Դասասենյակ էր, հիմա՝ լսարան
Ընդունվածների ցուցակի մեջ անունս կարդալուց հետո երկրորդ ուրախալի լուրը հետևյալն էր. ես այլևս տիպված չեմ տարբեր երկրաչափական պատկերներ ընդունածի տեսքով հայտնվել երթուղայինի մեջ։ Վարորդը, ում հանդեպ ինձ թույլ չեմ տա արտաբերել «Աբո ձյա» թևավոր խոսքը, այլևս իմ անձնական վարորդը չէ։ Ավտոբուսները հանգամանքները մի քիչ մեղմացնում են և թույլ են տալիս քեզ իննսուն աստիճանի դիրքով երթևեկել։ Որքա՜ն էի հոգնել բութ անկյուն, գլան և կոն լինելուց։ Շատ դեպքերում բազմանկյուն էլ եմ ձևացել, կախված երթուղայինի մարդկանց քանակից, երբ պատուհանին գրված տասներեք տեղը վարորդը կարդում է իր գլխավերևի հայելուց՝ երեսունմեկ։ Քսաներեք համարի երթուղայինը փոխարինեցի նույն, քսաներեք համարի ավտոբուսով, էդպես գոնե հանգիստ կկանգնեմ։ Ամեն ինչի հետ մեկտեղ գրպանիս գումարի չափը մեծացավ, բայց ի տարբերություն այն ժամանակների, հասկանում ես, որ գումար տնտեսելը այդքան էլ վատ բան չէ։ Տնտեսելը դեռ մի կողմ, հաճելի է տեսնել, որ գումարդ գանձանակի մեջ իր համար տեղ է գտել և ամենևին չի շտապում ոչ մի տեղ։
Ուսանողական տարիներից չէ, բայց տարուց կխոսեմ, «ներ»-ի համար ժամանակ դեռ կա, ամեն բան չէ, որ հասցրել եմ տեսնել։
-Դասախոսին ընկերով չեն դիմում։
-Հաաա՜… Հա՞, բա էլ ո՞նց։ Երանի դպրոցի ուսուցիչներս. համ ընկեր էին, համ էլ ուսուցիչ, ընկեր բառն էլ միայն ազգանունի հետ չէր դուետով հանդես գալիս, և վերջապես, բոլոր օրերի ընկեր։ Դուք միայն դասախոս, այն էլ տիկին կամ պարոն։ Օ՜, բավականին արդարացի եք և արդարացված։ Եվ դրա ճշմարտացի լինելը հասկանում ես այն ժամանակ, երբ նրանց հետաքրքիր չէ` դասին ներկա՞ ես, թե՞ ոչ։ Իսկ ի՞նչ էր լինում դպրոցում այն օրերին, երբ հիվանդ էինք ձևանում, որպեսզի տուն գնանք։ Գիտեմ, միայն ես չէի, որ այդ ժամանակ փնթփնթում էի քթիս տակ իրենց կարգապահ լինելու համար։ Համալսարանում ազատ ես, առանց ձևացնելու էլ կարող էս գնալ։
Սա քիչ թե շատ առաջին տպավորությանս մասին է, որ «մինուս» կնշանակեմ, բայց «մինուսն» էլ «պլյուս» է դառնում հենց նույն «մինուսի» շնոհիվ: Ուղղակի գիծը վերևից ենք իջեցնում։ Միայն այն փաստը, որ արդեն համալսարանի դուռն ես բացում ու ներս մտնում, արդեն ինքդ քեզնով հպարտանալու տեղիք է տալիս։ Եվ խորհուրդ. շարունակեք սովորել այնպես, ինչպես պարապում էիք առարկաները համալսարան ընդունվելու համար։
Կամավորությունը միայն անվճար աշխատանքը չէ
«Ինչի՞ համար պիտի գնամ անվճար աշխատեմ», «Մի հատ թղթի կտորի համար չեմ վատնելու ժամանակս» և նման այլ մեկնաբանություններ են անում այն մարդիկ, ովքեր կամավորությունը պատկերացնում են որպես ժամանակի կորուստ կամ շահագործում։ Ոչ, սիրելիներս, ընդլայնեք ձեր մտահորիզոնը և լայն բացեք ձեր աչքերը, այդքան նեգատիվ մի տրամադրվեք ամեն ինչի հանդեպ։
Երբ առաջին անգամ պետք է գնայի կամավորության՝ մտածում էի, որ ոչ մի լուրջ բան չկա, հատկապես, որ անծանոթ միջավայր չէի գնալու։ Բայց արի ու տես, որ կամավորությունը շատ պատասխանատու գործ է, այնքան պատասխանատու, որ դու ժամանակ էլ չես ունենում մտածել վարձատրվելու մասին։ Ինձ առաջին անգամ ուղարկեցին թռուցիկ բաժանելու: Ես շատ էի ամաչում մարդկանց առաջարկել այդ թռուցիկները, քանի որ ինքս էլ միշտ չէ, որ վերցնում եմ դրանք։ Սակայն 1-2 անգամ բարեհամբույր պատասխան ստանալուց հետո ես հասկացա, որ ժպիտը շատ մեծ դեր ունի, և սկսեցի միայն ժպիտով ներկայացնել այն ընկերությունը, որում կամավոր էի։ Եթե չլիներ կամավորության իմ այդ փորձը՝ հիմա ես շատ դժվար հարցազրույց կվերցնեի մարդկանցից, իսկ այդ մի փոքր առաջադրանքը, որն ինձ հանձնարարված էր՝ մեծ դեր ունեցավ իմ հաղորդկացվելու ունակությունների համար։ Դրանից հետո ես սկսեցի վերցնել բոլոր՝ ինձ առաջարկվող թռուցիկները, քանի որ հասկանում էի, թե ինչ դժվար բան է` հանդիպել արհամարհական վերաբերմունքի։
Եթե դուք մտածում եք, որ կամավորությունն անիմաստ ժամանակի կորուստ է, ապա ձեզ հարմար տեղ չեք գնացել։ Ներկայումս Հայաստանում շատ են կամավորության ոլորտները, և զարգացած ու գիտակից երիտասարդն ուղղակի չի կարող իրեն հարմար որևէ կամավորական աշխատանք չգտնել։ Վերջին կամավորությունս ավարտեցի անցած շաբաթ։ Բանավեճ էի վարում։ Իսկ գիտե՞ք, թե ինչ տվեց ինձ այդ կամավորությունը։ Ի զարմանս ինձ՝ զսպվածություն ձեռք բերեցի։ Երբ մասնակիցները բանավիճում էին, մտածում էի, որ հիմա ես էլ կխառնվեմ ու իմ կարծիքը կասեմ: Ի՞նչ կլինի որ, միևնույն է, ես վարողն եմ, և ինձ կարելի է։ Բայց 1-2 անգամ ինքնատիրապետումս չկորցնելու արդյունքում դա դարձավ բնավորության գիծ: Հասկացա, որ կապ չունի քո տեղն ու դիրքը, առավել ևս հենց դիրքն է պատճառն ավելի լուրջ և զուսպ լինելու։
Կամավորության ամենալավ պահը նոր ծանոթություններ ձեռք բերելն է։ Հատկապես ընդմիջումներին, երբ միասին նստում և զրուցում եք տարբեր թեմաներից։ Ամենահաճելի պահն այն է, որ բոլորը տարբեր բնագավառներից են, միանման չեն մտածում և բազմակողմանի զարգացած են։ Բոլորս միշտ որևէ բան սովորում ենք իրարից։ Թերևս կամավորության համար տարիքային սահմանափակում չկա, սակայն, կամավորները մեծ մասամբ լինում են 16-22 տարեկան, քանի որ ավելի մեծ տարիքային խումբը չի ցանկանում անվճար աշխատանք կատարել, կամ ամաչում է կամավոր բառից։ Սակայն նշեմ, որ անվճար ասվածը այնքան էլ տեղին չէ, քանի որ վճար միայն չի կարելի գումարի կոնտեքստում հասկանալ։ Յուրաքանչյուր միջոցառումից հետո կազմակերպությունը կամավորին տրամադրում է հավաստագիր, որը շատ դռներ է բացում համալսարանում, աշխատանքի ընդունվելիս և հատկապես արտասահմանում աշխատանք և ուսում փնտրելիս։ Կամավորական աշխատանքը շատ գործատուների մոտ հանդիսանում է հենց աշխատանքային փորձ։
Ամեն դեպքում կարծում եմ, որ երիտասարդ տարիներն արժի նվիրել զբաղվածության այդ ուղղությանը՝ չմտածելով վարձավճարի մասին։ Քանի որ փորձ ձեռք բերելն ավելի եմ կարևորում, քան անփորձ և անտեղյակ լինելով՝ աշխատելը որևէ ոլորտում։
Լավագույն տարիներ
Բոլորդ էլ երևի լսած կլինեք այն հայտնի արտահայտությունը, թե ամենալավն ու հիշարժանն ուսանողական տարիներն են։ Դե, ինչպես արդեն կռահում եք, ես էլ, իհարկե, բացառություն չեմ։ Դեռ մի քանի ամիս է, ինչ ներթափանցել եմ կյանքի այս նոր էջ և չեմ դրժի այն փաստը, որ ավելի լավ է ուսանող լինել, քան աշակերտ, սակայն չեմ էլ ժխտի, որ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է։
Նախ սկսենք նրանից, որ եթե դպրոցական տարիքում դու ապրում ես քաղաքում կամ որևէ մարզում և համադասարանցիներդ տեղաբնիկ են, դու ինչ-որ չափով ճանաչում ես իրենց, ապա համալսարանում պատկերն այլ է։ Այստեղ քեզ շրջապատողները եկել են տարբեր տեղերից, ունեն զանազան տեսանկյուններ տարբեր հարցերի մասին, ուրիշ մտածողություն ու հետաքրքրություններ։ Եվ ահա, դու՝ բացարձակապես անտեղյակ, ընդհանրապես չես ճանաչում դիմացինիդ, չգիտես՝ ով է և անգամ չգիտես՝ ինչ է անունը։ Ինչ-որ տեսանկյունից այս հանգամանքը վախեցնող է, մանավանդ՝ ինքնամփոփ և փոփոխություններին դժվարորեն հարմարվող մարդկանց համար։
Ի տարբերություն մյուսների, ինձ դեռ ամռանը բախտ էր վիճակվել ծանոթանալու այն անձանց հետ, որոնք պետք է դառնային «լավագույն տարիներիս» մի մասը (ամեն դեպքում, մարդկանց մեծամասնությունն այդպես է կարծում)։ Առաջին տպավորությունս այդքան էլ դրական չէր։ Չեմ թաքցնի, որ սիրում եմ ամեն ինչին քննադատորեն վերաբերվել և յուրաքանչյուր երևույթի մեջ տեսնել բացասականը։ «Բոլորս աղջիկ ենք, սա վատ է»,- մտածեցի ես, քանի որ այդքան աղջիկ մեկ լսարանում՝ հաստատ լավ չի վերջանալու։
Առաջին տպավորությունիցս արդեն անցել է մի քանի ամիս։ Ճիշտ է, աղջիկներից ոմանք դեռ չեն հարմարվել տնից հեռու գտնվելուն և ժամանակավորապես ինքնուրույն կենսակերպ վարելուն, բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իրենք էլ քաղաքային եռուզեռի և ուսանողական այս բաղձալի տարիների մի մասնիկը լինեն։ Հենց այս վաղանցիկ ամիսների ընթացքում է, որ դասերից զատ ձեռք եմ բերել ուսանողական ընկերներ: Ամենքս էլ տարբեր անհատականություններ ենք, խոսում և մտածում ենք տարբեր, անգամ ոճային տարբերություններ կան: Այս հանգամանքը, եթե ուրիշներին կխանգարեր և տարաձայնությունների առիթ կհանդիսանար, մեր պարագայում լրիվ հակառակն է: Ասածիս ապացույցը հետևյալ օրինակն է. մեր ընկերական նեղ շրջանում մի աղջիկ կա, որ Շիրակից է ու տեղի բարբառով է խոսում: Թեև մեզ համար բարբառը խորթ է և ականջին անսովոր, սակայն, ընդունելով իրեն, ընդունում ենք և իր բարբառն ու անգամ մենք նույնպես հաճախ շատ բառեր բարբառով ենք ասում, ինչն իրեն ուրախություն ու հարազատության զգացում է պատճառում:
Ըստ իս՝ այսպիսի մանրուքներն են, որ ընկերներին ավելի մոտ են դարձնում և վստահ եմ, որ միասին ենք կերտելու մեր պայծառ ու միշտ հիշվող լավագույն տարիները։
Աշնան վերջին օրը Հայաստանում
- Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
- Լուսանկարը` Հռիփսիմե Վարդանյանի
- Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
- Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
- Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
- Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի
- Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
- Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
- Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի
- Լուսանկարը` Ջուլիա Աբրահամյանի
- Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
- Լուսանկարը` Ջուլիա Աբրահամյանի
- Լուսանկարը` Հռիփսիմե Վարդանյանի
- Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
- Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի
- Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի
- Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի
- Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
- Լուսանկարը` Զարա Ղազարյանի
- Լուսանկարը` Լեյլի Թադևոսյանի
- Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի
- Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի
- Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի
- Լուսանկարը` Հռիփսիմե Վարդանյանի
- Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի
- Լուսանկարը` Հռիփսիմե Վարդանյանի
- Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի
- Լուսանկարը` Զարա Ղազարյանի
- Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
- Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
- Լուսանկարը` Լեյլի Թադևոսյանի
- Լուսանկարը` Մերի Ավետիսյանի
- Լուսանկարը` Մերի Ավետիսյանի
- Լուսանկարը` Մերի Ավետիսյանի
- Լուսանկարը` Զարա Ղազարյանի
- Լուսանկարը` Լիդա Արմենակյանի
- Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
- Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի
- Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
- Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
- Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի
- Լուսանկարը` Զարա Ղազարյանի
- Լուսանկարը` Զարա Ղազարյանի
- Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի
- Լուսանկարը` Սիրան Մանուկյանի
Մարդ չդարձանք կամ հակառակը
-Խի հանեցիր քնիցս: Քնած էի, էլի:
-Ես չեմ հանել քեզ: Ուղղակի քթիդ մոտ 46 անգամ (գերմանացու ճշտությամբ) ճտտացրել եմ մատներով: Էդ դու արթնացար ու «ճտիկս» կիսատ մնաց:
-Մարդ չդառար, էլի:
Չդառա: Գիտեմ: Եթե գոնե միջին վիճակագրական մարդ լինեի, հիմնական դպրոցում լավ կսովորեի, նորմալ քոլեջ կընդունվեի, անիմաստ ավագ դպրոցներ չէի գնա, չէի մտածի, որ դու լավն ես:
Իրականում դու էլ իմ նման «մարդ չես»։
Դու էլ լավ չես սովորել դպրոցում, հիմա ավագ դպրոցում ձև ես տալիս, իբր սովորում ես ու անգամ մտածում ես, որ ես եմ լավը:
Մենք երկուսս էլ իրար նման ենք: Իրար համար` լավը, ուրիշների համար` անիմաստ երեխեք: Մեր գաղափարները հիմնականում համընկնում են: Բայց մամայենք ատում են էդ փաստը: Իրենք մտածում են, որ մենք ուղղակի «անիմաստ առաջադիմական գաղափարներ» ենք առաջ տանում: Իրենք չեն հասկանա: Հա, էդպես մի նայի, գիտեմ, որ մամաս կարդաց էդ տողերը: Միևնույն է` մեզ չեն հասկանում: Դրանք ուղղակի գաղափարներ չեն, որ ուզում ենք իրագործվեն, կամ ուղղակի կամակոր (էս ինչ բառ էր, աստված իմ) երեխեք չենք: Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում: Մենք ուզում ենք, որ մարդը իրոք մնա բարձրագույն արժեք, որ չճնշվի, իրավունքները պահպանվեն: Որ մարդու ով լինելը չսահմանվի իր կրոնական կամ այլ տիպի կողմնորոշումներով: Պիտի կարևորվեն մարդու իրական արժանիքները:
Ուղղակի ինչ-որ հարցում ես քեզ նման չեմ, ու ինչի չէ, ուրախ եմ:
Դե, մեր բարեկամներն ինձ ավելի շատ են սիրում, բացի այն, որ ճաշակով են, նաև ես եմ խելոք: Բարեկամական հավաքների ժամանակ երբեք մտքերս ի ցույց չեմ դնում ու դրա համար իրենք էլ են մտածում, որ գաղափարներովս չեմ տարբերվում:
Սովորի, էլի:
-Ես մարդ դառել եմ, դու քո մասին մտածի, տղա ջան:
Լռությունը համաձայնության նշան է
Չեմ հասկանում, թե ով է հորինել այս հիմար արտահայտությունը: Ու ամենահետաքրքիրն այն է, որ գրեթե բոլորը այն օգտագործում են, ու շատ լավ են զգում իրենց:
Ո՞վ է ասել, որ լռությունը համաձայնության նշան է: Ձեր կյանքում երբևէ գրանցվե՞լ է թեկուզ մի դեպք, երբ դուք լռեք, և ձեր լռությունն իսկապես համաձայնության նշան լինի: Հենց ճիշտ այդպիսի դասական դեպք, երբ ձեզ հարց տան, և դուք մռայլորեն իջեցնեք աչքերը, խորունկ հայացքով նայեք գետնին, մտամոլոր կոտրատեք ձեռքերը, ու լռեք, լռեք… Եվ մտովի պատասխանեք այդ հարցին` այո, այո, համաձայն եմ, ճիշտ է, ամեն ինչ հենց այդպես է, որ կա:
Դա ի՞նչ հիմարություն է: Ո՞վ է լռում` ի նշան համաձայնության: Իսկ չե՞ք մտածել, որ լռությունը կարող է լինել, օրինակ, հիմար հարցի նշան: Կամ զրուցակցի` ձեր հարցը չլսելու նշան: Կամ, զրուցակցի, ինչու ոչ, ձեր հարցի վրա թքած ունենալու նշան:
Իմ կարծիքով լռությունը հիմնականում պատասխանը չիմանալու նշան է: Այ, հարցնում են ձեզ, օրինակ, սիրո՞ւմ եք հիմալայան կանաչ սեզից պատրաստված թեյ: Եվ դուք լռում եք, որովհետև չգիտեք, ազնվորեն պատկերացում չունեք` սիրում եք արդյոք հիմալայան կանաչ սեզից պատրաստված թեյ: Ավելին` դուք նույնիսկ չգիտեք, թե ինչ է հիմալայան կանաչ սեզը: Եվ դուք մռայլորեն իջեցնում եք աչքերը, խորունկ հայացքով նայում եք գետնին… իսկ հարց տվողը, սպասելով մի քանի վայրկյան, ուրախ-ուրախ հայտարարում է, որ լռությունը համաձայնության նշան է:
Ժամանակն է հրաժարվել անիմաստ ասացվածքներից: Բավական է լռեք:
Առաջին սիրահարվածություն
Դու արդեն ոչ ոքի հետ չես շփվում, որովհետև դժվար է նայել ուրիշների դեմքին, երբ դու իրականում միայն մեկինն ես ուզում տեսնել:
Ընկերներ ընդհանրապես չունես:
Ծանոթներիդ տեսնելիս գլուխդ կախում ես, որ նորից անիմաստ հարցեր չտան ու չշեղեն քեզ մտքերիցդ: Ավտոբուս չես նստում, ոտքով ես գնում տուն: Ավտոբուսի` կես ժամվա ճանապարհը ոտքով ես գնում, մոտ 2 ժամում: Հույս ունես, որ ճանապարհին կտեսնես նրան, էլի մենակ, ականջակալներով ու վերջապես երկար դադարից հետո կհանդիպես նրան: Բայց ախր, գիտակցում ես, որ ինքը քաղաքի էդ մասերում բացարձակ գործ չունի: Դուք ապրում ու սովորում եք լրիվ տարբեր տեղերում: Բայց լռեցնում ես ներսիդ վատատեսին ու գնում` հուսալով, որ ինչ-որ պատահականությամբ հայտնված կլինի:
Ինքն էլի չի լինում, ու էլի մեջդ մի բան փշրվում է, վերանում: Ու օրեցօր դու ես սկսում վերանալ, բայց դեռ չես գիտակցում:
Փորձում ես մոռանալ օծանելիքի հոտը, գրկելու ձևը, բայց չես կարողանում: Ակամա սկսում ես համակրել ծանոթներիդ, որոնք նրա հետ ինչ-որ ընդհանուր բան ունեն. նույն վանդակավոր վերնաշապիկից, նույն սիրած երգերից, նույն սիրելի ուտեստից կամ ոգևորվածությամբ ու երեխայական ուրախությամբ պատմելու իրերից ու երևույթներից, որոնք սիրում են:
Բայց գիտես, որ անթերի թերությունների փունջ, որպիսին միայն ինքն է, էլ երբեք ու երբեք չես գտնի: Ոչ մեկի մեջ: Ոչ ոք թեյերից ու նրանց տեսակներից այնքան գլուխ չի հանի, որչափ որ ինքը: Ոչ ոք մանրուքներին այնքան ուշադիր չի լինի, որքան ինքը: Ոչ ոք Լանա Դել Ռեյ այնքան չի սիրի, որքան ինքը: Ոչ ոք այնքան սիրուն չի նայի քեզ, որքան ինքը:
Ոչ ոք երբեք ինքը չի լինի:
Մենավոր Կյանք
Պատմվածք մի գրեք. դուք Բակունցը չեք
Ես սկսել եմ սովորել մի տեղ, որտեղ պատին Սահյանի մեծ նկարն է, իսկ ընթերցասրահում ազատ են աթոռները: Էս նկարի մոտ հայելի էլ կա, որտեղ շրթներկերը միշտ թարմ են: Չորրորդ հարկ էլ կա: Ամենասիրելին, խաղաղը. հայելի չկա, լուռ է, ու պատուհանից ծառերն են երևում՝ արդեն դեղնածները:
Դասախոս 1-ը ասում է.
-Feedback չկա, երեխեքի մեջ հետաքրքրություն չկա:
Ուզում է թողնել համալսարանն էլ, տխուր ու ծանր հայերին էլ ու… չէ՛, չէ՛, չէ՛:
Դասախոս 2-ը բացատրում է, որ սովորելու ընթացքում մենք «քամում ենք մեր մեջ ապրող կապիկին»: Ասում է.
-Էնպես շփվեք, որ խոսակիցը Ձեզ հետ զրուցելիս մեծանա:
Ասում է.
-Գրականությանը ոչ թե երկու, այլ հազար կողմից է պետք նայել:
Ասում է, ասում է, ասում է…
Դասախոս 3-ը 80 րոպե լույս է տալիս: Բացատրում է.
-Դուք ինձնից գաղափարապես սնվում եք, ուրեմն՝ սան, սուն բառերի մեջ մի իմաստ կա, չէ՞:
Դասախոսին գրկելու մասին մտածելը ամո՞թ է:
Ինձ դուր է գալիս էս պաշտոնականությունը: Դասախոս 2-ը դեռ առաջին օրն ասաց.
-Անջատե՛ք ձեր միջից սպասելու կոճակը: Դասախոսը դիջեյ է, որը օգնում է ճիշտ հարցեր ձևակերպել:
Իսկ ճամփան ու ուղեկիցը դու ես ընտրում: Իրենք բացատրում են` մենք ձեզ չենք ճանաչում, որ սիրենք, ու սա ավելի է անկեղծ, քան «իմ շատ սիրելի ուսանողներ»-ը: Ու հետո կձևավորվի՞ ճանաչել-սիրելը, թե՞ չէ, կպարզենք: «Կ», ենթադրական եղանակ, բայց հիմա ազնիվ լինելը լավագույն հաղթանակն է էս խճճված վիճակից:
Ազնվությանը ազնիվ են պատասխանում: Արդարության գոյությանը հավատացնողին չեն խաբում:
Կոտրող-փշրողներ, չհավատացողներ ու չսովորեցնողներ շատ կան, բայց լավը էնքան է շատ, մնում է միայն տեսնել:
Մեզ մեր ցավից նեղված, մեզ հետ արտասվողներ են պետք, թե չէ երկու գնահատական հա՜ էլ կստանանք:
Մեզ հայացքով հարցը լուծողներ ու գրատախտակին սազողներ են պետք: Գնահատականը պիտի հետևանք լինի, իսկ գիտելիքը` նպատակը, ոչ թե հակառակը: Ասում է.
-Ես ձեզ համար ոչինչ չեմ անում, ուղղակի բացատրում եմ, որ չսպասեք, որ լսեք ավելի, քան խոսեք, որովհետև դժվար է լսելը:
Ասում է.
-Շեշտը դրեք ճշտի և պրոֆեսիոնալիզմի վրա ու ջարդուփշուր արեք ամեն կեղծ բան:
-Շնորհակալություն, ցտեսություն:
-Նվաճումներ ձեզ, երեխեք:
Լույսը մեր աչքերում շատ է վառ. մարել չի ստացվի:





















































