Lilit Vardanyan new

Սեպտեմբերյան օրագիր

Խորհուրդ է տրվում կարդալ անձրևոտ եղանակի ժամանակ (անձրևոտ եղանակը ցանակալի է, բայց ոչ պարտադիր)։ Պատմությունները բավականին անձնական են։ Բոլոր գործող անձիք անոնիմ են, բայց իրական։

 

Չբուժվող վերքեր

«Ձեռքերս սկսել են նորից չորանալ։ Արդեն աշուն ա»։ Սեպտեմբերի 23, ըստ իմ ձեռքերի սեզոնային ռեակցիայի և եղանակի կտրուկ փոփոխության, հայտարարեցի ջինսից վերարկուի սեզոնը բացված։

Կյանքի անընդհատ կրկնվող ցիկլը այնքան է հոգնեցնում, որ մի օր հասկանում եմ` արդեն մի ամիս է, ինչ գնում եմ դասի, իսկ իմ ձեռքերը սկսել են չորանալ, ու վերքերի բուժման համար պետք է սպասել գարնան կեսերին։

(Կոնվերսների) ամբոխում կորած

Հագնում եմ հայրիկի՝ Ուկրաինայից բերած կոնվերսները։ Գրողը տանի, ո՞վ է հորինել կեդերի չափսերը։ «36-ը չէր լինի»։ Բայց իմ կոշիկների իդեալական չափսը միշտ եղել է 37-ը։ Իսկ 1.5 սմ (չափել եմ, ազնիվ խոսք) մեծ լինելու պատճառով ո՞վ է մեծ պատմություն սարքում։ Անուղղելի պերֆեկցիոնիստ։

Հետո իմ երազած կեդերով գնում եմ համալսարան ու արդեն ոչնչով չեմ տարբերվում կեդեր հագնել սիրող մյուս ուսանողներից։ Եթե հասցնեի գնել դրանք մի տարի առաջ, դժվար թե այդքան նույնատիպ կեդերի մեջ խառնվեի։

Մինչ կուրսեցիս խոսում էր իր առաջին կուրսեցի ծանոթի հետ, այդ աղջկան սպասում էին իր՝ մի խումբ սև կոնվերս հագած ընկերները։ Նրանց հարցական ու զննող հայացքները ուղղված էին դեպի ինձ, կարծես ուզում էին հասկանալ՝ արդյո՞ք ես էլ եմ պատկանում իրենց խմբին։

Իսկ ես նայում էի իրենց ոտքերին, հետո հայացքներին մտածելով` արդյո՞ք նրանց հայացքները ավելի շատ ճանաչողական են, թե՞ ուղղակի ճաշակի գնահատում։ Իմ կոնվերսը մուգ կապույտ էր։ Մոխրագույն, վանդակավոր, կարճ կիսաշրջազգեստ, սպիտակ շապիկ՝ Սայտամայի դեմքով (անիմեի կերպարի), բաց կապույտ, վանդակավոր, նուրբ վերնաշապիկ։

Հայացքները տևեցին այնքան ժամանակ, մինչև կուրսեցիս վերջացրեց իր զրույցը, որից ոչ մի վայրկյան չէի լսել։

 

Կողմնակի ազդեցություններ

-Ինքը կորոնավակով ա պատվաստվել,- ինքս էլ դա չնկատելով իջեցրի համալսարան գնալու ճանապարհին ականջներումս միացրած երաժշտության ձայնը, երբ լսեցի «կորոնավակ» բառը։

Այդ օրը պետք է ստանայի երկրորդ դեղաչափը։ Վախեցա՞ծ էի, անորո՞շ, անվստա՞հ։ Չէ, ոչինչ էլ չէի զգում։ Չէի ուզում զգալ։

-Ոչ մի բան չի զգացել,- պատասխան, որին սպասում էի։ Վիճակագրությունը վկա, պատվաստանյութն ընտրելուց առաջ գուգլում որոնումներս վկա։

-Դե էսօր հենց պատվաստվես` կգրեմ, որ իմանամ՝ ո՞ղջ ես,- ուղղակի առօրյա սև հումոր կուրսեցուս կողմից։

Երբեք ինձ չեմ համարել գիտափորձի ճագար` մյուսների պատվաստվելու որոշումների վրա ազդելու համար։

Բժիշկը վերցրեց ասեղը, վրան լցրեց ախտահանող հեղուկ և առանց մեկ վայրկյան վարանելու մտցրեց այն իմ մաշկի տակ։ Աչքերս չտեսնեին այդ անփույթ տեսարանը։

Դրանից անհեթեթ միայն կարող էր եղբորս պատվաստվելու ընթացքում ինչ-որ մեկի՝ նրա ներարկիչին կպնելով անցնելը, և նրա ձեռքում ասեղի ծռվելը, որը հետագայում առաջացրեց եղբորս պատվաստման միակ հայտնաբերված կողմնակի էֆֆեկտը՝ ձեռքի վրա մնացած վերքը։

 

Այն, ինչ իմ ձեռքերում է, ինձ է պատկանում

-Տվեք իմ տոպրակը։

-Ի՞նչ տոպրակ։

-Էն տոպրակը, տվեք, պետք ա իջնեմ։

Հերթական արկածը տրանսպորտում՝ համալսարան գնալու ճանապարհին։

Հայացքս թեքեցի պատուհանից։ Դիմացից աջ նստարանին նկատեցի 50-60 տարեկան կնոջ, որը մի քանի րոպե առաջ չգիտեր, թե որ ուղղությամբ է գնում այս համարը և, ենթադրաբար, չգիտեր, թե որտեղ պետք է իջնի։

-Էս իմ տոպրակն ա։ Քոնը չի,- կյանքում երբեք չէի տեսել, որ մարդ այդքան համոզված լինի իր ստի մեջ, որ դա բնականից որպես ճիշտ ընկալվի։

«Երևի տղան ուզում է գողանալ տատիկի տոպրակը»,- եղավ առաջին վարկածս։

Բայց տեսնելով, թե որքան մեծ ջանք և ուժ է գործադրում տղան, որպեսզի համոզի` հետ վերադարձնեն իր իրերը, կարծիքս միանգամից փոխվեց, իսկ այդ կինը դարձավ մարդ, որի հետ ուղղակի պետք չէ գործ ունենալ, շատ վտանգավոր է հասարակության համար։

Հուսահատված տղան հասկացավ դա և ուղղակի իջավ՝ քայլելով առանց հետ նայելու։

Պարզվեց, որ տղան կնոջը տեղ էր տվել, իսկ կինը առաջարկել էր պահել տղայի տոպրակը, որի հետևանքով այն դարձել էր իր սեփականությունը։

Հաջորդ հինգ րոպեն ուղևորների վեճն էր այդ կնոջ հետ, որը հասավ այն աստիճանի, որ մի ուղևոր կին, փորձեց խլել այդ տոպրակը, բայց նա տոպրակը դրել էր իր ձեռքում մի ուրիշ տոպրակի տակ և պահում էր այն, ինչպես իր կյանքի ամենաթանկ գանձը։

Իսկ վերջում կինը ցույց տվեց իր փիլիսոփայությունը՝ ասելով, որ «ինչ իր ձեռքերում է, իրեն է պատկանում»։

Միակ բանը, որ կարող էի անել այդ իրավիճակում, դիմակի տակ ժպտալն էր, որովհետև այդ փիլիսոփայությունը իսկապես արդարացնում էր իրեն, և իրականում ոչ մի կերպ նա չէր կարող մեղավոր համարվել։ Անիմաստ փորձեր, անիմաստ խոսակցություն, համալսարան գնալու ճանապարհ, որը օտար է կնոջ համար, ով չգիտի, թե ուր է գնում։

 

Անսպասելի պարանոյա

(ջինսից վերարկուի եղանակ․ օր 1)

Իմ սիրած ջինսե վերարկուի եղանակի հայտարարումից մեկ օր անց հագա իմ վանդակավոր վերնաշապիկը և կես տարվա ընթացքում առաջին անգամ հագա ջինսից նեղ շալվարս մուգ կապույտ կոնվերսների հետ։

-Լիլիթ, վերարկու հագիր,-ինչ լավ է, որ տատիկը հիշեցրեց դրա մասին, վերջապես հագնում եմ այն, ինչին սպասել եմ երկու շաբաթ։

-Տատ, ասա, որ ինձ ջինսից շալվար շատ ա սազում,- ուղղակի ուզում էի լսել դա, դրա համար բարձրաձայնեցի և աստիճաններով վազեցի ներքև, որովհետև խորապես համոզված էի, որ ժամը 5-ին հաշվապահության դաս ունեմ։

Համալսարանի մոտի կամուրջով իջնելուց տեսա իմ խմբից երկու հոգու, որը մի փոքր տարօրինակ թվաց։ Շենքերի մուտքի դիմաց տեսնելով մյուսներին՝ համոզվեցի իմ սխալի մեջ։

-էրեխե՜ք, հեսա կլացեմ, մեր խու՞մբն էր էս ժամին,- բողոքեցի, բայց միանգամից կողմնորոշվեցի և արագացրի քայլերս, որ հասցնեմ մյուս խմբի դասին նստել։

Դասի ընթացքում չէի էլ նկատել դրսում սկսվող անձրևը, որովհետև այն դեռ չէր ուժեղացել։

-Վայ, կներես,- ասաց քսերոքսները ձեռքին աղջիկը, որը նույնպես ուզում էր նստել 3 համարի ավտոբուսը, երբ ավտոբուսում կանգնելու տեղ չգտնելուց հետո շրջվելու պատճառով քիչ էր մնում բախվեր ինձ։

Մտածում էի՝ նա էլ է մեզ մոտ սովորում, պարզվեց նախապատրաստականից է, որոշեցի վախեցնել նրան՝ ասելով, որ ես նրա ապագան եմ, ով տուն է վերադառնում երկրորդ հերթից։

Անձրևի պատճառով գլխիս էի քաշել վերարկուիս գլխարկը, կոնվերսներս թրջվում էին, իսկ վերնաշապիկիս չկոճկած մի կոճակի պատճառով, անրակս բաց էր։

Մի կին, որը տեսել էր, որ մենք էլ էինք ուզում 3-ը նստել, իմացավ, որ նույն ուղղությամբ ենք գնում, առաջարկեց տաքսի կանչել։ Անձրև, տաքսիի առանց այդ էլ անտանելի բարձր գներ և մի կին, որը ուզում է շուտ տեղ հասնել։

Կուրսեցիս, ով գնացել էր համալսարանում ինչ-որ բան ճշտելու, վերադարձավ։ Մի քանի րոպե միասին սպասելուց հետո եկավ իմ տրոլեյբուսը, որը միշտ հավատարմորեն փրկել է ինձ ավտոբուսում կանգնելու տեղ չունենալու իրավիճակներում։

Վաղուց պարանոյա չէի ունեցել, բայց ուղեղս որոշեց ստուգել. արդյո՞ք ճիշտ համարն եմ նստել։ Տրոլեյբուսի ներսում գրված համարը ուրիշ էր։ Դուրս եկա հաջորդ կանգառում միայն նրա համար, որ տեսնեի, որ դրսից հենց այն համարն էր գրված, որը ինձ պետք էր։ Տարօրինակի տպավորություն չթողնելուց խուսափելով՝ ներս մտա ուրիշ մուտքով։

Իսկ տանը ինձ սպասվում էր ամենօրյա տաք թեյը։

Ջինսից վերարկուի եղանակ, սիրում եմ քեզ։

Երգիծանկարիչների «Լևանա» փառատոնը մեկնարկել է

Հոկտեմբերի 2-ին Հովհ. Թումանյանի թանգարանի բացօթյա տարածքում Հայաստանի Երգիծանկարիչների Ասոցիացիան անց կացրեց «Լևանա» խորագրով փառատոնը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին:

Փառատոնի հիմնական մասնակիցներն էին երիտասարդ երգիծանկարիչներ, ուսանողներ։

Փառատոնի կազմակերպիչն էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)` դասախոս, ծաղրանկարիչ, բեմադրիչ Սուքիաս Թորոսյանի գլխավորությամբ:

Փառատոնի հովանավորներն են տեր և տիկին՝ Լևոն և Աննա Աֆեյանները:

Փառատոնի մասնակիցները 18-25 տարեկան երիտասարդ երգիծանկարիչներ էին, ուսանողներ, ովքեր ներկայացրել էին իրենց հեղինակած երգիծանկարները, պատկերապատումները, կոմիքսները և ժյուրիի կողմից արժանացել իրենց ստեղծագործությունները ցուցահանդեսում ներկայացնելու պատվին: Փառատոնի առանցքային նպատակներից էր` հումորային ժանրում մեր կենցաղը, բարքերը, տարակարծությունները մեկնաբանելը, ժամանակի խնդիրները քննադատելը: «Լևանա» փառատոնը նպատակ ունի խթանելու գրաֆիկական հումորի որպես արվեստի առանձին ճյուղի զարգացմանը Հայաստանում:

Փառատոնն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, որը ինքնատիպ տրամադրություն էր ստեղծում: Այցելուները, անգամ եթե նախապես չգիտեին փառատոնի մասին, անպայման մոտենում էին, դիտում երիտասարդների աշխատանքները, քաջալերում մասնակիցներին:

Ցուցահանդեսի մասնակից ուսանողները պարգևատրվեցին ի հիշատակ 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի մրցանակներով:

Փառատոնին ես նույնպես մասնակցում էի իմ երկու աշխատանքներով: Անկեղծ ասեմ. ես կիսատ էի թողել ուսումս և երկու տարի առաջ զորակոչվել բանակ: Իմ ծառայությունն անցավ քառասունչորսօրյա պատերազմի միջով: Պատերազմը շատ բան է փոխել իմ կյանքում: Կորցրել եմ ընկերներիս, ապրել պատերազմի բոլոր ծանր պահերը… Իմ ներկայացրած աշխատանքներից էլ կարող էիք դա զգալ: Միայն դասախոսիս` պարոն Թորոսյանի քաջալերմամբ ու խորհրդով հաղթահարեցի ինքս ինձ և որոշեցի մասնակցել փառատոնին: Շնորհակալ եմ: Պատերազմից հետո իմ ամենակարևոր ու պայծառ պահերը ապրեցի այդ օրը:

Նրանք, ովքեր տեղյակ չէին փառատոնից, տեղեկացնեմ, որ ցուցահանդեսը գործելու է 10 օր:

Ուրախ կլինենք լսելու ձեր կարծիքները և խորհուրդները

Լուսանկարները` Սերյոժա Առաքելյանի

Աղմուկից հեռու՝ աշխարհն ուրիշ է

Քաղաքի աղմուկից, փոշուց ու գլխապտույտ հոսանքից դուրս՝ միանգամայն ուրիշ պատկերներ են:

Լռություն է, բնությունն է, խորհրդավոր անդորր ու հանգստություն է: Չկշտանալու հաճելի է, աչքերին դեղ է, թոքերին՝ բնական սնուցում, իսկ քո ներսում` սպասված հանդարտություն է:

Անտառոտ լեռներից՝ երկնքին հասնող ժայռեր, լճի կապույտից՝ քարի երանգներ, քարանձավներից՝ դեպի հեռու հորիզոններ…

Գյումրիից՝ Լոռի, Դիլիջանից էլ՝ Սևան:

Mushegh Tonoyan

«Մենք ենք»

Ես Մուշն եմ, 18 տարեկան եմ։ Սիրում եմ երաժշտություն ու պոեզիա: Շեփորահար եմ, սիրում եմ գրել նաև բանաստեղծություններ, բայց կյանքում, ամենից շատ, սիրում եմ հպարտանալ Հայ լինելովս։

Շեփորի հանդեպ հետաքրքրությունն ու սերս սկսել է այն ժամանակ, երբ գնացել էի Գ. Բուդաղյանի անվան երաժշտական դպրոց` դաշնամուրի դասարան ընդունվելու, բայց այնտեղ ծանոթանալով իմ ուսուցչի հետ և լսելով նրա կատարումը, հասկացա` շեփորն ինձ ավելի հոգեհարազատ է, քան դաշնամուրը: Ու էդպես սկսեցի գնալ շեփորի: Սովորեցի հինգ տարի, բայց ավարտելուց հետո էլ շեփորը իմ առօրյայի մի մասն է:

Որքան էլ տարօրինակ թվա, ռեպը սիրել եմ այն տարիքից, երբ չգիտեի անգամ շեփորի, ապագայում երաժիշտ դառնալուս մասին։ 7-8 տարեկանում արդեն, ռեպ էի լսում։ Իհարկե, հիշում եմ իմ լսած առաջին խումբը` «Հայ տղերքը», ովքեր 2000-ականներից արդեն շատ երիտասարդների էին գրավել իրենց երգերով:  Այդ խմբի մեջ ինձ համար կա մի մեծ առավելություն. նրանք բոլոր երգերում հպարտանում էին, որ ՀԱՅ են, վեր են դասում հայկականը, ներկայացնում հայի այն հատկանիշները, որոնք այսօր «առաջադեմների» կողմից ծաղրի են արժանանում։

Ռեպում կա երկու սահման` «Օլդսքուլ» և «Նյուսքուլ»: Կարող եք ենթադրել, որ ես «Օլդսքուլ» ռեպի սիրահար եմ։

Ռեպով այնքան տարվեցի, որ մայրենիի դասերին անցած բանաստեղծություններն արտասանում էի ռեպի տեսքով: Հարազատներս կհիշեն: Հիմա, երբ հետ եմ նայում, ներողություն եմ խնդրում իմ  արվեստի «զոհը» դարձած հայ բանաստեղծներից:

14-ում գրեցի «Ատելով» երգս, որը 17-ում հեռախոսով ձայնագրեցի և տեղադրեցի համացանցում։ Իհարկե, շատերը իմ շրջապատում հումորով ընդունեցին արածս, բայց ընկերներիցս մեկն ասաց. «Մուշ, սենց որ լսում եմ` ինչ են խոսում ու ոնց են իրանց պահում, հասկանում եմ, որ ճիշտ ուղու վրա ես, չդադարեցնես»: Էդ խոսքերից հետո ավելի ոգևորվեցի։ Անկեղծ կասեմ` առաջին ձայնագրածս երգը իմ սրտով չէր, հասկացա, որ հիմա սիրո թեման չէ, որ պետք է բարձրացնել: Սկսեցի գրել մարդկանց հարաբերությունների, որակների մասին, վատին, չարին տրվելու երևույթների դեմ։ Հիմա հուզում է իմ երկրի վիճակը: Սա  գրել եմ պատերազմից հետո` ձմռանը: Հուսահատված էինք բոլորս, հիմա էլ:

Ուզում եմ, որ մարդիկ մի պահ կանգ առնեն, հիշեն, թե ով ենք մենք` հայերս, համախմբվենք։

«Մենք ենք»… Իմ նոր ռեպն է: Սպասում եմ ձեր կարծիքներին:

https://www.youtube.com/watch?v=tkq9-b_4cCk

«Վերաբերմունք» /«Einstellung»

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում օգոստոսի 24-ին ներկայացրեց իր նոր՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 3-ը։

Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի  Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի իր պատուհանից:

«Սա մի փորձ է ակնադիտական (visual) տիրույթում հետահայաց զննելու ներկան` նյութի մեջ ընդգծելով արվեստայինը: Դիտողին հնարավորություն կընձեռնվի միջամտել լուսանկարներին` դառնալ համաստեղծող: Նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել գերմաներեն լեզվի «Einstellung» («Վերաբերմունք») բառը. ակնադիտական արվեստում ընդգրկուն հասկացություն, որին մանրամասն անդրադարձել է գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը»,-ասում է Զավեն Խաչիկյանը։

Ցուցահանդեսի առաջնային հիմնախնդիրներն են` լուսանկարչության և արվեստի  այլ բնագավառների միջև կապերի  զարգացման հարցերի քննարկումը, արդի լուսանկարչության այլընտրանքային ուղիների բացահայտումը, լուսանկարչություն-մարդ-միջավայր-իրադարձություն հարաբերություններում  արվեստային գործոնի կարևորումը, պատկերահանդեսի` նորարարական ինտերակտիվ հարթակի վերակերպումը:

Լուսանկարները` Աիդա Շահբազյանի

Գյուղս. համերի, հիշողությունների ու մարդկանց մասին

Գյուղը մշտապես համերի, հիշողությունների ու մարդկանց մասին է:

Լիքը տխրություն ու կարոտ կա ամեն պահի մեջ: Մեծանում ես և հետո զգում, թե ինչքան է յուրաքանչյուր ձևավորված մասնիկդ կյանք առած այս ամենից:

Քայլում ես գյուղում, Անիկ տատը կանչում հարցնում է, թե ով եմ ու անվերջ կարոտած համբույրներ թողնում այտիս: Ինձ գուցե մեկ-երկու անգամ տեսած լինի, ես նրան չէի հիշում, բայց նույնն էի զգում: Կարծես իր մեջ ամփոփված լիներ ողջ հավաքական գյուղը, կարծես նրա աչքերը պատմեին իմ կարոտած հիշողությունների մասին:

Մորական կողմի պապիս տուն գնացի, որը վաղուց լքված է, արդեն տեղափոխվել են: Մինչև հիմա հիշում եմ դրսի խոհանոցից եկող տաք հացի հոտը, որից հետո միշտ ալյուրի շերտով էին պատվում ձեռքերս, ու ես մատներս լայն տարածած գրկում էի տատիս, որ չսպիտակեցնեմ իրեն: Բայց դե ժամանակը սպիտակեցրեց տատիս, խոհանոցի դուռն էլ հավերժ փակեց իր ետևում սպիտակ հեքիաթով լցված մանկությունս:

Գյուղը շատ էր դատարկվել, շատ դռներ էին հավերժ փակվել, որ էլ երբեք սպիտակ թարմ ներկի խեղդող անուշահոտը չէին զգալու:

Մանկությունից տպավորված անվերջ ակտիվությունը, շարժը, աշխատանքը կարծես կանգ առած լիներ, կարծես գյուղը հոգնած լիներ ու մտած լիներ հավերժ հանգստի մեջ: Ես էլ զգուշորեն էի քայլում ու շշուկով խոսում, որ չխանգարեմ նրա անդորրը:

Լուռ քայլում էի` կանգ առնելով ու վերապրելով յուրաքանչյուր անկյունում կատարվածը, բարևում ծանոթ-անծանոթին` հետևում թողնելով կիսազննող հայացքները, որ փորձում էին բացահայտել անծանոթի ինքնությունը:

Երևի ժամանակը անծանոթ է դարձնում մեզ, ու կյանքի մեկ ուրիշ փուլում նույն տեղում հայտնվելով մենք նորից ենք ծանոթանում կամ անխոս հիշեցնում մեր մասին` վերապրելով այնպիսի պահեր, որ միայն մեզ է պատկանում: