
Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի
-Էսօր կիրակի է, չէ՞, ուշադիր եղեք. աղբի մեքենան, որ գա, լսենք,- մեր շենքի գրեթե բոլոր բնակարաններում կիրակի և չորեքշաբթի օրերին օրը սկսվում է այս խոսքերով: Բոլորը թողած իրենց գործերը, սպասում են «ձերդ գերազանցություն» աղբի մեքենային:
-Մա՜մ,-սկսում են երեխաները գոռալ բակից, հարևանները մեկը մյուսի դռները ծեծելով իջնում են, հետո բակում մի քիչ «ոտները կախ գցում», իրար հայտնում վերջին նորությունները, պայմանավորվում, թե ով ում տուն պետ է գնա սուրճ խմելու:
Մեքենան գնում է, իսկ երեխաները շարունակում են իրենց կիսատ մնացած խաղերը.
-Ես մի պաս ունեի:
-Չէ, արդեն փչել ենք:
-Խարդախ եք խաղում, դե լավ, ոչինչ, արդարությունը միշտ էլ հաղթում է… Հոպ, էլի պաս բռնեցի, տեսա՞ք, ասում էի, չէ՞,-այսպես ոգևորված երեխաները խաղում են «գործնագործ»… Կամ` «կռուգավիկ», կամ`«բադեր և շներ»: Անվանեք խաղը, ինչպես ցանկանում եք:
-Լավ, գնանք ֆուտբոլի դաշտ, արդեն տղերքը հավաքված կլինեն…Տեսա՞ր ոնց երեկ 13:2 հաշվով հաղթեցինք: Էսօր պատասխան խաղ են պահանջել,- որոշում են մեր բակի տղաները, որոնց թվում նաև եղբայրս է, ով ամեն անգամ իրենց ֆուտբոլային աստղաբաշխական հաշիվները ասելիս, թվում է, թե բասկետբոլի խաղի հաշիվ է ասում:
Քիչ անց բակ է իջնում մեր շենքի ամենասիրունիկ աղջիկներից մեկը.
-Էլե՞ն, ես ի՞նչ ես սիրունացել,- հարցնում եմ նրան, ով թվում է դժգոհ այն փաստից, որ բակի տղաները գնացել են ֆուտբոլի դաշտ, դատարկված բակում երեխա էր փնտրում:
-Ուզում էի համերգ ցույց տալ, բայց բոլորը գնացել են,- դժգոհ պատասխանում է Էլենը և վազում տուն:
Օրը շարունակվում է իր հունով ընթանալ: Մեծերից ոմանք բրդերը հանել են ու պատրաստվում են «չփխել», ոմանք ձմեռվա համար պահածոներ են փակում, ոմանք զբաղված են տնային մյուս գործերով, իսկ երիտասարդները սպասում են երեկոյան զովին, որ գնան մի քիչ զբոսնելու:
-Սյուզ, բարև, գալի՞ս ես դուրս,- զանգում եմ ընկերուհուս:
-Ուզում եմ գալ, բայց մերոնք ասում են, որ կրակոցի ձայներ է գալիս, չեն թողնում,-պատասխանում է ընկերուհիս:
Բայց այդ հանգամանքն էլ ինձ ու մյուս ընկերուհիներիս չի ստիպում նստել տանը: Մենք սահմանամերձ գոտում ենք ապրում` Ճամբարակում, և սահմաններից լսվող կրակոցներին, ցավոք, վարժվել ենք: Հավաքվելով պայմանավորված վայրում, սկսում ենք առաջին հերթին իրար հարցուփորձ անել, թե ով է լսել կրակոցների ձայները:
-Լավ, եկեք թռվռալով ու կոր գծեր գծելով քայլենք, որ թշնամին չկարողանա նշան բռնել,- ծիծաղելով առաջարկում է Լաուրան: Բայց առաջարկը ընդունվում է բավական լուրջ համաձայնությամբ:
-Ախ, երանի ձեռս մի ավտոմատ լիներ ու այ, հիմա սահմանին լինեի… Ես էդ դիպուկահարին ցույց կտայի…,- բորբոքված ասում է Մանեն, իսկ մենք նայում ենք իրար ու ծիծաղում, քանի-որ բոլորս սպասում էինք Մանեի կողմից նման արձագանքի:
Թողնելով այդ խոսակցությունը, սկսում ենք զբոսնել, և մեր քայլերը ակամայից տանում են Ճամբարակի միակ զբոսայգին: Հետո խոսելով անցնում ենք Ճամբարակի արդեն անգիր արած նույն փողոցներով: Ամեն ինչ նույնն է, միայն խոսակցության թեմաներն են տարբեր: Համարյա տարբեր:
Ահա արդեն ուշ երեկո է: Կրկին հանդիպելու ակնկալիքով բաժանվում ենք:
Մտնում եմ շենքի շքամուտք, և նոր թխած հացի հոտը սկսում է շոյել հոտառական օրգաններս: Սկսում եմ բարձրանալ աստիճաններով, հույս ունենալով, որ բույրի վերջին կայարանը կլինի մեր տունը:

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի





Օրեցօր ավելի է հետաքրքի է դառնում մեր առօրյան: Այսօրվա ընթացքում ես ավելի մանրամասն սովորեցի ֆիլմ նկարահանելու գաղտնիքները: Օրինակ` քանի հիմնական պլանով են նկարահանում ֆիլմերը կամ, որն է ամերիկյան պորտրետը: Հետո մենք բավականին երկար և բարդ քննարկում ունեցանք մեր ֆիլմերի գաղափարների վերաբերյալ, քանի որ ֆիլմերի գաղափարները շատ էին, և մենք չէինք կարող կողմնորոշվել, թե որոնք ընտրենք այս ընթացքում նկարահանելու համար, իսկ երբ ընտրեցինք, համարյա մինչ ուշ գիշեր քննարկում էինք, թե ով որ թիմում աշխատի: Մեր ավագ ընկերները վերջնական ընտրված ֆիլմերի վերնագրերը գրել էին գրատախտակին և մեզ առաջարկել ընտրել մեկը և անունը գրել թիմի կազմում: Երեկոյան պարզվեց, որ համարյա բոլոր թիմերի մեջ աշխատելու ցանկություն էինք հայտնել բոլորս: Կեսգիշերին վերջապես կողմնորոշվեցինք: Շուտով նկարահանումները կսկսեն:
Առավոտը հետաքրքրասիրությամբ լցված իջանք նախաճաշի, քանի որ գիտեինք՝ գիշերը մեր սերբ ընկերները շատ ուշ ժամանել էին ու արդեն հյուրանոցում են: Երկար ճանապարհից հոգնած՝ նրանք առավոտյան մեր աշխատանքներին չմիացան, բայց մինչ մեր ծանոթությունը, պատանի թղթակիցներս հասցրինք մեր՝ մոնտաժային աշխատանքի տեխնիկական գիտելիքները հարստացնել գործնական աշխատանքով:
Ճամբարի առաջին նկարահանումները
Առավոտս բացվեց այն ժամանակ, երբ սենյակակիցներս` Մանեն և Նելլին պատրաստվում էին գնալ վազելու: Նրանք որոշել են այստեղ էլ հավատարիմ մնալ իրենց ռեժիմին. Վեր կաց ու վազք առավոտյան 6-ին և քնել գիշերը 10-ին: Վեր կացն առայժմ ստացվում է:
Բացի դասընթացներից, ինձ շատ են դուր գալիս նաև նոր շփումները և ծանոթությունները: Մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից են ու Երևանից, և զրուցելիս շատ նոր բաներ ենք իմանում նաև մարզերի մեր հասակակիցների մասին: Իսկ այսօր արդեն սկսում ենք ծանոթանալ մեր սերբ հասակակիցների հետ: Առաջինը` սերբերեն «բարև» բառն է, իսկ երեկոյան հասցրեցինք սովորել նաև սերբական պար: Մի խոսքով, այս օրերի ընթացքում կհասցնենք «փոխանակվել» նաև մեր մշակույթներով, ինչը ինձ շատ է ուրախացնում: Առաջին օրն էր, և մեր սերբ հասակակիցները մշակութային շոկ էին ապրում. Առաջին անգամ էին լսում հայերեն խոսք, ուտում հայկական կերակուրներ, անգամ երբ դիտում էին մեր նկարած ֆիլմերը, դիտում լուսանկարները:


