Իմ 17.am-ը 5 տարեկան է. Սերյոժա Առաքելյան

Արդեն 3 տարի է, ինչ համագործակցում եմ 17-ի հետ: 3 տարի է, ինչ զբաղվում եմ նյութ գրելով, ֆոտոներ անելով և թղթակցի վկայականը ներկայացնելով հարցազրույցներ վերցնում ինձ անծանոթ մարդկանցից: Նյութ գրել, ֆոտո անել, ֆիլմերի սցենար գրել մի շատ լավ կայքի` 17.am-ի համար ու նրա անունից:_MG_3924 Կայք, որը ինձ ճանապարհ ցույց տվեց, տարավ առաջ, տվեց նոր շրջապատ և ճանաչելի դարձրեց: Այս ամենի համար ես շնորհակալ եմ կայքին, կայքի հիմնադիրներին և այն ողջ անձնակազմին, ովքեր մինչև հիմա կան և գրում են կայքին: DSC_0184

Այնքան շատ են մաղթանքներս, որ չգիտեմ` որտեղից սկսել, որտեղ ավարտել: Կայքը 5 տարեկան է դարձել, բայց ինձ համար կարծես թե այնքան հին է, որ մտածում եմ անգամ ծնողներս են գրանցել ինձ այստեղ մինչ իմ ծնվելը:

Ծնունդդ շնորհավոր 17: Այն, ինչ ինձ տվել ես, ինձ հետ կլինի միշտ` ազատ խոսելու և գրելու, անկրկնելի պահը տեսնելու ու կանգնեցնելու, ինքնաարտահայտվելու և առանց լարվելու ճիշտը պնդելու հնարավորությունը:

annaTumanyan

Ընդամենը մեկ շտապ օգնության մեքենա

Մոտակա մի քանի օրը կարդում էի նյութեր, որտեղ ասվում էր, թե իրավիճակն այդքան էլ չի փոխվել, ինչպես մենք ենք կարծում։

Վերջին մի քանի դեպքերի մասին իմացա։ Հարակից գյուղերից մեկում՝ Նավուրում, աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Ներկայումս Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է Նավուր համայնքի 25 բնակիչ, որից 20-ը մինչև 18 տարեկան են: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: Խնդիրը պայմանավորված է ջրատարի աղտոտվածության բարձր մակարդակով։ Դրանով այժմ զբաղվում են հատուկ մարմինները: Բայց ես ուզում եմ խոսել մի կարևոր հարցի մասին, ու տվյալ դեպքը ներկայացրի, որպեսզի հիմնավորեմ խնդիրը բարձրացնելու նպատակս։ Այն ժամանակահատվածում, որի ընթացքում շտապ օգնության մեքենան գտնվում էր Նավուրում, Բերդում ևս եղել են դեպքեր, ու զանգահարելով հիվանդանոց՝ իմացել են, որ շտապ օգնության մեքենան տեղում չէ, ու չեն կարող օգնել։ Եթե համայնքը փոքրաթիվ բնակչություն ունի, ապա դա դեռ չի նշանակում, որ 1 շտապ օգնության մեքենան բավարար է։ Կարծում եմ՝ կարևոր հարց է, ու պետք է լուծվի, քանի որ սրանից է կախված շատ մարդկանց առողջությունը, նաև՝ կյանքը։

marine israyelyan

Մեր հրաճարակ երազանք

1831 թվականին մի սովորական օր ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն գնեց մի շիշ թանաք, փակվեց իր սենյակում ու փոքրիկ պատուհանից հայացքը Աստվածամոր տաճարին՝ սկսեց գրել: Եվ այսպես ամիսներ շարունակ գրում էր, նույնիսկ հանճարներին բնորոշ տարօրինակությամբ, վերցնելով մկրատը՝ անփութորեն կտրատեց մազերն ու փչացրեց սանրվածքը, որպեսզի դուրս չգա տնից, մինչև չավարտի նոր սկսած վեպը, որ պիտի համաշխարհային գլուխգործոց դառնար:

Թանաքի վերջին կաթիլով գրվեց հաստափոր գրքի վերջին բառը, և հեղինակը դեռևս վերնագիր չունեցող վեպն ուզեցավ անվանել «Ինչ է պարունակում մի շիշ թանաքը», բայց ինչպես իր հուշերում է նշում, հետո գիրքն անվանվեց ներշնչման աղբյուրի անունով՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը»: Եվ սերունդների առջև դրվեց մի գիրք, մի պատմություն սիրո, թշվառության, խանդի, ըմբոստացման, մարդկային ամենադաժան կրքերի ու նրբակերտ հոգիների բախման մասին: Այս պատմության առանցքը դարձավ Աստվածամոր տաճարը, և քարն ու քանդակը կենդանացան, տաճարն անձնավորվեց և որպես մշտաներկա գոյություն, անդադար հիացք ու չքնաղ երազանք ապրեց մեր սրտերում՝ հավերժ իր մեջ կրելով Կլոդ Ֆլորոյի նախանձոտ հայացքը, Էսմերալդայի քնքուշ սիրտն ու Քվազիմոդոյի թանկագին զանգերի ղողանջը:

Եվ ահա տաճարը հրդեհի անսանձ ճանկերի մեջ իր ութհարյուրամյա հանդարտությամբ նայում է հորիզոնին ու քմծիծաղում ժամանակի, ճակատագրի ու մարդկանց վրա… Հատկապես մարդկանց. տաճարն այրվում է, երբ մի քանի օր առաջ Ֆրանսիան ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի օր, երբ մի քանի օր հետո՝ ապրիլի 22-ին այնտեղ Սուրբ պատարագ պիտի մատուցվեր նույն զոհերի հիշատակին: Եվ ի՞նչ… Հրդեհը բռնկվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ անփութության հետևանքով. հնչում է չափազանց անմեղ և չափազանց անհամոզիչ:

Եթե սա պատահականություն է, ապա սարսափելի դժբախտություն, եթե՝ դիտավորություն, ապա աններելի հանցանք ողջ աշխարհի դեմ: Մնում է միայն հուսալ, որ մեր երազանքը հնարավոր կլինի վերականգնել, թեև դրա համար տասնյակ տարիներ կպահանջվեն:

manik poghosyan

Աշխարհի ամենահարուստ երեխաները

Գիտեք, աշխարհում ամենահարուստ երեխաները տատ ունեցող երեխաներն են։ Տատիկի համար կարևոր չէ՝ դու կուշտ ես, տաք ես հագնված, թե դաս ես արել, մեկ է, ինքը ասելու է՝ հաց կեր, շոր հագի, վեր կաց դաս արա։

Առհասարակ, մանկությունիցս քիչ բան եմ հիշում, եղածն էլ տատիս հետ է կապված, տատիս թխած հացի, պատմած պատմությունների։ Մինչև հիմա տատիս թխած հացի համը բերանումս է։ Էն փռան հացի, որի համար իրար հետևից ինը թոռները հերթ էին կանգնում, թե երբ պետք է լինի, որ տաք հաց ու պանիր ուտեն։ Չեք պատկերացնի, բայց դա աշխարհի ամենալավ ուտելիքն էր։

Տատս 70 տարեկան է, բայց իրեն հարցնես՝ կասի՝ հոգով ձեզանից ջահել եմ։ Մինչև հիմա ծոռանը կդնի ոտքերին ու «հայ նա նինայ» երգելով կպարացնի, ինքն էլ հետը կպարի։ Տատիս եռանդի կեսը գոնե ունենայինք։

Ուզո՞ւմ եք 10 տարով ջահելանալ, ուզո՞ւմ եք մի շաբաթ անդադար ծիծաղել, մի օրով եկեք տատիս մոտ, աշխարհում ուրիշ տեղ իր պատմություններից չեք լսի։ Էնքան հաճելի է, երբ փողոցով քեզ համար կքայլես, մեկ էլ հանկարծ մեկը կհարցնի՝ Լիդա տատը ո՞նց ա, ու դու քեզանից գոհ կպատասխանես՝ լավ ա, տատիս ինչ ա եղել։

Թոռների կռիվն էլ եղել ու մնում է, թե ում է ավելի շատ սիրում Լիդա տատը։ Իսկ այդ հարցը ամեն անգամ տալիս տատս պատասխանում է․

-9 մատ ունեմ, վե՞ր մատս կտրեմ, վեր արին չկյա։

Հիմա, երբ մի քիչ մեծացել եմ, հասկանում եմ, որ դեմքիդ կնճիռների պատճառը էդ նույն ինը թոռներն են։ Էն նույն թոռները, որոնք ուրախությունդ են։

Մենակ մի բան եմ ուզում․ ուր էլ գնամ, որտեղ էլ լինեմ, ամեն անգամ տուն վերադառնալիս, միշտ նույն բազկաթոռին նստած լինես, տատ։

Նույն բազկաթոռին, տա՜տ…