Օրեցօր ավելի է հետաքրքի է դառնում մեր առօրյան: Այսօրվա ընթացքում ես ավելի մանրամասն սովորեցի ֆիլմ նկարահանելու գաղտնիքները: Օրինակ` քանի հիմնական պլանով են նկարահանում ֆիլմերը կամ, որն է ամերիկյան պորտրետը: Հետո մենք բավականին երկար և բարդ քննարկում ունեցանք մեր ֆիլմերի գաղափարների վերաբերյալ, քանի որ ֆիլմերի գաղափարները շատ էին, և մենք չէինք կարող կողմնորոշվել, թե որոնք ընտրենք այս ընթացքում նկարահանելու համար, իսկ երբ ընտրեցինք, համարյա մինչ ուշ գիշեր քննարկում էինք, թե ով որ թիմում աշխատի: Մեր ավագ ընկերները վերջնական ընտրված ֆիլմերի վերնագրերը գրել էին գրատախտակին և մեզ առաջարկել ընտրել մեկը և անունը գրել թիմի կազմում: Երեկոյան պարզվեց, որ համարյա բոլոր թիմերի մեջ աշխատելու ցանկություն էինք հայտնել բոլորս: Կեսգիշերին վերջապես կողմնորոշվեցինք: Շուտով նկարահանումները կսկսեն:
Ինձ այստեղ ամենից շատ դուր է գալիս այն, որ ազատ ժամանակ համարյա չունենք: Քննարկումների ընթացքում մեզ համար կազմակերպվում են հետաքրքիր էքսկուրսիաներ: Այսօր ուղևորվեցինք Արագածի գագաթ` Քարի լիճ և Ամբերդ:
Լիլի Նալբանդյան
Ես առաջին անգամ էի լինում Արագածի գագաթին, ավելի ճիշտ գագաթից մի կիլոմետր ներքև գտնվող Քարի լիճ: Այս անտանելի շոգին զարմանալի էր տեսնել, որ լճի շուրջը դեռևս ձյան շերտեր կան: Ինձ զարմացրեց նաև այն, որ այդքան բարձադիր վայրում է գտնվում Կոսմիկական ճառագայթների գիտահետազոտական կայանը: Այստեղ տարվա բոլոր ամիսներին, մանավանդ ձմեռվա ամիսներին, երբ ճանապարհները փակվում են, և միայն ծայրահեղ անհրաժեշտության ժամանակ է ամենագնաց հասնում այնտեղ, ապրում են ֆիզիկոսներ:
Վերադարձի ճանապարհին կանգառ արեցինք եզդիների ամառանոցների մոտ: Նրանք ապրիլ ամսից բարձրանում են Արագած, արածեցնելու իրենց ոչխարներին, և վերադառնում են միայն ուշ աշնանը: Մեր սերբ ընկերները շատ էին ոգևորվել եզդիների համայնքներով, ասում էին, կարծես «Նաշիոնալ Գեոգրաֆիկի» հաղորդումներից մեկի մեջ են հայտնվել:
Սուրեն Կարապետյան
Մեդիա օրը սկսվեց ֆիլմմեյքինքի հիմնական հիմունքներին նվիրված դասընթացով, որի միջոցով ես ավելի մանրամասն իմացա ֆիլմերի պլաների մասին, ինչպես նաև ամրապնդեցի իմ իմացած հմտությունները: Հետո` կեսօրին, ունեցանք էքսկուրսիա,և ես մեծ բավականություն ստացա, որովհետև քաղաքի աղտոտված մթնոլորտից հետո շատ էի կարոտել բնությունը: Ճիշտ է, շատ բարդ քննարկումներ ունեցանք, որովհետև ֆիլմերի գաղափարները շատ հետաքրքիր էին, և ես չէի կարողանում կողմնորոշվել, թե որ թիմում եմ ուզում աշխատել, բայց ի վերջո, ընտրեցի նկարահանել գյուղական կյանքի մասին պատմող մի ֆիլմ:
Ուշ երեկոյան ամենահաճելի և ուրախ հատվածն էր: Մեր անիմացիայի ստուդիայի ղեկավարի հետ միասին որոշեցինք փոքրիկ անիմացիոն ֆիլմ նկարել փիքսիլացիա տեխնիկայով: Շատ աշխատեցինք, մինչ ուշ գիշեր, իսկ այսօր ֆիլմը կմոնտաժենք:
Դիանա Շահբազյան
Առավոտը հետաքրքրասիրությամբ լցված իջանք նախաճաշի, քանի որ գիտեինք՝ գիշերը մեր սերբ ընկերները շատ ուշ ժամանել էին ու արդեն հյուրանոցում են: Երկար ճանապարհից հոգնած՝ նրանք առավոտյան մեր աշխատանքներին չմիացան, բայց մինչ մեր ծանոթությունը, պատանի թղթակիցներս հասցրինք մեր՝ մոնտաժային աշխատանքի տեխնիկական գիտելիքները հարստացնել գործնական աշխատանքով:
Ճամբարի առաջին նկարահանումները
Առավոտս բացվեց այն ժամանակ, երբ սենյակակիցներս` Մանեն և Նելլին պատրաստվում էին գնալ վազելու: Նրանք որոշել են այստեղ էլ հավատարիմ մնալ իրենց ռեժիմին. Վեր կաց ու վազք առավոտյան 6-ին և քնել գիշերը 10-ին: Վեր կացն առայժմ ստացվում է:
Բացի դասընթացներից, ինձ շատ են դուր գալիս նաև նոր շփումները և ծանոթությունները: Մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից են ու Երևանից, և զրուցելիս շատ նոր բաներ ենք իմանում նաև մարզերի մեր հասակակիցների մասին: Իսկ այսօր արդեն սկսում ենք ծանոթանալ մեր սերբ հասակակիցների հետ: Առաջինը` սերբերեն «բարև» բառն է, իսկ երեկոյան հասցրեցինք սովորել նաև սերբական պար: Մի խոսքով, այս օրերի ընթացքում կհասցնենք «փոխանակվել» նաև մեր մշակույթներով, ինչը ինձ շատ է ուրախացնում: Առաջին օրն էր, և մեր սերբ հասակակիցները մշակութային շոկ էին ապրում. Առաջին անգամ էին լսում հայերեն խոսք, ուտում հայկական կերակուրներ, անգամ երբ դիտում էին մեր նկարած ֆիլմերը, դիտում լուսանկարները:









