tatevik aramyan

Իմ տատիկի Արծվաշենը

-Տատ, արդեն 26 տարի է, ինչ  լքել եք Արծվաշենը։ Գիտեմ, որ հեշտ չի հիշել, բայց մի քիչ կպատմե՞ս Արծվաշենի մեր տան մասին։

-Մեր տա՞ն։

-Հա, էն տունը, որտեղ ապրել եք նախքան Արծվաշենից դուրս գալը։

-Երկու հարկանի, վեց սենյակներ, դուրսը` լրիվ բետոնապատ, դարպասները սիրուն դրած, 1/4հա հող, ընտիր տնամերձ բաղ ու բախչով։ Առաջին, երկրորդ հարկերում` ամեն տեսակի հարմարություններ։ Էդ ժամանակ գյուղում գազ չկար, բայց առաջին հարկում լիցքավորած գազ կար։ Բաղնիք կար, սեփական քաշած ջուր։

-Վերանորոգումից հետո քանի՞ տարի եք ապրել  այդ տանը։
- 5 տարի ենք վայելել վերանորոգումը, դրանից հետո երբ գյուղում արդեն բնական գազ էին քաշում` պատերազմն ընկավ։

-Իսկ տնամերձ փոքր հողատարածքում ի՞նչ մրգեր էիք աճեցնում։

-Դեղձի ծառ կար, խնձորը` պարտադիր, մեծ-մեծ տանձեր էին աճում։

-Տա՛տ, լսել եմ, որ Արծվաշենում լիճ է եղել։

-Բա, վերջում մի լիճ էին սարքել, մենակ Սևանին կզիջեր (ժպտում է): Էլ իշխան կար մեջը, էլ սիգ կար։ Մեր ամենալավ հանգստյան գոտին էր։ Էհ, բալա ջան, 50 տարվա աշխատանք, հո մենակ մերը չէ՞ր, բա մեր նախնինե՞րը։
-Ե՞րբ սկսեցին ռմբակոծել գյուղը։

-Որ արդեն Սումգայիթի ջարդերը եղան, դրանից հետո սովետական բանակի զորքերը եկան, եկան մեր առաջին բլրի վրա կանգնեցին։ Աշունքն էր։ Վախեցանք, ասեցինք` պատերազմն ընկավ։ Արդեն արծվաշենցիներին ասեցին` զենքերը հանձնեք, թե չէ մոխիր ենք սարքելու Արծվաշենը։

-Այդ ժամանակ մարդիկ խուճապի մատնվեցին, չէ՞։

-Հա,  բա ինչ։ Դե գյուղի մեծամեծերը բանակցություններ վարեցին դրանց հետ, վերջը, էդ ժամանակ ռմբակոծել բան թողեցին, բայց դե, պետք ա ազատեինք գյուղը։

-Պաշտպանվելու համար ապաստարաններ շա՞տ կային։

-Դե, տների առաջին հարկերը, խոր հորեր կային։ Վերջը, էլի, պաշտպանվում էին մարդիկ։ Բայց ինչքան էլ պաշտպանվեին, մեկ ա, ով ոնց կարում, արդեն իրա երեխեքին հանում էր։ Հանիլից էլ ամանքն իրանց ավտոներով էին հանում, ճիշտ ա, ոչ բոլորն ունեին ավտո, բայց ով ուներ` կարաց իրա վեշերը հանի։

-Երբ դուրս էիք գալիս, մտածո՞ւմ էիք, որ էլ չեք վերադառնալու։

-Չէ, մենք ժամանակավոր էինք դուրս գալիս, դրա համար շատ վեշ չէինք կարացել հանենք։ Պապիկդ ու հայրիկդ հլը Արծվաշենում էին։

-Զինվորագրվել է՞ին։

-Բա նո՞ր էին զինվորագրվել, հենց սկզբից գյուղի տղամարդիկ սահմանին են եղել։

- Հիշում եմ, որ պատմում էիք, որ պապիկի եղբայրներից մեկը մնացել ա գյուղում։

-Հա, չի ուզեցել գա, զոռով բերել են ավտո նստացրել, բայց մեկ ա, իջել ա ու ասել, որ ինքը իր երեխեքի ու կնոջ գերեզմանը չի թողնի ու գա։ Իրան որպես գերու Ղարաբաղ են տեղափոխել, ընդեղ էլ մահացել ա կամ սպանել են։

-Հիմա  որ սենց պատմում ես, ի՞նչն ես ամենաշատը կարոտում։

-Ամենաշատը կարոտում եմ մեր ստեղծագործ աշխատանքի արդյունքը։ Տունը, որ մեր 50 տարվա աշխատանքի արդյունքն էր։ Մեր հույսերը, մեր աշխատանքն էինք ներդրել։

-Ո՞րն ա ամենաքաղցր հուշը կամ պատմությունը Արծվաշենի հետ կապված։

-Ամենաքաղցր հուշը էն էր, Տաթև ջան, որ ուղարկում էինք խոպան ու սրտատրոփ սպասում, թե երբ են գալու։ Որ աշունը սկսվում էր, տերևաթափը սկսվում էր, մեր սիրտը բաբախում էր շատ ավելի արագ: Սպասում էինք, որ մեր երեխաների համար սիրուն շորեր կբերեին ու այդպես շարունակ։

-Լավ, իսկ երբ եկաք Ճամբարակ, ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք։

-Դե հետներս շատ սնունդ-մնունդ չէինք վերցրել, մենակ շորեղեն: Որ եկանք, պետությունը տարավ մի քանի անգամ հաց տվեց, մի ամիս Սևանի պանսիոնատներում ենք մնացել։ Պետությունը հոգում էր հիմնականում սննդի հարցը։

-Իսկ որտե՞ղ էիք գիշերում։

-Դե ով բարեկամ ուներ, իրա տանն էր մնում։ Մենք քրոջս տանն ենք մնացել։ Ով որտեղ կարացել ա։ Վթարային շենքեր կային, բացեցին ու ժողովրդի մի մասը ընդեղ էր մնում։ Վարձ-մարձ չէինք տալիս։

-Իսկ գումար կա՞ր ձեր մոտ։

-Չէ, չկար։ Հետո պետությունը վարկ տվեց, կարացինք տուն առնենք։ Կամաց-կամաց ոտքի կանգնեցինք։ Էհ, հազար երազանքով էինք տուն շինել, ուրախացել էինք, որ տենց տուն ունենք, մի անառիկ ամրոց ոնց որ լիներ։ Միանգամից թող ու սկզբից ամեն ինչ սարքի։

-Դժվար ա, տատ, գիտեմ։
-Եկանք ու ընկանք ավելի մեծ  դժվարությունների մեջ։Բայց դե լավից-վատից սարքեցինք ու տուն դառանք։

-Հա, տա՛տ, էսօր քեզ գցեցի տխուր հիշողությունների մեջ, կներես։

-Ոչինչ, բալա ջան, մեր պատմությունն ա, բա պետք ա իմանաս։

ani beglaryan

Լուսին

Ողջույն, այսօր խոսելու եմ իմ կյանքի մշտական ուղեկիցներից մեկի՝ լուսնի մասին։ Ես դեռ փոքր տարիքից սիրել եմ լուսինը, հաճախ նայել նրան ու երազել, մեկ-մեկ էլ խոսել նրա հետ։

Կենդանակերպի նշանով խեցգետին եմ։ Մի քանի ամիս առաջ կարդացի, որ լուսինը խեցգետինների երկնային մարմինն է, երևի դրա համար եմ լուսնից այդքան մեծ էներգիա ստանում։ Իսկ դուք երբևէ լսե՞լ եք Լուսնի տոնի կամ նրա մասին հյուսված առասպելների մասին։

Ուրեմն պարզվում է, որ կա լուսնին նվիրված տոն, որ շատ մեծ շուքով է նշվում Չինաստանում և Վիետնամում սեպտեմբերի երկրորդ կեսին և համարվում է ամենատարածված տոնը՝ զիջելով միայն Նոր տարուն։ Տոնը հիմնականում նշվում է ջերմ, ընտանեկան միջավայրում, որի ընթացքում մարդիկ հիանում են լիալուսնի տպավորիչ տեսարանով և իրար են նվիրում «Լուսնի թխվածքաբլիթ»-ներ։ Լուսնի տոնի հետ կապված կա մի պատմություն։ 24 տառերը հավաքվում են` նշելու Լուսնի տոնը։ Խնջույքի ժամանակ սկսում են վիճել, թե իրենցից որ մեկն է ավելի նման լուսնի թխվածքաբլիթին․
O- Ես ամենանմանն եմ
C- Ես էլ թխվածքաբլիթ եմ, բայց ինչ-որ մեկը կծել է ինձ։
D- Ես էլ եմ նման թխվածքաբլիթին, բայց ինչ-որ մեկը դանակով կտրել է ինձ։
Q- Ես նման եմ լուսնային բլիթին, ուղղակի մի փոքր ավելցուկ ունեմ։

Լուսնի վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ կան։ Ոմանք համոզված են, որ երկնային լուսատուին երկար նայելիս կարելի է խելագարվել: Շտապեմ հիասթափեցնել` ես հաճախ եմ երկար նայում լուսնին ու դեռևս խելագարության նշաններ չեն հայտնաբերվել։ Չնայած՝ ասում են, որ լուսինն իսկապես ազդում է այն մարդկանց վրա, ովքեր հոգեպես անառողջ են:

Լուսնի տոնին վերաբերող կա մի շատ հետաքրքիր առասպել՝ Չան և Խոու ամուսինների մասին։ Համաձայն առասպելի` Խոու Ին արտակարգ աղեղնավոր է: Այդ ժամանակ երկնքում արևները տասն էին։ Արևները կրակի էին տվել Երկրի ամբողջ բուսական աշխարհը, և մարդիկ մեկը մյուսի հետևից մահանում էին։ Մի օր Խոու Ին, օգտագործելով իր նետն ու աղեղը, նետահարեց արևներից իննին՝ փրկելով բնակիչների կյանքը։ Արևմուտքի թագուհին, որպես պարգևատրում, Խոու Իին հանձնեց մեկ շիշ անմահության թուրմ, որը նախատեսված էր մեկ անձի համար։ Հերոս Խոու Ին տվեց թուրմն իր կնոջը, ով խոստացավ թաքցնել այն միայն իր համար։ Խոու Ին գնալով ավելի ու ավելի հայտնի էր դառնում՝ շնորհիվ իր հերոսության։
Խոու Ին շատ աշակերտներ ուներ։ Մի օր նա իր աշակերտների հետ գնում է որսորդության, բայց աշակերտներից մեկը` Փան Մենը, ձևանալով հիվանդ, մնում է տանը։ Վստահ լինելով, որ Խոու Ին լքել է տունը, նա շտապում է իր տուն և փորձում ուժով Չան Ըից խլել էլիքսիրը։ Չանը, հասկանալով, որ չի կարող դիմակայել, ամբողջությամբ խմում է թուրմը։ Այդ խմիչքը նրան բարձրացնում է շատ վեր՝ հասցնելով մինչև լուսին, և Չանը դառնում է անմահ։ Խոուն, ստանալով վերջին նորությունները, շտապում է տուն, սեղանը տեղափոխում լուսնի լույսի տակ՝ հավատալով, որ Չանը կվերադառնա իր մոտ։ Այդ օրվանից ի վեր, մարդիկ երկրպագում են լուսնին՝ պատրաստելով ամենահամեղ ուտելիքները:

Կան շատ-շատ այլ առասպելներ լուսնի ծագման հետ կապված։ Հաճախ լուսինը մեկնաբանվում է որպես մարդ, սովորաբար՝ լծակով ու դույլերով կին, որ կերպարանափոխվել է։ Ամեն դեպքում, դեռ վաղ ժամանակներից լուսինը գրավել է մարդկանց ուշադրությունն ու զարմանքը, գիշերները դարձել է նրանց լույսի աղբյուրը, իսկ լույսը ջերմություն է։

Կորեական մշակույթի օրը Երևանում

Նոյեմբերի 30-ին  Առնո Բաբաջանյան  համերգասրահում կայացավ «Կորեայի մշակույթի օր» խորագրով ամենամյա միջոցառումը, որի շրջանակներում երիտասարդները ներկայացրեցին Կորեայի ազգային ու ժամանակակից մշակույթի երգն ու պարը: Միջոցառումը  կազմակերպել  էր   Հայաստանում կորեական  մշակույթի  կենտրոն  հիմնադրամը՝  Ռուսաստանում  Կորեայի  դեսպանատան աջակցությամբ։
Մրցույթի  նպատակն  էր  Հայաստանում  զարգացնել  կորեական  արվեստն  ու  մշակույթը, ինչպես   նաև   հայ-կորեական  հարաբերությունները:
Ողջ միջոցառման ընթացքում կարող էիր լսել այնպիսի հայտնի կորեական խմբերի երգեր, ինչպիսիք են`  BTS, Black Pink, Big Bang  և ուրիշներ:

Լուսանկարները` Աննա Հախվերդյանի և Մերի Խաչատրյանի

Jenya Eghikyan

Տանդ շեմը առանց քեզ անշեն է

Երբ հասկացա, որ տան մոխրամանը սկսել է միայն հյուրերին ծառայել, այդժամ գիտակցեցի, թե որքա՜ն վաղուց դու տանը չես։

Երբ մայրիկը ամեն անգամ լվանում է հագուստդ նրա համար, որ ուղղակի թարմանան, նկատեցի, որ տան դուռը երկար ժամանակ է, ինչ երեսդ չի տեսել։

Ես ամեն առավոտ մտնում եմ քո սենյակ ու ասում՝ արթնացի՜ր։ Ձայն չկա, բոլորը լռում են, ես ինձ համոզում եմ, որ սենյակդ է ինձնից նեղացած, դրա համար ձայն չի հանում, այնինչ դու ես թաքնվել ինձնից շա՜տ հեռու ու շա՜տ երկար ժամանակով։

Երկու տարի՞, գժվե՞լ ես։ Ժամանակին խնդրել եմ՝ կրճատվի, երկար համոզելուց հետո համաձայնեց, որ գոնե ութ ամիս էլ մնաս։ Բայց դրա մասին օրացույցին չգիտեի՝ ինչպես ասել, թե չէ, որ իմանա` ութ ամիս դեռ կա, էլ չի ջնջվի, կարոտից կպատռվի։ Բայց արդեն ես եմ կարոտից մաշվել։ Դու կիսատ թողած գործ ունես, չհասցրիր ինձ սովորեցնել ապրել առանց քեզ ու չկարոտել։

Ես շարունակում եմ ամեն օր ցերեկները քնել ու արթնանալ քո ձայնից, որ իմ ականջներում են միշտ։ Ինձ կներես. ես թեյ եմ խմում առանց քեզ, սա ասում եմ, որ զգաս կարոտիս չափը, իսկ այն, որ խմում եմ քո բաժակով, ասում եմ, որ բարկանաս։ Լավ էլ նկատեցիր, ես չսովորեցի քեզ չբարկացնել։ Արի՛ թեյ խմենք, խնդրում եմ, դրա ջերմությունը ինձ բավական չէ։ Ես փակում եմ աչքերս ու հաշվում մինչև տասը, մի՛ թաքնվիր, դո՛ւրս արի։

ani beglaryan

Գրքեր, գրքեր ու էլի գրքեր…

Որքան ինձ հիշում եմ, շատ եմ սիրել գրքերի հետ կապված ամեն-ամեն ինչը՝ գրքի հոտից մինչև նկարազարդումը։

Երբ ասում են` գիրք, առաջինը մտքիս է գալիս իմ գիրք գնելու արարողությունը։ Բավականին երկար տևող պրոցես է, հիմնականում ինձ հետ երկու անգամից ավելի չեն գալիս գիրք գնելու։ Ես միշտ գնում եմ ընդամենը մեկը գնելու մտադրությամբ: Մինչև գնալը արդեն ունեմ հատուկ «ցանկալի գրքերի» ցուցակ, չնայած միշտ չէ, որ գնված գրքերը նախապես գրված ցուցակի մաս են լինում։ Գրախանութում նախ ընտրում եմ 5-ից ոչ պակաս գիրք, հետո մանրամասն ուսումնասիրում ու համեմատում դրանք, փորձում եմ քանակը մի կերպ կրճատել։ Վերջում դուրս եմ գալիս մի քանի գրքով, բայց երբեք ոչ մի հատով։ Ախր, շա՜տ լավն են։ Ընկերներիս համար չափազանց հոգնեցուցիչ գործընթաց է։ Գրախանութ մտնելիս` գրքերի մեջ եմ խորանում, իսկ ժամանակը սահում է մի փոքր ավելի արագ, քան մտքերս։
Եթե կարծում եք, որ վերջ, արարողությունն ավարտված է, ապա ստիպված եմ հուսախաբ անել։ Ոչինչ չի փոխարինի նրան, ինչ զգում եմ գրախանութից նոր գրքերով դուրս գալիս։ Գնելուց հետո մոտիվացված վազում եմ տուն ու հիացած նայում գրքերիս, հետո ուսումնասիրում դրանք, ընտրում մեկը, բացում ու սկսում կարդալ…

Որքան հրաշալի են գրքերը։ Կյանքում հանդիպող բազմապիսի խնդիրների մասին նախապես տեղեկանում ես գրքերից, ու երբ առերեսվում ես դրանց, դու արդեն գիտես լուծման բանաձևը։
Գրքերի մի աշխարհ կա, որ ուզում եմ կարդալ։ Մի ժամանակ երազում էի կարդալ աշխարհի բոլոր գրքերը։ Իսկ հիմա դասերի ու քննությունների մեջ գտնվող Անին նույնիսկ չի կարողանում մեկը ավարտին հասցնել:

Դե լավ, քանի ազատ ժամանակ ունեմ, գնամ «Harry Potter and the Goblet of Fire» կարդամ։ Երևի ինչքան էլ մեծանամ, չեմ դադարի սիրել Ռոուլինգի կախարդական աշխարհը:

Media moving forward, Ավստրիա, օր 3

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Այս տարի առաջին անգամ ձյուն տեսա Կիևի օդանավակայանում: Երկրորդը հավանաբար կտեսնեմ Ավստրիայում, համենայն դեպս, խոստացել են:

Գրացը նման չէ իմ տեսած քաղաքներից ոչ մեկին: Այնպիսի տպավորություն է, որ այստեղ մարդիկ ապրում են ինչ-որ մեկի ֆիլմի նկարահանման քաղաք-տաղավարում:

Ուրեմն` X ֆիլմ, դուբլ 28721…

Գրաց, 2018 թվական…

Media Moving Forward դասընթացի մասնակիցները առավոտից սկսեցին իրենց թիմային  ինտերվյուները European Youth Award-ի հաղթողների հետ: Անետան, պորտուգալուհի Անան և ես հարցազրույց վերցրինք Sharqi shop կայքի համահեղինակներից մեկի` Էմադ Ջաղասի հետ: Նրանք ստեղծել են հարթակ Սիրիայից Հորդանան գաղթած փախստականների և հենց հորդանանցի արհեստավորների համար: Կարելի է ասել, նրանց համար բրենդինգ են անում, տեղադրում կայքում և օգնում են վաճառել այդ մարդկանց ձեռքի աշխատանքները:DSC_0040

Ժամը երեքին գնացինք ֆուտուրիստական ոճի մի սրճարան` գետի վրա` ֆեստիվալի բացման արարողությանը գրանցվելու համար: Մի լավ շփվեցինք մյուս մասնակիցների հետ, պատմությունից մինչև անգամ աղջիկների մազերի գույնը: Այո, երկար սպասեցինք:
Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Ավելի ուշ արդեն քաղաքի ամենագլխավոր շենքի ներսում էինք` Town Hall-ում:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Սկսվեց ֆեստիվալի բացման արարողությունը: Որպեսզի սխալ կարծիք չստացվի, թե, ասենք, Բիյոնսեն էր երգում, կամ շքեղ հրավառություն և շոու էինք նայում, ասեմ, որ ուղղակի հնչեցին բացման խոսքեր, ներկայացրին հաղթողներին և իրենց ստեղծած ծրագրերը:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Քաղաքապետի տեղակալը ուրախ էր նշել, որ հազվադեպ են Town Hall-ում այսքան երիտասարդներ հավաքվում:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Հաղթողների ծրագրերին ծանոթանալուց հետո սկսվեց Փոլ Հյուզի «Մտածողության տասը մետրը» (Ten Meters of Thinking) վորքշոփը, որը կրեատիվության, վերլուծական մտածողության մասին էր: Դրանից հետո ազատ էինք:

Խումբը կիսվեց երեք մասի` անչափահասները գնացին թեյ և սուրճ խմելու, մեծերը` գարեջուր, Անետը, Մարիամը և ես գնացինք Գրացի նեղլիկ փողոցներով` զբոսնելու:

Երեկոյան Գրացից գլինտվեյնի հոտ է գալիս, քանի որ մինչև Սուրբ Ծննդյան փոքրիկ տաղավարների փակվելը, մի մեծ ամբոխ քաղաքի տարբեր մասերում հավաքված, Գլինտվեյն է խմում: Մութը շատ շուտ է ընկնում: Տաղավարների փակվելուն պես փողոցները ամբողջովին դատարկվում են և նկարահանման տաղավարում մնում ենք մենք երեքով: Ավարտվում է «նկարահանման» երրորդ օրը:

Շարունակելի…

elen harutyunyan

Զգուշացե՛ք, դռները փակվում են։ Հաջորդ կայարանը` Սասունցի Դավիթ։

Ամեն օր` աշխատանքից հետո, քայլում եմ դեպի մետրո` «Երիտասարդական» կայարան։ Կարող եմ նստել Չարենցից, նստել չէ՝ կանգնել։ Եթե ցանկանում ես նստած գնալ, պետք է հասնես «Սասունցի Դավիթ» կայարան։ Բայց դա ինձ չէր անհանգստացնում. սիրում եմ երկար ճանապարհներ։ Լավագույն վայրը ստեղծագործելու համար վաղուց ընտրված էր տրանսպորտը՝ մետրոյի վագոններ, արդեն հնացած միկրոավտոբուսների ամենահետևի նստատեղը, տրոլեյբուսի նստարանը՝ անմիջապես պատուհանի կողքին։ Պատահել է անգամ՝ մի քանի անգամ գնացել եմ մետրոյի մի ծայրից մինչ ամենավերջին կայարանը, որ վերջացնեմ պատմվածքս․ տանը ոչ մի ձև չէր ստացվում գրել։

Մետրոյի աշխատողը արդեն 10 տարի է` չէր փոխվել։ Նույնն էր։ Նույնն էր նրա հայացքը, միայն աչքերի տակ կնճիռներ էին ավելացել։ Ամեն անգամ, երբ հինգ հազար դրամանոց էիր տալիս մեկ ժետոնի համար, ջղային ու արհամարհական հայացք էր նետում դեմքիդ ու ասում. «Մանր չունե՞ս»: Բացասական պատասխան ստանալուց հետո դժգոհ դեմքով սկսում էր փնտրել չորս հատ հազար դրամանոցներ, ու մնացածը՝ հիսուն դրամանոց մանրադրամ։ Դրանով ուզում էր հասկացնել, որ մյուս անգամ երկու հարյուրից ավելի չվճարեմ։ Երբեք չեմ տեսել նրան գոհ ու երջանիկ դեմքով։ Տասը տարի նույն տեղում աշխատելով, նույն ֆունկցիաները կատարելով` դժվար թե ուրախ դեմք ունենաս, մանավանդ, երբ ոչ մի դրական վերաբերմունք չես ստանում քո փոքրիկ պատուհանից այն կողմ գտնվող մարդուց։ Իր փոքրիկ խցիկում նստած տարեց կինն անգամ երազում էլ էր զգուշացնում, որ պետք է քայլել միայն աջ կողմում կամ երեխաներին բաց չթողնել շարժասանդուղքի վրա։ Երազում էլ նրան չէին լսում․ էլի շարունակում էին քայլել ոնց պատահի։

Բոլորը կանգնած սպասում են գնացքի մոտենալուն։ Աչքերը անհագ նայում են ցուցանակի փոխվող թվերին, հայացքով փնտրում գնացքի լույսը։ Ոմանք անգամ հանում են ականջակալները, որ բոլորից շուտ լսեն գնացքի՝ ռելսերի վրայով ընթանալու ձայնը ու դռները բացվելուն պես արագ նետվեն վագոնների մեջ։ Բա որ չհասցնե՜ն։ Մետրոյի հոտը ամենահաճելին է, մետրոյի հայացքները` ամենաանկեղծը։ Երբ վագոնների ձայնը չի թողնում, որ որևէ բան լսես, դու սկսում ես խոսել հայացքներով։ Հայացքով մարդուն հասկացնում, որ աչքերը սիրուն են, որ դեմքին ժպիտ ավելացնի, կամ միգուցե` բաճկոնը կոճկի. դուրսը ցուրտ է, իսկ իր կայարանը ուր որ է՝ կմոտենա։ Մարդիկ վագոնների ներսում տարբեր են` ջղային, հիասթափված, նեյտրալ, ժպտացող։ Ժպտացող… Ժպտացող մարդիկ քիչ են հանդիպում վագոնների ներսում։

Բոլորը շտապում են ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի մոտ։ Իսկ միգուցե նրանցից ոչ մեկը չունի ինչ-որ տեղ գնալու, կամ չունի իրեն սպասող մեկին։ Բայց փոխարենը վաղը առավոտյան պետք է շտապի աշխատանքի։ Այն աշխատանքի, որից հասցրել է արդեն սարսափելի նողկանք ապրել։ Փոխարենը գնացքների ներսում մարդկանց աչքերը իրական են. նրանք կարող են իրական հիացմունքով կամ զզվանքով նայել քո հագուկապին, մազերին, հանգած աչքերին։ Նրանք հասցրել են սովորել աչքերով քեզ երկար ու հասկանալի տեքստ ասելու ձևը։ Նրանք գիտեն` քեզ ոնց հասկացնել, որ պայուսակդ բաց ես թողել, կամ որ բաճկոնդ կոճկես. դուրսը ցուրտ է, կմրսես։ Բայց հաճախ չեն հասցնում։ Գնացքները ունեն տարօրինակ հատկություն․ կիսատ են թողնում խոսակցությունները։

Գնացքը կանգնեց։ «Սասունցի Դավիթ»։

juli abrahamyan

Հենց սա էր տանում տուն

Մոխրագույն, մոխրագույն, մոխրագույն․․․ Սև, չէ, լավ, մոխրագույն:

-Էս մի հատ կփոխանցե՞ք:
-Մի հատ ստացի:
-Կանգառում կկանգնեք:

Շրըխկ։
Լավ էր, էս անգամ չկոտրեցի դուռը։
Աբովյանով ներքև․․․ Բայց սա հաստա՞տ Աբովյան փողոցն էր։
Լավ, ոչինչ, մի բան կանեմ։ Ո՞ւմ են պետք փողոցի անունները, կարևորը՝ ներքև, շատ ներքև։
Ժամը երեքն էր։ Ոչ շուտ էր, ոչ ուշ։ Տուն չեմ գնա, որովհետև երբեք էլ տուն չեմ հասնում, միշտ մոլորվում եմ։ Միշտ ինչ-որ մի բան այն չի ստացվում։ Երևի դառը սուրճն է պատճառը։ «Հա, հաստատ դառը սուրճն է պատճառը»,- մտքիս մեջ հաստատեցի իմ՝ վաղուց հաստատված միտքը։

-Բարլուս, տղերք,- բարլո՞ւս, այսինքն՝ բարի լույս, բայց հեչ էլ լույս չէր, է։

Բակային տրամադրությունից պետք է շտապ դուրս գալ։ Դե, սա Երևանն է, մի քայլ ձախ՝ քաղաքի կենտրոնում ես, աջ ոտքով պտույտ՝ շենքերի բակում։
Կեղտոտ օդը շփվում է մաշկիս հետ, ու ես մտովի փորձում եմ հաշվել, թե քանի-քանի բակտերիաների հետ մոտիկից ծանոթացան մազանոթներս։

Օդը հեռավոր սարերից, և ինչու ոչ, երկրներից բերում է զովացուցիչ թրթիռ, որը հուզում է սրտի յուրաքանչյուր բաբախոցը․․․ Իսկ ինչի՞ս են պետք երկար ու անհասկանալի բառերն ու նախադասությունները։ Ոչինչ, ի՞նչ անենք։ Կարևորը՝ օդը կա, ու ես շնչում եմ, թե որտեղից ու ինչ է բերում՝ բնավ էլ չի հետաքրքրում։

«Ատում եմ քեզ, Երևան իմ հարազատ, որ այդքան գեղեցիկ ես, կեղծ ու անպիտան․․․»

Կաթ, կաթ, կաթ… Կաթ` մեկ, կաթ` երկու։ Ուսերս կամաց-կամաց թրջվում են։
Երկինքը կրկին հուզվել է։ Ուրեմն անձրև է գալիս։ Դպրոցում մեզ սովորեցրել են, որ կա երեք ագրեգատային վիճակ՝ հեղուկ, պինդ ու գազային։ Կիրառելով ամբողջ գիտելիքներս քիմիայից ու վերլուծելով իրավիճակը՝ հասկանում եմ՝ հեղուկ վիճակում է անձրևը։
«Բայց հա՞ որ»։

Իսկ հեղափոխության իմաստը ոչ մեկն էլ չի հասկանում։

«․․․որ հիմարի պես թթվել ես վրաս ու տանում ես իմ՝ այդքան սպասված օրերն ուրախ ու հրաշալի»…

-Ողջույն, մենք հարցում ենք անցկացնում Երևանի փողոցներում, կկարողանա՞ք մեզ մի քանի րոպե տրամադրել։
-Ոչ, շտապում եմ։ Կներեք,- ես Երևանին անգամ մեկ րոպե ավել չեմ տրամադրում, ուր մնաց քեզ՝ բարձրահասակ գեղեցկադեմ երիտասարդիդ և քո կողքի աղջկան, որը աչքերի մեջ եղած սպասումով կարծում էր, որ պետք է համաձայնեմ։

Ընդդիմանալով ամբոխի աղմուկին՝ առաջ եմ շարժվում։ Փոքր ժամանակ ինձ սովորեցրել են միայն առաջ շարժվել։ Կանգնել ու հանգստանա՞լ՝ ոչ, դա հաղթողների համար չէ։ Իսկ ես՝ ամբոխի միջից միակս իմ տեսակի մեջ, պետք է լինեմ հաղթող։ Հաղթող տանը, փողոցներում, սրճարաններում, մրցույթներում։ Կապ չունի, կարևորը՝ հաղթող։

«․․․և ինչքա՜ն զզվելի էիր դու, երբ ստիպում էիր շեկ աղջկան հուզվել, իսկ ասֆալտդ չափից դուրս ինքնահավան էր, որովհետև չգրկեց ու չտաքացրեց նրան»…

Աղտոտումն ամենևին էլ կապ չունի, հասկանո՞ւմ եք։ Ո՞նց բացատրեմ։ Ախր, կապույտ է ամեն ինչ։ Ողողված է ամեն ինչ կապույտով և ակամա հոգին է ցանկանում մեռնել տխրությունից։ Եվ ես չգիտեմ՝ կա՞ արդյոք հոգին, թե՞ ոչ։
Ինչպես բացատրեմ ես ձեզ, ինչպե՞ս նկարագրեմ։
Կարծես ցերեկվա ժամերի երկնքի կապույտը իջել է ներքև։ Ծանրացել ու իջել։ Հենց այդպես։
Թառել է ուսերիս ու չի ցանկանում գնալ, ոչ մի դեպքում։ Ծանր մարդու պես, ծանր հիշողությունների պես վրաս է մնացել։ Եվ ես ինչպե՞ս քշեմ իմ կապույտին, ախր ես ատում եմ նրան։

«․․․ախր, անտանելի քաղաք ես, Երևա՛ն։ Զզվելի քաղաք ես։ Մեռածների ու կիսատների քաղաք ես։ Միշտ տանում ես ու տանում, բայց երբեք չես տալիս ու տալիս։ Որքա՞ն ես ինձ քարշ տվել անկյունից անկյուն, որքա՞ն»…

Որքան եմ ես քանդվել այստեղ, և դեռ հարց է՝ կդադարե՞մ քանդվելուց, թե՞ ոչ։
Կետադրական նշաններս ինձ մի օր կսարքեն կենդանի մսաղաց․ երբեք ճիշտ չեն դրվում իրենց տեղում։

«․․․բայց միևնույն է, միայն դու ես ինձ հետ եղել երեկ, կաս այսօր ու երևի թե կլինես վաղը։ Հուսամ, որ չես լինի, Երևան։ Որքան եմ ատում քեզ, որ այդքան գեղեցիկ ես, կեղծ ու անպիտան»:

Հենց այս շքամուտքն էր։ Հա, հաստատ հենց սա էր տանում դեպի տուն․․․

Աշունը վերջանում է

Քայլում եմ փողոցով, մտածում եմ, թե որն է իմ աշունը։ Դե հա, տերևաթափ, անձրև, մշուշ, միգուցե, կոտրված սրտեր։ Բայց էլ ի՞նչ: Անձրևը: Շատերը չեն սիրում, քանի որ թրջվում են, անհարմար է և այլն, բայց ինձ համար աշնան անձրևը ուրիշ բան է նշանակում։ Անձրևի հետ ես կորցնում եմ անհանգստությունները, հոգնածությունը և ուղղակի վայելում։

Գրելս ընդհատեցի և մտա գրախանութ։ Երևի իմ ամենասիրելի գրախանութներից մեկն է։ Ներսում տիրում է լռություն ու հնչում է ջազ երաժշտություն։ Ես իմ բառարանի պատրվակով մտա ու նոր գիրք գտնելու պատրվակով մնացի այնտեղ։ Վերջապես բոլոր գրքերին ու բլոկնոտներին դիպչելուց հետո խորը շունչ քաշեցի ու շարունակեցի ճանապարհս։ Չնայած ցրտին ու անձրևի սառը կաթիլներին, ես ինձ շատ բավարարված էի զգում, նույնիսկ ականջակալների կարիք չունեի։

Աշունն արդեն վերջանում է:

Լուսանկարը` Ջուլի Աբրահամյանի

Աշնան շուկա. Գում

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Ջուլի Աբրահամյանի

Լուսանկարը` Ջուլի Աբրահամյանի

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի