Ամառը Ճամբարակում

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

-Էսօր կիրակի է, չէ՞, ուշադիր եղեք. աղբի մեքենան, որ գա, լսենք,- մեր շենքի գրեթե բոլոր բնակարաններում կիրակի և չորեքշաբթի օրերին օրը սկսվում է այս խոսքերով: Բոլորը թողած իրենց գործերը, սպասում են «ձերդ գերազանցություն» աղբի մեքենային:

-Մա՜մ,-սկսում են երեխաները գոռալ բակից, հարևանները  մեկը մյուսի դռները ծեծելով իջնում են, հետո բակում մի քիչ «ոտները կախ գցում», իրար հայտնում վերջին նորությունները, պայմանավորվում, թե ով ում տուն պետ է գնա սուրճ խմելու:

Մեքենան գնում է, իսկ երեխաները շարունակում են իրենց կիսատ մնացած խաղերը.

-Ես մի պաս ունեի:

-Չէ, արդեն փչել ենք:

-Խարդախ եք խաղում, դե լավ, ոչինչ, արդարությունը միշտ էլ հաղթում է… Հոպ, էլի պաս բռնեցի, տեսա՞ք, ասում էի, չէ՞,-այսպես ոգևորված երեխաները խաղում են «գործնագործ»… Կամ` «կռուգավիկ», կամ`«բադեր և շներ»: Անվանեք խաղը, ինչպես ցանկանում եք:

-Լավ, գնանք ֆուտբոլի դաշտ, արդեն տղերքը հավաքված կլինեն…Տեսա՞ր ոնց երեկ 13:2 հաշվով հաղթեցինք: Էսօր պատասխան խաղ  են պահանջել,- որոշում են մեր բակի տղաները, որոնց թվում նաև եղբայրս է, ով ամեն անգամ իրենց ֆուտբոլային աստղաբաշխական հաշիվները ասելիս,  թվում է, թե բասկետբոլի  խաղի հաշիվ է ասում:

Քիչ անց բակ է իջնում մեր շենքի ամենասիրունիկ աղջիկներից մեկը.

-Էլե՞ն, ես ի՞նչ ես սիրունացել,- հարցնում եմ նրան, ով թվում է դժգոհ այն փաստից, որ բակի տղաները գնացել են ֆուտբոլի դաշտ, դատարկված բակում երեխա էր փնտրում:

-Ուզում էի համերգ ցույց տալ, բայց բոլորը գնացել են,-  դժգոհ պատասխանում է Էլենը և վազում տուն:

Օրը շարունակվում է իր հունով ընթանալ: Մեծերից ոմանք բրդերը հանել են ու պատրաստվում են «չփխել», ոմանք ձմեռվա համար պահածոներ են փակում, ոմանք զբաղված են տնային մյուս գործերով, իսկ երիտասարդները սպասում են երեկոյան զովին, որ գնան մի քիչ զբոսնելու:

-Սյուզ, բարև, գալի՞ս ես դուրս,- զանգում եմ ընկերուհուս:

-Ուզում եմ գալ, բայց մերոնք ասում են, որ կրակոցի ձայներ է գալիս, չեն թողնում,-պատասխանում է ընկերուհիս:

Բայց այդ հանգամանքն էլ ինձ ու մյուս ընկերուհիներիս չի ստիպում նստել տանը: Մենք սահմանամերձ գոտում ենք ապրում` Ճամբարակում, և սահմաններից լսվող կրակոցներին, ցավոք, վարժվել ենք: Հավաքվելով պայմանավորված վայրում, սկսում ենք առաջին հերթին իրար հարցուփորձ անել, թե ով է լսել կրակոցների ձայները:

-Լավ, եկեք թռվռալով ու կոր գծեր գծելով քայլենք, որ թշնամին չկարողանա նշան բռնել,- ծիծաղելով առաջարկում է Լաուրան: Բայց առաջարկը ընդունվում է բավական լուրջ համաձայնությամբ:

-Ախ, երանի ձեռս մի ավտոմատ լիներ ու այ, հիմա սահմանին լինեի… Ես էդ դիպուկահարին ցույց կտայի…,- բորբոքված ասում է Մանեն, իսկ մենք նայում ենք իրար ու ծիծաղում, քանի-որ բոլորս սպասում էինք Մանեի կողմից նման արձագանքի:

Թողնելով այդ խոսակցությունը, սկսում ենք զբոսնել, և մեր քայլերը ակամայից տանում են Ճամբարակի միակ զբոսայգին: Հետո խոսելով անցնում ենք Ճամբարակի  արդեն անգիր արած նույն փողոցներով: Ամեն ինչ նույնն է, միայն խոսակցության թեմաներն են տարբեր: Համարյա տարբեր:

Ահա արդեն ուշ երեկո է: Կրկին հանդիպելու ակնկալիքով բաժանվում ենք:

Մտնում եմ շենքի շքամուտք, և նոր թխած հացի հոտը սկսում է շոյել հոտառական օրգաններս: Սկսում  եմ  բարձրանալ աստիճաններով, հույս ունենալով, որ բույրի վերջին կայարանը կլինի մեր տունը:

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի