iveta avagyan

Նոր ու վերջին

Ահա և սկսվեց աշունը։ Ինչպես միշտ, նախորդ երեք ամիսներն աննկատ անցան, և սկսվեց տանջալից ուսումնական տարին, ավելի շուտ՝ ոչ թե տանջալից, այլ ուղղակի եռուզեռով լի։ Դե, ավարտական դասարաններում դա արդեն սովորական է։

Գիտե՞ս՝ շատ եմ լսել «դպրոցական վերջին սեպտեմբերի 1» արտահայտությունը թե՛ ուրախ, թե՛ տխուր հնչերանգներով, բայց միայն այսօր իսկապես հասկացա դրա իմաստը, որովհետև ամբողջ հոգով ապրեցի այն։

Ամռանը փորձում էի մտքումս պատկերել այդ հետաքրքիր ու հիշարժան թվացող օրը՝ ամեն անգամ ինչ-որ նոր բան ավելացնելով մտապատկերումս։ Բայց, ինչքան էլ որ զարմանալի լինի, այսօր ամեն ինչ տարբեր էր։ Այսօր, հակառակ պատկերացումներիս, ուրախ տրամադրությունս իր տեղը չզիջեց տխրությանը։ Դե հա, դա չի նշանակում, որ չեմ սիրում դպրոցը, բայց դպրոցն ավարտելն արդեն նոր կյանքի սկիզբ է։

Դպրոցում օրն սկսվեց տնօրենի ողջույնի խոսքով, հետո ելույթ ունեցան Վ. Կարմիրաղբյուր համայնքի վարչական ղեկավարը, Բերդի զորամասի ներկայացուցիչը, գովասանագրեր հանձնվեցին գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտներին և վերջապես, բեմը տրամադրվեց մեզ։

Միջոցառման ավարտվելուց հետո 12 տարի առաջվա շփոթված փոքրիկներն արդեն իրենք էին դպրոց առաջնորդում նորեկներին։ Այն երեխաներից մեկի հետ, ում ձեռքը բռնել էի, մի հետաքրքիր զուգադիպություն էր կապված. 12 տարի առաջ այդ օրն ինձ դասարան էր ուղեկցել նրա հորաքույրը։ Դա, իհարկե, հաճելի էր։ Այդ հաճելի դիպվածն այդ օրն էլ ավելի հիշարժան դարձրեց, և ես վստահ եմ, որ այն միշտ կմնա հիշողությանս մեջ։

Հ. Գ. Շնորհավոր բոլորիդ նոր ուսումնական տարին: Թող այն տարբերվի ամեն դրականով։

Օրագիրս

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Բարև, ես Մարիամն եմ, 16 տարեկան: Մեկ տարի առաջ ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ գրելու այն ամենի մասին, ինչը կատարվում է ինձ հետ և որոշեցի ունենալ կյանքի օրագիր:

Երկմտեցի․ Մարիամ, բայց կկարողանա՞ս ամեն օր ժամանակդ տրամադրել էդ զուր բանին, հաստատ մի օր հոգնելու ես ու դադարեցնես գրելը: Ու որոշեցի ինձ պարտավորված չզգալ ամեն օր գրելու: Դրա համար սկսեցի ավելի նպատակային օգտագործել այդքան թանկագին ժամանակս, ու իհարկե, օրագիրս: Իսկ ի՞նչ արեցի ես: Սկսեցի գրել նոր ծանոթությունների, ճամփորդությունների, ճամբարների, և իհարկե, ընկերներիս մասին: Բայց այդ ամենը անիմաստ կլիներ առանց նկարների ու ձևավորումների:

Երբ ընկերներս իմացան, որ ես կյանքի օրագիր ունեմ, այնքան էլ լավ արձագանք չտվեցին, ասելով․

-Քսանմեկերորդ դարն ա, հիմա ո՞վ ա օրագիր պահում: Ամեն ինչ էլեկտրոնային ա:

Անկեղծ ասած՝ ես հենց նման արձագանքի էլ սպասում էի: Շատ չանցած նրանք էլ «վարակվեցին»։

Հիմա իմ կյանքի օրագիրը իմ կյանքի անբաժան մասն է, և ես ոչ մի տեղ չեմ գնում առանց դրա: Ինչ խոսք, համոզվեցի, որ զուր չէ կյանքի օրագիր ունենալը, մի օր հաստատ ցանկություն կունենամ հիշելու անցած օրերը և կարոտով կթերթեմ կյանքիս էջերը:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Նոյեմբերյան, ժամանակի կանչող վկան

Երբեմն մենք հիանում ենք մեր ժամանակակից ճարտարապետների և դիզայներների նոր աշխատանքներով: Շատ հաճախ դրանք այնքան ճոխ են, որ սկսում են ճնշել մարդուն։ Ես այսօր Նոյեմբերյան քաղաքի հին տներից մեկում էի։ Այնտեղ չկար ժամանակակից դիզայն կամ ճարտարապետություն, բայց կար հնություն, հին փայտի հոտ և վերջ ի վերջո, ձեռքով կատարված աշխատանք պատերին, որից հոսում էր ժամանակը, այնտեղ բնակվածների կյանքը, լավ ու վատ օրերը ու մարդկային ջերմությունը։

anahit aperyan

Ինչո՞ւ․ չգիտեմ, կամ թե գիտեմ, բայց․․․

-Կանգնեք այստեղ, շնորհակալություն:

Երկար, ուղիղ և անտարբեր ճանապարհ: Քայլում էր՝ աչքերը հառած անծայրածիր ճանապարհին։ Քայլո՞ւմ, ոչ ուղղակի ոտքերը բնազդաբար շարժվում էին: Անաղմուկ, ոչ մի խանգարող բան չկար, թեև անհեթեթություն էր․ մի՞թե հնարավոր է քայլել առանց դժվարությունների:

-Կա՛նգ առ․․․

Մեղմ քամին կտրուկ փոխվեց սարսափազդու փոթորկի:

-Չե՞ս լսում․․․

Զարմանալի էր, քամին ոռնում է ականջներիդ մեջ, բայց ծառերը չեն ուզում շարժվել:

-Քեզ հետ եմ, ո՞ւր ես գնում, ճանապարհը քո՞նն է, համոզվա՞ծ ես, որ չես շեղվել, կա՛նգ առ:

Լսո՞ւմ էր արդյոք, չգիտեմ։ Անարձագանք էր։ Միայն քամին էր խոսում, ճչում հազար բառերի փոխարեն: Քայլ արեց, սեղմեց ձեռքերը, ուզում էր հետ նայել, բայց չհամարձակվեց։

-Ա՞յդ է քո որոշումն ուրեմն, փախչե՞լ, մոռանա՞լ, ո՞ւր ես փախչում, ումի՞ց, կարծում ես՝ դա կփրկի՞ քեզ, սխալվում ես:

Դադարեցրեց քայլերը, չէ՛, կանգ չառավ, սկսեց վազել, վազել այնպիսի արագությամբ, որ հենց կանգ առավ, զարմացավ՝ մի՞թե վիրավորանքն էլ այդպիսի ընդունակություններ է առաջացնում: Կանգ առավ, ծնկեց և ամուր բռնեց ականջները։ Այլևս ունակ չէր լացելու, գոռալ էր ուզում:

-Ինչո՞ւ չես ուզում հասկանալ ինձ։

Ակնթարթի մեջ մի ստվեր անցավ թիկունքով և շշնջաց այս ամենը:

-Կարծում ես՝ միշտ կարող ես փախչե՞լ, ո՞ւր, ինչի՞ համար։

Լուռ էր, գունատ դեմքով, դուրս ընկած աչքերով և կիսաբաց շուրթերով: Զգում էր, թե ինչպես է շոյում գլուխը, ուզում էր կանգնել․ չկարողացավ: Ուզում էր խոսել․ լռեց:

-Ես․․․ Ես ուզում եմ լսել քեզ։

Լռություն:

-Խոսիր, խնդրում եմ, խոսիր։

Գոռաց։ Գոռաց այնպես, որ ձայնը հավասարվեց սուլացող քամուն: Բնությունը սկսեց զարթնել և շարժել թևերը, գետինը ցնցվեց։ Մեկ ակնթարթ, և նա շրջվեց:

Ոչ ոք չկար:

Նույն ճանապարհը, անձրևն արդեն դադարեցնում էր իր ողբը: Նա նստած էր ճանապարհի եզրին՝ աջ ձեռքը սեղմած քարին, լացակումած աչքերով և գզգզված մազերով:

