Gohar Petrosyan

Նա, ով հեռացավ մնալու պահին

Դատարկ փողոցում քայլում ես մենակ՝
Մարդկանց ամբոխից կտրված մտքով,
Հիշում պատկերներ ստվերների տակ
Ու հոգոց հանում մի թունդ կարոտով։

Հիշում ես դեմքեր՝ դիմակներ հագած,
Որ ծանր մի օր հանկարծ հեռացան.
Միայնակ հոգիդ պատվեց մշուշով
Ու սուզվեց մտքիդ ծովը ցամաքած։

Նա, ով հեռացավ մնալու պահին՝
Կարոտախտ ծնեց քո այրված սրտում,
Եվ նրանք, ովքեր մնալ ուզեցին՝
Կորուստներ դարձան ցավածդ կյանքում։

Հաշվիր… մեկ, երկուս, հարյուր երկուս…
Կարոտած դեմքեր՝ արդեն անցյալով,
Որ խորտակվեցին կյանքի մշուշում
Ու քեզ մեծացրին լոկ հեռանալով…

***

Լավ է չունենաս, քան թե կորցնես

Աչքերդ փակիր, որ տեսնես կյանքը
Եվ ցավ էլ չզգաս, որ այն չտեսնես,
Փակիր ականջներդ՝ չլսես ձայները,
Որ վաղն էլ չլսելուց չխելագարվես։

Ձեռքդ բռնած սիրած էակդ
Կարող է թողնել քեզ ու անհետանալ,
Վզիդ կարոտով փաթաթված զավակդ
Կարող է հանկարծ անդարձ հեռանալ։

Եվ լավ է չսիրել, քան թե մոռացվել,
Եվ լավ է չծնել, քան ցավով կորցնել։

Քեզ «բալես» ասող լուսավոր մայրդ
Կարող է մի օր խամրել ցավերից,
Քեզ միշտ ուժ տվող քույր կամ եղբայրդ
Կարող են հիշել քեզ միայն նեղ օրին։

Միշտ քեզ հետ քայլող հավատարիմ ընկերդ
Կարող է մի օր գամվել սայլակին,
Քեզ կերպար տվող գրքերը մի օր
Կարող են այրվել ինչ-որ կրակից։

Գլխիդ վերևում փայլող արևը
Կարող է մի օր խավարել լուսնից,
Ցավդ մեղմացնող այն արցունքներն էլ…
Է՜հ, մի օր էլ կխեղդվես այդ արցունքներից։

Լավ է չզգաս, քան թե դատարկվես,
Լավ է չգրկես, քան ցավով հիշես,
Լավ է չսիրես, քան թե կարոտես,
Լավ է չունենաս, քան թե կորցնես…

Mariam Yavrumyan

Քո մասին

Ու ես անգիր գիտեմ բոլոր այն տողերը, որոնք քո մասին եմ գրել։ Գիտե՞ս՝ շատ եմ գրում, ու նորմալ է, որ գրածս ցանկացած բառը չհիշեմ, բայց երբ խոսքը քո մասին է, բառերը առանց իրար հերթ տալու են շարվում, էնպես եմ հիշում ցանկացած տառ, որ քո մասին է, ասես ծնվել եմ` արդեն սովորած դրանք։

Քո մասին գրելիս գրիչս շատախոսում է, չեմ կարողանում լռեցնել։ Ուզում է, որ իմանամ, որ ամեն ինչից հետո էլ, միևնույնն է, Տերյանի բոլոր բանաստեղծություններն էլի ու էլի քեզ եմ նվիրելու ու կարդալիս միայն քո մասին եմ մտածելու:

Բայց դու բան չես հասկանում: Կամ ձևացնում ես, թե չես հասկանում։ Եղանակից ենք խոսում, բարեկամի երեխաներից, բայց երբեք ոչ սիրուց ու ծաղկից: Դու երբեք չես հարցնում, թե ինչպես անցավ օրս, որ ես ոգևորված պատմեմ ամեն դետալ: Պատմեմ, թե ոնց սերիալի գլխավոր հերոսը սերիական մարդասպան դուրս եկավ, թե ոնց սուրճն էլի թափեցի, ու թե ոնց էի էդ ամենի ընթացքում էլի ու էլի քո մասին մտածում: Չնայած՝ մենք գիտենք, որ վերջին մասը հաստատ չեմ ասելու: Դա մեր սցենարում հաստատ չկա:

Հետո դու փոշմանելու ես մեր վատ գրված սցենարի համար։ Իսկ ես էդպես էլ չեմ ասելու իմ զգացմունքների մասին, իսկ դու երբեք էլ չես սովորելու դրանք կարդալ աչքերից:

Lilit Hovsepyan Erevan

Լռությունը բառերով չես կոտրի

Քաղաքի տեղատարափ աղմուկի մեջ մենք լուռ էինք: Լռում էինք, որովհետև մեր սրտերն էլ ավելի շատ ասելիք ունեին իրար, քան մարդկային շուրթերը կարող են երբևէ արտաբերել: Նայում էի քեզ ու այդպես էլ չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում ներսումս: Իսկ դու ի պատասխան ժպտում էիր՝ ցանկանալով թաքցնել ներսումդ կատարվող խառնաշփոթը: Գուցե ես չգիտեի, թե ինչ է սերը, չգիտեի ինչպես սիրել, բայց սիրտս ինձ պես չէր, այն արդեն քեզ ուներ․ սիրտս պարզապես սիրել գիտեր․․․

Գիտես՝ երբեմն փորձում եմ պատճառներ փնտրել, թե ինչու եմ քեզ ընդունում այդքան հարազատ, բայց ամեն անգամ հասկանում եմ, որ փնտրտունքներն ուղղակի անիմաստ են, չէ՞ որ սերն ազատ է, և դրա ձայնը կախված չէ ո՛չ մեր կամքից, ո՛չ մեր ջանքերից։ Թվում է, թե աշխարհը կառուցված է մեր սիրո վրա, իսկ ես նույնիսկ չգիտեմ՝ ոնց մտար կյանքս ու ոնց ստիպեցիր ինձ մինչ այժմ անհնար թվացող ուժով կապվել քեզ: Ամեն անգամ, երբ խոսում ես զգացմունքներիդ մասին, ներսս տակնուվրա է լինում, հույզերս դառնում են անկառավարելի, շուրջս ոչինչ չեմ նկատում, միայն կարողանում եմ լսել սրտիս ուժգին զարկերը, ուրիշ՝ ոչինչ: Ասում են՝ սերը նման է լույսի, որը լուսավորում է նրանց, ովքեր անկեղծորեն սիրել և սիրվել գիտեն: Մեր սերն էլ է լույս, այն լցնում է մեզ լույսով, իսկ մեր հոգիներին ստիպում է մոռանալ ներսի քաոսը:

Իսկ հիմա նայում ես աչքերիս, որոնք այնքան բան ունեն քեզ ասելու, նայում ես ու ցանկանում ինքդ էլ մի բան ասել, սակայն այդքան ժամանակ տևած լռությունը կոտրելը հեշտ չէ, աչքերդ գիտեին, որ այդ լռությունը բառերով չես կոտրի։

jenya abgaryan

«Ամենա» հարաբերություններ

Արդեն քանի տասնամյակ է, ինչ ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ ամեն ինչ գնահատվում է ինչ-որ անհասկանալի սանդղակներով։ Դեռ փոքր տարիքում, երբ ընթանում է հասունացման պրոցեսը, հաճախում ենք դպրոց և ստանում կրթություն։ Այդ ստացված կրթությունն ընկալածի չափ փոխադրելով՝ ստանում ենք ինչ-որ անհասկանալի, սահմանափակված գնահատականներ, որը նշանակում է մեր պես կրթություն ստացած, ուղղակի մի փոքր շատ լիազորություններ ունեցող մի անձ։ Տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է այլ հարաբերություններում։ Մենք սիրահարվում ենք այն մեկին, որը մեր կարծիքով ամենագեղեցիկն է, մինչ այդ գեղեցիկի սանդղակն ինքներս ենք ստեղծում։ Խանութում գնում ենք ամենագեղեցիկ հագուստը, ամենալավ սնունդը, ամենաէժան կամ ամենաթանկ սրճարանն ենք հաճախում, ամենալավ համբավը ունեցող համալսարանը ընդունվում ու էլի «ամենա»-ներ։ Կարևոր չէ, թե այդ «ամենա»-ն լավն է, թե վատը, ախր «ամենա»-ն է։

Երբ դպրոցը շարունակելով համալսարան ես ընդունվում, հասկանում ես, որ էստեղ շղթան ավելի բազմատեսակ ու ընդլայնված է։ Ընտրում ես հոգուդ ամենահարազատ մասնագիտությունը, ու թվում է, թե հիմա կստանաս համապատասխան կրթությունդ ու կանցնես ամենալավ աշխատավարձով աշխատանքին, սակայն դրա մասին խոսելը, անգամ մտածելը դեռ շատ վաղ էր։ Անդրադառնալով համալսարանում սովորելու անվճար տեղերին՝ պետք է նշեմ, որ քանի որ չենք կարող ունենալ այնպիսի համակարգ, որը թույլ կտա ստանալ համալսարանական անվճար կրթություն, կամ առնվազն շատացնել տեղերը, կարծում եմ, որ այստեղ ինչ-որ լուծում է անհրաժեշտ։ Երբեք չե՞ք մտածել, ինչպես կարող են փչանալ ընկերների միջև եղած հարաբերությունները այդ մրցավազքի համար՝ սահմանափակ տեղերի առկայությամբ։ Բայց սա էլ դեռ ամենը չէր։ Յուրաքանչյուր կիսամյակ պետք է հանձնես միջանկյալ ստուգումներ, քննություններ, որոնք էլ իրենց հերթին են «բարդացնում կյանքը»։ Հասկանո՞ւմ եք՝ որքան բարդ է նայել ընկերոջդ աչքերին, երբ դու ընդամենը 1 բալ ավել ես ստացել, սակայն ոչ քո, ոչ էլ նրա գիտելիքը ոչ ոք չի կարող խլել։ Հաճախ կատակելով ասում են, որ արտագրողները միշտ ավելի բարձր են ստանում։ Ի՞նչ կասեք այս դեպքում։ Պետք է ուղղակի հասկանալ, լուծումներ գտնել, քանի որ մենք ոչ թե ուզում ենք հարաբերություններ, հոգեբանական լարվածություն ունենալ, այլ միայն ստանալ կրթություն։

ella mnacakanyan yerevan

Ինքնամեկուսացած ծանոթություն

Հակավիրուսային բարև։ Գիտեմ, որ վաղուց չեմ գրել քեզ, ու միգուցե արդեն մոռացել ես ինձ ու ձեռագիրս։ Բայց, ոչի՜նչ, նորից կծանոթանանք․․․ դե՜, եթե իհարկե, դեմ չես։ Անունս չեմ ասում, որովհետև եթե մինչև էստեղ կարդացել ես արդեն, ուրեմն անունս էլ հաստատ նկատած կլինես վերևում՝ էն դեղին զգեստով նկարիս տակ։ Այդ դեղին զգեստով նկարիս օրն այսօրվա նման հիշում եմ․ երկինքը պայծառ էր, ու արևը դեղին-դեղին էր՝ ճիշտ զգեստիս նման։ Դպրոցն ավարտելու շեմին էինք ու դասարանով հավաքվել էինք՝ մի վերջին նախաավարտական ֆոտոսեսսիայի։ Այդ օրն ուրախ էի, երևի ակնհայտ երևում է ժպիտիցս։ Հիմա արդեն չեմ հիշում՝ ուրախությանս պատճառը դպրոցական կյանքիս մոտալուտ ավա՞րտն էր, թե՞ արևոտ երկինքը, որովհետև վերջինը սովորաբար բարձրացնում է տրամադրությունս, բայց առաջինն էլ վատ առիթ չէր ժպտալու համար։ Այդ ժամանակներից մոտավորապես 3 տարի է անցել, արդեն վաղուց աշակերտ չեմ ու հասկացել եմ, որ դպրոցական կյանքը բոլորովին էլ վատագույնը չէր, որ կարող էր պատահել ինձ հետ։ Սակայն որոշ բաներ այնուամենայնիվ անփոփոխ են իմ ներսում։ Էլի շարունակում եմ սիրել արևառատ եղանակն ու դեղինը՝ որպես հավաստում արևի նկատմամբ իմ անշահագրգիռ ու հավատարիմ սիրո։ Իսկ հիմա նստած եմ համակարգչի առջև ու ժամանակ առ ժամանակ հայացքս գցում եմ պատուհանից դուրս կախված գորշ ու ամպամած երկնքին։ Անձրևում է, անձրևում, անձրևում։ Էս ինքնամեկուսացում կոչվող սպանիչ շղթայում անձրևն էր միայն պակասում։ Ես անձրև չեմ սիրում, իսկ դու սիրո՞ւմ ես։ Բայց փոխարենը, դրա կաթկթոցի ձայնը հաճելի է ականջիս։ Հետաքրքիր է չէ՞, էդպիսի երևույթներ կան, որ չենք սիրում, բայց արդյունքը հաճելի է։ Օրինակ, մարմնիդ մարզվել պարտադրելը երբեմն շատ մեծ ջանք ու կամքի ուժ է պահանջում, մինչդեռ դրա արդյունքում քաշ կորցնելիս քեզ լավ ես զգում։ Կամ շարունակ ցավ պատճառող, բայց հարազատ դարձած մեկին կյանքիցդ հեռացնելու քաջություն ոչ միշտ է, որ ստացվում է հավաքել, մինչդեռ այդ քայլին հաջորդող հոգեկան ներդաշնակությունն արժի այն գինը, որ ստիպված ես լինում վճարել։ Հա, ինչ եմ ուզում ասել։ Մտածում եմ՝ միգուցե էս ինքնամեկուսացումն էլ, թեև արդեն անտանելի է դառնում, այն երևույթն է, որ պիտի ինքներս մեզ պարտադրենք ու դիմանանք, որ հետո արդյունքից հրճվենք ու մեզ լավ զգանք։ Չէ՞ որ ցանկացած արդյունքի համար էլ պիտի մի քիչ ինքդ քեզ նեղություն տաս․ մարմինդ բազմոցից պոկես կամ առավոտյան սովորականից շուտ արթնանաս կամ գուցե հարմարվես բացակայությանը էնպիսի մարդկանց, ում ներկայությունը թունավորում է կյանքդ՝ նույնիսկ առանց քո գիտակցության․․․ Կամ միգուցե ե՞ս եմ էսպես ինձ հույս տալիս, որ շարունակեմ դիմանալ ապասոցիալականացված ու անսովոր էս վիճակին։ Իսկ դու ո՞նց ես դիմանում։ Իսկ քեզ ի՞նչ մտքերով է պարուրում ինքնամեկուսացման շղթան։

Հ․Գ․ Արդեն մի քանի օր է՝ էս նյութս գրում ու ջնջում, խմբագրում ու սրբագրում էի, որովհետև ուզում էի հնարավորինս լավ ծանոթանալ քեզ հետ։ Բայց հետո հասկացա, որ ինձ ճանաչելուդ լավագույն տարբերակը մտքիս եղածը լսելդ է։ Իսկ դո՞ւ։ Իսկ դու կպատմե՞ս՝ ինչ կա քո մտքին․․․