Կապույտ դատարկություն, որ անծայր է թվում
Աչքերիս առաջ անծայր թվացող կապույտ ծովն է: Այնքա՜ն խաղաղ է ու պարզ, որ կարծես երբեք չի կեղտոտվել փոշուց ու թափոնից, որ ասես թե ինքը չէր ողջ գիշերը քամուց ալեկոծվում: Մեռած լռություն է տիրում մի ծովի ափին, որը ամպրոպից ավելի բարձր որոտալ գիտեր, արևից էլ վառ շողեր արձակել ու տեղն եկած ժամանակ էլ նավեր խորտակել: Այնքան փոքր էր թվում, բայց այնքան անծայր է հիմա: Այնպես լքված է, հոգնած ու անորոշ: Նույնիսկ ճայերն են լքել:
Քամին երկար սպասելուց հիասթափեցրած հյուրի նման գալիս ու ուղղակիորեն պարանոցիցս քաշում ու տանում է դեղին շարֆս: Թող տանի, գուցե շարֆս ընկեր մնա լքված ծովին:
Խոսելս չի գալիս: Անտաղանդ գիրք թերթողի պես այս ու այն կողմ եմ անում գրքիս էջերը: Ինձ հետաքրքրում էին գրքի էջերը, տեսքը, թղթի բույրը, բայց ոչ բովանդակությունը. անմիտ է թվում կյանքը: Դե հա… մենք հաճախ ենք սիրում անպատասխան: Տեսնում ենք, հիանում, համ հետաքրքրասիրությունից այրվելով տարվում դրանով, ինչպես թմրամոլը ափիոնով: Եվ երբ ուշքի ենք գալիս՝ նախընտրում ենք այն երբեք փորձած չլինելը: Բայց դե, էլ ինչ… Է՛հ, ափիոնս լավն էր, պարզապես… Գրողը դրան տանի:
Ես տարօրինա՞կ եմ խոսում: Կներեք, պարզապես այլ կերպ լինել չէր կարող: Ինձ մի պահ թվում էր, թե այս կյանքից իրոք գլուխ եմ հանում, փիլիսոփա եմ, ով բոլոր հարցերի պատասխաններն իմանալով նախընտրում է լռել: Բայց հիմա ես իրոք խոսել եմ ուզում: Տեսնես՝ ի՞նչ կուզեմ հինգ տարի անց: Լռե՞լ, թե՞…
Մի՞թե այս ծովն իրական է, թե՞ պարզապես կապույտ դատարկություն: Ես սարսափում եմ պատկերացնելուց, թե ամենը խաբկանք էր, պայքարը՝ անիմաստ: Եվ ո՞ւր տարավ դեղին շարֆս:
Աչքերիս առաջ անծայր թվացող կապույտ ծովն այնքա՜ն խաղաղ է, լուռ ու հոգնած: Նավերը խորտակված են, լուսինն էլ չի ուզում իր տեղը զիջել արևին: Միևնույնն է, ծովս խաղաղ է ու կապույտ: Նա իր մեջ խեղդեց բոլորին: Ես մնացի:
Դե, հիմա ինչպե՞ս խեղդեմ ինձ իմ մեջ: Դեղին շարֆո՞վ:
Աննա
Նա կանգնած էր ժայռի եզրին։ Քամին խաղում էր նրա ալիքաձև վարսերի ու զգեստի փեշերի հետ։ Կյանքն այլևս չէր ապրում նրա մեջ։ Նրան թվում էր, թե վաղուց է մահացել։ Անկենդանությունն ու դատարկությունը յուրովի էին երևակում դժոխքը նրա համար։ Կարմրած դեմքն ու թաց աչքերը մերթ ուղղվում էին հեռուն, դեպի երկինքը, մերթ էլ անդնդի ներքևում ճողփացող ջրերին։ Երկինքը պարզ էր ու գունատ։ Մերկ ոտքերն ու թեթև զգեստը տանում էին նրան անցյալ։ Այնտեղ, ուր նա երջանիկ էր։
Աննան 17 տարեկան էր, երբ ես նրան տեսա առաջին անգամ։ Նա ալիքվող շեկ մազեր ուներ ու մտազբաղ հայացք։ Նա գեղեցիկ էր։ Իր տարիքի համեմատ շատ խելացի էր ու հասուն։ Նա երազանքներ ուներ։
Անցան տարիներ, ու ես տեսա նրան կրկին։ Պարզվեց, որ մենք սովորում ենք նույն համալսարանում։ Նա փոխվել էր, ասես ուժեղացել էր։ Կայուն։ Սիրում էր կյանքը և ավելի էր գեղեցկացել։
Այնպես ստացվեց, որ մենք հայտնվեցինք մի շրջապատում․ ընդհանուր ընկերներ, համակուրսեցիներ։ Ես մոտ չէի նրա հետ և իրականում՝ առանձնապես չէի ճանաչում նրան, բայց ամեն անգամ տեսնելիս ինչ-որ բան իր հայացքում ինձ ձգում էր․․․ Այն պահին նա այնքան իրական էր։
Այդ ուժեղ ու կայուն բնավորության հետ մեկտեղ, արդեն տարիներ էր, ինչ նա իր սիրտը նվիրել էր մի տղայի․ անմոռաց ու անվերադարձ։ Ու այդ ժամանակ նա գեղեցիկ էր, քան երբևէ։ Այդ տղան մեր կուրսից էր։ Ես ճանաչում էի նրան ոչ ավել, քան Աննային։ Նրանց սիրում էին բոլորը։ Չգիտեմ էլ, ինչու, իմ դեմքին ժպիտ էր հայտնվում ամեն անգամ, երբ տեսնում էի նրանց։
Մի օր իմացա, որ նրանք կռվել են։ Երկուսն էլ մի փոքր տաքարյուն էին։ Բայց ես կասկած չունեի, ես համոզված էի, որ դա ժամանակավոր է։
Երեկոյան Աննայի հեռախոսը զանգեց․
-Աննա ․․․ Բարև ․․․ Լսիր, այսպես չի կարող շարունակվել, ես գալիս եմ, որ խոսենք ․․․ Ես սիրում եմ քեզ:
Արցունքները հոսեցին Աննայի աչքերից․
-Ես էլ քեզ եմ սիրում, արի շուտ ․․․
Բայց այդ երեկո նա տեղ չհասավ։
Մենք բոլորս գնացել էինք նրա հուղարկավորությանը։ Մենք այնտեղ էինք։ Ես հիշում եմ Աննայի դեմքը։ Նրա աչքերը։ Նա կոտրվել էր։ Նրա սիրտը չկար։ Այն կորել էր ինչ-որ տեղ իր տան ճանապարհին։ Իսկ տղայի սիրտը անկանոն բաբախում էր Աննայի կրծքի տակ՝ մեկ ուժեղանալով, մեկ մարելով մինչև մոռացություն։
Ես որոշեցի, որ պետք է սատար լինեմ նրան, օգնեմ հաղթահարել կամ գոնե չկործանվել այդ մղձավանջում։ Չգիտես ինչու, ինձ ձգում էր դեպի նա։ Թույլ տվեց ինձ հաճախ տեսնել իրեն, ժամանակ անցկացնել, բայց այդպես էլ չբացեց իր սիրտն իմ առջև։ Նա փորձում էր, անկեղծորեն ջանում էր պայքարել վշտի ու ցավի դեմ, բայց երբեմն զգում էի, թե ինչպես էին իր սեփական մտքերը գայթում ու տանում իրեն դեպի բոլորովին այլ իրականություն։ Ես այլևս նրա հետ չէի։
Մենք հիմնականում հանդիպում էինք նրա տանը։ Ֆիլմ էինք դիտում, ընթերցում էինք կամ ուղղակի զրուցում։ Այդ ամենի բարի հավելումն էր դարձել գինին։ Այն օգնում էր մեզ ցրվել։
