Meri Gevorgyan tavush

Իմ հերոս համաքաղաքացին

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը ծանր աղետ էր հայ ժողովրդի համար։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել էր լայնածավալ հարձակողական գործողություն, կիրառել էր իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Ապրիլի 3-ին առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարում, ինչի հետևանքով քաջաբար և հերոսաբար զոհվեցին 321-րդ տանկի անձնակազմը՝ Բենյամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը և Վլադիմիր Ալիխանյանը։

Վլադիմիր Ալիխանյան. բնությանն այդքան մոտ երիտասարդն արագորեն կարողանում էր շրջապատող մարդկանց դեպի իրեն տրամադրել, սիրում էր աշխատել ու հաճույքով ընտանիքին օգնում էր։ Սովորել է Դիլիջանի պետական քոլեջի տնտեսագիտության բաժնում։ Եղել է պարտաճանաչ ուսանող։

Վերջերս հյուրընկալվեցի Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքին։ Երբ ներս մտա, տիկին Աննան անմիջապես ցույց տվեց իր որդու նկարները, ամեն անգամ կրկնելով «մեռնեմ ջանի՜ն»։

Հյուրասենյակում անմիջապես աչքի ընկավ տիկին Աննայի խնամքով կահավորած պատվո անկյունը։ Լուսանկարից պայծառ ժպտում էր հերոսը։ Անկյունում շարված էին մեդալները, իսկ մի փոքր հեռվում դրված էր զինվորական համազգեստը։

20200613_160226~3

Սգով համակված այս տանը՝ հարազատների շրջապատում, քեզ կոտրված, հուսահատ չես զգում։ Զարմանալի զսպվածություն, արժանապատվություն, վեհություն կա նրանց վշտի մեջ։ Իսկ երբ սկսեցինք զրուցել, տիկին Աննան անմիջապես հուզվեց.

-Վալոդիկս ծնվել է Դիլիջանում, մանկուց շատ աշխատասեր է եղել, շփվում էր իրենից մեծ, տարիքով մարդկանց հետ։ Եռանդով մեկնել է ծառայության, շատ աշխույժ, ուրախ, երբեք չի բողոքել ծառայությունից։ Ծառայության ընթացքում սկսել է մտածել զինվորականի մասնագիտություն ընտրելու ուղղությամբ, բայց ճակատագիրը նրա համար այլ բան էր որոշել։ Դեպքի մասին իմացել ենք ապրիլի 4-ին՝ լուրերով, որ «ժեշտանչիկի» թոռը զոհվել է։ Դե, մեզ համար ցավալի, ծանր լուր էր մեր հերոս որդուն կորցնելը։

Թեպետ տիկին Աննան հուզված էր, սակայն իր որդու մասին մեծ ոգևորությամբ և հպարտությամբ էր պատմում։ Կարճ զրույցից հետո տեսա նաև տիկին Աննայի մյուս որդու զավակին, որը կրում է հորեղբոր՝ Վլադիմիրի անունը։ Փոքրիկ Վլադիմիրը այնքան կենսուրախ և ժպտադեմ էր, դիմագծերով նման էի մեր հերոսին։

20200613_161010~2

Meri Gevorgyan tavush

Կորոնավիրուսից առաջ և հետո

Բարև: Ես ապրում եմ Դիլիջան քաղաքում և այսօր քեզ կպատմեմ, թե իմ հայրենի քաղաքում ինչպիսին էր դրությունը մինչ կորոնավիրուսը:
Դիլիջանը հին քաղաք է, որը հայտնի է իր անհավատալի գեղեցկությամբ, սառնորակ հանքային ջրով, հնագույն հուշարձաններով և իհարկե, չափազանց գեղեցիկ բնությամբ: Դիլիջանով է հոսում Աղստև գետը, որի ստորին հոսանքում կառուցված է Աղստևի ջրամբարը: Քաղաքը համարվում է առողջարանային կենտրոն: Այստեղ է գտնվում կոմպոզիտորների ստեղծագործական և հանգստյան տունը, որը ունենում է բազմաթիվ այցելուներ: Տեղի առողջարանների և հսկայական այգու շնորհիվ դու կարող ես հանգստանալ, վերականգնել առողջությունդ և վայելել մաքուր օդը: Քաղաքում մեծ զարգացում է ապրում նաև զբոսաշրջությունը: Դեպի Դիլիջան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից, իսկ հիմա շատ հաճելի եղանակ է դրսում՝ ամենուրեք թռչունների գեղեցիկ և լսելի ծլվլոց, սառնորակ աղբյուրի խշշոց, որը վայելելով դու ուղղակի կառանձնանաս ամենօրյա քո հոգսերից: Սակայն այժմ չարաբաստիկ վիրուսի հետևանքով ամեն ինչ փոխվել է: Փոխվել է մարդկանց շարժը, զբոսաշրջիկների ելումուտը, երեխաների ակտիվությունը: Մարդկանց սիրտը վախով է լցված, նրանք տանից դուրս չեն գալիս՝ ապահովելով և՛ իրենց, և՛ դիմացինի առողջությունը:
Ահա ես նայում եմ պատուհանից, սիրտս թախիծով է լցվում, սակայն մտածում եմ, որ այս ամենը կավարտվի, և առաջվա աշխուժությունը կվերադառնա:
Այժմ ես տեսնում եմ մեկին, ով առանց դիմակի իր երեխայի հետ գնում է այգի՝ չգիտակցելով, որ կարող է վարակվել և վարակը տարածել իր ընտանիքի անդամների մեջ: Իսկ այն մարդիկ, ովքեր դիմակով են դուրս գալիս, լիարժեք մաքուր օդ չեն վայելում, պահպանում են սոցիալական հետավորություն, զերծ են մնում շփումներից:
Վարակը Դիլիջանում մեծ արագությամբ չի զարգանում, սակայն զգուշավորությունը ամեն դեպքում անհրաժեշտ է:

manik poghosyan

Չկայացած վերջին զանգը

Բարև, ընկերս: Վաղուց չեմ գրել, դե, երևի դժվար էր քննական սթրեսով, չքնած գիշերներով և սրտատրոփ ավարտական երեկոյիդ սպասելով ու գրողի տարած կորոնավիրուսով (որը չգիտես՝ աշխարհի որ ծայրից եկավ հասավ մեզ) մտքերդ հավաքել ու նորից գրել։ Բոլորիս կյանքում եղել է, չէ, որ մտածել ենք, գծել, ջնջել ենք մտքում մեր վերջին զանգը, երբ պետք է մանկական ու դեռահասության արկածներդ թողնես այդ չորս պատերի մեջ ու մտնես նոր կյանք, նոր ուղի, նոր ճանապարհներ, որոնք այդքան էլ հեշտ չեն լինելու մեր կյանքի քառուղիներում։ Մտածել ես, չէ՞, ամեն մանրուքը այդ օրվա հետ կապված, ամեն դետալը՝ սանրվածքից մինչև շպար։ Մտածել ես, չէ՞, բեմ բարձրանալուդ, վերջին խոսքերիդ մասին, այդ անասանելի ուրախության մասին՝ ողողված տխրությամբ։ Ծնողներիդ հպարտությունը՝ դահլիճի մի անկյունում նստած։ Ու ծափերը, անդադար տեղացող ծափերը, որոնք միայն քոնն են ու քեզ են ուղղված։ Որովհետև, գրողը տանի, այդ օրը քոնն է ու միայն քոնը։ Աչքերդ մի պահ թրջվելու են ու դու ինքդ էլ չես հասկանալու, որ կյանքիդ մի մեծ մաս պոկում են քեզնից։ Իսկ հիմա իմ ու իմ նման շատերի կյանքում այդ էջը մնալու է դատարկ ու մոռացված: Ու կարոտը դեպի դպրոցական վերջին տարին ու ընկերներիդ հետ անցկացրած պահերը միշտ մնալու է քեզ հետ ու քեզ ուղեկցելու է ողջ կյանքում։

Գնահատեք ձեր կյանքի ամեն մի վայրկյանը, ամեն մի պահը դպրոցում ու ընկերների հետ, որովհետև կյանքում դրանք այլևս չեն վերադառնալու: Չնայած չկայացած վերջին զանգին, չարտասանված բառերին, չստացված նկարներին ու չունեցած հիշողություններին՝ մենք մտնում ենք նոր կյանք՝ նոր նպատակներով, նոր հույզերով։

inesa kirakosyan

Վազաշենը

Երկար էի մտածում, թե ինչպես նկարագրեմ, որ ընկալվի նույնքան «տիեզերական», ինչպիսին իրականում է: Շատերը անգամ չեն էլ լսել Վազաշենի մասին փոքրիկ և մայրաքաղաքից բավականին հեռու գտնվելու պատճառով: Ծնված օրվանից ի վեր ապրել և մեծացել եմ Վազաշենում: Հիմա մտածում եմ՝ եթե հնարավորություն լիներ ընտրելու ծննդավայրս, հաստատ գյուղը կընտրեի ու հենց Վազաշենը: Հիմա դա առավել քան կարևորում եմ, քանզի գիտակցում եմ, որ շատ շուտով անհրաժեշտություն է լինելու որոշակի ժամանակով հեռանալ հայրենի գյուղից, տնից ուսում ստանալու նպատակով: Շատ ու շատ պատճառներ կան գյուղը սիրելու համար: Ես հատկապես գարնանային Վազաշենն եմ սիրում. իմ կարծիքով՝ տարվա ամենահեքիաթային ժամանակաշրջանն է: Մաքուր օդը, ծառն ու ծաղիկը, թռչունների ծլվլոցը (որը, ի դեպ, ամենաշատն եմ սիրում), ջինջ երկինքը, ավելի ու ավելի են ձգում ու ստիպում, որ հիվանդագին սիրով սիրես: Բառերով չի ստացվի նկարագրել այն յուրահատուկ զգացողությունը, որ ունեմ: Վազաշենի գիշերներն էլ եմ շատ սիրում, երևի կասեք՝ ի՞նչն է առանձնահատուկ գիշերվա մեջ, երբ ամենը քնած է ու շուրջբոլորը մթություն: Աչքերդ մի պահ մեքենայաբար փակում ես, լսում «գիշերային» թռչունների ծլվլոցը, հեռվից լսվող գետի շառաչյունը, մեղմ քամին, որ թեթև տարուբերում է տերևները… Այս ամենը միասին այնքան ներդաշնակ են, որ մի տեսակ արտասովոր խաղաղություն են բերում հոգուդ: Թվում է, թե ամեն ինչ ուրիշ է, նույնիսկ մայրամուտները (ոչ մի վերջալույս լուսանկարելը բաց չեմ թողել, որքան էլ զբաղված կամ հոգնած եմ եղել, վերցրել եմ տեսախցիկն ու վազել երկրորդ հարկ` ֆիքսելու արևի՝ հորիզոնից անհետանալը): Այսքան յուրահատկություններով հանդերձ, ցավոք, Վազաշենում հաճախ չես լսի մարդկային աշխուժության ձայներ: Բնակչությունը քչանում է, ինչի պատճառը մի շարք խնդիրների առկայությունն է, որոնցից կառանձնացնեմ գործազրկությունն ու ադրբեջանական սահմանից եկող կրակոցները: Մոռացա նշել՝ Վազաշենը սահմանապահ գյուղ է:

Եվ գյուղիս հանդեպ տածած սիրո շնորհիվ է, որ ուզում եմ անել հնարավորը` աջակցելու, զարգացնելու այն, չէ՞ որ դա յուրաքանչյուրիս պարտքն է: Դրա համար էլ արդեն երկար ժամանակ է, ինչ նվիրաբար կամավորությամբ եմ զբաղվում և փորձում անել ամեն բան, որ ճանաչեն Վազաշենը: Շատ քաղաքաբնակներ գյուղը ասոցացնում են հետամնացության հետ՝ գյուղում միայն պատկերացնելով բառաչող անասուններ՝ չհասկանալով, որ իրենց պատկերացրած սև ու սպիտակը գյուղը չէ: Այսպիսի պատկերացումներով մարդկանց կողքին, սակայն կան նաև շատ ու շատ մարդիկ, ովքեր նույնքան ինքնատիպ են տեսնում գյուղը, ինչպես իրականում է: Անչափ շնորհակալ եմ իրենց, որ հասկանում ու գնահատում են: Դեռ ձեզ կպատմեմ Վազաշենի գեղատեսիլ վայրերի, մշակութային կոթողների մասին, որ պլանավորեք, թե արձակուրդները որտեղ եք անցկացնելու: Ասածս ինչ է` սիրեք ձեր հայրենիքը, ձեր գյուղը, քաղաքը, այն տարբերվում է մյուսներից` անկրկնելի լինելով: Հպարտացեք ձեր «տիեզերքով»:

Laura Yesayan

Այն, ինչ մերն է

Երբևէ մտածե՞լ ես ապրել Ֆրանսիայում և ամեն օր տեսնել Էյֆելյան աշտարակը, կամ ապրել Անգլիայում և տեսնել Բիգ Բենը: Իհարկե, մտածել ես: Եթե ոչ թվարկածս երկրներում, ապա մի ինչ-որ «զարգացած» երկրում հաստատ պատկերացրել ես քեզ, հարազատս: Բայց երբեք չես մտածել, չէ՞, մնալ քո երկրում ու հիանալ քո հրապարակի «Բիգ Բենով»:

-Միշտ ուրիշինը լավն ա,- ասում է մաման:

Ու հա, հիմա եմ հասկանում էս տողերի իմաստը: Ոչ թե իրենցը լինելու մեջ որևէ յուրահատուկ բան կա, այլ պարզապես մենք մեր ունեցածը չգնահատող ժողովուրդ ենք: Մեր աչքը միշտ ուրիշների ունեցածի վրա է, մենք միշտ դժգոհ ենք մեր մազերից, մեր աշխատավարձից, մեր կյանքից:

-Իսկ ի՞նչ ենք անում մենք յուրաքանչյուր ծանր պահի…

-Ճիշտ է։ Լքում ենք մեր հայրենիքը ու գնում ենք ուրիշի հայրենիք:

-Ինչո՞ւ։

-Որովհետև ուրիշինը լավն ա։

Հետո հասկանում ենք, որ օտարի հողը հող չէ, ջուրը ջուր չէ, վերջապես, մերը չէ: Բայց ուշ է լինում: Մենք օտարանում ենք մեր ունեցածից, մեր կապը կորչում է, ու մենք դառնում ենք անծանոթ մեր երկրի համար:

Այս ընդհանրացված մտքերը իրականում շատ խորը ենթատեքստ ունեն՝ ուղղված մարդկային փոխհարաբերություններին:

Նույն ցիկլը լինում է մարդկային փոխհարաբերությունների մեջ: Մենք հավանում ենք տվյալ մարդուն, նրա մեջ փնտրում ու գտնում ենք մեզ, բայց հետո հայտնվում է մեկ ուրիշը ու «մեր»-ի իմաստը փոխվում ու արժեզրկվում է:

Մենք մեր ունեցածը չգնահատող ժողովուրդ ենք, շատի հետևից շատ ենք վազում, դրա համար եղած քիչն էլ չի մնում: Մենք մեր երկրի մեջ պատնեշներ ենք կագնեցնում, գյուղ-քաղաք տարբերակում ենք մտցնում, մենք բաժանում ենք «մերը»՝ արժեզրկելով էս բառի իմաստը:

Մենք այդպես էլ գնահատել չենք սովորելու, մեր զգացմունքների դարակները միշտ խառնված են լինելու, մեր մտքերը միշտ անկանոն են լինելու, մենք անընդհատ մեզնից մի մասնիկ տալու ենք «մեր» մարդկանց ու սպառնվենք, իսկ նրանք «մերը» փոխարինելու են «ուրիշով» ու հեռանան:

Laura Yesayan

Ընկուզենին

Պապս 70 տարեկան է: 70 տարիների մեծ մասն անցկացրել է պատերազմների թոհուբոհի մեջ, մնացած մասը՝ ընտանիքի հետ կամ այլ երկրում՝ փող վաստակելու նպատակով: Արտաքնապես պապս խիստ է, բայց այդ խիստ հայացքի տակ թաքնված է փխրուն ու բարի սիրտ՝ լցված ջերմությամբ իր ընտանիքի և մանավանդ՝ իր բույսերի նկատմամբ:

Պապս լուռ հոգ է տանում իր այգու մասին՝ խնամքով ազատում այն ավելորդ մոլախոտերից ու միջատներից (Փոքրիկ իշխանի նման)։ Ծառերը խոսում են պապի հետ, լցվում ջերմությամբ, բողբոջ տալիս և վերջապես ծաղկում։

Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ ուրախ, զվարթ մի ծառի տունկ էր բերել՝ իր սիրելի ընկուզենին էր։ Տնկեցինք միասին ու խոստացավ, որ հենց պտուղ տա, առաջինը ես եմ փորձելու: Նա ամեն օր ջրում էր «փոքրիկին», խոսում հետը և փխրեցնում հողը։ Ահա եկավ նրա շատ սպասված գարունը, բայց դժբախտաբար ծառը պտուղ չտվեց, ինչպես և դրան հաջորդող մի քանի տարիներին։ Պապս երեխայի պես նեղացավ, անգամ փորձեց ծառը կտրել, բայց հետո թուլացավ բարկությունը, և նա էլի շարունակեց խնամել իր «սիրելիին»։

Ծառը գտնվում է անմիջապես իմ պատուհանի դիմաց, և այս երկու ամսիների ընթացքում ես տեսնում էի նրա մեծանալու փուլերը, նկարում էի և ցույց տալիս պապիկին, թե ինչ ֆոտոգենիկ է իր սիրելի ընկուզենին և թե ինչքան է մեծացել այդ փոքրիկը։ Իսկ պապս ինչպես միշտ ուրախանում է և սիրտը ողողում երջանկությամբ:

Այսօր ծառը վերջապես բողբողջ է տվել, և հավանաբար պտուղ կտա այս տարի։

Ես վազեմ պապիկին պատմեմ, իսկ դուք սիրեք և հոգ տարեք ձեր ծառի մասին և երբեք թույլ մի տվեք նրան զրկվել իր պտուղներից:

nane nersisyan

Սպասելի ավարտը՝ անսպասելի շրջադարձով. լավատես ենք

Դե հա, մեր հերթն էլ եկավ: Ավարտում ենք դպրոցը՝ թողնելով շատ բարի հուշեր: Ավարտում ենք։ Գեղեցիկ է հնչում, բայց չէ, սխալ է մի բան։ Ճիշտ կլիներ ասել, որ պետք է ավարտեինք, եթե ճակատագիրը մի փոքր բարի գտնվեր և հետաձգեր իր գործերը հանուն մեզ: Հիմա մենք պետք է վայելեինք դպրոցական կյանքի վերջին ամիսները, պատրաստվեինք բոլորի կողմից այդքան սպասված վերջին զանգին, որ մի լա՜վ հուզվեինք ու հուզեինք։

Մենք շատ էինք սպասում այս տարվան, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ հիմա մի ջերմ, փոքր անկյունում, իրար գլուխ հավաքված կռվով ու ծիծաղով սցենար գրելու փոխարեն պետք է մնանք տանը և նույնիսկ հնարավորություն չունենանք տեսնելու միմյանց: Բայց հասկանում ենք՝ մենք բոլորս պատասխանատու ենք մեր և մեր շրջապատի համար, ու եղել են էլ ավելի դժվար պահեր, որոնք հպարտորեն ասում եմ՝ հաղթահարել ենք: Ընկերություն, հարգանք, համերաշխություն, նվիրվածություն և ազնվություն՝ անսկիզբ ու անավարտ արժեքներ, որոնք 12 տարիները մեզ սովորեցրին պատմության և քիմիայի դասերին զուգընթաց: Ինչպե՜ս կարող ենք շնորհակալ չլինել։

Ինչպես էլ անցնի այդ օրը, միևնույնն է, այն միշտ հիշվելու է: Իրական դժվարությունները դպրոցից դուրս են սկսվում, դասընկերներին հանդիպելն էլ դառնում է ավելի հազվադեպ ու սպասված: Մեկ տարի առաջ տեսնելով մեր դպրոցի շրջանավարտներին՝ ժպտում էի ու գիտեի, որ այդ ամենը կրկնվելու է իմ կյանքում, և ունենալու եմ իմ վերջին զանգը, իսկականն ու ամենակարևորը` իմ դասարանի հետ, իսկ այսօր հավատս չի գալիս, որ ընդամենը մեկ ամիս է մնում այդ ամենին, իսկ մենք չենք էլ զգում նախավերջինզանգյան խառնաշփոթը: Մենք արդեն պատկերացնում էինք, թե վերջին զանգի միջոցառման ժամանակ ինչպես ենք ուրախանալու ու հուզվելու, իսկ բանաստեղծություն ասելիս աչքերում կուտակված արցունքի կաթիլները մի կերպ թաքցնելու կոպերի տակ, բայց կարծես թե այդ ամենը ապրելու և զգալու հույսը մարում է: Տանը նստած՝ հեռուստացույցով լսում եմ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին. հա, թվում է՝ ոչ մի արտառոց բան չի կատարվում ինձ հետ, չէ՞ որ ես առողջ ու ապահով տանը նստած եմ, բայց արի ու տես, որ այդքան էլ այդպես չէ: Ամեն մի նոր դեպքից ավելի է մարում հույսս, ավելի եմ մոտենում այն մտքին, որ էլ երբեք չեմ ունենալու այն զգացողությունը, որն ունենում են շրջանավարտները վերջին զանգին դասարանցիներին գրկելու ու շնորհավորելու ժամանակ, երբ հասկանում են, որ բաժանվում են, որ էլ երբեք չեն նստելու կողք կողքի դպրոցական նստարանին ու չեն ծիծաղելու դասի ժամին՝ ինչ-որ մեկի անհամ կատակից։ Ինչ էլ լինի, մեկ է՝ սիրում էինք ու սիրում ենք դպրոցը։

Իսկ մենք՝ շրջանավարտներս, պետք է սովորենք միշտ առաջ քայլել, ժպիտով հաղթահարել բոլոր խոչընդոտները, և գլուխը միշտ բարձր պահել:

Հ.Գ. Ի դեպ, չմոռանաք նաև լավ պատրաստվել քննություններին. դրանք այն փոքրիկ դժվարություններն են, որոնք կյանքի մյուս փուլերում ժպիտով ենք հիշելու:

anna khachatryan

Մեկուսանալու նուրբ արվեստը

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14- ը Հայաստանում սահմանվել է արտակարգ դրություն: Դպրոցներն ու համալսարանները փակ են: Մի մասը ուրախ է, որ դաս չի լինելու (եթե, իհարկե, հեռակա ուսուցման չեն անցել), մյուս մասն էլ տխուր է, որովհետև մեկ ամիս զրկված է լինելու սիրածին գոնե հեռվից տեսնելու հնարավորությունից:

Երևանում մնալու անհրաժեշտություն հիմա չկա: Եկել եմ Տավուշ՝ մեկուսանալու, կարոտս առնելու, մտքերիս՝ հանգստություն ու գրչիս ազատություն տալու: Սա այն ժամանակն է, երբ կարող ենք մեր սիրելիներին ասել այն խոսքերը, որոնք հազվադեպ ենք ասում՝ սիրում եմ և շնորհակալ եմ: Սա այն լավագույն պահն է, որ կարող ենք գրկել մայրիկին՝ ջերմորեն, պինդ, շնչասպառ լինելու չափ պինդ: Հիմա կարող ենք նվիրել մի փունջ մանուշակ ու նրան դարձնել աշխարհի ամենաերջանիկն ու ամենաբախտավորը: Մենք գուշակներ չենք ու չենք կարող իմանալ, թե ինչ կլինի վաղը մեզ հետ: Չպետք է կորցնենք այս թանկարժեք օրերը, պիտի որքան կարող ենք վայելենք յուրաքանչյուր պահը, ինքնակրթվենք ու ջերմ խոսքեր ասենք նրանց, ովքեր մեր կողքին են, ու աղոթենք նրանց համար, ովքեր հեռու են կիլոմետրերով, օրինակ՝ Ղարաբաղում, սահմանին, դիրքերում, անքուն, անձրևի և կամ արևի տակ։

-Էս ծիպուլը քու հմար ա, կէ՛, կացի քյընամ հյունի կամպոտ էլ պիրեմ, խմես, տյու տյըրանի շատ ես սիրըմ, ըսօր րյուգյու էլ պամիդորով ձվաձեղ կշինեմ…

Մայրիկն է, գալուս օրվանից խառնվել է իրար, նկուղը տակնուվրա է անում, պահածոներից մի բան գտնում, բերում ու ստիպում, որ ուտեմ։

-Կե՛ր, թե չէ կնեղանամ:

Գիտի ձևերը: Արդեն սարսափում եմ կշեռքին կանգնելուց։

Վերևում խոսեցի ինքնակրթվելու մասին: Քանի դեռ տանն եք, փորձեք կտրվել հեռախոսներից, ինտերնետ կապից, ֆեյսբուքյան չատերից ու փորձեք շատ կարդալ այս ընթացքում: Հիմա կնշեմ իմ ամենասիրելի 10 գրքերի ցանկը, որոնք առաջարկում եմ կարդալ:

1․ Վարդգես Պետրոսյան- «Վերջին ուսուցիչը»
2. Գաբրիել Գարսիա Մարկես- «100տարվա մենություն»
3. Ալեքսանդր Դյումա- «Կոմս Մոնտե Քրիստո»
4. Արթուր Կոնան Դոյլ- «Չորսի նշանը»
5. Ժյուլ Վեռն- «Խորհրդավոր կղզին»
6. Վախթանգ Անանյան- «Հովազաձորի գերիները»
7. Դերենիկ Դեմիրճյան- «Վարդանանք»
8. Անդրե Մորուա- «Նամակներ անծանոթուհուն»
9. Ջորջ Օրուել- «1984»
10. Ստեփան Զորյան- «Պապ թագավոր»

Առողջություն եմ մաղթում բոլորին։

#չփռշտաք