Անգամ եթե փաստաբանը ձեր ընկերն է

Առհասարակ մարդն իր կյանքում որոշումներ կայացնելիս պետք է լինի հաստատակամ: Հարցն առավել լուրջ է, եթե այն վերաբերում է մասնագիտության ընտրությանը:
Ավելի քան երեք տարի առաջ էր, երբ որոշեցի, որ ուզում եմ իրավաբան դառնալ, այն էլ այն դեպքում, երբ ընտանիքիս անդամները առավելապես մաթեմատիկական ուղղվածության ջատագովներ են: Ինչևէ , երեք տարի է անցել , ու իմ սերը դեպի իրավաբանություն եռապատկվել է: Ասածս լոկ խոսքեր չեն: Իմ օրը սկսվում, զարգանում ու ավարտվում է իրավաբանության հետ, անգամ երազում եմ զգում…
Դե, համալսարանում ամեն ինչ խորապես ուղղորդում է մեզ դեպի իրավաբան դառնալը ու հաստատուն գիտելիքներ ունենալը: Դասախոսություններ,  սեմինարներ, սիմուլյացիոն խաղեր, բանավեճեր: Ինչպես մեզ մոտ են ասում` եթե ուսանողի մեջ առկա է ցանկություն, կան մտավոր բավարար կարողություններ, ապա աշխատելու արդյունքում հաջողությունը իրեն երկար սպասեցնել չի տա: Համաձայն եմ, քանի որ մեր աչքի առաջ են հրաշալի մասնագետներ, ովքեր իրենց աշխատասիրության արդյունքում ձեռք են բերել ուսանողների սերն ու հարգանքը:
Դե իսկ ես` նոր ձևավորվող իրավաբանս, փորձում եմ ամեն սովորածս կիրառել առօրյայում: Գիտե՞ք ` ինչպես, օրինակ` մեր շենքի բոլոր բնակիչներին մեր նախաձեռնող հարևաններից մեկը առաջարկում էր կնքել պայմանագիր, որով մենք պարտավորվում ենք վճարել տնաձայների համակարգի համար, որը նոր պիտի տեղադրվեր մեր շենքում ` մեր իսկ անվտանգությունը ապահովելու համար: Մենք ապրում ենք երկրորդ հարկում: Ըստ կողմերի համաձայնության ` մեզ նախօրոք տեղյակ էին պահել, որ մեզ ևս այցելելու են` պայմանագիրը կնքելու համար: Հնչեց դռան զանգը: Ես բացեցի:
- Աղջիկ ջան, բարև’: Պայմանագիրը բերել եմ: Կստորագրե՞ս:
- Բարև’ Ձեզ: Մեկ վայրկյան,- ասացի ես ` ինձնից գոհ վերցնելով պայմանագիրը:
Անցավ մոտ 5-10 րոպե: Մեր հարևանը դեռ կանգնած էր մեր դռան մոտ ու,  մերթընդմերթ դժգոհության ձայնարկություններ հանելով, հետևում էր, թե ես ինչպես եմ մանրակրկիտ ուսումնասիրում վերոհիշյալ պայմանագիրը: Արդեն վերջացնում էի, երբ հարաբերական անդորրը խախտեց մեր հարևանը.
- Աղջի’կ ջան, կարո՞ղ ա դու իրավաբան ես:
- Հա’: Ի՞նչ իմացաք:
- 9- րդ հարկից մինչև 2-րդ հարկ սաղ բնակարանները հերթով մտնելով, ստորագրություն վերցնելով դուրս եկա` մենակ դու որոշեցիր, որ պետք ա կարդաս էս պայմանագիրը,- նույն դժգոհ դեմքով ասաց մեր հարևանը ու հեռացավ` իր հետ տանելով արդեն իսկ հարազատ դարձած պայմանագիրը:
Հա, բայց ես ի՞նչ անեմ, ես կիրառում եմ այն, ինչ սովորել եմ. ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ հարկավոր է ուսումնասիրել պայմանագրով նախատեսված պայմանները` անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար:
Մի օր էլ հորաքրոջս հետ գնացել էինք գնումներ կատարելու: Լիքը բան էինք գնել, այդ թվում և հագուստ, և կանխատեսելի էր, որ դրանցից մեկը փոխանակելու կամ հետ վերադարձնելու կարիք կլինի: Բայց հորաքույրս խանութի աշխատակցուհու կամ մենեջերի հետ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չէր բերել այդ մասով: Սակայն ի՞նչ կարիք կա մտածելու, եթե կողքիդ ունես քաղաքացիական իրավունքը բոլորովին վերջերս լավ սերտած ուսանող: Մեր գնած վերնաշապիկներից մեկը հետ վերադարձնել էր հարկավոր: Մտանք խանութ: Հորաքույրս , մանկավարժին բնորոշ լավատեսությամբ ու մարդասիրությամբ, խնդրեց խանութի աշխատակցուհուն, որ հետ վերցնի վերնաշապիկը ու վերադարձնի վերջինիս համար վճարած գումարը: Խանութի աշխատակցուհին չհամաձայնեց` պատճառաբանելով, որ արդեն իսկ վերնաշապիկի կոդը ֆիքսվել է համակարգում` իբրև գնված ապրանք, և հնարավոր չէ հետ վերցնել այն:
- Հարգելիս, ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է, որ գնորդը իրավունք ունի ապրանքը իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում փոխանակելու կամ վերադարձնելու, եթե ապրանքը չի օգտագործվել, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից գնելու անհրաժեշտ ապացույցներ:
Մի պահ խանութի աշխատակցուհու շվարած դեմքը տեսնելով` մտածեցի, որ լավ կլիներ, եթե ոչ մի բան էլ չասեի, սակայն վերջինս համաձայնեց հետ վերցնել վերնաշապիկը:
Մեկ ուրիշ դեպք էլ պատմեմ:
Անցած տարի մի գեղեցիկ լուսանկար էի արել ու տեղադրել իմ ֆեյսբուքյան էջում` նշելով, որ ես եմ նկարել այն: Տուրիստական գործակալություններից մեկը, վերցնելով իմ կողմից արված լուսանկարը, օգտագործելով այն, հեղինակել էր իր ֆիրմային նշանը և սոցիալական էջերում հանդես էր գալիս դրանով` առանց նշելու, որ լուսանկարի հեղինակը ես եմ: Դե, ի՞նչ էր մնում ինձ անելու: Իհարկե, պաշտպանել իմ հեղինակային իրավունքները:

Լավ մշակված դիրքորոշում գրելուց ու երկարատև բանակցելուց հետո ինձ հաջողվեց վերականգնել իմ խախտված իրավունքները: Բա հո էդպես չէի՞ թողնելու:
Եվ այսպես շարունակ:
Իրավաբանի մասնագիտությունը չափազանց հետաքրքիր է ու, միևնույն ժամանակ, բարդ, պետք է պարզապես սիրով համեմել յուրաքանչյուր պահը:
Մենգետին ասում էր, որ եթե անգամ փաստաբանը ձեր ընկերն է, այնուամենայնիվ հիշեք, որ նա փաստաբան է:
Իսկ ես ասեմ ավելին.հիշե’ք, որ եթե անգամ իրավաբանը Ձեր ընկերն է, այնուամենայնիվ նա իրավաբան է…

Չուղարկված նամակ

Երբ ես, դու ու մաման հայտնվեցինք կյանքի ցուրտ ոլորաններից մեկում, ես ու դու, բնականաբար, շատ քիչ բան էինք գիտակցում, քան նա։ Ես մեծն էի, մաման աշխատում էր, իսկ դու ժպտում՝ ինչպես միշտ։ Ես անգամ ձվածեղ պատրաստել չգիտեի, ես ընդամենը երկրորդ դասարանցի էի։ Ճիշտ է, մինչև օրս էլ իմ խոհարարական հմտությունները սրտովդ չեն, բայց քեզ էլ եմ հասկանում՝ տառապանքդ փորձ ունի։
Դու մեծացար շատ դանդաղ, բայց հիմա անգամ չեմ էլ հասկանում, թե ինչպես ժամանակը թռիչք գործեց։ Դու համառ էիր, ինքնասածի, ծանր ու մեծ երեխա։ Դու չէիր սիրում, երբ քեզ համբուրում էին, դու չէիր սիրում, երբ քեզ գործի էին դնում։ Դու սիրում էիր ծաղիկներ, ինքդ էլ հոգ էիր տանում մեր փոքրիկ բնակարանի բուսականության մասին, դու սիրում էիր կենդանիներին՝ անչափ։ Բայց դու էլ, մաման էլ ալերգիկ էիք, և ձեր ինքնազգացողությունը վատանում էր, երբ շփվում էիք կենդանիների, բույսերի, փոշու հետ, ինչը բարդացնում էր ձեր կյանքը՝ մանավանդ Ամասիայում ապրելու տարիներին։

Քեզ սիրում էին բոլոր կենդանիները։ Հիշում եմ, երբ մի փոքրիկ շան քոթոթ հետևիցդ ընկել ու եկել էր տատիկենց տուն, իսկ մենք, չցանկանալով, որ պապիկը նրան տանի կորցնի, փակեցինք նրան տատիկի մեծ փայտյա սնդուկի մեջ, որպեսզի պապիկը չգտնի: Շանը պապիկը մի քանի օր անց հայտնաբերել էր համարյա շնչահեղձ ու հազիվ կյանքն էր փրկել, բայց մենք հո դա չէի՞նք ուզում, չէ՞։
Դու մի շաբաթում կարդացիր այն մի քանի հաստափոր հեքիաթների գրքերը, որոնք նվեր էիր ստացել ծննդյանդ օրը։ Մի քանի օրում հավաքեցիր 2000 կտորից բաղկացած խճանկարը, որը մաման էր քեզ նվեր գնել Երևանից։ Դու մեր տարիքի երեխաներից ամենաֆանտաստիկն ես եղել ինձ համար միշտ։

Ես մեծն էի, ես պատասխանատվություն էի կրում երկուսիս համար: Ես հաճախ էի բարկանում քեզ վրա, հաճախ նախատում էի, հետո սկսում խոսել քեզ հետ, որ հասկանանք մեր սխալները։ Մենք ամենափոքր տարիքից քայլում էինք ձեռք-ձեռքի տված, ես փողոցի կողմից՝ դե մեծն էի, քեզ պաշտպանում էի։ Ու նոր եմ հիշում, որ այս վերջին մի քանի տարում դու հրում էիր ինձ, կանգնում փողոցի կողմից: Արդեն դո՛ւ։ Հիմա դու ծառայության ես անցել ՀՀ Զինված Ուժերում և հեռու ես մեզանից, իսկ նպատակդ նորից պաշտպանելն է, բայց այս անգամ ոչ միայն ինձ ՝ այլև մեր բոլոր հայ ընտանիքներին:
Մենք խաղում էինք տանը, այն դարձնելով պատերազմի դաշտ, բայց դա մինչև ժամը 4-ը, մենք դեռ այդ ամենը պետք է հավաքեինք, թե չէ, մաման ժամը 5-ին գար տուն ու տեսներ՝ մենք կպատժվեինք օրենքի ողջ խստությամբ՝ «Իսկ եթե ձեզ վնաս տայի՞ք»։
Ես իսկապես ցավում եմ, որ իմ կոպիտ բնավորության պատճառով, ինչ-որ պահ ստիպեցի քեզ մտածել, թե կարող է քեզ նախանձում եմ, որ քեզ այդքան սիրում են բոլորը։ Բայց ինչպե՞ս կարող էիր դու նման բան մտածել։

Ես ուզում եմ, որ դու լինես աշխարհում ամենաերջանիկ մարդը, ուզում եմ դա սեփական բարօրությունիցս առավել։ Դու իմ մի մասնիկն ես, ես երբեք իմ անունը առանց քոնի չեմ պատկերացրել։ Դու իմ ճանաչած ամենազգայուն և ամենալուրջ, ամենահոգատար և ամենաամուր երեխան ես եղել, ու մինչև օրս էլ այդպիսին ես։ Դու ինձ համար ամենատաղանդավորն ես և ամենախելացին։ Դու ինքնամփոփ էիր, քչախոս և լուրջ։ Կամակոր և եսասեր չէիր որպես տան փոքր: Մենք կիսել ենք ամեն ինչ երեք մասի՝ ինձ, քեզ, մամային: Մենք ծիծաղում էինք, տխրում միասին, միասին որոշում մեր ընտանիքի ֆինանսական ելքն ու մուտքը, պլանավորում ծախսերը: Ես կարոտում եմ մեզ: Հիմա դու հեռու ես 700կմ-ից ավելի։ Հեռավորակարոտախտ՝ ընդամենը։
Չնայած մեր հարազատներն անընդհատ ամեն ինչ անում էին, որ մենք չզգանք մեր թանկ մասնիկի բացակայությունը, բայց այդ ջանքերը երբեք էլ չօգնեցին մեզ, առավել ևս՝ քեզ։ Դու մեծացար անկախ մեր կամքից, փոխվեցիր արտաքնապես, բայց ներքուստ դու այն մաքուր ու համով երեխան կմնաս միշտ։

Դու սիրում ես կյանքը, դու ապրում ես այն ու զարմանում ամեն հրաշքով: Դու գնահատում ես առավոտներդ ու փոքրացած հագուստդ։ Փոքր ժամանակ ասում էիր՝ Հարություն – խայտառակություն։ Բայց թույլ տուր ասեմ՝ Հարություն- հպարտություն, ուրախություն և…

Շուտ հետ արի, լա՞վ։ Ես այս երկու տարում չեմ սովորի սեղան գցել երկուսի համար, միշտ բերում եմ երեք ափսե, երեք բաժակ, երեք պատառաքաղ, դնում երեք աթոռ: Առանց քեզ մեր սիրելի ուտելիքները այդքան համեղ չեն, առանց քեզ տատիկենց տան ճանապարհը երկար է, առանց քեզ ստիպված ես եմ փոխոոմ մեր ջահերի լամպերը:

Լավ դե, գնամ: Իմացիր, արդեն լիքը կարոտել եմ, ամուր գրկում եմ և ուզում եմ այդտեղ շատ չփռշտաս, թե չէ թույլ տեղդ կիմանան:

Կամուրջը մշակույթների միջև

Հունիսի 20-28-ը Վրաստանի Ռուսթավի քաղաքում Erasmus+ ծրագրի շրջանակներում տեղի է ունեցավ երիտասարդների փոխանակման ծրագիր «Կամուրջը մշակույթների միջև» թեմայով։ Ծրագրին մասնակցում էին երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Լատվիայից և Ֆրանսիայից։ Ծրագիրն իր մեջ ներառում էր ոչ ֆորմալ տարբեր գործողություններ, ինչպիսիք էին՝ թիմային աշխատանքներ, ice breakers (սառույցի կոտրում), կարծրատիպերի մասին սեմինարներ, մշակութային տարբերություններ, ազգային երգ ու պար, և այլն։ Ծրագրի ընթացքում երիտասարդների համար անցկացվեցին սեմինարներ արվեստի, տառատեսակների տեխնիկայի, գրաֆիտային նկարչության մասին, որոնցից ստացված գիտելիքները կիրառեցին գործնականում։ Անցկացվեցին միջազգային և միջմշակութային երեկոներ՝ իրենց մշակութային և ազգային արժեքները ներկայացնելու համար։ Ծրագրում ընդգրկված էին նաև զբոսանքներ, քաղաքային խաղեր, արշավներ դեպի վրացական տեսարժան վայրեր և այլն։ Ծրագիրն անցկացվում էր Ռուսթավի քաղաքի International Scout Centre-ում։

Ծրագրի Հայաստանի մասնակիցների թվում էի նաև ես։ Առաջին երկու օրը շատ ծանր էր ինձ համար, քանի որ դժվար էր համակերպվել նոր շրջապատին, այն էլ այլազգիների մեջ։ Միջազգային լեզուն անգլերենն էր, այդ իսկ պատճառով առաջին երկու օրը մի փոքր բարդ էր շփումը, որը չնայած ընթացքում շտկվեց։

Եթե շարունակեմ պատմել մնացած օրերի և տպավորությունների մասին, մի քանի ժամ անհրաժեշտ է։ Կպատմեմ միայն ամենահետաքրքիր օրվա մասին։ Տարբեր երկրների երիտասարդների ներկայացրեցինք և սովորեցրեցինք մեր ազգային խաղերից Վարդավառը։ Բոլորը ոգևորված խաղում էին մեզ հետ՝ այդպես էլ լավ չընկալելով տոնի և խաղի իմաստը։

Խոսքերը շատ քիչ են նկարագրելու այն, ինչ սովորեցի, ինչ զգացի և ինչ ձեռք բերեցի այդ օրերի ընթացքում։

Նորարարություն և ստեղագործ մտածելակերպ

Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես կսիրեք այն, ինչ ստացել եք…

Ապրիլի 23-ից 24-ը և մայիսի 7-ից 8-ը «Վորլդ Վիժն» Հայաստանի Գյումրու ՏԶԾ-ն Աղվերանում կազմակերպել էր «Նորարարություն և ստեղծագործ մտածելակերպ» թեմայով թրեյնինգ։ Թրեյնինգին մասնակցում էին գյումրեցի երիտասարդներ, ովքեր հետաքրքրված էին նորարարությամբ, ունեին ստեղծագործ մտածելակերպ, կրեատիվ էին, պատրաստ էին կիսվել իրենց գաղափարներով և ցանկանում էին զարգացնել իրենց գիտելիքները։

Թրեյնինգի ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց համայնքի խնդիրները, ձեռք բերել թիմում աշխատելու հմտություններ, կարողանալ ներկայացնել սեփական գաղափարները՝ կրեատիվ և նորարար։

Թրեյնինգի մասնակիցների շարքում էի նաև ես։

Թրեյնինգը սկսեցինք ծանոթությամբ, բաժանվելով թիմերի՝ անդամները ներկայացրեցին իրենց թիմակիցներին՝ որտեղ է սովորում, ինչ նախասիրություններ ունի և այլն։

Ծանոթությունից հետո սեմինարավարի օգնությամբ գաղափար կազմեցինք նորարարության և ստեղծարարության մասին, հասկացանք դրանց տարբերությունները։ Թիմային աշխատանքի շնորհիվ ներկայացրեցինք մեր պատկերացումները կրեատիվության և նորարարության մասին։

Այս և հաջորդ օրվա ընթացքում ներկայացրեցինք մի շարք կրեատիվ և նորարար գաղափարներ, քննարկեցինք համայնքում առկա խնդիրները և դրանց տվեցինք որոշակի լուծումներ, խորացրեցինք գիտելիքները բիզնեսի վերաբերյալ, սովորեցինք ինչպես կազմել բիզնես ծրագիր, ինչպես ճիշտ ներկայացնել այն և ինչպես աշխատել թիմում։ Իսկ ամենավերջում մեզ հաջորդ թրեյնինգի համար տրվեց առաջադրանք՝ կազմել թիմեր և ներկայացնել բիզնես-ծրագրեր՝ մանրամասն նկարագրությամբ, և որոնցից լավագույն երկուսը հնարավորություն կստանար իրագործվելու «Վորլդ Վիժնի» կողմից։

Վերադառնալով տուն, մենք սկսեցինք մտածել բիզնես-ծրագրերի շուրջ, հետո կազմեցինք թիմեր, և ամեն թիմ սկսեց աշխատել սեփական ծրագրի շուրջ։

Հաջորդ թրեյնինգին ամեն թիմ ներկայացրեց իր բիզնես-ծրագիրը։ Գրեթե բոլորն էլ իրատեսական էին, միայն մնում էր ընտրել լավագույնին, սակայն լավագույն լինելու համար դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցենք։

Եվ այս օրերի ընթացքում գիտելիքներից և հմտություններից զատ, մենք ձեռք բերեցինք ամենակարևորը այս կյանքում՝ ընկերներ։

Իմ քայլի պատմությունը

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Սովորական օր էր բացվել Գյումրիում, ես էլ սովորականի նման առավոտյան արթնացել ու դասի էի գնում: Ճանապարհին մտքումս քննարկում էի Երևանում կատարվող իրադարձությունները, մտածում էի, որ հարկավոր է նմանատիպ ցույցեր կազմակերպել նաև Գյումրիում, չնայած՝ ցույցեր կազմակերպելու փորձ բացարձակ չունեի, ուստի եթե նման փորձ ունեցողները քայլ անեին, ես էլ կմիանայի նրանց, որպեսզի ցույց տամ, որ բողոք ունեմ իշխանության դեմ:

Քայլարշավը սկսվել էր Գյումրիից՝ քաղաքից, որտեղ ցանկացած ընտրության ժամանակ ինչքան էլ իշխանությունը խարդախություն էր փորձում անել ու կաշառք էր բաժանում, նույնիսկ ձայները կեղծելով՝ չէր հաղթում: Միգուցե դա էր պատճառը, որ միշտ ըմբոստ գյումրեցին հիասթափվել ու համակերպվել էր, որ ոչինչ չի փոխվի: Մտածում էի ու քայլում, հանկարծ ճանապարհին տեսա մի խումբ երիտասարդ ցուցարարների ու ինքս ինձ որոշեցի, որ եթե նույնիսկ մեծերը հիասթափված են, ուրեմն ես ու իմ հասակակիցները պիտի մեր բողոքը անհնազանդությամբ ցույց տանք: Ու ես հայտնվեցի բողոքող ցուցարարների մեջ: Մթնոլորտը շիկացած էր, ու ես էլ՝ դրա մեջ: Երբ տուն եկա, ձայնս էր կտրված, երկար քայլելուց փոշոտված էի ու արևահարված, բայց ուրախ էի, որ իմ մեջ կար հայրենիքումս քաղաքական փոփոխություն կատարելու մեծ ձգտում:

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Եղել են պահեր, երբ ինձ փորձում էին համոզել, որ ես ինչ-որ մի օր պիտի թողնեմ հայրենիքս, ու ընտանիքով գնանք Հայաստանից: Ես միշտ դեմ եմ եղել, միշտ մտածել եմ, որ ուր էլ որ կյանքը ինձ տանի, միևնույնն է, Գյումրիից չեմ կտրվի և վերջում անպայման հետ կվերադառնամ: Բացառությամբ այն դեպքերի, երբ հուսահատված ու հորս կարոտած եմ եղել: Մի խոսքով՝ շատ չխորանամ զգացմունքներիս մեջ ու ասեմ, որ երբ մտա տուն, մայրս անհանգիստ էր ու լարված, քանի որ գիտեր, թե քաղաքում ու հանրապետությունում ինչ է կատարվում: Ուստի անհանգիստ հայացքը ուղղեց ինձ ու զայրացած ասաց.

-Որտե՞ղ էիր, ի՞նչ էիր անում այսքան ժամանակ փողոցներում՝ սոված ու ծարավ:

Քանի որ շատ էր զայրացած, ձայն չհանեցի և լուռ անցա լվացվելու: Ուզում էի մորս բարկությունը անցնի, նոր խոսեմ և բացատրեմ: Մայրս հուզված խոսում էր ու խոսում, ինձ հասկացնում, որ գործ չունեմ այդ թոհուբոհի մեջ, քանի որ ոչինչ չեմ փոխի, այն, ինչ «վերևներից» են թելադրում, այդպես էլ կլինի: Ինքն էլ լինելով պայքարող մարդ՝ շատ անգամներ է տեսել, թե ոնց են խեղաթյուրել հասարակ ժողովրդի հաղթանակները: Լռեցի, լռեցի, բայց այլևս չկարողացա լռել ու պոռթկացի՝ ասելով.

-Մա, ձեր սերնդի պայքարողները մեզ համար են պայքարել, բայց չեն կարողացել հասնել նպատակին, ու մեզ թողել եք այնպիսի երկիր, որտեղ ես չեմ ուզում ապրել, և ամեն անգամ ինձ հիշեցնում եք, որ այստեղ ապրելու տեղ չէ, և հնարավոր է, որ մի օր ես էլ Հայաստանից հեռանամ ու ապրեմ դրսում։ Հասկացիր, ես դրսում ապրել չեմ ուզում: Մա, թող որ ես կերտեմ իմ ուզած Հայաստանը, իսկ եթե սխալվեմ, կիմանամ, որ դա իմ սխալն էր։ Եթե հիմա նստեմ տանը ու ընկերներիս մենակ թողնեմ, երբեք ինձ չեմ ների:

Մայրս լուռ լսեց ու ասաց.

-Դե, որ էդպես է, գնա, Աստված քեզ հետ, միայն խնդրում եմ՝ ինձնից գաղտնի մի պահիր քայլերդ, ինձ տեղյակ պահիր՝ որտեղ ես և ինչ ես անելու, որպեսզի իմանամ ու հարկ եղած դեպքում կողքիդ լինեմ:

Ու ընդամենը վեց օր հետո ուրախ-ուրախ տուն մտա ու ասացի.

-Ի՞նչ էիք ասում, որ չի ստացվի, տեսա՞ք, որ ազգովի, երբ բռունցք ենք դառնում, մեզ չեն կարող հաղթել:

Աստված տա դեպի լույս տանող այս քայլը ավարտվի լիարժեք հաղթանակով և Հայաստանում տիրի օրինականությունը, և երկրիս սահմանները լինեն անսասան, ու մենք հաղթենք թե՛ մեր մեջ եղած թշնամուն, և թե՛ արտաքին թշնամուն: Իսկ նրանց, ովքեր կփորձեն իրենց օգուտը քաղել իմ սերնդի տարած հաղթանակից, զգուշացնում եմ, որ նորից կբռունցքվենք ու այն ժամանակ ավելի շռնդալից կհաղթենք:

 

Գյումրի. ապրիլի 27

Ժողովուրդը Քայլ է անում

Լուսանկարը՝ Անահիտ Բախշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բախշեցյանի

Երևանում մենք մեր կյանքը փորձում ենք մեր ձեռքը վերցնել արդեն: Ես ա՛յն սերունդն եմ, որը ոչ մի մասնակցություն չի ունեցել ընտրություններին, և իմ լուման չեմ ունեցել կառավարության ձևավորման գործընթացում ՝ հպարտ եմ դրանով: Չէ, քաղաքական անտարբերություն չեմ ցուցաբերել, շատերի նման մի ողջ երկրի ճակատագիր 5-10000 դրամով մի գիշերում չեմ վաճառել, ես ընտրության տարիքում չէի:

Ես ա՛յն սերունդն եմ, որը ժառանգություն է ստացել այս իշխանություններին:
Ես ա՛յն սերունդն եմ, որը մեծացել է այն մթնոլորտում, որտեղ մարդիկ միշտ ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ:
Ես ա՛յն սերունդն եմ, որը միշտ զարմացել է, թե ինչո՞ւ են մեծերը այսքան հոգնած ու միշտ բողոքում:
Ես ա՛յն սերունդն եմ, որ տեսել է, թե ինչքան դրամաշնորհներ են մտնում երկիր ու գնում անհայտ ուղղությամբ:
Ես ա՛յն սերունդն եմ, որին ավելի մեծ սերունդը փորձում է համոզել, որ Հայաստանը կործանված երկիր է, այստեղ մարդը չունի արժեք, այստեղ ամեն ինչ բաժանված է մի քանի հոգու միջև, և իմ Երկիրը իմը չէ ու չի էլ եղել երբևէ:
Ես ա՛յն սերունդն եմ, որ տեսնում եմ անտարբերությամբ լցված մարդիկ իրենց ավելի խելացի և խելամիտ համարելով, փորձում են քեզ զգացնել տալ, որ «Բալա, ուղեղդ ջուր է, գնա դու քու դասերով զբաղվի»:
Բայց ես ա՛յն սերունդն եմ, որ երբեք չեմ համակերպվի այս և բազմաթիվ այլ խնդիրների հետ, ինչպես անում են Մեծերը:
Ես ա՛յն սերունդն եմ, որի կյանքը իր ձեռքերում է, ես ա՛յն սերունդն եմ, որը երբեք չի համակերպվի այն ամենի հետ, ինչի հետ համակերպվել եք դուք և ինձ էլ ստիպել մեծանալ այդ կործանում տանող ձեր գործողություններով:

Այսօր մենք ոտքի ենք ելել, մեր ձայնը լսելի դարձնելով նույնիսկ Սփյուռքում, բայց Հայաստանի գյուղերից շատերում մեր ձայնը բախվում է մարդկանց թերահավատության և անտարբերության հետ և կարծես անգամ չի լսվում:
Ես Ամասիայում եմ, և աշխատանքի բերմամբ ֆիզիկապես լքելով «Թավշյա հեղափոխությունը», եկա այստեղ, ապագայիս հեռանկարները չլքելով: Ու..

-Հանկարծ չերթաք չխառնվիք, թող իրար ուտեն:

-Տո ի՞նչ բդի փոխեն է, էս երկիրը մեռած երկիր է:

-Ի՞նչ են ելե կպառկին ավտոների դեմը, անդաստիարկները, թող քշեն վրեքը, որ իմանան:

-Հայ աղջիկն է՞լ իրան սպես պահե, ամոթ է:

Ու գիտեք ամեացավոտը որն է, որ այս և բազմաթիվ այլ կարծիքներ հնչում են ոչ այն պատճառով, որ խոսողները ՀՀԿ-ական են, այսինքն, կառավարության գլխավոր կուսակցության հետևորդներ: Ո՛չ: Այս ամենը հետևանք է անտեղյակության, քաղաքացիական ցածր ինքնագիտակցության, անտարբերության: Այս ամենը ցուցաբերվում է այն մարդկանց կողմից, ովքեր ավերեցին էս երկիրը իրենց ծախած ձայնով ու տվեցին մեր սերնդի ձեռքը: Այն մարդկանց կողմից, ովքեր բողոքել են միշտ, կշարունակեն բողոքել, բայց միայն բողոքել՝ առանց որևէ քայլ ՝ ինչ-որ բան փոխելու ցանկությամբ:

Իսկ երբ դու գիտակցելով ու հասկանալով, որ այն, ինչ կատարվում է այստեղ, իրականում քո սերնդին սազական չի, գալիս ես որոշակի գործողություններով, որոնք կնպաստեն քաղաքացիական և իրավական ինքնագիտակցության բարձրացմանը և մարդկանց կհասկացնեն, որ պայքարը դա ճիշտ է, իսկ փախուստն ու համակերպումը՝ Ո՛չ, կլսես այն կարծիքը, որ…

-Դա մեր երիտասարդներին հետաքրքիր չի, ավելի լավ կլինի ինչ-որ ֆինանսական ծրագիր բեր:

Բայց ես չեմ համակերպվում:

Ժամանակաշրջան, երբ այստեղ բոլորը գիտեն իրենց այս իրավունքները, բայց միայն գիտեն ու աշխատում են 10 ժամ, նվազագույն աշխատավարձ անգամ չստանալով, ընտրական իրավունքը օգտագործելով որպես եկամտի միջոց: Եվ այո՛, ես հասկանում եմ, թե ինչու ենք Մենք հիմա պայքարում, և ովքեր են կերտել այս իրավիճակը: Եվ երբ ինձ ստիպում են հասկանալ, որ սա կործանված երկիր է: Բա գիտի՞, թե ինչու է կործանված երկիր, որովհետև կործանողն ինքն ու իր նմաններն են եղել, թեկուզ անգիտակցաբար: Անգամ չի ասում, թե ինչպես վարվեմ, թեկուզ այս իրավիճակում երիտասարդը ի՞նչ անի: Բայց ասում է՝ չպայքարես:

Լավ: Մեծ սերո՛ւնդ, Դու՛, որ քննադատում ես այն երիտասարդներին, որոնք ճանապարհներն են փակել, որոնք գոռում են և պայքարում, որոնք իրենք իրենց անտարբերության և առավել ևս քո զոհը չեն:

Ես քեզ եմ մեղադրում այս ամենի մեջ, Ես քեզ եմ մեղադրում, որ իմ երկիրը իմը չէ, ես քեզ եմ մեղադրում, որ այսօրվա երիտասարդը պայքարում է, բայց նաև անկարող է: Ես մեղադրում եմ քեզ, քեզ ու միայն քեզ: Դու ես հանձնել Իմ երկիրը այս մարդկանց ձեռքը, և տեսնելով, որ նրանք թալանում ու ավերում են քո երեխայի հայրենիքը, լռել ես և հանդուրժել: Դու վաճառել ես իմ երկիրը,երբ ես գիտակից չէի, ու դատապարտել ես ինձ կրելու քո որոշումը: Իսկ հիմա սպառնում ես, որ կարտագաղթե՞ս, որովհետև չես կարողանում պահել երեխաների՞դ: Գնա:

«Կյանքում ամեն ինչ էլ սիրելով եմ անում»

Արդեն բավականին երկար ժամանակ է՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը իրականացնում է «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքը, որը օգնում է ուսանողներին ճանաչել իրենց սիրելի դասախոսին լսարանային, գիտական մթնոլորտից դուրս, հնարավորություն ունենալ հղելու նրան հարցեր, որոնք հնչեցնելու հնարավորություն իրենց չի ընձեռնվել, ձեռք բերել նոր գիտելիքներ

«Հաջողության պատմություններ»-ը բաղկացած է երեք մասից: Առաջին մասում հնչում են բլից հարցեր, որոնք վերաբերում են հյուր-բանախոսի կենցաղին, սովորույթներին, նախասիրություններին: Երկրորդ մասում հնչում են հարցեր, որոնք վերաբերում են բանախոսի մասնագիտական գործունեությանը, կարիերային: Այս մասում հնչում է նաև հարց նախորդ բանախոսից, ով հղել է հարցը՝ չիմանալով, թե ով կարող է լինել հաջորդ բանախոսը: Երրորդ մասում բանախոսը պատասխանում է դահլիճից հնչած հարցերին:

Այսպիսով՝ ստորև ներկայացնում ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի սիրված դասախոս Անահիտ Մանասյանի հաջողության բանաձևը:

Բլից հարցեր

-Փոքր ժամանակ երբևէ մտածե՞լ եք, որ իրավաբան կդառնաք:

-Ո՛չ:

-Ե՞րբ եք վերջին անգամ բարկացել:

-Երևի թե իրականում բարկացել եմ մեկ տարի առաջ:

-Ըստ Ձեզ՝ ո՞վ է մեր պատմության ամենուժեղ հայ կինը:

-Ուժն ինձ համար մարդու, առավելապես կնոջ մեջ գնահատելի կարևորագույն հատկանիշը չէ: Հետևաբար, որևէ մեկին այդ առումով առանձնացնել չէի ցանկանա:

-Ամենակարևոր խորհուրդը, որ տալիս եք Ձեր ուսանողներին:

-Ազնի՛վ եղեք ինքներդ ձեր առջև, մա՛րդ մնացեք ու, ամենակարևորը, միշտ ձեր տեղում հայտնվեք:

-Ի՞նչը չեք սիրում մեր երկրում:

-Մեր երկրում գրեթե ամեն ինչ սիրում եմ: Բայց երբեմն բացասական լիցքեր է հաղորդում այն երևույթը, երբ մարդիկ հայտնվում են ոչ իրենց տեղում՝ արդյունքում, ծավալելով պրոֆեսիոնալիզմի ոչ պատշաճ մակարդակով առանձնացող գործունեություն:

-Ֆուտբո՞լ, թե՞ բասկետբոլ:

-Որ մեկն էլ ասեմ, անկեղծ չի լինի, որովհետև դրանցից ո՛չ մեկով, ո՛չ էլ մյուսով հետաքրքրված չեմ և երբևէ չեմ զբաղվել:

-Երեք ֆիլմ, որ խորհուրդ կտաք դիտել:

-Կյանքիս այս փուլում ավելի ռոմանտիկ ֆիլմեր եմ դիտում՝ ի տարբերություն տարիներ առաջ նախընտրածս պատմական ֆիլմերի: Ինչևէ, այս համատեքստում կառանձնացնեմ և խորհուրդ կտամ «Красотка», «Сладкий ноябрь», «Одиссея» ֆիլմերը:

-Եթե հանգամանքների բերումով հեռանաք Հայաստանից, ո՞ր երկրում բնակություն կցանկանայիք հաստատել:

-ԱՄՆ-ում:

-Բնավորությամբ էքստրավե՞րտ եք, թե՞ ինտրովերտ:

-Կարծում եմ՝ էքստրավերտ եմ, բայց, երևի, ինձ ճանաչողներն ավելի ճիշտ կասեն:

-Ճակատագիր կա՞, թե՞ ամեն բան մեր ձեռքերում է:

-Ճակատագիր միանշանակ կա, սակայն միևնույն ժամանակ, մեր ձեռքերում է մեզ համար ճակատագրի նախապատրաստած ուղիները տարբերակելու և դրանց միջև ընտրություն կատարելու հնարավորությունը:

-Ո՞վ է Ձեր սիրելի դերասանը:

-Ռիչարդ Գիրը:

-Սի՞րտ, թե՞ ուղեղ:

-Սիրտ, միանշանակ:

-Ո՞ր եղանակն եք ամենից շատ սիրում:

-Բոլոր եղանակներն էլ շատ եմ սիրում:

-Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

-Ինչպես բոլորին եմ խորհուրդ տալիս՝ «Լինել ազնիվ ինքս իմ և խղճիս առջև»։

Մաս երկրորդ

-Ինչո՞ւ որոշեցիք իրավաբան դառնալ:

-Ինչպես արդեն ասացի՝ ես փոքր տարիքում երբեք չեմ երազել իրավաբան դառնալու մասին: Երբ փոքր էի, երազում էի ստեղծագործական գործունեությամբ զբաղվել, մասնավորապես, մինչև ութերորդ դասարանը մտածում էի, որ երաժիշտ եմ դառնալու: Ավելին, լրջորեն նախապատրաստվում էի դրան, հաճախում էի կոնսերվատորիա՝ պարապմունքների: Դա իմ կյանքի չափազանց կարևոր շրջանն էր, քանի որ առանցքային մի բան հասկացա. ես ունեմ բնավորության մի շարք գծեր և մի շարք հետաքրքրություններ, որոնք միայն երաժշտության մեջ մասնագիտանալով՝ չեմ կարողանալու լիարժեքորեն դրսևորել: Մասնավորապես, արդարության ընդգծված զգացում ունեմ, ստեղծագործելու անընդհատ ցանկություն, մարդկանց պաշտպանելու ձգտում, փիլիսոփայությամբ, հռետորաբանությամբ և հոգեբանությամբ եմ մշտապես հետաքրքրված եղել: Այդ ամենի համատեքստում հասկացա, որ ինձ առավել հոգեհարազատ է իրավաբանի մասնագիտությունը, որն ինձ հնարավորություն կտա լիարժեքորեն ինքնադրսևորվելու՝ բնականաբար, չմոռանալով նախասիրություններս, այդ թվում՝ երաժշտությունը: Այդպես կայացրի իմ կյանքում ճակատագրական նշանակություն ունեցող այս որոշումը: Այսօր արդեն հասկանում եմ, որ արդյունքում նաև մանկական երազանքս եմ իրականացրել, քանզի նույնիսկ մասնագիտական գործունեությանս համատեքստում գերակշռում է, և ինքս էլ նախընտրում եմ ստեղծագործական աշխատանքը:

-Դուք կրթություն եք ստացել նաև արտերկրում՝ ԱՄՆ-ում, մասնագիտական գործուղումներով եղել եք մի շարք եվրոպական երկրներում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տալիս միջազգային փորձը հայ իրավաբանին:

-Միջազգային փորձը հայաստանաբնակ ցանկացած մասնագետի, այդ թվում՝ իրավաբանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի, քանզի այն միանշանակ աշխարհայացք է փոխում: Առաջին հերթին նման միջավայրն անընդհատ ընդգծում է պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի կարևորությունը աշխատանքային հարաբերություններում, իրավասությունների հստակ սահմանազատումը, ինչն ինձ համար միշտ էլ գործնական հարցերի առումով առաջնահերթ նշանակություն ունեցող հանգամանք է եղել: Կարծում եմ՝ հարաբերությունների նման մակարդակի ամրապնդման անհրաժեշտություն առկա է նաև մեր հասարակական համակարգում, և ուրախ եմ, որ մեր մի շարք մասնագետներ դրա զարգացմանը հետևողականորեն նպաստում են:

-Ինչո՞ւ որոշեցիք մասնագիտանալ սահմանադրական իրավունքում: Կփոխեի՞ք Ձեր որոշումը հիմա:

-Որոշումս միանշանակ չէի փոխի: Իրոք երջանիկ եմ, որ իրավաբան եմ, ավելի կոնկրետ՝ սահմանադրական իրավունքի մասնագետ, երջանիկ եմ, որ նման կենսագրություն ունեմ, երջանիկ եմ, որ հենց հիշյալ ոլորտում եմ նման հետաքրքիր ու ստեղծագործական գործունեություն ծավալել: Այլ հարց է, որ չեմ բացառում, որ կյանքիս որևէ փուլում որոշեմ ինչ-որ այլ գործունեություն իրականացնել: Բայց դա, կարծում եմ, կապված է շատ հեռավոր ապագայի հետ (ժպտում է):

Ինչ վերաբերում է հենց սահմանադրական իրավունքն ընտրելու պատճառներին, նշեմ, որ միշտ էլ առավել հետաքրքրված եմ եղել հանրային իրավահարաբերություններով, իսկ երկրորդ կուրսից սկսած՝ ինձ առավելապես հետաքրքրել է սահմանադրական արդարադատության ոլորտը: Այդ էր պատճառը, որ որոշեցի հենց այս բնագավառում մասնագիտանալ:

-Միջազգային պրակտիկայում կա՞ օրենք կամ այլ իրավական ակտ, որ կցանկանայիք՝ կիրառվեր նաև հայկական իրավական համակարգում:

-Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է փոխառել: Ավելին, հարևանի բոլոր առանձնահատկություններն ու նրա ունեցածը միշտ էլ ավելի լավն են թվում: Սակայն տարիների ընթացքում մի շատ հետաքրքիր բան եմ հասկացել. իրականում առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե ինչ ձևով և ինչպիսի մշակույթ ենք ձևավորում: Ավելին, համոզված եմ, որ համարժեք մշակույթ ձևավորելու պարագայում անխուսափելի է նաև պատշաճ մակարդակի հասարակական հարաբերությունների ամրապնդումը: Վերը շարադրվածը նկատի ունենալով՝ այս համատեքստում չէի ուզենա միջազգային պրակտիկայից որևէ իրավական ակտ փոխառելու հանգամանքի մասին խոսել:

-Լինելով շատ երիտասարդ՝ հասցրել եք գրանցել մի շարք հաջողություններ, ձեռք բերել մի շարք կոչումներ և պաշտոններ՝ սկսած դասախոսից մինչև ավագ խորհրդական և պրոռեկտոր: Այնուամենայնիվ, ո՞րն է Ձեր ամենասիրելի աշխատանքը:

-Առաջին հերթին նշեմ, որ ես կյանքում ամեն ինչ էլ սիրելով եմ անում: Երևի թե դա ամենակարևոր բանն է, որով կարող եմ հպարտանալ: Ընդհանրապես կարծում եմ, որ մարդկանց գործողություններն ու կենսակերպը երկու հիմնական շարժիչ գործոններ են պայմանավորում՝ սերը կամ վախը: Վախով առանջնորդվողները սովորաբար պրագմատիզմով են իրենց քայլերն արդարացնում, կարծում են, որ այս կամ այն՝ իրենց համար նույնիսկ սիրելի չհանդիսացող աշխատանքը կարող են կատարել զուտ այն պատճառով, որ շատ ավելի գումար է հնարավոր դրանով վաստակել, ավելի մեծ իշխանություն ունենալ և այլն: Կարծում եմ, սակայն, որ մի առանցքային բանի մասին երբևէ չպետք է մոռանալ. ամեն ինչ փոփոխական է, իրավիճակներն ու հանգամանքներն էլ՝ միշտ տարբեր: Մնայուն են միայն մեր զգացողություններն ու այն ներկան, որը դրա արդյունքում ապրում ենք: Այդ ամենը նկատի ունենալով՝ թե գործնական, թե անձնական հարաբերություններում միշտ էլ սիրո գործոնն եմ ինձ համար առաջնային համարել ու մշտապես դրանով եմ առանջնորդվել: Ունեցածս համեստ փորձն էլ ինձ արդեն համոզել է, որ միայն այդ դեպքում է հնարավոր առավելագույնին հասնել:

Փաստորեն, ստացվում է, որ ես էմոցիոնալ մարդ եմ, և ինձ համար զգացողությունները մշտապես առաջնահերթ նշանակություն են ունեցել (ժպտում է)։

Արդյունքում՝ միշտ էլ զբաղվել եմ սոսկ այն գործունեությամբ, որն իրականում սիրել եմ, միևնույն ժամանակ, չեմ ընդգրկվել այն բոլոր ոլորտներում, որոնք ինձ համար հոգեհարազատ չեն եղել: Հետևաբար, գործունեությանս բոլոր բնագավառներն էլ չափազանց սիրում եմ, և դրանցից որևէ մեկը չէի ցանկանա առանձնացնել:

-Եթե լինեիք ՀՀ վարչապետը կամ նախագահը, ի՞նչ կփոխեիք մեր երկրում:

-Թվարկվածն այն պաշտոններն են, որոնք կյանքիս այս փուլում հաստատ չէի զբաղեցնի: Ինչ վերաբերում է մեր երկրի համար կարևորություն ունեցող փոփոխություններին, զրույցի ընթացքում արդեն անդրադարձա այն ոլորտներին, որոնք միանշանակ կուզենայի կատարելագործել: Բնականաբար, ինքս էլ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ եմ իրականացնում, պարզապես ոչ թե վերոնշյալ պաշտոնների, այլ իմ մասնագիտական գործունեության շրջանակներում:

-Արդեն բավականին երկար ժամանակ է՝ աշխատում եք ՀՀ Սահմանադրական դատարանում: Ո՞րն է ամենահետաքրքիր գործը, որի հետ առնչվել եք:

-(Ժպտում է) Սահմանադրական դատարանում արդեն մի քանի շաբաթ է՝ չեմ աշխատում: Բայց այդ մարմնում իմ աշխատանքային երկարատև գործունեությունը կյանքիս ամենակարևոր շրջաններից եմ համարում: Միգուցե պատճառն այն է, որ դեռ ուսանող էի, երբ սկսեցի աշխատել այդ կառույցում, և իրավամտածողության ձևավորման առումով Սահմանադրական դատարանում աշխատանքն ինձ չափազանց շատ բան տվեց:

Ինչ վերաբերում է ինձ հանդիպած հետաքրքիր գործերին, նշեմ, որ դրանք իրականում շատ են եղել: Այս համատեքստում երևի թե կառանձնացնեի հայ-թուրքական արձանագրություններում, Հռոմի Միջազգային քրեական դատարանի ստատուտում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությանը, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների իրավաբանական ուժին, որոշումների կատարման հիմնախնդիրներին առնչվող գործերը, որոնք, ի դեպ, մինչ այժմ էլ շարունակում են մնալ իմ գիտական հետաքրքրությունների շրջանակում:

-Ի՞նչ երեք հատկանիշներով օժտված պետք է լինի իրավաբանը, որ կարողանա իր տեղը գտնել ժամանակակից աշխատաշուկայում:

-Գրագետ, նվիրված, նպատակասլաց:

-Ինչպիսի՞ն է Անահիտ Մանասյանը տանը, և Անահիտ Մանասյանը աշխատավայրում: Կա՞ն արդյոք տարբերություններ:

- Չէի ասի, որ որևէ կերպ տարբերվում եմ տանը և աշխատավայրում: Նույն Անահիտ Մանասյանն եմ՝ անկեղծ, էմոցիոնալ, զգացողություններն առաջնային համարող:

-Ո՞րն է Ձեր՝ դեռևս անկատար մնացած երազանքը:

-Ես անկատար մնացած երազանքներ չունեմ:

Ինչպես նշեցի, թե անձնական, թե գործնական հարաբերություններում միշտ էլ սերն եմ առաջնային համարել և մշտապես զգացողություններով եմ առաջնորդվել: Ավելին, թե մարդկային, թե գործնական հարաբերություններում ես իմ բնույթով մաքսիմալիստ եմ, նվիրվող, միշտ ձգտել եմ առավելագույն նպատակների և դրանց հասնելու համար առավելագույն հնարավոր ջանքերն եմ գործադրել:

Այս ամենի արդյունքն այն է եղել, որ միշտ էլ փորձել եմ բոլոր երազանքներս իրականություն դարձնել: Այլ է հարցը, որ ինչպես բոլորի, այնպես էլ իմ կյանքում եղել են երևույթներ, որոնք ամբողջությամբ չեն համապատասխանել իմ պատկերացումներին կամ ցանկություններին: Ավելին, ես հաճախ մտածում եմ, որ թեև նյութականացված տեսանկյունից երազանքներս ու ձեռքբերումներս միմյանցից երբեմն տարբերվել են, սակայն վերջիններն ինձ մշտապես անսահման երջանիկ են դարձրել: Հետևաբար համոզված եմ, որ այն բոլոր երևույթները, որոնք մեր կյանքում կամ մասնագիտական գործունեության շրջանակներում մեր ցանկացածի կամ պատկերացրածի պես չեն, անհրաժեշտ է ընկալել ոչ թե իբրև բացթողում կամ անհաջողություն, այլ հակառակը՝ այդ երևույթները հաշվի առնելու, անհրաժեշտության դեպքում դրանք շտկելու փորձեր կատարելու՝ մեզ տրված հնարավորություններ կամ երբեմն նաև հետագայի տեսանկյունից կենսական ու գործնական շատ ավելի լավ լուծումներ, քան մենք ինքներս կարող էինք պատկերացնել կամ նախագծել:

Հարց նախորդ բանախոսից.

-Հաջողության հարցում ի՞նչն է ավելի առանցքային՝ գիտելիքնե՞րը, թե՞ անձնական որակները:

-Ես, անկեղծ ասած, ինձ համար երկուսն էլ հավասարապես կարևոր եմ համարում, և կարծում եմ, որ իմ կերպարի ձևավորման հարցում երկուսն էլ առանցքային դերակատարություն են ունեցել: Ավելին, համոզված եմ, որ գիտելիքները մարդու անձնական ընտրության արդյունք են և անհատի կերպարի ու անձնական որակների մաս են դառնում:

Բասկետբոլն Արթիկում

Իմ զրուցակիցն այսօր սպորտսմեն, մարզիչ Յուրա Նահապետյանն է, որի մարզիկներից մեկն էլ տարիներ շարունակ ես եմ։

-Ընկեր Նահապետյան, որքա՞ն ժամանակ եք զբաղվել սպորտով։

-Սպորտով զբաղվել եմ դեռևս չորրորդ դասարանից։ Զբաղվել եմ բասկետբոլով, ֆուտբոլով, այնուհետև ընտրել եմ բասկետբոլը։ Եղել եմ Արթիկի պատանիների և մեծահասակների խմբում։ 1966-67 թթ․-ին՝ դպրոցն ավարտելուց երկու տարի անց, ընդունվել եմ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։

-Ի՞նչը մղեց Ձեզ դեպի բասկետբոլը:

-Սերը, նվիրվածությունը դեպի սպորտը. զբաղվել եմ շատ սպորտաձևերով, բայց սերը մղեց ինձ դեպի բասկետբոլը։ Ֆիզկուլտուրայիս ուսուցիչ Աղանիկ Սարգսյանը՝ Արթիկում բասկետբոլի հիմնադիրներից մեկը, ինձ ընդգրկեց իր խմբում, և ես սկսեցի խաղալ ինձնից 3-4 տարի մեծերի հետ։

-Մանկո՞ւց եք ցանկացել դառնալ բասկետբոլի մարզիչ:

-Այո, քանի որ սիրել և սիրում եմ իմ աշխատանքը։ Նպատակ է եղել մարզիչ դառնալը, առաջատար խումբ և լավ մարզիկներ ունենալը, ինչն էլ իրականություն է դարձել։

-Իսկ եթե կյանքի բերումով չլինեիք բասկետբոլի մարզիչ, ապա ո՞ր սպորտաձևը կընտրեիք։

-Կընտրեի ֆուտբոլը։ Դպրոցական հասակում՝ 8-րդ դասարանում, խաղացել եմ մեծահասակների Արթիկի ֆուտբոլի Ա խմբում։

-Ո՞ր թվականին եք դարձել Արթիկի սպորտդպրոցի տնօրեն: Պատմեք Ձեր ունեցած հաջողություններից։

-1976թ.-ի սեպտեմբերին Արթիկի կոմունիստական կուսակցության բյուրոյի որոշմամբ ինձ նշանակեցին Արթիկի սպորտդպրոցի տնօրեն։ Եղել եմ այդ պաշտոնին 1976-1987 թվականներին։ Նույն պաշտոնին եղել եմ նաև 2009-2013 թվականներին։

Երբ ես անցա աշխատանքի, վիճակը վատ էր, անգամ 1-ին կարգի մարզիկ չկար: Հայաստանի մրցումներին մասնակցել ենք Բ խմբով, իսկ արդեն 1976-ից մասնակցել ենք Ա խմբով՝ թե՛ պատանիները, թե՛ մեծահասակները, նաև զուգահեռ ունեցել եմ իմ խումբը, գրանցել ենք բազում հաղթանակներ։

Այդ տարիների հաջողություններից է նաև այն, որ մենք խաղացել ենք բարձրագույն խմբում՝ և՛ տղաները, և՛ աղջիկները, տասնյակում եղել ենք յոթերորդ տեղում, պատանիներով՝ երկրորդ, երրորդ տեղերում։

Արթիկի տղամարդկանց թիմը 1991թ.-ին դարձել է Երրորդ Հանրապետության բարձրագույն խմբի առաջին չեմպիոնը։ 1992թ.-ին կրկին հաղթել ենք բարձրագույն խմբի առաջնությունում։ Նույն թվականին՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի որոշմամբ, նշանակվել եմ բասկետբոլի տղամարդկանց 2-րդ հավաքականի գլխավոր մարզիչ, և Թեհրանում մասնակցել ենք 25-րդ Համահայկական խաղերին, որտեղ գրավել ենք 3-րդ մրցանակային տեղը։

Վերջին 10-12 տարիների ընթացքում մոտ 15 անգամ և՛տղաները, և՛աղջիկները տարբեր տարիքային խմբերում գրավել են 1-ին հորիզոնականներ, երկու տասնյակից ավելի 2-րդ և 3-րդ տեղեր։

Իսկ այժմ 2017-2018թթ.-ի տղամարդկանց թիմը մասնակցում է բարձրագույն խմբի խաղերին: Մեր տղաներն առայժմ յոթ թիմերի միջև պայքարում երկրորդ տեղում են։

2004-2005թթ.-ին ծնված պատանիների խումբը 2017թ.-ին դարձավ Երևանի բաց առաջնության հաղթող և 16 թիմերից դուրս եկավ եզրափակիչ, որը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 16-ից 18-ը Երևանում։ Մեր պատանիները գրավեցին երկրորդ մրցանակային տեղը։

-Իսկ տղաների՞ հետ է հեշտ աշխատելը, թե՞ աղջիկների:

-Համեմատաբար դժվար է աշխատել աղջիկների հետ, քանի որ նրանք ունեն «կապրիզներ», շուտ են հիասթափվում, նաև դժվար է նրանց ծնողների հետ. մրցումներին չեն թույլատրում մասնակցել, երբ քաղաքից դուրս է։ Մեծ ջանքեր և մեծ աշխատանք է անհրաժեշտ հաջողության հասնելու համար։

-Արթիկի մարզադպրոցն ունի՞ բոլոր անհրաժեշտ պայմանները լավ սպորստմեններ մարզելու համար։

-Մեր մարզադպրոցը ոչ մի բանով չի զիջում մայրաքաղաքի մարզադահլիճներին։ Մեզ միայն պակասում է ֆիզիկական պատրաստության համար նախատեսված դահլիճը։

Սարգսյան Սոնա 18 տարեկան

Շիրակի մարզ քաղաք Արթիկ

Հեռ․077086898