Այդպիսի մի երեկո ես տուն էի վերադառնում, երբ ճամփի կեսին հիշեցի, որ ինչ-որ բան եմ մոռացել նրա տանը (հիմա անգամ չեմ հիշում` ինչ, բայց այն կարևոր էր, այդ իսկ պատճառով էլ ես հետ գնացի)։ Առանց թակելու ես իջեցրի բռնակը։ Դուռը բաց էր։ Մտնելով ներս, գտա նրան գինու շիշը ձեռքին։ Դեմքը կարմրած էր։ Աննան սրբեց արցունքները ու ասաց․
-Մի դատիր ինձ։
Ես նստեցի նրա կողքին։ Իհարկե, չէի կարող դատել նրան, բայց մի՞թե այն, ինչ տեսել էի, նորմալ էր։ Նորմալ չէր վերջերս ոչինչ։ Չգիտեմ։ Համենայն դեպս մի փոքր լուռ մնալուց հետո նա ինձ ասաց․
-Ինչի՞ համար է այս ամենը։
Ես քարացել էի, ուզում էի մի բան ասել, պատասխան տալ, բայց ամեն մի միտք, որ ծնվում էր իմ մեջ, մահանում էր միանգամից, որովհետև այդ պահին վախենում էի անմիտ երևալ, վախենում էի, կմտածի, թե երբեք չեմ հասկանա իրեն, ու կվանի ինձ։ Ես լուռ մնացի։ Նա ծածուկ ժպտաց․
-Դու լավն ես, բայց ես կորցրել եմ հավատս:
․․․ Ու կրկին ես լուռ էի։ Համենայնդեպս, դրա համար զղչում եմ ամենից շատ։ Քանի որ պատասխան էր սպասում ինձնից, ելք էր ակնկալում, ես նրա միակ հույսն էի։ Իսկ ես լուռ էի ․․․
Ես սպանեցի նրա վերջին հույսը։
Աննան գերազանց էր սովորում ․․․ Մինչև այդ դեպքը։ Հաջորդ կիսամյակը նա ավարտեց մի կերպ, ցածր գնահատականներով, իսկ դրան հաջորդող տարում լքեց համալսարանը։ Ամեն ինչ գլորվում էր ներքև, նա փորձում էր աշխատանքի տեղավորվել, ցրվել, մոռանալ, նորից ապրել, բայց ․․․ Մեռած տղայի սրտից բուսած փշերը տարածվել էին նրա օրգանիզմում։
Անքուն գիշերներ, ալկոհոլ, թափառումներ մինչև առավոտ։
Ես չէի կարողանում օգնել նրան, ես չգիտեի, թե ինչպես կամ գուցե չէի համարձակվում։ Նա կամ օրերով դուրս չէր գալիս տնից, կամ տուն չէր վերադառնում օրեր շարունակ։ Ու չկար մեկը, ով կօգներ նրան։ Ծնողները վաղուց էին մահացել։ Նա մենակ էր, իսկ այն ուժեղ բնավորությունը կոտրվել էր անսահման սիրո գերեզմանում։ Նա անում էր ամեն ինչ, որ մոռանա, բայց օգուտ չկար․ մոռացության ժամերից հետո հնչում էին հին մեղեդիները, բայց ավելի ուժգին։
Ու վերջապես նա այնտեղ էր, ժայռի եզրին։ Այնտեղ, ուր հաճախ էր լինում ընկերոջ հետ։ Նա կյանքի ու մահվան սահմանին էր, որտեղ գուցե հայտնվել էր վաղուց։ Իսկ ես ուղղակի հետևել էի դրան։ Բոբիկ ոտքերը դիպչում էին սառը ժայռերին։ Արցունքների մանր կաթիլները հոսում ու կորում էին անհատակ անդունդում։ Նա այլևս չկար, քամի էր, մեղմիկ սուրացող քամի, որում կրկին լսվում էր սիրած տղայի ձայնը․
-Ես սիրում եմ քեզ։
Ինձ հանձնեցին մի երկտող.
«Քեզ հետ անցկացրած րոպեները կտրում էին ինձ ցավից ու իրականությունից, բայց երբ դու էլ էիր գնում, ես ավելի մենակ էի մնում անտանելի ցավի ու միայնության հետ»։
Երբ համացանցը չի անջատվում
Այն հաճելի պահը, երբ վերջապես անջատում ես համացանցը ու մնում մենակ ինքդ քեզ հետ։ Երբ մտքերդ դանդաղ ընթացք են ստանում, հանդարտվում են, ու փորձում ես ոչնչի մասին չմտածել։ Բայց չի ստացվում․ այնքան հիշելու բան կա, այնքան շատ խնդիրներ՝ լուծելու: Մեկը՝ մեծ, մեկը՝ փոքր, մեկը՝ քեզ համար, մյուսը՝ ուրիշի։ Ու դրանց չափից ավելի լինելը ազդում է հանգիստ շնչելուդ վրա։ Այդ մանր to do-ները, ծավալուն հանձնարարությունները, հետոյին թողած գործերը անընդհատ պտտվում են ուղեղումդ, հիշեցնում, որ էլի բան կա անելու, ինչ-որ բան կիսատ է մնացել։
Ու դու, համակարգիչն անջատելով, to do list-ը մի կողմ դնելով՝ ուզում ես մոռանալ ամեն ինչ, վանել շրջապատը, մի կողմ դնել պարտականությունները, փորձում ես մենակ մնալ քեզ հետ, մի քիչ լսել ինքդ քեզ, մտածել կյանքի մասին, մի քիչ էլ փիլիսոփայել։ Բայց նորից չի ստացվում։
Համացանցից դուրս գալով՝ ուզում ես կտրվել վիրտուալ մարդկանցից ու նրանց հետ ունեցած հաղորդագրություններից․ չէ՞ որ դրանք օրվա ընթացքում ամենամեծ ազդեցությունն են թողնում քեզ վրա։ Նրանց խոսքերը, ստատուսները, խելացի մտքերը, կարծիքներն ու սմայլիկները նետերի պես մխրճվում են զգայարաններիդ մեջ։ Ազդեցությունը տարբեր է՝ ուրախություն, ծիծաղ, ջերմություն, հոգատարություն, ընդվզում, անհամաձայնություն, զզվանք ու տհաճություն։ Մեկի նամակին սպասում ես, մյուսին՝ արհամարհում, մեկի գրածը վրադ ազդում է, մյուսինը՝ ոգևորում, 100 հոգի հավանել են նկարդ, բայց այն մեկը չի էլ տեսել․․․
Գլուխդ սկսում է պտտվել ինֆորմացիոն ու էմոցիոնալ մեծ հոսքից, երբեմն ուղղակի ուզում ես չկարդալ, չպատասխանել, երբեմն՝ փոխել թեման, երբեմն արագ անջատել, լքել համացանցը։ Ուզում ես մի քանի օր ապրել այդ սարդոստայնից դուրս, առանց այդ նետերի ազդեցության, առանց կեղծ ու սխալ լուրերի, առանց ֆեյքերի ու լայքերի, դիտումների թվի ու դիտողների, առանց ուրիշի կյանքին խառնվելու, առանց հեռախոսի՝ տագնապ առաջացնող ծնգոցը լսելու։
Բայց հիմա համացանցը բոլորիս աշխատանքային գործիքն է․ մեկը սովորում է, մյուսը՝ աշխատում։ Դու ստիպված ես անընդհատ լինել կապի մեջ, ապահովել քո վիրտուալ ներկայությունը, տնայինը ուղարկել օնլայն, կարդալ գիրքը օնլայն, լսել դասընթացը օնլայն, ընկերներիդ հետ հանդիպել նորից օնլայն․․․
Թեև ծանր օրվանից հետո համացանցը վերջապես անջատված է, բայց նամակները, ստատուսները, մեկնաբանություններն ու նորությունները չեն վերանում մեր ուղեղից, դրանք ատոմների նման արագ պտտվում են այնտեղ, խառնում ու փոխում են մեր մտքերի ուղղությունը։ Փակում ես աչքերդ, դրանք նորից հայտնվում են դիմացդ։ Թվում է՝ երբեք քեզ հանգիստ չեն տա։ Իսկ քո ուզածը միայն մենակ մնալն է։ Անհնար ցանկություն չէ, չէ՞․․․
Մնաք բարով
Ես գնում եմ, էլ չեմ գալու,
կտրեք թելերը իմ ու ձեր,
Հանգիստ տվեք իմ խենթ մտքին,
թողեք ճախրեմ դեպի վեր:
Չմեղադրե՛ք, չքարկոծե՛ք
հեռանալուս լուրի համար,
Ես պարզապես ցավից խեղդված
Չտանջվել ուզեցի:
Ես չէի ուզում ջնջել սակայն
տարիների էջերը իմ,
Բայց վերջակետներ շատ դրվեցին
սպիտակ թերթերիս էջերին:
Ձեր փուշ դարձած խոսքերը այն,
որ ծակում էին իմ հոգին՝
Բողբոջել են, ծաղիկ դարձել
ու թոշնում են ձեր ձեռքին:
Ես չեմ տվել ձեզ ցավ ու չոռ,
չեմ էլ սպասել ջերմ խոսքի,
Բայց վարդերն իմ մեխակ դարձան
և թեքվեցին մի կողքի:
Իմ աչքերը փակվել ուզեցին
որ միտքս անուրջով ապրի,
Բայց ցավերս ի հայտ գալով
հանեցին ինձ պայքարի:
Ես ջնջո՛ւմ եմ էջերը կյանքիս,
կտրո՛ւմ եմ թելերը բոլոր,
Անուրջներ ինձ պետք չեն, երբե՛ք,
ոչ մի վիշտ ու ուրախություն պետք չի ցաված իմ սրտին:
Ձեր փշերն էլ թառամեցրի,
ու թքեցի ձեր չորացած ծառի վրա,
Փտում եք դուք ձեր իսկ սրտի սև անկյունում
ու տենչում եք արևի մի սպիտակ լույսի:
Ոռնում եք դուք մութ անտառի լքված, սոված գայլի նման
և փախչում եք հայելիների անեծքներից,
Որ չտեսնեք, որ չնայեք, չխորտակվեք ձեր աչքերում,
որ չխեղդվեք նախանձի ձեր անծայր ծովում:
Ես քայլում եմ հստակ ու պարզ,
առանց անպիտան խղճի խայթի
Պատռում եմ ձեր երեսներն այն,
որ կրկնապատկվել էին հանկարծակի:
Մոռանում եմ ձեզ մութ անցյալում, քայլում եմ ես իմ վեհ ուղով:
Այրվե՛ք անվերջ, ես գնում եմ՝ ձեր եղածի հետ ձեզ թողնելով.
նախանձի ծով, ծակող փշեր ու չորացած ծառի ճյուղեր:
Մնաք բարով…
Մեր մեջ ասած
Քեզ սիրեցի, անձրև եկավ
Մաքուր օդը սերս առավ-տարավ։
Ամբողջ գիշեր քեզ նկարեցի
Գլխիս վերևում տեղ ունես. չորս պատերից մեկը քեզ եմ հատկացրել։
Ես ոտքից գլուխ կարոտ եմ
Ներեցի,
Հազար անգամ բազմապատկվեցի
Հիմա
Ասա՛
Քանիսի՞ բաժանվեմ։
***
Քեզ սրտիս խորքերում եմ պահում,
Մայրամուտն ինձ հետ դժվար թե տեսնես։
Անկյունում վրձին եմ թողել
Թող քեզ համար մայրամուտ նկարի
Տակն էլ կստորագրեմ՝ իբրև թե միասին էինք։
***
Բոլորն ունեն իրավունք
Ես
Ասա՛
Անիրա՞վ եմ քեզ սպասում,
Թե՞ հարցականներ սխալ,
Կամ թե շարադասությունը
Անիրա՛վ, քե՞զ եմ սպասում։
***
Քո՝ ինձ ուղղված ուշադրության մասին պետք է սառույցին գրեմ
Ոչ թե գրիչով
Այն էլ գունավոր
Էլ ուր մնաց, թե քեզ նկարելու համար մատիտս սրեմ…
***
Այդքան գրքեր եմ բացել, կարդացել
Նվիրածդ ոչ մի ծաղիկ,
Ոչ մի էջի արանքում,
Թեկուզ ինձնից թաքուն,
Թեկուզ քեզնից նեղացած՝
Չչորացավ։
Եթե պապս խոսեր…
Եղե՞լ եք Խուստուփ լեռան գագաթին, լսե՞լ եք նրա խուլ հևոցները, շնչել Սյունյաց աշխարհի աննկարագրելի մաքուր և սուր օդը, ակնդիր եղել գագաթի մոտ սավառնող թռչուններին՝ ակամա մրթմրթալով նրանց դայլայլի վերջին նոտաները:
-Իսկ լեռը ինչո՞ւ էր հևում,- կհարցնեք դուք։
Հևում էր պատերազմի դաշտում ընկած ամեն մի հայի համար: Հևոցները գնալով դառնում էին ավելի ու ավելի ծանր և անհաշվելի…
Պապս ինձ միշտ պատմում էր.
-Չորս տարեկան էի: Հայրս մեկնեց պատերազմ: Այլևս ոչինչ չլսեցինք նրա մասին: Սպասեցինք, բայց ոչ մի լուր, ոչ մի հույս: Նրան սպասեցի մինչև կյանքիս վերջին պահը, հետո լսեցի նրա արձագանքի նմանվող ձայնը՝ այնքա՜ն մոտ, այնքա՜ն հարազատ. կարոտած ու ինքնամոռաց գնացի նրա հետևից…
Գեղեցկուհի մայրիկս դարձավ գյուղի խոսակցության թեման: Նա սպիտակադեմ էր, լայնաճակատ, խորունկ, խաժ աչքերով, որոնք օրվա տարբեր ժամերին փոխում էին իրենց երանգները, սլացիկ հասակով և սքանչելի ժպիտով: Հորս անհետանալուց հետո ժպիտը սառեց նրա գծված շուրթերին, աչքերը խունացան, բայց միևնույնն է, ոչ ոք անտարբեր չէր անցնում նրա կողքով: Բոլոր հարևանները հորդորում էին մայրիկիս ամուսնանալ: Մի օր էլ հարևան գյուղերից հարուստ մի մարդ, որը հավանել էր մայրիկիս, եկավ մեր գյուղ` խնդրելու նրա ձեռքը: Երբեք մտքովս չէր անցնի, որ մայրս կլքի իր միակ որդուն, կթողնի բախտի քմահաճույքին և կգնա պահելու այդ օտար մարդու չորս զավակներին:
Ինչպես եմ ատում քեզ, պատերազմ: Դու ինձնից խլեցիր ամեն ինչ՝ հորս, մորս, անհոգ մանկությունս…
Հորեղբորս կինը շատ ուշադիր էր իմ նկատմամբ: Երբեմն թվում էր` ինձ ավելի շատ է սիրում, քան իր հինգ զավակներին: Դժվար ժամանակներ էին. ալյուր չկար, ուտելիք դժվար էր գտնել, հագուստի մասին էլ չեմ խոսում: Գործը շատ էր, աշխատողները՝ քիչ: Մեր ամենաերջանիկ օրերը հաց թխելու օրերն էին: Երբեք չեմ մոռանում նոր թխած լավաշի աննման բույրը: Յուրաքանչյուրս մի-մի լավաշ էինք ստանում, կրծում մինչև վերջ՝ ուրախանալով, որ այդ օրը կուշտ ենք քնելու: Ես ինձ չէի կորցնում, հավաքում էի լավաշների կտորտանքները, փշուրները, դնում մայրիկիս բույրը դեռևս պահպանած սպիտակ գլխաշորի մեջ ու այն թաքցնում վաղվա համար: Գարնանը հորեղբորս տղաների հետ գնում էինք անտառ՝ շուշան, սիբեխ, քեղ, խնջլոզ քաղելու: Տանում էինք քաղաք և վաճառում: Գումարը հորեղբորս կնոջը տալիս մի քանի կոպեկ պահում էի ծածուկ: Գոմում՝ քարե պատերի արանքում, մի թաքստոց էի պատրաստել և մայրիկիս գլխաշորի մեջ, որտեղ լավաշի փշրանքներն էի պահում, սկսեցի հավաքել իմ խնայած կոպեկները: Շուտով անցքը նեղացավ և այն այլևս խնայողությանս բավարար չէր: Փոխեցի թաքստոցս. ավելի հարմար տեղ գտա: Սկսեցի ավելի շատ փող վաստակել և մեծացնել կուտակած գումարս: Հասկանում էի, որ հույսս պետք է ինձ վրա դնեմ: Հողի՞ց էր, թե՞ ջրից՝ ծանր կյանքը ինձ հաղթահարել սովորեցրեց, գլուխս բարձր պահել և առաջ գնալ սովորեցրեց, հասկացա, որ պետք է գնամ քաղաք և փորձեմ ինքնուրույն ապրել…
Բոլորը սիրեցին ինձ: Վազում էի այս ու այն կողմ՝ ականջս թեթև, հպարտությունս՝ բարձր: Խնայողությունս օգնեց ինձ տուն վարձել, սեղան ու աթոռներ գնել ու օջախ ստեղծել…
Խնայելու լավ սովորույթը ինձ տարավ հեռու հեռուներ՝ արժանացա «Աշխատանքային հերոսի» կոչման, ընտրվեցի ՀԽՍՀ, այնուհետև՝ ԽՍՀՄ գերագույն սովետի դեպուտատ: Սակայն ամենամեծ հարստությունս հինգ զավակներս են՝ բոլորը կրթված, խելացի, դաստիարակված: Նրանց նույնպես սովորեցրի խնայելու արվեստին, ճիշտ ապրելուն, նեղ օրվա համար միշտ հոգեպահուստ ունենալուն:
Ծանր ու դժվար կյանքը պապիցս խլեց առողջությունը, սակայն նրա հոգին այնքա՜ն խաղաղ է ճախրում երկնքում: Հպարտ եմ իր ապրած կյանքով, վաստակած անունով և դաստիարակած զավակներով…
Ծաղկունք
Մանկությունն ավարտվում է
Մանկությունն ավարտվում է սահուն, զգույշ ու աննկատ։ Դու միայն տարիներ անց ես գիտակցում, որ այն անհոգ ու պարզ երեխան էլ քո ներսում չէ։
Մանկությունն ավարտվում է, երբ մուլտֆիլմերը դառնում են ձանձրալի, երբ խաղալու հավեսն է կորչում։ Ու մեզ արդեն հետաքրքրում են մեծականն ու արգելվածը: Մենք ուզում ենք ավելին իմանալ, այն ինչ հետո երազելու ենք երեխա մնալու, ցերեկը քնելու ու անհոգ լինելու մասին։
Մանկությունն ավարտվում է, երբ «տուն-տունիկ» խաղը դառնում է առօրյա պարտականություն։ Փոքր ժամանակ երկու աթոռներից պարան էինք կապում, տիկնիկի շորերը չորացնում, իսկ հիմա բացում ենք տան պատուհանը ու լվացքը հավաքում։
Մանկությունն ավարտվում է, երբ աղջիկներս ձգտում ենք շպարվել, բարձրակրունկներ հագնել, մազերը ներկել։ Այնքան մեծ է ցանկությունը, որ այդ տարիքին հասնելուն պես արագ վայելում ու նորից ձանձրանում ենք:
Մանկությունն ավարտվում է, երբ խնդիրներն են շատանում, որովհետև փոքր ժամանակ միակ դժվարությունը տիկնիկիդ ուրիշի երեխայի ձեռքում տեսնելն էր կամ ցանկալի խաղալիքը չունենալը։
Մանկությունն ավարտվում է, երբ վերընթերցում ես օրագիրդ ու հասկանում, որ քեզ հուզող հարցերի շրջանակը էապես փոխվել է։
Մանկությունն ավարտվում է, երբ սեր խոստովանելու համարձակությունն է մարում, երբ մանկական ազնվությունն ու միամտությունն է կորչում:
Մանկությունն ավարտվում է, երբ ցրվում են ընկերներդ, որոնց խելքին ընկնելով ինչեր ասես՝ չէիք անում, բակից տուն գալ չէիք ուզում։
Մանկությունը վերջանում է, երբ նոր տերմիններ են ավելանում մեր բառապաշարում․ գունավոր նկարներով Այբբենարանը վերածվում է դասագրքի, հետո հաստափոր գեղարվեստական գրքի, դպրոցական օրագիրը դառնում է ստուգման գրքույկ, դասատուն՝ դասախոս, տնօրենը՝ ռեկտոր, ստուգողականը՝ քննություն։ Հետո հասնում ես աշխատավայր, ու ընկերները դառնում են գործընկերներ, դասամիջոցը՝ ընդմիջում, դեկանը՝ ղեկավար։
Մանկությունն ավարտվում է, երբ հեքիաթային երազանքներդ փոխվում են լուրջ նպատակների, դրանք իրականացնելու ժամանակն է գալիս, ու ռիսկի դիմելու ցանկությունն է մեծանում։
Մանկությունն ավարտվում է, երբ ավելանում է մեր ձեռքի գումարի չափը, երբ դպրոցում 150 դրամով բուլկի գնելն ու 50 դրամը խնայելը մնում է անցյալում: Երբ արդեն ծնողներիդ ծննդյան օրվա առթիվ բացիկ գրելու փոխարեն գումար ես նվիրում, իսկ փողերդ գանձանակի միջից անցնում են բանկային քարտի վրա․․․
Բայց իրականում մանկությունը մեր ներսում հանգած հրաբուխի նման սպասում է դուրս հորդելուն։ Այն նորից քեզ հյուր է գալիս, երբ դու խաղում ես փոքրիկ երեխաների հետ, միացնում ես սիրելի մուլտֆիլմը կամ սկսում ես խոսել տիկնիկիդ հետ։



























