված եղբորը կթողեր այնտեղ, թեկուզ քաշ տալով կբերեր, բայց երևի տեղում էր մահացել պապս։ Կրակոցից հետո երկամյա պապայիս, իր երկու մեծ քույրերին և մեկ եղբորը խնամում է Տիրուն տատը։ Ի դեպ, պապայիս եղբայրը այդպես էլ չտեսավ Մինաս պապին, քանի որ դեռ այդ տեղաշարժումների ժամանակ Տիրուն տատը նրանով հղի էր։ Այդ գիշեր եղավ միայն այդ կրակոցը, և հետո էլ մեծ հարձակումներ չեղան։ Մինչև սահմանն անցնելը թափորը հանդիպում է Անդրանիկի զորքին։ Նրանք Անդրանիկի զորքի հետ անցնում են սահմանը և գնում են Սյունիք։ Գնում են, որովհետև Անդրանիկի հետ իրենց պաշտպանված էին զգում, գիտեին, որ իրենց հետ ոչինչ չի լինի։ Անդրանիկը գնում է Սիսիան, իսկ դրանից հետո էլ որոշված էր գնալ Ղափան։ Բայց դե ոչ բոլորն էին ուզում գնալ ու այդտեղ արդեն թափորը մասնատվում է։ Ոմանք գնում են Անդրանիկի հետ, ոմանք մնում Սիսիանում, իսկ ոմանք էլ Սևանով դուրս են գալիս Դիլիջան, Ստեփանավան։ Բայց այդ ամենը մեկ ամսում չի լինում, լինում է մեկ տարում, երևի նույնիսկ ավել։ Ստեփանավանից էլ իմ պապայի ընտանիքը հաստատվում է Լենինականի Ղալիջա գյուղում։ Այնտեղ նրանց տալիս են տուն, ապաստան։ Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ իմ հոր տունը։ Այն հողի մեջ փորված փոքրիկ տնակ էր։ Բայց իմ տատը աշխատանք չուներ, փող չուներ, շատ հաճախ ուտելիք էլ չէր ունենում։ Եվ որոշվում է իմ երկու հորաքույրերին տանել մանկատուն, որ սովից չմահանան։ Մի մորաքրոջս անունը Աղուն էր, մյուսինը՝ Ֆլորա։ Մանկատնից հետո նրանց մասին այլևս ոչինչ չգիտենք։ Այդ ժամանակ տարածված էր տիֆ հիվանդությունը, միգուցե վարակվել էին և մահացել, միգուցե մյուս որբերի հետ տեղափոխվել Ամերիկա։ Համենայն դեպս, նրանցից էլ տեղեկություն  չունեցանք։ Ինչ վերաբերվում է հորեղբորս՝ Խաչիկին, նա անհայտ կորել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Այսպես ասած «Սև թուղթ» չէր եկել, նրան համարել էին անհայտ կորած։ Իսկ պապաս՝ Հակոբը, մինչև Հայրենական Մեծ պատերազմը մասնակցել է Ֆիննական պատերազմին և վիրավորվել։ Ստացած վերքերի պատճառով նրան էլ բանակ չզորակոչեցին։ Նա վերադարձավ Հայաստան, կազմեց ընտանիք և կարծես վերսկսեց մեր ցեղը։ Իրենց ընտանիքից միայն ինքն էր ողջ մնացել։ Որպես նոր սկիզբ նա ունեցավ հինգ երեխա՝ Մինաս պապին, ինձ, Կարիկ պապին, Մայրանուշին և Սեդային։ Իսկ այ էս պատմությունը դու արդեն լավ գիտես, դրան ականատես ես, ինչպես և ես»։

Ահա և իմ ընտանիքի պատմությունը, Ցեղասպանության ևս մի ապացույց։ Եղեռնը սկսվեց, որպեսզի ես հիմա չլինեմ, իսկ ես այժմ հայերեն տառերով գրում եմ ցեղասպանության մասին, թե ինչպես իմ ապուպապը ողջ մնաց, փրկվեց և շարունակեց  իր տոհմի գոյությունը։

Հրապարակվել է  2015/04/23

Anjela Sedrakyan

Ես այստեղ եմ

Ես այստեղ եմ, այս մեծ Մոլորակում, որտեղ կան հազարավոր մարդիկ տարբեր ազգության, կրոնի, բնավորության, մտածելակերպի, ճաշակի ու նախասիրության, բայց մի նպատակով, այն է` ապրել այս գեղեցիկ կյանքը…

Ապրածս տասնինը տարիների համար շնորհակալ եմ ծնողներիս: Հայրիկիս ուղղված շնորհակալությունը հղում եմ դեպի երկինք, նա ամենապայծառ աստղն է ինձ համար երկնքում։ Մայրիկիս շնորհակալություն եմ հայտնում ամեն օր ինձ մեծացնելու և ճիշտ  դաստիարակելու համար։

Կյանքի ընթացքում մենք գտնում, կորցնում, շահում, պարտվում, համակերպվում ենք, և շարունակում ապրելու պայքարը: Մենք պայքարում ենք ամեն օրը լիարժեք ապրելու, մեզանից հետո ինչ-որ մի բան թողնելու համար:

Լինում են վայրիվերումներ, կորուստներ, հիասթափություններ, ցավեր ու սթրեսներ, բայց այն հաղթահարելի է, եթե ունես քեզ սիրող, աջակցող ընտանիք, եթե ունես ընկերներ, որոնք ամեն բան մի կողմ թողած կկիսեն թե՛ ուրախությունդ, թե՛ վիշտդ (միայն թե գտնես այդպիսի մեկին, ով ամբողջ կյանքում քեզ չի լքի ու կընդունի քեզ քո բնավորությամբ ու խառնվածքով)։

Ապագայի վերաբերյալ չեմ սիրում խոսել, բայց սիրելի՛ ընթերցող, եթե մի օր կորցնես հույսդ, մտածես, թե ոչինչ չի ստացվի, մի ընկճվիր։ Բոլորիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մտածում ես, թե ուղի չկա էլ անցնելու, երբ թվում է` խճճվել ես, ճահճում ես ու խորտակվում ես: Հիշի՛ր` ինչի համար ես պայքարում, ու՞ր պիտի տանեն քեզ քո երջանկության ոսկեձույլ աստիճանները, և ամենակարևորը, հիշիր այն մարդկանց, ովքեր սպասում են անկմանդ։ Հենց այդ ժամանակ էլ կսկսես կյանքին ու ապագային միտված քո լուրջ քայլերը ձեռնարկել, առաջ նայել, հաղթահարել բոլոր խոչընդոտները: Ինչպես նորածինը քայլել կսկսի, այնպես էլ դու նոր քայլեր կանես դեպի քո լուսավոր ապագան, որտեղ միայն բարին է իշխում, որտեղ քեզ սիրող ու գնահատող մարդկանցով ես շրջապատված լինելու։

Մի՛ քնիր, գործի՛ր, արարի՛ր, պայքարի՛ր, որ հետո վայելես դառը օրերիդ արդեն հասունացած քաղցր պտուղները։

Ես մի երկրում եմ ապրում, որտեղ կրակոցները չեն լռում, մի երկրում, որտեղ կարգը փոխված ծնողն է որդուն հուղարկավորում, մի երկրում, որտեղ տղաների ճակատագիրը մինչև դպրոցն ավարտելն ու դրանից հետո սեփական կյանքով Հայրենիք պաշտպանելն է…

Իմ երկրում մարդիկ չարացած են, անուշադիր, քծնող, քննադատող ու շահի գերի, բայց իմ երկրում նաև բարիների մի սիրուն փունջ կա, ովքեր սովորեցնում են նվիրվել, սիրել, պայքարել ու ապրել…

Ես իմ ապագան իմ Երկրում եմ տեսնում, հանուն որի շատ ջահելներ հավերժ ննջեցին, հանուն որի պարտքի զգացումը մեծացավ, դրա փոխարեն հույսը չմեռավ: Մտածեցիր, որ չպիտի թուլանաս, որովհետև ճակատագրով հայ ես ծնված, հայ ես ու պիտի ապրես, պիտի պայքարես ու շարունակես: Չէ՞ որ միայն քո կյանքը չես ապրում, այլ հազարավոր այլ կյանքեր ևս, ովքեր զոհեցին հանուն քո վաղվա գալիքի շարունակման ու հզորացման: Ուրեմն գլուխդ բարձր քայլիր, կյանքին ասա` Ես կարող եմ հաղթահարել իմ առջև ծառացած բոլոր դժվարությունները, որովհետև ես հայ եմ, իսկ հայի ինքնությունը անհնար է մերժել…

Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի