elen suqiasyan erevan

Լրագրող-անհատականություն

Երբ ասում ես լրագրող, առաջինը մտքիդ գալիս է սեփական միտքը և կարծիքն ունեցող անձ, որը չի վերցնում ուրիշների մտքերը, գրագողությամբ չի զբաղվում, բայց շտապեմ հիասթափեցնել ձեզ, դուք միշտ կհանդիպեք այնպիսի լրագրողների, որոնք իրենց առաջ ունեն նպատակ՝ ինքնահաստատվել ուրիշների գրածներով, ուրիշի նյութերով։ Ցավոք, հիմա մեդիան շատ վատ վիճակում է, բոլորը դարձել են բլոգեր, լրագրող կամ մեկնաբան և ոչ մեկին չի հետարքրքում՝ իրենք մասնագե՞տ են, թե՞ ոչ, ունե՞ն լրագրողական կրթություն, թե՞ ոչ, և հենց նրանք էլ մեծ մասամբ զբաղվում են գրագողությամբ և խեղաթյուրում են լրագրողի անունը։ Ծիծաղելի է անգամ, երբ տեսնում ես քո նյութը ուրիշի մոտ, այն էլ տառ առ տառ և բառ առ բառ նույնը գրած։ Կարծում եմ՝ չի կարելի նման մարդկանց անվանել լրագրող, քանի որ արժեզրկվում է լրագրող լինելու առաքելությունը։ Մենք՝ լրագրողներս, հանրության և հենց մեր ձայնն արտահայտողներն ենք, ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է շարժվել ուրիշի մտքերով և դառնալ լրագրող։ Տարիների փորձ ձեռք բերելով՝ նաև կսովորենք հաշտվել այն մտքի հետ, որ կան նման մարդիկ, բայց երբեք չի կարելի նրանց տեղ տալ լրագրողական հասարակության մեջ։ Կարծում եմ, որ գրագողությունը չխթանող և չխրախուսող դասախոսությունները կարող են մեծ ներդրում ունենալ այս գործում, քանի որ այս խնդիրը օր օրի ահագնանում է մեդիայում։ Ամեն անգամ նման դեպքի ականատես և, ինչու ոչ, զոհ լինելով՝ փորձում եմ հասկանալ, թե տվյալ «լրագրող»-ն ինչ բավականություն կարող է ստանալ ուրիշի մտքերով հանդես գալով, մի՞թե հնարավոր է մեր օրերում նման բան, երբ բոլորն ազատ կարող են մտածել այն ամենի մասին, ինչ ուզեն, կարող են գրել պատեհ-անպատեհ ամեն ինչ։ Մեր սերունդը ազատ մտքի և կարողությունների սերունդ է և յուրաքանչյուրը պետք է գիտակցի դա ու շարժվի իր մտքերով, իր նպատակներով ու գաղափարներով, չխանգարի մտածել դիմացինին և չդառնա ուրիշի վերելքներին խոչընդոտող մարդ։

Juliabrahamyn12

Մարդու իրավունքները պաշտպանված են

-Քանի որ, երեխեք ջան, մենք բոլորս, ի՞նչ ենք, այո, օրինապես ազատ ենք, չէ՞,- առաջին ժամ, լսարանը լիքն է քնած ուսանողներով, ու մեր ընկեր․․․ ընկեր Ընկերը ինչ-որ բան է բացատրում մարդկանց իրավունքների ու ազատության մասին։

Հիմա իմ ընկեր Ընկերը կմտածի, թե ի՞նչ եմ խորհում մտամոլոր ու այլալված հայացքով։ Էլ չի ասի, որ բարդ բառեր եմ մտածում՝ նյութ գրելու համար։ Ախր, այ ընկեր Ընկեր, դուք մեզ ընդամենը մեկ կիսամյակ եք դասավանդելու ու մի նեղացեք, որ ես ձեր ազգանունը չեմ հիշում, որովհետև դուք էլ իմ անունը չեք հիշում․

-Բան ջան, աղջիկս, մի հատ էս մի հոդվածն ասա ու անցնենք առաջ։

Ոչինչ, ընկեր Ընկեր, դուք էլ ինձ «բան ջան» ասեք, ես դեմ չեմ։ Կարևորը՝ մի բան կսովորեմ մարդու իրավունքներից, ինչպես, օրինակ՝ անցյալ տարի սովորեցի, որ մարդիկ իրավահավասար են։

Մտածում եմ, երբ ավարտենք ու փողոցում իրար տեսնենք՝ կճանաչե՞նք։ Ես ձեզ նորից կասեմ․

-Բարև ձեզ, ընկեր Ընկեր։

Դուք էլ մի փոքր շփոթված կասեք․

-Բարև, բան ջան։

Ու երկուսս էլ ժպտալով կանցնեք փողոցը՝ ամեն մեկս մեր գործերով, մի փոքր հանգիստ, որ իրար ասել ենք հարազատ դարձած անվանումները։

Էլ ի՞նչ եք գլուխ կոտրում, այ ընկեր Ընկեր։ Չե՞ք տեսնում, որ առաջին ժամով մի քանիսը քնած ու սոված են, մնացածին պետք չեն մարդու իրավունքների հոդվածները՝ ամուսնանալու են ու մոռանան, իսկ ձեր սիրելի «բան ջան»-ն արդեն գիտի դրանք ու դուք երբեք նրա ձեռքին ուշադրություն չեք դարձնում։

Մտածում եմ, թե ո՞նց են հիմա իմ լավագույն տարիներն անցնում։ Հիշում եմ ավտոբուսում նստած տատիկների հոգնած դեմքերը ու պատկերացնում, որ սրանից մի քանի տարի առաջ իրենք էլ ինձ նման նստած են եղել դասին ու դասախոսին «ընկեր Ընկեր» են անվանել, որովհետև չեն հիշել ազգանունը։

«Նայի, դու էլ ես սենց լինելու մի օր։ Չնայած, եթե հիմա մարդու իրավունքները լավ սովորես՝ միգուցե լավ գործ ունենաս ու մի թեթև ջահել կերևաս»,- դե, կարիք չկա ասելու, որ ենթագիտակցությունս էր իրեն ցույց տալիս։

Հիմա ձեզ ո՞նց ասեմ, որ չնայած նրան՝ ձեր ազգանունը չեմ հիշում, բայց ձեզ ամենաշատն եմ կարոտելու, միշտ ժպտալով եմ հիշելու, նյութերիս մեջ ձեր անունն եմ գրելու ու չեմ հարցնելու․

-Ընկեր, կարո՞ղ եմ գրել ձեր մասին։

Մի երեք ժամ հետո տուն կգնամ, դրանից ևս երեք ժամ հետո մայրս կգա ու կասի․

-Ի՞նչ կար։

Ես էլ կասեմ․

-Հեչ, մարդու իրավունքներ կային։ Լավ էր, կրկին «նստիր, 9» ստացա։

Մայրս էլ կմտածի, թե ես մարդու իրավունքները լավ գիտեմ։ Էլ չի ասի, որ ես է՛լ, իմ ընկեր Ընկերն է՛լ մարդու իրավունքները գիտենք, բայց երբեք դրանք չենք պաշտպանում։

-Երեխեք ջան, դեկտեմբերի 10-ին էլ նշվում է մարդու իրավունքների պաշտպանության օրը։

-Բայց պաշտպանվո՞ւմ են դրանք,- առաջին նստարանից հարցրի։

-Նայած ժամանակ, բան ջան։

-Հա՜, սպասելի էր․․․

Իմ խոսքերի վրա, սովորականի պես, ավարտվեց առաջին ժամը ու մենք էլ հանգիստ գնացինք երկրորդին։ Ոչ մեկս էլ չէր մտածում ո՛չ դեկտեմբերի 10-ի, ո՛չ հոդված առաջինի, ո՛չ էլ ընկեր Ընկերի մասին։

anahit baghshetsyan

Ուղիղ 17

Եթե դու կամ ընկերներիցդ մեկը չեք ունեցել «պուճուր», «պստո», «ճստո» մականունները, ուրեմն չգիտեմ, իրոք չգիտեմ, երևի նոր ընկերներ գտնես, քանի դեռ կարող ես: Ցավոք սրտի, միշտ ես եմ եղել վերոհիշյալ բախտորոշ մականունների տերն ու տիրակալը: Ու ոչ թե նրա համար, որ ես ցածրահասակ եմ (լավ էլ բոյով եմ՝ ուղիղ 164 սմ), այլ ուղղակի այն պատճառով, որ ես փոքր եմ եղել տարիքով: Ու վերջապես եկավ այն օրը, երբ ես կարող եմ ասել, որ 17 տարեկան եմ: Ոչ թե համարյա 17, շուտով 17, դեռ 16, այլ հենց 17: Ու այս պատմական առիթով ուզում եմ մի քանի խորհուրդ տալ բոլոր-բոլոր այն ընթերցողներին, ովքեր ժամանակ ունեն ընթերցելու 17-ի այսօրվա հոդվածներից մեկը:

Խորը շունչ քաշիր ու գնացինք:

  1. Քեզ խաբելու են: Քեզ խաբելու են ամեն տեղ, ամեն առիթով ու ամեն պատեհ ու անպատեհ պահի: Ու պատճառը բոլորովին այն չէ, որ դու գթասիրտ ես կամ միամիտ: Ուղղակի աշխարհն էդպես է աշխատում: Ոմանք խաբում են, ոմանք էլ՝ խաբվում:
  2. Մի տխրիր, եթե ընկերներդ չեն պատասխանում հաղորդագրություններիդ, չեն լայքում նկարներդ կամ էլ միանգամից վեց մեկնաբանություն չեն գրում նոր լուսանկարիդ տակ: Ընկերությունն էդպես չի որոշվում: Ընկերությունը զգում ես, երբ հանկարծ հասկանում ես, որ արդեն երեք ժամ է՝ խոսում եք իրար հետ առանց մեկ անգամ նույնիսկ հեռախոսի կողմ հայացք նետելու: Հենց էդպես էլ իսկական ընկերներիդ գտնում ես:
  3. Ծնողներդ քեզ համար միայն լավն են ուզում: Մի հակաճառիր իրենց: Խոսիր իրենց հետ, քննարկիր տեսակետներդ, արտահայտիր մտքերդ, բայց մի կռվիր: Ազատությունը, որ նրանք չեն տալիս, որին դու այդքան սպասում ես, երևի թե չկա: Կամ էլ չէ, ֆիզիկայի ու աստղագիտության դասագրքերում մուգ տառերով կա:
  4. Արա այն, ինչ ուզում ես: Երբեք մի հետևիր այն մարդկանց, ովքեր վստահ են, որ քեզ ճիշտ ուղղությամբ են տանում: Որովհետև այն, ինչ ճիշտ է դիմացինիդ համար, շատ մեծ տոկոսային հավանականությամբ սխալ է քեզ համար:
  5. Փորձիր: Փորձիր նոր նախասիրություններ գտնել, նոր լեզուներ սովորել, նոր ոլորտներում աշխատել: Նոր ուտեստներ փորձիր, նոր մշակույթների հետ ինտեգրվել փորձիր: Փորձիր կարդալ էնպիսի գրքեր, որոնց մասին երբեք չես լսել, խոսել այն մարդկանց հետ, որոնք քեզ ոչնչով նման չեն: Ինքդ քեզ ու քո ուժը փորձիր, բայց մի մնա քո փոքր արկղի մեջ՝ անելով միայն այն ամենը, ինչ կարողանում ես:
  6. Երազիր մեծ բաների մասին: Ինքդ քեզ համար բարձր սահմաններ ստեղծիր, բայց մի փորձիր դրանց մեկ փորձով հասնել: Պատրաստ եղիր ընկնելու: Պատրաստ եղիր պարտվելու ու հաղթանակից հեռանալու: Բայց ուժ գտիր ինքդ քո մեջ ևս մեկ անգամ կանգնելու ու ևս մեկ անգամ փորձելու: Որովհետև մեկ անգամ հաղթելու համար պիտի մի հազար անգամ ընկնես, վնասվես ու կոտրվես:
  7. Դիսնեյի մուլտֆիլմերը նայիր: Հա, հա, ինչքան էլ ծիծաղելի հնչի, մուլտեր նայիր, մուլտերին հավատա, որովհետև կյանքը շատ ավելի հետաքրքիր կլինի, երբ ինքդ քո հեքիաթներն ունենաս ու հոգուդ ինչ-որ մասով միշտ մնաս այդ գունավոր հեքիաթների մեջ:
  8. Հիշիր երկու 5-երի կանոնը ու օգտագործիր այն ամեն կարևոր գործողություն սկսելուց առաջ: Եթե այն, ինչ անում ես հիմա, քեզ պիտանի չի լինելու 5 տարի անց, ուրեմն նույնիսկ 5 րոպե մի ծախսիր դրա վրա: Մի ծախսիր երեք անքուն գիշեր ֆիզիկայի գրավորին պատրաստվելու համար, ու ևս երեք ցածր գնահատականի բերած տխրությունը փարատելու համար:
  9. Եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Be Yourself: Ու գիտեմ, որ դու հաստատ նկար ունես ինստագրամում այս բառերով, կամ էլ մի շապիկ ունես վրան վառ գույներով այս բառակապակցությունը տպագրված: Բայց մի մոռացիր այն: Եղիր քեզ նման ու մի նմանվիր ոչ ոքի: Ոչ ոք չի կարող քեզ նման ժպտալ, հուզվել կամ երեկույթներին բարձր բղավել: Մի մոռացիր, որ քեզնից ընդամենը մեկ հատ կա աշխարհի երեսի մնացած յոթ միլիարդ ԴՆԹ-ների ցանկում: Ու ոչ մի ուրիշ գենոտիպ ու ֆենոտիպ միասին չեն կարող լինել քեզ այդքան նման:

Ու եթե հանկարծ տարտամես ու տարակուսես հայոց լեզվի քննությանը, հուզվես համալսարան մտնելիս, մտածես, որ ամբողջ աշխարհը քայլում է քեզ ու քո կամքին հակառակ, կամ ուղղակի ուժ չունենաս առավոտյան անկողնուց վեր կենալու, հիշիր, որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ ես երևի թե գնամ մոմերը փչեմ ու երազանք պահեմ, որ ինձ էլ ոչ մեկը «ճստո» չկանչի: Չնայած մի «ճստո» էլ 17 տարեկան ես-ս է` պաղպաղակ սիրող, մուլտֆիլմեր դիտող ու ինքն իրեն փնտրող գանգրահեր Անահիտը, որ գեթ մեկ օրով գիտնական դարձավ ու իր կյանքի փորձով (ես էլ քմծիծաղ տվեցի) կիսվեց:

anahit baghshetsyan

չՀայկական

Երեկոյան ժամը տասն է լինում: Սովորաբար այս ժամին ես ուղղակի տանը նստած դասագրքերս էի թերթում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Եթե ժամը տասին անկողնում պառկած չլինեմ, չեմ կարողանա առավոտյան 6:30 արթնանալ, հետո ամենօրյա խցանումների դժգոհ զոհը կդառնամ, դասի կմտնեմ զանգի արձագանքի հետ միաժամանակ, ու ուսուցչուհիս կրկին այլայլված դեմքով կնայի վրաս, որովհետև արդեն չորս ամիս է՝ չի ստացվում ինձ ուշացման նկատողություն տալ: Չնայած, որ ես արդեն վաղուց եմ հասկացել, որ խնդիրը ոչ թե շուտ քնելու, այլ անտանելի բարդությամբ արթնանալու մեջ է, շարունակում եմ ինքս ինձ հույս տալով պառկել քնելու: Աչքերս ամուր փակել եմ, բայց քունը նույնիսկ ձայն չի հանում: Սպասելուց հոգնում եմ: Հիշում եմ իմ անգործ ժամանակների ընկեր Սևակին ու նրա ամենատխուր ստեղծագործություններից մեկը, որ երևի թե գրել է, որ ես հիմա հիշեմ.

«…Քունս չի տանում,

Դու էլ մի քնիր,

Հետս էլ կրկնիր,

Թե ի՞նչ եմ անում

Ես ի՞նչ եմ անում

Ոչ Հայաստանում…»:

Ու ես էլ չգիտեմ, թե ես ինչ եմ անում ոչ Հայաստանում: Չգիտեմ` ուր են կորել 3-րդ դասարանի հայրենասիրական շարադրություններս ու զինվորներին գրված նամակներս: Գաղափար անգամ չունեմ՝ որ քամիների հետ են ինձ լքել հայոց պատմության էջերը ու որ քամիներն են ինձ ստիպել գնալ հակառակ ուղղությամբ: Չեմ հասկանում, թե որտեղից իմ մեջ գտա բավարար քաջություն Հայաստանը լքելու ու քայլերս դեպի անհայտ մթին ուղղելու: Տեսնես` ինչպե՞ս կարողացա Սևակի ու Սահյանի փոշոտ հատորները թողնել դարակում, իսկ ինքս հեռանալ դարակից մի օվկիանոս ու մի տասնյակ ժամային գոտի այն կողմ: Չգիտեմ՝ ինչպես ու ինչ միտումով կարողացա Հախվերդյանի ու Ֆորշի երգերը լսել չՀայկական փողոցներում, բայց մտովի լինել Հայաստանում: Նաև ինչ-որ անգիտակից որոշմամբ հայ գրողներին ավելի հաճույքով սկսեցի ընթերցել, հայ արվեստագետներին էլ ուրիշ աչքով նայել: Հայերենի կետադրությանն ու ուղագրությանը սկսեցի ավելի մեծ կարևորություն տալ: Ընկերներիս ուղղակի ուրիշ սիրով սիրեցի ու ավելի ամուր կամուրջներով կապվեցի: Բայց այս ամենի հետ մեկտեղ մի օտար անհանգստություն նվիրեցի մտքիս ու զգացմունքներիս, որ ստիպեց ամեն գիշեր մի քիչ անքնություն ունենալ ու ավելի վառ գույներով տեսնել Հայաստանը: Որ ստիպեց ամեն գիշեր հիշել, որ ես Հայաստանից հեռու եմ ու Հայաստանին կարոտած:

Սևակի տողերն ուղարկում եմ մտքիս հեռավոր անկյունը, որ կրկին վերադառնան վաղը գիշերը, իսկ ես գնում եմ քնելու… Առավոտյան անգլերենի ուսուցչուհին կրկին այլայլված հայացք կնետի վրաս, իսկ հոգեբանությանս ուսուցիչը կպատմի անքնության պատճառների ու գիտահետազոտական պարզաբանումների մասին, ինչ արած, ինքը Սևակի անունն անգամ չգիտի…

Ani Hakobyan

Հայաստանի երանգները

Մոտ մեկ տարի առաջ էր՝ կեսօրին,  Դսեղում Թումանյանի տուն-թանգարանից դուրս գալուց հետո էքսկուրսավար մոտեցավ  և ասաց, որ տասը րոպեից շարժվում ենք: Տասը րոպեից շարժվելու էինք դեպի Հայաստանի հոգևոր, մշակութային և խոշոր վանական համալիրներից երկուսը: Այնքան էլ շատ տեղեկություններ չունեի դրանց մասին, միայն պատմության դասերից գիտեի, որ երկուսն էլ համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Դա արդեն իսկ հպարտության տեղիք էր տալիս: Ճանապարհ ընկանք, և որոշ ժամանակ անց մեքենայի ուժեղ երաժշտությունը դադարեց, և դրան փոխարինելու եկավ էքսկուրսավարի ձայնը, որը սկսեց պատմել վանքերի մասին: Քիչ թե շատ իմացա, որ երկուսն էլ հիմնադրվել են 10-րդ դարում՝ Բագրատունիների օրոք, դարերի ընթացքում որոշ մասեր քանդվել են, այնուհետև վերակառուցվել, այժմ կանգուն են և համարվում են Հայաստանի  խորհրդանիշներից: Սկզբում այցելեցինք մեկը, հետո՝ մյուսը: Հեռավորությունը այնքան էլ մեծ չէր: Ամենալայն իմաստով կարելի է ասել, որ Լոռվա բնությունը մի ողջ տիեզերք է: Չնայած, որ մի շաբաթից այդտեղ արդեն ամառ էր սկսվելու, միևնույնն է, օդը սառն էր, և դա ինձ ստիպում էր սթափվել, բայց բնությունը իմ մեջ ստեղծել էր մի զգացողություն, որ վերածվել էր էներգետիկ ուրախության: Զգացողություն, որ ունակ է անցնել յուրաքանչյուր կենդանի էակի միջով և ստեղծել շոշափելի մի կապ, որն էլ իր հերթին ծնել էր ականջների սահմաններում, բայց միևնույն ժամանակ սրտի համար մատչելի մի մեղեդի: Երբ կյանքում այս պատկերը տեսել ես միայն նկարներով, իսկ հիմա՝ առանց որևէ ֆիլտրի, անզեն աչքով, իրականությունը իր ողջ գեղեցկությամբ զարմանք է առաջացնում:

Հիացած բնության պատկերով՝ մտնում եմ եկեղեցի: Մի պահ մտածելուց և նայելուց հետո հասկանում եմ, որ ամեն քարի մեջ մի բուռ սեր կա, գմբեթի քանդված մասից ընկնող լույսի մեջ՝ մի բուռ հավատ, ամեն վառված մոմի մեջ՝ մի բուռ հույս: Իսկ վերջում հասկանում ես, որ աշխարհի վրա ուրիշ մի տեղ դժվար թե կարողանաս գտնել նման եկեղեցին և վանքեր:

Հաղպատ և Սանահին: Այս երկու վանական համալիրների մասին էր խոսքը, որոնք այդ օրվանից դարձան Հայաստանի ամենագեղեցիկ և ամենատպավորիչ անկյուններից ինձ համար:

Սիրենք Հայաստանը և ապրենք նրանով։

 

elen suqiasyan erevan

12 տարի

Ես արդեն սովորում եմ 1-ին կուրսում, սակայն ինձ հանգիստ չի տալիս 12-ամյա կրթության մասին միտքը, որը հասունացավ սկսած 9-րդ դասարանից։

Երբ ընդունվեցի առաջին դասարան՝ աշակերտներն ավարտում էին 10-րդ դասարանն ու ընդունվում էին համալսարան, իսկ մենք սկսեցինք սովորել 12-ամյա կրթական համակարգով։ Ըստ իս՝ այս համակարգը չունի ոչ մի դրական կողմ։

Հիմա կխոսեմ բոլոր այն ուշագրավ դեպքերի մասին, որոնք հասցրել եմ ֆիքսել այս երկար ու ձիգ տարիների ընթացքում։ Թերևս ամենամեծ թերությունն այն է, որ աշակերտները 9-րդ դասարանից հետո տեղափոխվում են ուրիշ դպրոց։ 1-9-րդ դասարաններում երեխաները մեծանում են միասին, ճանաչում են իրար, դառնում մի ընտանիք, ունենում են շատ լավ հարաբերություններ ուսուցիչների հետ, որոնց աչքի առաջ մեծացել են և գալիս է մի օր, երբ երեխաները թողնում են այդ ամենն ու գնում են նոր և խորթ շրջապատ, որն, ի դեպ, հոգեբանական մեծ խնդիր է երեխայի համար։ Երկու դպրոցներում, որտեղ ես սովորել եմ, պատկերը եղել է սարսափելի և տհաճ․ ուսուցիչներ, որոնք դասաժամ են անցկացնում ուղղակի գումար ստանալու համար, կարևոր չէ՝ երեխային գիտելիք տալիս են, թե ոչ, կամ երեխան առհասարակ դասը լսում է, թե ոչ։ Ինքս լինելով դպրոցի շրջանավարտ՝ կփաստեմ, որ կան այնպիսի աշակերտներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ դաս անել։ Նրանք ոչ միայն դասը չեն լսում, այլև խանգարում են մյուսներին, և ուսուցիչները չեն կարողանում դասը վարել։ Մեկ այլ տհաճ իրավիճակի ականատես եղա, երբ ուսուցիչը ականջ էր դնում դասարաններում կատարվող դեպքերին, որպեսզի իրավիճակը հայտնի տնօրենին։ Այդ և մի շարք այլ դեպքեր տեսնելուց հետո աշակերտն ուղղակի չի կարող հաճույքով բացել դպրոցի դռները։

Մեկ այլ պրոբլեմ՝ վերացնել կոռուպցիան կրթական ոլորտում։ Մի՞թե դա հնարավոր է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ միշտ էլ լինելու են այնպիսի աշակերտներ և ուսանողներ, որոնք տալու են գումար, և միշտ հայտնվելու են այդ գումարը վերցնողներ։

12-ամյա համակարգը սխալ և ոչ արդյունավետ եմ համարում, քանի որ ավագ դպրոց հասկացողությունը ոչ մի նոր և օգտակար գիտելիք չի տալիս, և ընդհակառակը՝ խանգարում է պարապմունքներին։

Հուսով եմ, որ եթե ոչ մենք, ապա մեր երեխաները կստանան պատշաճ կրթություն։

 

manana arxiv

Ինչու ենք ֆիլմեր գողանում

Վերջերս հերթական անիմաստ բանավեճից հետո, թե կարելի է արդյոք ինտերնետից «գողանալ» ֆիլմեր, գրքեր և ինֆորմացիոն արդյունաբերության այլ դրսևորումներ, վերջապես հասկացա, որ շատերի համար նման հարցերում ընտրության խնդիր չկա:

Խոսքը, հիմնականում, հենց ֆիլմերի մասին է, որովհետև այդ արդյունաբերությունն ամենածանրաքամակն է ու հետամնացը, որքան էլ որ դա տարօրինակ հնչի: Դրանց տարածման ու վաճառքի հարցն այնքան բարդացված է, որ ասես 19-րդ դարը լինի: Ու երբեմն Հայաստանում լսելով ազնիվ քարոզներ այն մասին, թե ինչպիսի անբարոյականություն է ինտերնետից ֆիլմերի անօրինական կրկնօրինակներ քաշելը (վստահ եմ` կան կազմակերպություններ, որոնք, հավանաբար, գրանտեր են ստանում Հայաստանում «ծովահենության» դեմ պայքարելու համար), որ դա օրենքի խստագույն խախտում է, և ֆիլմերը պետք է գնել օրինական ճանապարհով: Ու հիմնականում առաջանում է բավականին տրամաբանական հարց` իսկ որտեղի՞ց:

Այսօր Հայաստանում ավելի հեշտ է մի կիլոգրամ կոկային գնելը, քան ֆիլմի լիցենզավորված տարբերակ ճարելը (սա փոխաբերական համեմատություն է, պետք չէ փորձարկել այն իրական կյանքում), ու ծովահենության դեմ պայքարելիս պետք է գոնե խեղճ մարդկանց ցույց տալ օրինական այլընտրանքը: Այն թյուր կարծիքը, թե «դի-վի-դի» գնելիս մենք ձեռք ենք բերում ֆիլմերի օրինական, օրհնած ջրով օծված տարբերակը, մոլորություն է, և այդ մասին շատերը գիտեն, բայց էլ ավելի շատերը չգիտեն: Չի կարող օրինական լինել «Սուպեռ նավինկի 2011» կոչվող սկավառակը, որը ներառում է անցյալ տարվա թողարկված բոլոր ֆիլմերը` սերիալներն էլ հետը, և արժի ընդամենը հազար դրամ, հակառակ դեպքում այդ ֆիլմերի դիստրիբյուտորները խոշոր եղջերավոր կաթնասուններ կլինեին: «Վսե ֆիլմի Ռոբեռտա դե Նիռո պլյուս սուպեռնավինկի ի եշո պյած ֆիլմով վ պադառոկ» սկավառակը նույնպես չի կարող լինել օրինական, որովհետև նման հավաքածուների օրինական տարբերակների գինը հաշվվում է առնվազն մի քանի տասնյակ եվրոյով:

Այո, կան լիցենզավորված «դի-վի-դի»-ներ, դրանք իսկապես հանդիպում են Հայոց հողի վրա, բայց այնքան քիչ են, որ խանութներում քիչ է մնում առանձին դարակ պատրաստեն դրանց համար ու այդպես էլ վրան գրեն` «Լիցենզավորված ֆիլմեր»` նոր ժանր համաշխարհային կինեմատոգրաֆում:

Եվ «դի-վի-դի»-ն դեռ ծայրահեղ տարբերակն է: Էլեկտրոնային դիստրիբյուցիայի մասին ես ուղղակի ամաչում եմ ծպտուն հանել, ինչի՞ մասին է խոսքը: Էլեկտրոնային կինոտարածման երեք ամենամեծ ծառայությունները` «Այթյունզը», «Ամազոնը» և «Նեթֆլիքսը» չեն գործում Հայաստանում և կարծես թե մտադրություն էլ չունեն: Այո, դժվար է պնդելը, թե բոլորը ուրախությամբ կվճարեն տասից տասնհինգ դոլար մի ֆիլմ դիտելու համար, բայց երբ խփում ես «տոռենտից» միաժամանակ քսան ֆիլմ քաշող կինոսիրողի ձեռքին, բարի եղիր պատրաստ լինելու պատասխանել նրա հարցին, թե որն է դրա օրինական այլընտրանքը: Այն պատասխանը, թե «եթե դառնաս, օրինակ, «Յուքոմի» բաժանորդ, սպասես մի քանի օր, քաշես այս, այս, այս ալիքները, բաժանորդագրվես ահա այս ծառայությանը, հետո անցնես յոթ ծովից այն կողմ, յոթ սարից այս կողմ ու լիալուսնի ժամանակ երեք անգամ թքես սև կատվի հետևից, դու հնարավորություն կստանաս օգտվելու մեկ-երկու «VOD» համակարգից ու վարձել երրորդ թարմության մի քանի ֆիլմ», համոզիչ չի հնչում: Ավելի հեշտ է թվում  անձամբ նկարել այդ ֆիլմերը տնային պայմաններում ու հետո հանգիստ դիտել` ավելի արագ կստացվի:

Եվ «Այթյունզին» ու իր նմաններին մեղադրել չի ստացվի, որովհետև, կարծում եմ, նրանք միայն ուրախ կլինեին թեկուզև փոքր, բայց նոր շուկաներ յուրացնել, բայց գերխոշոր ստուդիաների ու դիստրիբյուտորների բարդ ու ոչ մի ճկունություն չունեցող համաձայնագրերը, որոնք կնքվել են գալիք դարերի համար, բարիկադների պես փակել են դեպի ԱՊՀ եկող բոլոր թվային ուղիները, և ստուդիաները պահանջում են, որպեսզի իրենց ֆիլմերը մեզ բերեն այնպես, ինչպես նշված է դեռևս 20-րդ դարի սկզբին կնքված պայմանագրերում` ուղտերով և շոգեքարշերով: Լավ է, որ գոնե շրջիկ կրկեսի պես չեն բերում պտտում քաղաքում:

Մյուս «պաշտոնական» պատճառներից մեկն էլ այն է, որ մեր շուկան (ոչ միայն Հայաստանը, այլև բոլոր ԱՊՀ երկրները) փոքր է և վստահելի չէ. խարդախությունները շատ են, ծովահենությունը ծաղկում է, և այլն:

Բարև ձեզ: Այն արդեն վաղուց ծաղկել ու փթթել է: «Ծաղկելը» մեղմ է ասված` այն մենիշխանություն է հաստատել. ծովահենությունն այն աստիճան է զարգացել ու ծավալվել, որ հաջորդ փուլում ծովահեններն արդեն իրենք են վճարելու օգտվողներին` ֆիլմեր քաշելու համար: Իսկ եթե շուկան «փոքր է» (քանի՞ միլիոն մարդ է ապրում ԱՊՀ երկրներում), և այստեղ ծովահենության դեմ պայքարելը «ավելի թանկ է, քան դրա իսկ հասցրած վնասը կինոբիզնեսին», ապա պարզապես պետք չէ բողոքել ու նվնվալ:

Եվ ամենացավալին այն է, որ ես խոսում եմ ոչ միայն հոլիվուդյան ֆիլմերի մասին. հեղինակային ու անկախ կինոարտադրությունը նույնպես մեր օրերում լիովին ապավինում է «Այթյունզին» և «Ամազոնին», և եթե հոլիվուդյան ֆիլմերը դեռևս կարելի է գոնե կինոթատրոնում դիտել, անկախ պրոդյուսերները մեր օրերում անգամ «դի-վի-դի»-ներ նախընտրում են չթողարկել` ծախսերը քչացնելու համար, և հույսը դնում են միայն թվային վաճառքի վրա: Այդ պատճառով էլ որևէ լավ ֆիլմ դիտելու համար կամ պետք է ձեռք բերել այն արտասահմանից, կամ էլ երկու հարյուր տարի առաջվա պես սպասել, մինչև քաղաք ժամանի շրջիկ կրկեսը` որևէ փառատոնի կամ ցուցադրությունների շարքի տեսքով:

Հրատարակչական բիզնեսը, չգիտես ինչպես, ավելի ճկուն դուրս եկավ ու շատ արագ յուրացրեց էլեկտրոնային գրքերի վաճառքը, իսկ ովքեր չհասցրին` մեծ վնասներ կրեցին (վառ օրինակ է երբեմնի հսկայական «Borders» գրախանութների ցանցը, որը վերջերս փակեց ԱՄՆ-ից դուրս գտնվող իր բոլոր մասնաճյուղերը, հիմա էլ Ամերիկայում է քիչ-քիչ հավաքում իր փասա-փուսան): Էլեկտրոնային գիրք գնելն այժմ շատ ավելի արագ է ու էժան, քան անօրինական տարբերակներ գտնելը (որոնք հետո դեռ պետք է հազար տակ մշակել` ընթերցանելի վիճակի բերելու համար). ես ամսեկան առնվազն տասը-տասնհինգ էլեկտրոնային գիրք եմ գնում` չհաշված տպագիրները, ու որպես ինտերնետի միջին վիճակագրական ծույլ, անհետաքրքրասեր, ավելորդ շարժումներ չսիրող օգտվող` չեմ հասկանում, ինչու նույնը չեմ կարող անել ֆիլմերի հետ: Ուրեմն` քաշենք, ընկերներ, այնքան ժամանակ, որքան կպահանջվի կինոարդյունաբերությանը իր ծանր հետույքը 21-րդ դարի նեղ դռնից ներս անցկացնելու համար:

Syuzanna Arshakyan

Աշակերտից ուսանող

Հանձնարարված դասը չհարցնելն ամենաբարի ու լավ ուսուցչի հատկանիշն է, աշակերտի երազանքը։ Դեռ աշակերտին վայել վարքով, մտածելակերպով ու իհարկե, որ ամենաբարդն է՝ բառապաշարով, մի խումբ պատանիներ ոտք են դնում համալսարան ու սկսում այն չափել ու գնահատել աշակերտական և դպրոցական չափանիշներով։ Լսում ես անհասկանալի թվեր ու անուններ, երբ ընդամենը շփոթվել ու «դասարանի» տեղն ես հարցրել, երբ դասախոսը հարցիդ պատասխանելու փոխարեն նախ (արդեն փորձ կուտակած) ժպտում է, ուղղում, որ ինքը դասատու չէ, այլ դասախոս, նոր անդրադառնում հարցիդ։ Ինչևէ, արդեն 2 ամիս է անցել իմ ուսանողական կյանքից, բայց դասախոսներին շարունակում եմ դիմել «ընկեր»- ով։ Ինչպես հասկացաք՝ դեռ չեմ համակերպվել։ Էլ ի՞նչ է պետք երջանիկ ուսանող լինելու համար՝ գալ, վայելել ուսանողական մթնոլորտը, շփվել դասախոսների հետ, ստանալ հանձնարարություն և վերջ։ Դե այո, ես էլ ձեզ նման թվարկածս շարքի վերջում մտովի կավելացնեի դասերին պատրաստվելը։ Բայց առաջին իսկ շաբաթից բոլոր դասախոսները դարձան մեր երազած ուսուցիչները, զարմացած էի, վախեցած և ինչու ոչ՝ նաև ուրախ, երբ հաջորդ դասին չէինք անդրադառնում նախորդ հանձնարարությանը։ Անկեղծ ասած՝ ամեն դասին վախեցած պատրաստվում էի։ Հանգիստ ու հետաքիքիր սեպտեմբերն անցավ ու հանկարծ բոլոր առաջին կուրսեցիները սկսեցին փորփրել սեփական հիշողությունը, գտնելու համար այն հանձնարարությունները, որոնց այդպես էլ չէինք անդրադարձել։ Եթե չկռահեցիք, ասեմ, որ առջևում էին միջանկյալ քննությունները։ Դպրոցում 2 էջ պարունակող ռեֆերատ գրելու համար ունեինք 1 շաբաթ, հնարավորություն ունեինք նաև նկար տեղադրելու, որը միշտ կազմում էր բոլորիս աշխատանքների մի ամբողջական էջը, իսկ այժմ մեկ շաբաթը պետք է անխնա օգտագործել՝ ընթացքում ևս ունենալու համար 4-5 աշխատանք՝ 12 էջից ոչ պակաս և առանց էջեր լրացնող նկարների ու 16-20 տառաչափի։ Դե ինչ, շաբաթը սկսվեց։ Միշտ զարմանում էի գրադարաններում ժամեր շարունակ հաստափոր գրքերի դիմաց նստած երիտասարդներին տեսնելիս, ինքս հոգնում էի միայն գրքերի հաստությունը տեսնելով, բայց այսօր արդեն ես եմ այդտեղ նստած, հարազատ դարձած գրադարանավարուհու հետ փնտրում եմ նյութերս։ Ժամանակ խնայելու համար տան ճանապարհին, որքան էլ անհարմար էր, ավտոբուսի մեջ բջջայինով կարդում եմ նյութերը, մտովի կրճատում, խմբագրում ու տուն հասնելուն պես արագ փոխանցում համակարգչին։ Միանշանակ այս ընթացքում իսպառ մոռանում ենք սնվելու մասին ու առավոտյան ուշացած, գլխացավով հասնում համալսարան։ Միջանցքները սովորականից տարբեր են, լուռ, իրար հերթ չտալով անդադար խոսող ուսանողներն այժմ թուղթ ու գրիչով լուռ պարապում են քննության համար։ Կոնֆետ հյուսիրելու փոխարեն սովորություն էինք դարձրել միմյանց գլխացավի դեղ հյուրասիրելը: Իսկ ամենամեծ երջանկությունը, որն անգամ նշում էինք, դա որևէ մեկիս աշխատանքի 12 էջի լրանալն էր։ Մի խոսքով տանջալի շաբաթից հետո, երբ բարեհաջող անցան բոլոր քննությունները, ևս մեկ շաբաթ քնելուց հետո հասկացանք, որ կյանքը շարունակվում է։ Իսկ միջանկյալ քննությունները, բացի առարկայական գիտելիքներից, սովորեցրին նաև գործել արդյունավետ, լինել համարձակ ու հավատալ սեփական ուժերին:

manana arxiv

Անկապ ստատուսներ 3

Ստատուսները գրվում են տարբեր թեմաներով, տարբեր իրավիճակներում և հետապնդում են տարբեր նպատակներ: Ընդհանուր առմամբ դրանց հիմնական նշանակությունը ընկերներիդ հետ քո նորություններով, մտքերով կամ հետաքրքրող երևույթներով կիսվելն է: Բայց այժմ դրանց նշանակությունը չափազանց ընդլայնվել է:

«Անկապ ստատուսների» նախորդ թողարկումների ընթացքում Զավեն Բոյաջյանը մեզ հստակ ու մարդկային լեզվով բացատրեց բազմակետի դերը ֆեյսբուքյան իրականության մեջ, ինչպես նաև մեկնաբանեց «լոլ»-ի կարևորագույն նշանակությունը ժամանակակից արվեստում: Հաջորդ տարօրինակ երևույթը, որին կուզեինք անդրադառնալ, այսպես կոչված մարդասիրական ստատուսներն են, որոնք նույնպես քիչ չեն հանդիպում նորությունների ժապավենում:

(Շարունակությունը` Զավեն Բոյաջյանի առոգանությամբ):

21-րդ դարի առաջին տարիներին ֆեյսբուքյան գրականության մեջ լայն տարածում գտավ յուրահատուկ մի ոճ, որը որոշ տեսաբաններ հետագայում անվանեցին «ռոմանտիկ հումանիզմ», ու գրեթե բոլոր ստեղծագործողները, թեկուզ մեկ անգամ, բայց անդրադառնում էին այս ժանրին: Հայտնի գործերի շարքին է պատկանում, օրինակ, «Ashxarum tarekan 1 milion mard mahanum e qaxckexic, yekeq chmorananq ayd masin» մշակութային կոթողը, որի հեղինակը երկնեց սույն երկտողը` «Լինկին պարկի» «spanutyun klip»-ը փոստ անելուց անմիջապես հետո: Նշանակալի է նաև այն փաստը, որ սույն մարդասիրական երկտողից մեկ ժամ հետո հեղինակը տեղադրեց «Serobi dachai qefy» խոսուն վերնագրով լուսանկարների ալբոմ, որտեղ, ըստ իր իսկ հավաստիացման, «Gagon nenc er xmel vor lriv cbxvel er, haziv txeqov havqinq poleric, jur er darel»: Գերմանացի մի հայտնի արվեստաբան համարձակ կարծիք հայտնեց, որ վերոհիշյալ Գագոն, ամենայն հավանականությամբ, խմել էր հենց այն պատճառով, որ աշխարհում տարեկան մեկ միլիոն մարդ մահանում է քաղցկեղից, և նա փորձել էր խմիչքով մեղմել իր սրտում մորմոքվող էքզիստենցիալ վախը:

Զարմանալի չէ, որ «Վաշինգթոն Փոստին» տված իր հարցազրույցում հեղինակը հայտարարեց. «Այո, ես հասկանում եմ, որ իմ ստատուսը թերևս չափազանց հավակնոտ է ու ռոմանտիկ, բայց չէ՞ որ իմ արվեստը հենց այդպիսին է. ես իմ գործով մարտահրավեր եմ նետում աշխարհին, և մարդիկ այսուհետև կհիշեն, որ տարեկան մեկ միլիոն մարդ մահանում է քաղցկեղից»: Լրագրողի այն հարցին, թե արդյոք այդ մահացողներին ինչ-որ կերպ կօգնի դա, հեղինակը նախընտրեց չպատասխանել:

Ինչևէ, այս ստեղծագործությունը, չնայած իր հակասականությանը, խթանեց մարդասիրական ստատուսների ժանրի զարգացմանը, և շուտով երիտասարդ ու համարձակ մի հեղինակ ցնցեց «Ֆեյսբուքը» մի նոր, բավականին կոնցեպտուալ գործով. «Cxely vnasakar e aroxjutyany. Cxoxneri 60 tokosy mahanum e yeritasard tariqum»: Այս ստեղծագործությունը մեծ աղմուկ բարձրացրեց ընթերցողների շրջանում. գրանցվեցին ինքնասպանության դեպքեր, մահմեդական մի քանի երկրներում զանգվածային ուխտագնացություններ կազմակերպվեցին դեպի սրբավայրեր: Հռոմի պապը, վերոհիշյալ ստատուսը «լայք» տալուց հետո հայտարարեց, որ քանի դեռ աշխարհը նման անօգնական վիճակում է գտնվում, ինքն իրավունք չունի սուրբ կոչվելու: Այս հայտարարությանը հաջորդեցին ևս մի քանի զանգվածային ինքնասպանություններ:

Նման սկանդալային հաջողությունը, իհարկե, չէր կարող անհայտ անցնել, և շուտով «Ֆեյսբուքը» հեղեղվեց բազմաթիվ նմանակումներով. «Tarekan mi qani milion derahas mahanum e tmranyuteric :(»,-գրեց մեկ այլ հեղինակ` փորձելով հետ չմնալ մոդայիկ ալիքից: Վերջին «տխուր սմայլիկը», ըստ երևույթին, կոչված էր արտահայտելու մարդկության խորին ու դառը ողբը նման մեծ կորստի կապակցությամբ:

Իսկ հանրահայտ նորարարական էքսպերիմենտալիստ մի ստեղծագործող հանդես եկավ այսպիսի մի էսսեով. «Ekeq mek rope lrutyamb hargenq Chaponiai yerkrasharji zoherin»: Իր խոսքին հավատարիմ մնալով` նա մեկ րոպե լռություն պահպանեց, որից հետո տեղադրեց «Հայկոյի» վերջին տեսահոլովակը` սգո արարողությունը համարելով ավարտված: Սակայն Ճապոնիայի երախտագետ ժողովուրդը չմոռացավ նման անձնազոհությունը, և այժմ Տոկիոյի արվարձաններում տեղադրված է հեղինակի կիսանդրին, իսկ պատվանդանի վրա կարելի է սեղմել հատուկ կոճակը և «լայք» տալ: Վարչապետը հատուկ ելույթ ունեցավ ուղիղ եթերով` հայտնելով, որ թերևս ոչինչ չէր կարող այդպես փարատել իրենց ազգի մեծ վիշտը, քան «Ֆեյսբուքում» գրված ստատուսը: «Այն թևեր տվեց մեր ժողովրդին, ստիպեց սրբել արցունքներն ու կրկին նայել առաջ,- աղաղակեց վարչապետը` օդում թափահարելով սամուրայի թուրը,- մենք երախտապարտ ենք նման օգնության համար: Ոչինչ, որ երկիրը փլատակների է վերածվել, ի՞նչ անենք, որ միլիոնավոր մարդիկ են զոհվել: Այս ստատուսն ինձ ուժ ու կորով է հաղորդում, և ես պաշտոնապես ասում եմ` «լայք», «լայք», հարգելի հայրենակիցներ»: Վարչապետին այնուհետև ստիպված եղան քնաբեր սրսկել, որից հետո նա դեռ երկար ժամանակ ապաքինվում էր, իսկ ոստիկանությունը փորձում էր պարզել, թե որտեղից է նա սամուրայի թուր հայթայթել, բայց, ինչպես ասում են, արվեստը երբեմն կարող է նաև այդպիսի ազդեցություն ունենալ:

Ինչևէ, մարդասիրական ստատուսի ժանրը թեև մասամբ կորցրել է իր արդիականությունը, որոշ հեղինակներ հավատարիմ եմ մնում դրան և իրենց ստեղծագործություններում ժամանակ առ ժամանակ վերստին անդրադառնում համամարդկային թեմաներին:

(Շարունակությունը` սովորական առոգանությամբ):

Ինձ մնում է միայն ավելացնել, որ տարեկան առնվազն տասներկու ինքնաթիռ վթարի են ենթարկվում շարժիչների մեջ ընկնող թռչունների պատճառով: Մենք չպետք է մոռանանք այդ մասին: Եկեք տարածենք այդ փաստը համայն աշխարհով:

manana arxiv

Անկապ ստատուսներ 2

Լիովին բնական է, որ ստատուսները ստեղծվում են տարբեր տրամադրությունների ներքո, ու եթե նախորդ «Անկապ ստատուսների» ժամանակ դիտարկված «…» ներհայեցողական ստատուսը միանշանակ կարելի է դասել «թախիծի և մերժված սերի» կատեգորիային (հատուկ նրանց համար, ովքեր ծանոթ չեն այդ կատեգորիային, պարզաբանեմ, որ սույն ժանրի հիմնադիրներից մեկը հանրահայտ «սնեբա ուպալի դվա անգելա» էս-էմ-էս-ի լեգենդար հեղինակն է, ամեն դեպքում` ես այդպես եմ կարծում), ստատուսները հաճախ լինում են նաև ծիծաղելի (կամ այդպիսին են թվում հեղինակին). ծիծաղելի ստատուսը կարող է լինել անեկդոտի, որևէ ծիծաղելի դեպքի կարճ նկարագրության, հայտնի դարձվածի և այլնի տեսքով: Մի կողմ թողնենք անեկդոտների ծիծաղելի լինելու կամ չլինելու հարցը, ինձ հաճախ ավելի հուզում են կատակի հավելումները, որոնք որոշ հեղինակներ իրենց պարտքն են համարում կցել ցանկացած «հումորային» ստատուսի:

Ամենատարածված տարբերակը, իհարկե, ժպիտն է, կամ «սմայլիկը», որն առայժմ ամենալայն տարածումն ունի աշխարհում: Ժպիտը պատկերավոր կերպով մատնացույց է անում այն փաստը, որ հեղինակը կատակ է անում, կամ, առնվազն, չի ուզում, որ իր գրվածն ընկալվի ամենայն լրջությամբ: Բայց առավել յուրահատուկ, ինչ-որ առումով էքպերիմենտալ արտահայտչամիջոց է, իհարկե, «լոլ»-ը:

(Շարունակությունը` Զավեն Բոյաջյանի առոգանությամբ):

«Լոլ»-ի կիրառումը ֆեյսբուքային գրականության ժանրում արդիական դարձավ թերևս նիհիլիզմին հակված որոշ նորարարական հեղինակների շնորհիվ, որոնք, շատ հաճախ կարծես մերժելով ընթերցողի ունակությունը հասկանալ կատակի վեհությունը, նախընտրում են ավելացնել «լոլ» ածանցը: Որոշ տեսաբաններ, սակայն, պնդում են, որ «լոլ»-ն առավել հատուկ է այսպես կոչված «ֆեսյբուքյան նոր ալիքի» ներկայացուցիչներին, որոնք կասկածի են ենթարկում ոչ թե ընթերցողի, այլ ընդհանրապես հումորի` որպես օբյեկտիվ, իրական երևույթ լինելը: «Ի՞նչ է հումորը, եթե ոչ սոսկ մեր անհատական պատկերացումը ծիծաղելիի մասին», նշում է արևմտյան տեսաբաններից մեկը` «hly saxd h1-y miacreq loool» լեգենդար ստատուսի իր վերլուծության մեջ:

Ըստ որոշ մտածողների` հեղինակի տածած համընդհանուր կասկածի արմատները շատ ավելի խորն են, կարելի է ասել` տրանսցենդենտալ. «լոլ»-ով կասկածի ենթարկելով հումորի ծիծաղելի լինելը` նա առաջին հերթին կասկածի է ենթարկում իր սեփական «ես»-ը` ընթերցողին հղելով «ծիծաղելի՞ է արդյոք սա» համր ու անպատասխան հարցը: «Ես «լոլ»-ում եմ, հետևաբար ես ծիծաղում եմ»,- իր հարցազրույցում վիճելի, բայց բավականին համարձակ եզրակացության է հանգել ժամանակակից էքսգիբիցիոնիստ մի ստեղծագործող, որը հեղինակել է «hly nayeq lol», «vay mera lololol», «es nkary shat em sirum loool» և մի շարք այլ նորարարական գործեր: Ըստ որոշ տեսությունների` հենց նա իր «Լոլի դրսևորումները» և «Լոլ. մերկացված ծիծաղը 21-րդ դարի նորարարական արվեստում» աշխատություններով սկիզբ դրեց «լոլ»-ի բազմաթիվ փոխակերպումների միտմանը, երբ հեղինակը, ավելացնելով «օ»-երի քանակը, ընդգծում է հումորի աբսուրդ և երբեմն նույնիսկ ողբերգական լինելու կոնկրետ աստիճանը (իմիջիայլոց, որոշ վերլուծողներ պնդում են, որ մի քանի «օ»-ով «լոլ»-ը թաքնված հղում է պարունակում դեպի ճապոնական կոմիքսային ժանրը, մինչդեռ մի շարք այլ մտածողներ հակված են կարծելու, որ այստեղ մենք գործ ունենք բացահայտ, նույնիսկ ճչացող նեոռեալիզմի հետ):

Արվեստի պատմաբանները դեռևս միացյալ կարծիքի չեն եկել նաև այն հարցում, թե ինչպես է առաջացել «լոլ»-ը: Ըստ մի տեսության` «լոլ» արտահայտության ակամա ստեղծողը աշխարհահռչակ դերասանուհի Ջինա Լոլոբջրիջիդան է, որի ազգանունը նրա զրուցակիցների մոտ անզուսպ ծիծաղ է առաջացրել: Որոշ մասնագետներ էլ պնդում են, որ սույն արտահայտչամիջոցի պատմական արմատները հասցնում են մեզ մինչև Վաթելոլոյի ճակատամարտը, երբ ռուս զինվորները, ջախջախիչ հաղթանակ տանելով Նապոլեոնի զորքի հանդեպ, բարձրաձայն ծիծաղում էին փախուստի դիմող թշնամու հետևից:

(Շարունակությունը` սովորական առոգանությամբ):

Էլ ի՞նչ շարունակություն, հերիք չէր էսքանը, լոլ: