Սխալների ուղղում

Լուսանկարը՝ Լեյլի Թադեւոսյանի

Լուսանկարը՝ Լեյլի Թադեւոսյանի

Ընդհանրապես, ինձ հուզում է ամեն մի խնդիր, որ առկա է, բայց կան այնպիսինները, որոնցով ես ավելի շատ եմ տարված: Ես ոչ մի բան չեմ հասկանում քաղաքական, սոցիալական հարցերից, դրա համար փորձում եմ չխառնվել դրանց: Միայն մեծերի, պապիկ-տատիկների խոսակցություններից հասկանում եմ, որ այդ երկու ոլորտներն էլ շատ լարված են: Կուզենայի ամեն ինչ հանդարտվեր: Մարդիկ խոսեին ուրախ բաներից, ժպտային, կատակեին…
Ինձ շատ են հուզում նաև անտուն, անպաշտպան մնացած կենդանիները, որոնց հետ ով ինչպես ուզում, վարվում է, նրանց անխնա ոչնչացնում են: Ես շատ եմ ցավում: Մի՞թե մենք այդպես պետք է վարվենք մեզնից թույլ ու անպաշտպանների հետ: Կարծես կյանքի բոլոր դառնությունները մարդիկ թափում են նրանց վրա:

Ինձ շատ է հուզում նաև այն, որ հաճախ տեսնում եմ ընկերներիս տխուր տրամադրությամբ: Նրանց հայացքներից ես հասկանում եմ, որ ինչպես ասում էր Վիլյամ Սարոյանը՝ ինչ- որ բան ինչ- որ տեղ սխալ է: Կուզենայի ուղղել այդ սխալը:

Հի՜ն Գյումրվա ավանդույթներից է…

Հայերս ընդհանրապես շատ մաքրասեր ազգ ենք, բայց վերջերս մի տեսակ եվրոպական մտածելակերպ ենք ձեռք բերել՝ կորցնելով հայկականը: Հայերիս մեջ էլ իրենց առանձնահատուկ մաքրասիրությամբ աչքի են ընկնում գյումրեցի կանայք կամ, ինչպես կոչում էին առաջ, «խանըմ աբլաները», որոնց համար շատ կարևոր էր տան մաքրությունը. ամեն ինչ պետք է մաքուր լինի`«ձնձղտա»:

Պատկերացրեք՝ ամեն շաբաթ հավաքել են տան ունեցած-չունեցածը, նստել են ֆայտոն ու մեծ-մեծ խմբերով գնացել են Արփա չայ՝ լվացք անելու, իսկ լվացք անելն էլ այսօրվա պես կես կամ առավելագույնը մեկ ժամ չի տևել. առավոտից իրիկուն մնացել են Արփա չայում, մի քանի հերթով լվացել են. սկզբից պարզապես թրջել են հագուստը, հետո լվացել են օճառով, դրանից հետո հագուստը օսլայել են, որից հետո էլ պարզաջրել են. հիմա կասեք՝ էլի լավ հագուստ է եղել, որ դիմացել է, բայց օրենքը կամ, ավելի ճիշտ, «ադաթն» է էդպիսին եղել: Դե իսկ ողջ օրը սոված չմնալու համար հետները ավանդական «բոխչա» են վերցրել, որի մեջ զանազան ուտելիքներ են դրել: Երեկոյան էլ ՄԱՔՈՒՐ լվացքով տուն են եկել, բայց հլը չավարտվեց լվացքի արարողությունը. սկեսուրները պիտի տեսնեին հարսների արած լվացքը ու ամենամաքուրը ընտրեին:

Նույն մրցակցությունը եղել է նաև լեննականյան բակերում. Աստված մի արասցե, եթե մեկի լվացքը կամ պարզապես օդափոխության գցած հագուստը կեղտոտ լիներ, ողջ բակը կքննադատեր, իսկ կեղտոտ հագուստի տերն էլ փնթի, ծույլ ու անբան կհամարվեր, բա…Իսկ նորահարսներն էլ պիտի ամենքից շուտ արթնանային, բակը մաքրեին, որ բոլորը արթնանային ու տեսնեին, որ մաքուր է, համ էլ հո ընտանիքի անունը գետնով չէի՞ն տալու: Ավելին ասեմ. այն ընտանիքներում, որտեղ չամուսնացած աղջիկ է եղել, բակն ու դուռը պետք է առանձնահատուկ մաքուր լիներ. եթե գալիս էին խնամախոսության ու տեսնում, որ բակը կամ դռան առաջ գցած գորգը կեղտոտ է, անմիջապես հետ էին դառնում, ու այդ աղջիկը «տանն էր մնում»…

Ամեն ամառ խանըմ աբլաները պիտի բուրդը լվանային, չփխեին, արևի տակ փռեին, որ լավ տեսք ունենա: Նույնիսկ մի զվարճալի դեպք է պատահել մի քանի տարի առաջ՝ կապված բուրդ չփխելու հետ. գյումրեցի մի ընտանիք տեղափոխվել է ԱՄՆ՝ ընդմիշտ ապրելու նպատակով, գալիս է ամառը, ու տանտիկինը իջնում է բակ՝ Հայաստանից բերած բուրդը չփխելու (հետո՞ ինչ, որ ԱՄՆ-ում են ապրում, բա մեր ադաթնե՞րը), այդ ժամանակ էլ ոստիկանները տեսնում են ու ձերբակալում գյումրեցի կնոջը՝ պատճառաբանելով, որ ագրեսիա կա այդ կնոջ մեջ, կարող է վնաս տալ մարդկանց…Դե, ի՞նչ արած, գյումրեցի ենք, մի բանով պիտի տարբերվե՞նք, թե՞ չէ…

Մի առանձին հանդիսություն էր ապակեղենի մաքրությունը. չէ՞ որ էդ ապակեղենի համար էն հին ժամանակներում հերթեր են կանգնել, բերել են ուրիշ երկրներից ու մինչև հիմա էլ նույն խնամքով պահում են. ահավասիկ մեր ապակեղենի «թանգարանը»՝ էլ «մադոննա» ափսեներ, կոբալտից ծաղկամաններ, հախճապակյա կամ որ ավելի հոգեհարազատ է, հնչում, «խռուստալ»-ից գավաթներ…Եվ միշտ էլ  հպարտանալու առիթ է եղել հարուստ ապակյա պահարան ունենալը:

Ավելի պատկառելի մասն էլ, ով ինքնաեռ կամ հայտնի ֆիլմի «կամոդ»-ից  ուներ, պիտի անթերի մաքուր պահեր եզակի հանդիպող իրը՝ պսպղալու աստիճան:

Իսկ մեծ տատիկները՝ մամերը կամ նանիները, նույն անթերի մաքրությամբ պահում էին իրենց գոգնոցները, որը փոխվում էր միայն հյուրերի հետ թեյ խմելու ժամանակ: Մինչև հիմա էլ, երբ դրսում կարկանդակ կամ թխվածքաբլիթ վաճառողի ենք տեսնում, գնում ենք միայն այն դեպքում, եթե գոգնոցը մաքուր է լինում, բայց մեծ մասամբ չենք էլ գնում. մեր ուզածի պես մաքուր չի լինում… Այսօր էլ Գյումրիում, թեև վաճառվող խմորեղենի առատությանը, մի տեսակ վիրավորական է հյուրի առաջ խանութից գնված խմորեղեն դնելը: Հյուրերը տանտիկնոջ թխածը պետք է համտեսեն:

Ու ըսպես էլ միշտ տարբերվում ենք ու աչքի ընկնում, լեննականցի ենք ախր, ըբը…

Մեր սովորույթները

Սովորությունները մեր երկրորդ բնավորությունն են. ոչ մենք ենք կարողանում առանց նրանց, ոչ էլ իրենք առանց մեզ, երևի…

Մեկի համար մյուսի սովորությունը կարող է անմիտ թվալ. Օրինակ, ինձ համար բավական անմիտ ու անքաղաքավարի սովորություն կամ ավելի ճիշտ սովորույթ է այն, ինչ անում են նորվեգացիները. Կպատկերացնե՞ք՝ նրանք երթուղայինում տեղը չեն զիջում տարեց մարդկանց՝ կարծելով, որ այդպես ընդգծում են իրենց ֆիզիկական առավելությունը: Եթե նման բան մեզ մոտ անես, կհամարեն, որ անկիրթ ես ու անդաստիարակ: Ինչևէ:

Բայց ես գիտակցում եմ նաև, որ այդպիսով առանձնանում ու ճյուղավորվում են ընտանիքները, գերդաստանները, ազգերը, մշակույթները:

Բայց, օրինակ, պատկերացրեք, թե ինչքան կուրախանային իրենց զոքանչներին չսիրող հայ տղամարդիկ հունական սովորույթից. Հունաստանում տղամարդկանց արգելվում է նայել իրենց զոքանչի աչքերին:

Մենք՝ հայերս էլ շատ սովորույթներ ունենք. Օրինակ, երբ սեղանին աղ է թափվում, տատս ջուր է լցնում աղի վրա, որ չարը խափանվի:

Կամ երբ անծանոթ, բայց հայազգի մարդու դուռն ես թակում՝ ինչ-որ մի բան հարցնելու, առանց հյուրասիրության չի ճանապարհի, թեկուզ եթե սեղանը ճոխ չլինի (կարևորը վերաբերմունքն է). այստեղից էլ, հավանաբար ծագել է հին հայկական ասույթը՝ պանիր ու հաց, սիրտը՝ բաց:

Հայկական սովորույթներին ես մեկն էլ կավելացնեմ. ամառը հանգստանալու, քաղաքից ու առօրյա հոգսերից կտրվելու եղանակ է, բայց ոչ Հայաստանում. ամառը սկսվելուն պես հայ կանանց մոտ սկսվում է ավանդական «ավլեմ-թափեմը». պետք է ամեն ինչ մաքրեն, փայլեցնեն, ձևափոխություններ անեն՝ հաշվի չառնելով, որ այն, ինչ ուզում են մաքրել, մաքուր է, թե ոչ: Եթե ավելի խորը նայենք, ապա այս սովորույթը հատկապես խիստ ` զարգացած Գյումրիում: Գյումրեցի կանայք մի առանձին պատմության թեմա են, որոնց սովորությունների մասին հետո կպատմեմ:

Ամառային պատմություններ Գյումրիից

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Ամառ։ Բնության պարգևած հրաշալիքներից ամենաակտիվ, ուրախ, խայտաբղետ եղանակը։ Ո՞ր եղանակը կարող է լինել ինձ համար ավելի հարազատ, քան ամառը, բնականաբար չկա այդպիսին։ Ամռան ամիսներին կարծես նոր շունչ եմ առնում և կրկին ծնվում։ Տարօրինակ կերպով ակտիվանում եմ։ Երևի պաճառն այն է, որ ծնվել եմ հունիս ամսին։ Բայց ես լիարժեք ուրախ չեմ լինի, եթե ինձ շրջապատող մարդկանցից մեկը տխուր լինի, կփորձեմ իմ դրական էներգիան փոխանցել նրան և նույնպես ուրախացնել։ Կարելի է ասել այդ երեք ամիսների ընթացքում ազատ եմ լինելու ընդամենը մեկ ամիս, այդ մեկ ամսվա ընթացքում դիմավորելու եմ իմ մանկության ընկերներին, որոնք, ցավոք սրտի, ինձանից հեռու են, բնակվում են Ռուսաստանում։ Զբաղվելու եմ սպորտով, և իհարկե, ֆիլմերի միջոցով ձեզ եմ ներկայացնելու մեր և ձեր շրջապատում  կատարվող թե՛ երևույթները, թե՛ իրադարձությունները։ Բոլորին մաղթում եմ ուրախ ամառային հանգիստ։

Վահե Սուքիասյան

Ամառը իմ ամենասիրած եղանակն է, և ինձ թվում է՝ ոչ միայն ես, այլև գրեթե բոլոր մարդիկ են սիրում այն (դե իհարկե, ո՞վ չի սիրում հանգստանալ, շատ արև և ազատ ժամանց): Այս ամառ՝ քննություններս ավարտելուց հետո, կգնամ Երևան՝ տատիկիս տուն՝ քույրիկիս և ընկերներիս մոտ: Մենք պատրաստվում ենք լողի գնալ, լավ ժամանակ անցկացնել, շատ ենք ուզում ինչ-որ աշխատանք գտնել: Չեմ կարող ասել՝ երկրից դուրս կգնամ թե ոչ, բայց կարծում եմ՝ եթե նույնիսկ չգնամ, ես իմ առօրյան կկարողանամ հետաքրքիր կազմակերպել: Ես արդեն կազմել եմ ցուցակ, թե ինչ գրքեր եմ կարդալու: Իսկ ամենակարևորը, ես կատարելու եմ իմ առաջադրանքները, որոնք ստանալու եմ «Մանանա» կենտրոնի կողմից: Ես պատրաստվում եմ իմ ողջ ստեղծագործ ուժը ներդնել լավ սցենար գրելու  և նկարահանումներ կատարելու մեջ:

Լիլի Նալբանդյան

 

Լուսանկարը՝ Արշակ Խուդավերդյանի

-Ի՞նչ ես անելու ամառը:

-Վա՜յ, Իտալիա եմ գնալու

-Ճի՞շտ, երանի քեզ:

Սու՛տ, ինչ Իտալիա: Երբ իմ հասակակիցներին էս հարցն եք տալիս, բացի ճիշտ պատասխանից ինչ խելահեղ ու անհավանական բան ասես կասեն, արձակուրդներից վերադառնալիս էլ Photoshop–ով էնպիսի նկարներ կսարքեն, որ իսկականից կհավատաս, թե Իտալիայում է եղել, Միլանի ու Յուվենթուսի խաղն էլ Սան Սիրոյում  դիտել է: Էլ ո՞վ դիմանա՜… Չէ՛, էս տարի ես Իտալիա չեմ գնա: Իմ հիշելով երկու տարի առաջ եղել եմ, անցյալ տարի էլ Իսպանիայում էի, է՛հ, դե՛հ, կռահե՛ք՝ Եվրոպայի ամենալավ երկրներում եղած աղջիկը էս տարի հո Ավստրալիայից պակաս տեղ չի՞ գնալու…

Լեյլի Թադևոսյան

 

Շատ բաներ կան, որ ցանկանում եմ հասցնել ամռան ընթացքում: Նախ շատ եմ ուզում գնալ ինչ-որ ծովափնյա վայր, վայելել ծովը, արևը, կտրվել աոօրյա կյանքից: Պլանավորել եմ կարդալ շատ-շատ գրքեր, ունեմ կազմած ցուցակ և ուզում եմ կարդալ բոլորը: Գրքերից բացի ունեմ նաև ֆիլմերի մեծ ցուցակ, ուզում եմ նայել այդ ֆիլմերը, ուսումնասիրել դերասանական խաղը, ռեժիսորների և մնացած անձնակազմի կատարած աշխատանքը: Ցանկանում եմ կարդալ այս աշխարհի բոլոր գրքերը և նայել բոլոր ֆիլմերը, չնայած երևի ամբողջ կյանքս էլ չբավականացնի ցանկությունս կատարելու համար: Ամեն առավոտ վազելու եմ, ճիշտ է, ամեն անգամ նույնն եմ ասում ու չեմ վազում, բայց այս ամառ անպայման զբաղվելու եմ սպորտով: Շատ ժամանակ եմ անցկացնելու ընկերներիս հետ, քանի որ դասերի պատճառով նորմալ չէինք կարողանում շփվել: Ուզում եմ, որ այս երեք ամիսները իզուր չանցնեն, այլ ամեն օրը ունենա իր կարևորությունը: Ցանկանում եմ այցելել Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը, ուսումնասիրել դրանք, և ինձ թվում է, դա էլ կանեմ: Անհամբեր սպասում եմ, թե երբ է վերջապես գալու ամառը, որպեսզի լիովին ազատ լինեմ և անեմ այն, ինչ պլանավորել եմ:

Արմենուհի Ունուսյան

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Այս ամառ որոշել եմ ինձ նվիրել ուսմանը: Այս ամառն արդեն պլանավորել եմ: Վերջնականապես հրաժարվելու եմ սոցիալական ցանցերից, քանի որ ամբողջ օրն անցկացնում եմ համակարգչի առջև նստած: Ամեն օր առավոտյան վազելու եմ: Ցերեկը գիրք եմ կարդալու,ֆիլմ եմ դիտելու և երգեր եմ լսելու: Տարօրինակ զգացողություն է իմ մոտ առաջացել, քանի որ ցանկանում եմ սովորել, սովորել ու էլի սովորել: Ուզում եմ, որքան հնարավոր է շատ բան իմանալ: Եվ քանի որ շատ եմ սիրում գրքեր կարդալ, ուստի որոշել եմ որքան հնարավոր է շատ գրքեր ընթերցել այս երեք ամիսների ընթացքում: Որոշել եմ դառնալ ռեժիսոր, բայց ժամանակ չունենալու պատճառով չեմ հասցնում շատ ֆիլմեր դիտել: Այդ բացը կրկին լրացնելու եմ ամռանը: Ինչ վերաբերվում է երաժշտությանը, ապա պետք է ասեմ, որ այն ինձ համար լրիվ ուրիշ աշխարհ է: Ամռանը ծանոթանալու եմ նոր խմբերի և ժանրերի հետ: Հաճախելու եմ նաև անգլերենի դասընթացների: Իսկ մնացած ազատ ժամանակն էլ անցկացնելու եմ ընկերներիս հետ:

Ռիմա Պետրոսյան

‹‹Դարի մասնագիտությունները››

Մենք՝ հայերս, ապրում ենք ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում, ինչպես նշվում է ՀՀ սահմանադրությունում:

Միայն թե մեր պետությունում ապրելու համար հարկավոր է լավ կամ, ինչպես նշում են մեծահասակները, ճիշտ մասնագիտություն, որն էլ իրենց պատկերացմամբ, կամ բժիշկն է, կամ էլ իրավաբանը: Շա՜տ հետաքրքիր է…

Բայց մի՞թե կարելի է այս սոցիալական ու ժողովրդավարական երկիրը ‹‹պահել›› միայն իրավաբանների ու բժիշկների միջոցով. այդ դեպքում ի՞նչ են անելու արվեստագետները, մանկավարժները…Այսօրվա պայմաններից ու Հայաստանում արդեն իսկ ‹‹մոդա դարձած›› սովորույթից ելնելով՝ իհարկե, գնալու են ‹‹խոպան››:

Ամենացավոտ կողմ էլ այն է, որ խելացի թե անխելք, ընդունվում են բժշկական համալսարան, շատերը մի կերպ են ավարտում ու այդպես մի կերպ էլ բուժում են հիվանդներին. Ինչպես ասում է ժողովուրդը` ‹‹աչքի տեղը ունքն էլ հետը կհանէ››…

Մի անգամ եղբորս հարցրին, թե ինչ է անելու, երբ մեծանա: Նա էլ պատասխանեց, որ պարելու է, դպրոց է բացելու ու մեր ժողովրդական պարերը սովորեցնելու է երեխաներին ու երիտասարդներին: Ի զարմանս եղբորս՝ նրան ասացին, որ, ցավո՜ք, չի կարողանալու ընտանիքը պահել:

Ու այդպես էլ այսօր շա՜տ մարդիկ ընդունվում են թատերական ինստիտուտ, պարարվեստի ուսումնարան, մանկավարժական ինստիտուտ, ավարտում, բայց մնում գործազուրկ, ու զարմանալի չէ, որ Հայաստանը այդ ցուցանիշով գրավում է բավական ‹‹պատվավոր›› հորիզոնական:

Մի քանի օր առաջ ընկերուհիներիս հետ խանութում նվեր էինք ընտրում, միաժամանակ զրուցում էինք, անգլերեն ինչ-որ բառեր օգտագործում զրույցի ժամանակ: Ընկերուհիներիցս մեկը ‹‹Thank you, հայրիկ›› ֆիլմից մի դրվագ էր պատմում: Հանկարծ մի տարեց մարդ՝ ծովահենի գլխարկը գլխին, մոտեցավ ու ասաց.

-Thank you հայրիկ, շնորհակալություն, հայրիկ, спасибо папа…

-Վա՜յ, Դուք անգլերեն գիտե՞ք:

-Հա՜, բա ոնց, one, two, three, four, five…

Այս մարդու պես էլ շատերը  դերձակ,

ծովային, նկարիչ, երաժշտագետ, հաճախ էլ ուսուցիչ են դառնում ու մնում գործազուրկ:

Ինչևէ, եկեք ճիշտ մասնագիտություն ընտրենք, որպեսզի կարողանանք որևէ օգուտ տալ շրջապատին, ոչ թե մտածենք միայն սեփական ես-ի մասին…

Ես էլ, հետևելով մեծերի խորհրդին, որոշել եմ իրավաբան դառնալ. տեսնենք՝ երևի ամեն բան լավ կլինի…

Գրքի խորհուրդը

Լուսանկարը՝ Արփինե Աղավելյանի

Լուսանկարը՝ Արփինե Աղավելյանի

Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ, հատկապես նախընտրում եմ ֆենթեզի ժանրը: Եվ ինձ թվում էր, թե իմ հասակակիցներից բոլորին էլ հետաքրքրում են գրքերը, ուղղակի ամեն մեկն ունի իր նախընտրած ժանրը, հեղինակը, գիրքը: Բայց արի ու տես…. Որ գիրքը կարող է այլ գործառույթ էլ ունենալ:

Դասերից  հետո ես  միշտ այցելում եմ իմ դպրոցի մոտ գտնվող գրախանութը ու ինձ համար գրքեր ընտրում, անչափ հետաքրքիր քննարկումներ ունենում գրքերի և հեղինակների մասին` ինձ հետ արդեն ընկերացած վաճառողների հետ: Ամենահետաքրքիրը գրքի ընտրության պահն է, երբ շրջում ես սրահով, ուր ամենուրեք գրքեր են` զանազան գեղեցիկ կազմերով և թղթի բույրով:   Յուրաքանչյուր գիրք ընկալում ես որպես մի առանձին աշխարհ, որը սպասում է իր ընթերցողին: Այս վիճակը, իհարկե, կհասկանա նա, ով մտնում է գրախանութ և իր ձեռքն է վերցնում գիրքը և սկսում ճանաչել այդ անծանոթին, որը շատ շուտով կարող է դառնալ իր  ընկերը, խորհրդատուն և սփոփողը…

Մի օր, այդ խանութում ես, կանգնած գրքերի բազմազանության մեջ, ուսումնասիրում էի դրանք, երբ հանկարծ մի տղա եկավ և շփոթված հայացքով նայելով գրքերի բազմազանությանը` դիմեց վաճառողին.

-Ախպերս, ինձ մի հատ սիրուն գիրք տուր:

Վաճառողը զարմացած հարցրեց.

-Սիրուն գի՞րք , իսկ կարո՞ղ եք գոնե ինչ-որ հեղինակի անուն ասել:

-Աաաաա¯, ի՞նչ հեղինակ, ախպե´ր ջան, ես տենց բաներից հեռու մարդ եմ, կարևորը սիրուն մի բան տուր:

Վաճառողը շփոթվեց և առաջարկեց մի գիրք, որը սիրո մասին էր, և այդ գրքի շապիկի վրա սիրահար զույգ էր նկարված,  որոնք համբուրվում էին: Տղան երկար նայելով գրքի շապիկին ասաց.

-Ախպերս, էս ի՞նչ էս տվել, ընկերուհուս ծնունդն ա, ամոթա սենց բան տանեմ, ի՞նչ կմտածի:

Վաճառողը հետ վերցրեց այդ գիրքը և տվեց մեկ ուրիշը, որի շապիկը իսկապես շատ գեղեցիկ էր, չեմ էլ հիշում ինչ գիրք էր, միայն շապիկը հասցրեցի նկատել:  Տղան, գոհ իր գնումից, վճարեց և շտապ  խանութից դուրս եկավ:

Հաջորդ օրը`դպրոցում, պատահաբար լսեցի  մեր դասարանի  տղաների խոսակցությունը: Մեկը գիրքը կարդում էր, իսկ մյուսը նայում էր ընկերոջը և հանկարծ դժգոհ տոնայնությամբ ասաց.

-Այ մարդ, գիրք  ինչի՞ ես կարդում, ինչի՞դ է պետք:

-Հա էլի, գիդես շատ էլ պե՞տքս է,- պատասխանեց երկրորդը,- գիրք եմ կարդում, որ կարողանամ աղջիկ կպցնեմ, հիմա թազա մոդայա, աղջիկները սկսել են գիրք կարդալ:

Ես հազիվ զսպեցի ծիծաղս, բայց հետո հասկացա, որ առաջին հայացքից զվարճալի այս միջադեպը, իրականում շատ ցավալի է, և ինձ շատ է տխրեցնում:

Ինձ տխրեցնում է այս փաստը, քանի որ գրքերը մեր հասարակության մեջ այնպես անտեսված են, որ մարդիկ չեն էլ փորձում կարդալ,  կամ էլ կարդում են, ինչպես  իմ դասարանցին էր կարդում, որովհետև աղջիկ պետք է կպցնել, իսկ աղջիկների մոտ էլ «մոդա» է,  կամ էլ գալով գրախանութ պահանջում են «սիրուն» գիրք և հպարտորեն ասում,  որ իրենք գրքերից հեռու են: Իհարկե, կան նաև իսկապես գիրքը գնահատող մարդիկ, բայց ցավոք ճնշող մեծամասնությունը նրանք չեն:

Չեմ կարող հասկանալ այդպիսի մարդկանց. չէ որ գիրքը դա մի առանձին աշխարհ է, որը պարուրում է քեզ ընթերցանության ժամանակ, տալիս է քեզ փորձ, գիտելիք, հաճելի զգացումներ, կյանքը հասկանալու  իսկական իմաստնություն:

Գրքեր կարդալը նպաստում է սեփական կարծիքի ձևավորմանը, աշխարհայացքի ձևավորմանը,  կարդացող մարդը ապրում է հազար կյանք, իսկ մարդը, ով  երբեք չի կարդում, ապրում է ընդամենը մեկը: Եվ դեռ պարզ չէ, թե ինչպես է ապրում, կամ ինչու է ապրում…

 

Մենք գյումրեցի ենք

Լուսանկարը` Վահե Սուքիասյանի

Լուսանկարը` Վահե Սուքիասյանի

Ես ծնվել և մեծացել եմ Գյումրիում, բայց մեկ տարի է, ինչ ապրում եմ Երևանում: Անշուշտ, երբ ինձ հարց են տալիս, թե որն է իմ բնակավայրը, ես միանշանակ պատասխանում եմ ` Գյումրին: Ինչքան ավելի շատ եմ մեծանում, այդքան ավելի շատ եմ սկսում հասկանալ քաղաքիս յուրօրինակությունը և ուզում եմ ձեզ նույնպես պատմել Գյումրիի առանձնահատկությունների մասին:

Այնտեղ ամեն ինչ այլ է. մարդիկ անկեղծ են, ջերմ, միմյանց նկատմամբ հոգատար, չմոռանանք նաև հումորի բարձր զգացումի մասին:

Ի դեպ, անկեղծության մասին. եթե ձեզ թվում է, որ ես չափազանցում եմ և հնարավոր չէ մինչև վերջ անկեղծ լինել, սխալվում եք: Շատ հաճախ,  անկեղծությունը, որը հենց ճշմարտությունն է, կարող է վիրավորել դիմացինին: Եվ պատկերացրեք, հենց դա է գյումրեցիների   առանձնահատկություններից մեկը: Ասել է թե, որքան էլ  ուզում է ճշմարտությունը տհաճ լինի քեզ համար, գյումրեցին քեզ այն անպայման կասի: Որպեսզի համոզվեք, որ չեմ չափազանցում, մի դեպք պատմեմ ձեզ,   որը պատահել է ինձ հետ:

Ուրեմն, ես ունեի ռետինե ճտքակոշիկներ, որոնք հագնում էի անձրևի ժամանակ: Մի անգամ այդ ճտքակոշիկներով գնացի դպրոց:  Երբ դասերս ավարտվեցին և գնում էի տուն, փողոցում մի պապիկ մոտեցավ. սկզբում նայեց ճտքակոշիկներիս, հետո  ինձ ու ասաց.

-Բալա’ ջան, էս ի՞նչ ես հագե, նորմալ բան չկա՞ր հագնեիր: Մատղաշ էրեխա էս, էս կալոշները քեզի ինչ սազական բան է:

Ես, իհարկե, չպատասխանեցի, ժպտացի և շարունակեցի ճանապարհս: Խնդրեմ էս էլ ապացույցը:

Բայց կա ևս մի յուրօրինակություն, որի մասին ուզում եմ պատմել:

Մենք` գյումրեցիներս, եթե ուզում ենք հյուր գնալ` հարևանի, բարեկամի, ընկերոջ կամ հարազատի տուն, ոչ զանգում ենք, ոչ էլ զգուշացնում մեր գալուստի մասին: Իհարկե, ձեզ թվում է, որ դա քաղաքավարի չէ: Պետք է անպայման զգուշացնել, մարդկանց անհարմար դրության մեջ չդնել: Դուք իհարկե նման երևույթին կտաք բացասական գնահատական: Բայց շտապեմ ասել, որ ո’չ : Դա ցույց է տալիս, թե ինչքան հարազատորեն են իրար  վերաբերվում մարդիկ, և եթե ուզում են այցելել ընկերոջը, գնում են հյուր` համոզված լինելով, որ ցանկացած պահի  նա գրկաբաց կընդունի քեզ:  Հավատացնում եմ, որ դա այդպես է: Իսկ  ծննդյան   տարեդարձին ընդհանրապես  ոչ մի բարեկամի կամ ընկերոջ չեն զանգահարում և հրավիրում, որովհետև համոզված են, որ այդ մարդկանց քո հատուկ հրավերը ամենևին էլ պետք չէ: Նրանք հաստատ կհիշեն և կգան քեզ շնորհավորելու:

Բայց ես ամենաշատը հպարտանում եմ նրանով, որ մենք  շատ համախմբված ենք և իրար երբեք չենք լքի դժվար պահին. կարևոր չէ` ծանոթ ենք, թե անծանոթ, եթե միայն գիտենք, որ դիմացինը գյումրեցի է, ապա դա հերիք է նրան աջակցելու և ջերմ վերաբերվելու համար:

Ընդհանուր առմամբ, մեզ մի քանի խոսքով կարելի է բնութագրել այսպես. մենք հեռու ենք գլոբալիզացիայից. մեզ համար կարևոր են` մեր անկեղծ, հարազատ, վստահության վրա հիմնված հարաբերությունները, որոնք եկել են դարերի խորքից,   և այս նոր ժամանակակից անտարբեր հարաբերությունները մեզ համար անընդունելի են և չեն համապատասխանում մեր բնույթին:  Մի խոսքով, մենք` համով-հոտով, յոլով-ղայդով ժողովուրդ ենք:

Մենք մենակ չենք

-Էսօր գիշեր սաղդ կքնիք. ես ֆուտբոլ բդի նայեմ…

Այո’, երբ ես ֆուտբոլ եմ նայելու, բոլորը քնած են լինելու, կամ ցանկության դեպքում, եթե իհարկե մինչև վերջ նայելու են, կարող են ինձ հետ նայել հանդիպումը:

Իսկ իմ ֆուտբոլ նայելը մի իսկական հանդիսություն է. հագնում եմ իմ սիրած ակումբի՝ «Բարսելոնայի» շապիկը, դնում Բարսայի լոգոյով գլխարկս, պատին ամրացնում եմ իմ սարքած մեծ պաստառը, թուղթ ու գրիչը վերցնում եմ ձեռքս ու նստում եմ խաղը նայելու:

Ամեն ինչ պետք է ըստ կարգի լինի. սկզբում օրհներգն է հնչում, ու էդ րոպեից մերոնց քունը խանգարվում է, քանի որ ես, լինելով հավատարիմ երկրպագու, ֆուտբոլիստների հետ հավասար երգում եմ. Blaugrana al vent, un crit valent tenim un nom el sap tothom: Barca, Barca, Barca…

-Լիլի’, քիչըմ կամաց:

Կարող է թվալ, որ սա ձևականություն է, բայց հնարավոր չէ արդեն իսկ 7 տարի ձևացնել: Երբ փոքր էի, ֆուտբոլ մեծ եղբորս հետ էի նայում՝ թիմերին տարբերելով մարզաշապիկի գույներով միայն: Ճի’շտ է, եղբայրս բացատրում էր, սակայն միևնույնն է. շապիկի գույներով տարբերելը ավելի հեշտ էր…

Իսկ մի ուրիշ հաճույք է այն, երբ Բարսաս իր հերթական գոլն է խփում, և այդտեղ ես մտածում եմ, թե ինչ եմ ասելու այն ընկերներիս, որոնք Մադրիդի «Ռեալի» երկրպագու են. ֆուտբոլ նայողները կհասկանան ինձ, որովհետև ամենահավես բաներից մեկը այն է, երբ հեգնում ես քո չսիրած թիմին:

Այո˜… Հերթական հաղթանակը…

Առավոտյան գնում եմ դպրոց, ու սկսվում է.

-Հը, Լի’լ, ի՞նչ էղավ:

Ու ես հպարտորեն միշտ ասում եմ, որ հաղթել ենք՝ ոգևորված բացատրելով խփած գոլը:

Էդ էլ մի ուրիշ հաճույք է, երբ տղաները ինձանից են իմանում խաղի մանրամասները…

Բայց երբ սկսում են լուրջ չվերաբերվել, ինչ-որ մեկնաբանություններ անել, իմ սիրած ֆուտբոլիստներին ասել, որ լավը չեն, կամ որ շատ աղջիկների նման ես էլ եմ ֆուտբոլիստների գեղեցիկ լինելու համար նայում ֆուտբոլ, ես կատաղում եմ, որովհետև իմ սիրած ֆուտբոլիստների ցանկի մեջ մտնում են նաև Դիդիե Դրոգբան, Նիկոլա Անելկան, Զլատան Իբրահիմովիչը և այլք. չէ՞ որ նրանք այդքան էլ գեղեցիկ չեն:

Ինչևէ…Շատ եմ սիրում ֆուտբոլ: Ըստ իս, աշխարհում միակ բանն է, որի ժամանակ աշխարհը մի պահ կանգ է առնում և իր կարճատև քնից արթնանում, երբ բարձրանում է երկրպագուների հսկա ալիքը… Եվ երևի պատահական չէ այն, որ ամեն տարի ծննդյանս օրը միշտ համաշխարհային մակարդակի մի հանդիպում է լինում, որից ես էլ ավելի եմ ոգևորվում: Ֆուտբոլասերները մի ունիվերսալ լեզու ունեն, որը նույնն է բոլոր մշակույթների և մարդկանց համար: Եվ ես գիտեմ, որ իսկական ֆուտբոլասերները երբեք մենակ չեն: Մենք լեգեոն ենք, և միակ բանը, որ ընդհանուր է մեզ համար, ֆուտբոլն է…