-Նայիր, համոզվեցի՞ր, իսկ դու ասում էիր՝ չգիտեմ, հիմա հասկացար՝ ինչու՞, հասկացար, թե որն է քո ճանապարհը, շարժվիր, դե՛, ես քեզ հետ եմ։

Բարձրացրեց գլուխը: Նայեց երկնքին, միմյանցից հեռացան ամպերը, արևի ճառագայթ ընկավ դեմքին: Մշուշի հետ կորան թախծոտ աչքերը, կանգնեց, խորը շունչ քաշեց, նայեց իր ճանապարհին և գլուխն առանց խոնարհելու քայլեց։

Ինչը չես գնահատել մինչև հիմա

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Երևի թե նկատած կլինեք վերջերս ֆեյսբուքում և հեռուստատեսությունում հայտնի Հաղարծնի շաբաթի մասին: Արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում եմ որպես լուսանկարիչ-լրագրող: Հաղարծնի շաբաթը տևում է բնականաբար յոթ օր, և այդ օրերը լի են հյուրերով՝ թե ներսից, թե դրսից եկածներով: Շփվում ես տարբեր մարդանց հետ՝ տեսնում մի շարք դրսից եկածների և նրանց անասելի կարոտը բնության նկատմամբ և, վերջ ի վերջո, իրենց մեծ դժվարությամբ կտրվելը կանաչ շապիկավորներից:

Ամեն տարի այդ յոթ օրը ես երբեք չեմ մոռանում, որովհետև ձեռք եմ բերում իսկապես լավ ընկերներ, ավելի ամրապնդում իմ կապը հին ընկերների հետ և, ինչու չէ, նաև սովորում շատ բաներ: Ամեն մեկս մի գծով ենք այնտեղ խորացած՝ կա խոհանոցի պատասխանատ ու իր օգնականներով, էքսկուրսավար, հյուերին դիմավորող, տեխնիկայի պատասխանատու և ես՝ Հաղարծնի շաբաթը լուսաբանող ֆոտոներով և հոդվածներով: Յոթ օրվա մեջ հանդիպում եմ ամեն տեսակ մարդկանց՝ հիմա կներկայացնեմ: Կա այսպիսի տեսակ, երբ իջնում են ավտոբուսից և ստանում այնպիսի հիացմունք և դիմային միմիկա բնությունից, որ մինչև ավտոբուս նստելը չի փոխվում: Կան նաև հայրենիքը կարոտած, իսկապես հայրենասերներ, ովքեր մեքենայից իջնելուն պես նայում են վանական համալիրին, անտառներին և լցված աչքերով համբուրում խաչքարերը: Հա, կա նաև բնականաբար, այս տեսակը, ովքեր հատուկ գալիս են ուղիղ եթեր մտնելու, սելֆիներ անելու և ֆեյսբուքում նշելու, որ եկել են Հաղարծին: Բայց ես համոզված եմ, որ այդ տեսակը ոչինչ էլ չի հասկացել Հաղարծնից, բնությունից, ազգագրական պարերից, ջերմ դիմավորությունից, որովհետև պատկանում են վիրտուալ կյանքով ապրող դասին: Այդպես էլ տանել չկարողաց նաև այս տեսակին.

-Պահ, ձեզ ի՞նչ կա… Կյանքը ձերն ա, աբրում եք էլի: Մաքուր օդը կա, ջուրը կա, բնությունը կա, էլ ի՞նչ եք բողոքում՝ գյուղ ա, էս ա, էն ա… Դզվել եք, էլի…

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Չեմ սիրում ինձնից մեծերի հետ բանավիճել, բայց էսպես ասած, ջանիս հասավ ու ասացի հետևյալը.
-Կներեք, բայց կողքից նայելը շատ գեղեցիկ է: Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ եթե բնություն կա, ուրեմն էստեղ ամեն ինչ թափված է: Կներեք պարոն, բայց անգամ այն գեղեցիկ տնակը, որ կտրված է բլուրի վրա և պատված է գեղեցիկ գույնզգույն փեթակներով, ինչքան գեղեցիկ է, երկու այդքան դժվար դրանց պահելը: Օրինակ, մեկը՝ անընդհատ մաքրել մոլախոտերից, որպեսզի տնակն իր շջակայքով այսպես գեղեցիկ լինի: Հերթով բացել-փակել փեթակները, ստուգել, հետևել, որպեսզի մեղուները չլքեն: Ամեն ինչ կողքից հեշտ է, բայց եկեք գնաք սիրուն տնակի գերհոգնած դեմքերով տատի պապիին նայենք, ովքեր օրվա մեջ տասնհինգ րոպե հանգիստ են ունենում ու էլի աշխատում: Ասե՞մ՝ ինչու: Ձեզ նման քաղաքում չեն աշխատում: Եթե Դուք ուղղակի սպասում եք, որ ձմեռ գա, և քայլեք սպիտակ այգիներով և հարկ եղած դեպքում պտտեք գազօջախի փականը, որպեսզի ջերմանա տունը, ապա այս պապիկը տատիկի հետ միասին արևի տակ աշխատելուց հետո սպասում են հովն ընկնի, որ գնան ցախ բերեն, երկուսով կոտրեն, որպեսզի վառարանով ջերմանան: Կամ ինչո՞ւ եք մեդալի մի կողմը կարդում՝ հա, սիրուն ա, հաճելի ա արթնանալ և մառախուղով պատված սարեր, կանաչ և շուտով դեղին անտառ տեսնել, բայց չե՞ք մտածում, որ կա նաև լիքը բաների պակաս. խմբակների, աշխատատեղերի և մի շարք շատ բաների: Ու կներեք, բայց էստեղ շատ քիչ երեխաներ են, ովքեր կարողանում են գոհ ապրել կյանքից և, ի տարբերություն Ձեզ, ֆոտոներ անել ամենավերջին սերնդի այֆոնով: Հավատացեք, որ անգամ այն տատին ու պապին են հոգնել և ուզում են քաղաքային պայմաններում ապրել և ջերմանալ գազօջախով, ոչ թե մեծ տարիքին ձեռքով փայտ բերեն, ձեռքով կոտրեն և տասը րոպեն մեկ ձեռքով գցեն վառարանը, որպեսզի չկորի ջերմությունը: Բայց հանուն գոյատևելու, բոլորից կտրված մեղուներ են պահում բլուրի վրա, ու կապ չունի, որ գեղեցիկ տեսարանում են տանջվելով աշխատում:
…Ես ոչինչ չասացի, ուղղակի բարի ժամանց մաղթեցի և հետ եկա իմ գործին՝ ֆոտո անելու: Ճաշի ճամին ես իմ բաժինը վերցնում էի, և նստում անտառին ամենամոտ գտնվող նստարանին: Նայում եմ, էլի նույնը. ծնվածս օրվանից նույն ծառերը, նույն անտառները: Բայց երբ ինձ համոզում էի, որ իբր առաջին անգամ եմ տեսել, հասկանում էի, որ իրոք սա է հարստությունը, որի ֆոտոները նայելուց ուղղակի հպարտանում ես, որ դու ես ֆոտոյի հեղինակը և որ ապրում ես այդտեղ ու այն, ինչը թանկ է, բայց չես գնատահում: Ամեն ինչ չի գումարով որոշվում: Գումարով կարող ես գնել մեքենա, տուն, էլեկտրոնիկա, հագուստ, բայց ոչ բնությունը, ոչ էլ այդ ընկերական շրջապատը, որը ես ձեռք եմ բերել այդ յոթ օրվա մեջ:

iveta avagyan

Եռագույն արահետներով

Բարև։ Սա առաջին նյութս է և, կարծում եմ, նախ պետք է ներկայանամ։

Ես Իվետան եմ՝ 16 տարեկան։ Տավուշի մարզի Վ. Կարմիրաղբյուր գյուղից եմ։

Շատ եմ սիրում գրքեր կարդալ, պարել, ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել… Երազկոտ եմ, բայց ոչ այնքան, որ կտրվեմ իրականությունից։ Այնքան էլ չեմ փայլում աշխատասիրությամբ, սակայն երբ որևէ նպատակ եմ դնում, ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար։ Կարճ ասած՝ ես էլ մի սովորական աղջիկ եմ՝ լի նպատակներով ու լավ ապագայի մասին ծրագրերով։

Մոտ 2 տարի է՝ հետևում եմ 17. am-ին, որի մասին իմացել եմ ընկերուհուցս՝ Հասմիկից։ Վերջապես որոշեցի ինքս էլ թղթակցել:

Ուզում եմ Ձեզ պատմել «Եռագույն արահետ»-ի և տպավորություններիս մասին։

«Եռագույն արահետ»-ը հայրենագիտական արշավախումբ է, որը կազմակերպում է վեցօրյա ճամբար։ Ճամբարի ընթացքում ամբողջ ճանապարհն անցնում ենք քայլելով, գիշերում վրաններում, հաղթահարում ճանապարհին հանդիպած խոչընդոտները…

Սկզբում, իհարկե, անսովոր էր (մանավանդ ինձ համար, որովհետև այնքան էլ շփվող չեմ). 6 օր շարունակ քայլել, այդ օրերն անց կացնել առանց հեռախոսի, առավոտյան շատ շուտ արթնանալ, իսկ գիշերը՝ հերթապահությանդ ժամանակ, աչքերդ չորս արած զննել ճամբարի շրջակայքն ու «հսկել» ընկերներիդ քունը…

Իսկ հետո… Հետո հասկանում ես, որ մի ամբողջ անձնակազմ այնպես է կազմակերպել առօրյադ, որ որևէ բանի կարիք չզգաս և նույնիսկ մոռանաս այդ հեռախոս կոչվածի գոյության մասին։ Հասկանում ես, որ անձնակազմը, որն այդպիսի պատասխանատվություն է վերցրել իր ուսերին, լավագույններից լավագույնն է։ Հասկանում ես, որ նրանք միայն մարդիկ չեն, ովքեր պատասխանատվություն են կրում քեզ համար, այլ՝ ավագ ընկերներդ, ում կարիքն զգալիս նույնիսկ չես էլ կասկածի, որ կողքիդ կլինեն։ Հասկանում ես, որ ոչ միայն ծանոթացել ես նախկինում անծանոթ մարդկանց հետ, այլ լավ ընկերներ ես ձեռք բերել։ Հասկանում ես, որ ճամբարից հետո էլ շարունակում ես շուտ արթնանալ, իսկ գիշերները բնազդաբար զարթնել նույնիսկ ամենաթույլ ձայնից։ Եվ, վերջապես, հասկանում ես, որ նոր ընտանիք ունես, որի անունն է՝ «Եռագույն արահետ»։

Հաղարծնի շաբաթ

Օգոստոսի 6-12-ը ընթանում է  Հաղարծնի շաբաթը: Հաղարծինը սպասում է ձեզ  կանաչ շապիկավոր կամավորների  հետ։

marine israyelyan

«Սոխակի տղան» և «Վերք Հայաստանին»

 Համեմատական վերլուծություն

1886-87 թվականներին «Արևելյան մամուլի» էջերում հրապարակվեց Վրթանես Փափազյանի «Սոխակի տղան» վիպակը: Ազգային մշակույթի ու դպրոցների նկատմամբ ցարիզմի սանձարձակ արշավանքները խորին զայրույթով էին համակել հայ դեմոկրատիային: Երիտասարդ գրող Վրթանես Փափազյանն իր այս վիպակով առաջինն է ձեռնամուխ լինում Արևելյան Հայաստանի «տիրոջ» գեղարվեստական մերկացմանը՝ լայն կտավի վրա: Վիպակի կոնֆլիկտային երկշերտ կառույցի մեջ հեղինակը զուգորդում է մի կողմից ցարիզմի և հայ գյուղացիության քաղաքական հակադրության պարագան, իսկ մյուս կողմից՝ սոցիալական ընդվզումները ազգի բուն ներսում: Վիպակի գլխավոր հերոս Կարապետը՝ Սոխակի տղան, իր ընկերների՝ Առաքելի, Ջհանգիրի, Գրիգորի և այլ ըմբոստների հետ, պայքարում է և՛ պետության, և՛ ազգային բուրժուազիայի դեմ: Նրանք իրենց առջև նպատակ էին դրել դեմառդեմ ելնել ցարական չինովնիկության և արևելահայ գյուղացիության հարստահարիչների դեմ, պաշտպանել նրանց շահկատարություններից հողագործ հայի արդար հացն ու ոտնահարված իրավունքները: «Բլբուլի տղան նախախնամություն էր ո՛չ միայն Արարատի, այլև բոլոր Կովկասի ժողովրդյան համար, ահարկու հրեշտակ կաշառակուրծ մարդերի և քաղաքի ավազակների համար»: Վեպի բուն գաղափարը արտահայտվում է գլխավոր հերոսի խոսքերում. «Մեռնիլ, այո՛… Ինչ է կյանքն այսուհետև ինձ համար… Կմեռնիմ, սակայն պետք է դեռևս փոքր-ինչ էլ հնձել «Չինովնիկների» արտը… Պետք է ոչնչացնել հայերիս այս սարդերն և ապա մեռնիլ»: Գրականագիտության մեջ իրավացիորեն նկատվել է, որ «Սոխակի տղան» կրում է «Վերք Հայաստանիի» ազդեցությունը: Եվ ըստ այդմ՝ այս երկու ստեղծագործությունները ունեն մի շարք ընդհանրություններ: Առաջինը՝ երկու վեպերի հերոսներն էլ կոչվում են Աղասի և քանաքեռցի են: Փափազյանն ինքն է հիշատակում Վերքի հերոսին, ասելով, որ իր հերոսը երկրորդ Աղասին է: «Քանաքեռցին չի մոռանալ յուր հայրենակիցը, նրա գերեզմանը գտնվում է այնտեղ-բլրի գագաթին շինված եկեղեցվո դռան մոտ. ամեն օր քանաքեռցին համբուրում է գերեզմանը. գյուղական կինն երազում է Աղասիին, և այդպես եղավ, որ քանաքեռցի Կարապետի Մարիամ կինը 1856-ին ծնավ յուր որդին, դեմքով ճիշտ նման Աղասիին, և անունը դրվեցավ Աղասի: Մարիամ յուր հղիության միջոցին Աղասիի պատկերն ուներ յուր աչքի առջև և երբ ծնավ՝ Արարատին տվավ երկրորդ Աղասի մը…»:

Թեև հերոսի անունը Աղասի էր, սակայն վեպում նա կոչվում է հոր անունով՝ Կարապետ, իսկ ավելի հաճախ՝ Սոխակի տղա: Վիպական ամբողջ տարածքում զգացվում է աբովյանական շունչը, և ինչպես նշել է Աշոտ Օհանյանը, «Սոխակի տղան» Աբովյանի վեպի յուրատեսակ շարունակությունն է: Այն ժամանակագրորեն հաջորդում է «Վերքին»: Եթե «Վերք Հայաստանին» պատկերում էր Արևելյան Հայաստանում պարսկական գերիշխանության ծանր տարիները, հարստահարությունները, դրանց դեմ ժողովրդի պայքարը Աղասու կերպարով և ռուսական հովանին փրկության ափ դիտելը, ապա Փափազյանի վեպում արդեն պատկերվում է ռուսական իշխանության պարագան: Հայտնի է, որ «Վերքը» գրելուց հետո Աբովյանն ինքն էլ կասկածում էր, արդյոք ճի՞շտ էին իր արտահայտած գաղափարները ցարական իշխանության մասին: «Օրհնվի են սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ և ղզլբաշի չար շունչը մեր երկրիցը հալածեց… Աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց, մեզ ռուս թագավորի հզոր աստվածահաստատ ձեռքի տակը բերեց»: Իսկ Աբովյանից մի քանի տասնյակ տարի հետո ռուս թագավորի հզոր «աստվածահաստատ» ձեռքը անսքող դաժանությամբ կտրտում էր հայ ժողովրդի կենսական երակները, ոտքի տակ նետում ու ճզմում, տրորում նրա սրբության սրբոցը՝ դպրոցը, մշակույթը, լեզուն: Այսինքն՝ հայ ժողովուրդը՝ փրկվելով ֆիզիկական ոչնչացումից, կանգնում էր ուծացման անխուսափելի վտանգի առջև, բախվում ցարիզմի սառը և հաշվենկատ քաղաքական ծրագրին, որը 80-ական թվականներին հանգեց չափեր չճանաչող հանդգնության: «Արարատյան նահանգում ռուս «քաղաքակրթյալ» կոչվող իշխանության մեջ գյուղացին չգիտե, թե որտեղից է գալիս հարվածն, ով է հարվածողն և զենքն, այստեղ կողոպուտները, բարբարոսները կառավարության պաշտոնյաներ էին, և քաջալերվում էին նորանից… Այստեղ ևս առևանգվում էին կույսեր, այստեղ ևս ամուսինն յուր աչքով տեսնում էր կնոջ բռնաբարվիլը»: Երկրում տիրող այս վիճակի դեմ էր ելել Սոխակի տղան՝ իր խմբով: Վեպում նշվում է, որ Սոխակի տղան ազգակցական կապերով կապված է Աբովյանի Աղասու հետ և նրա նման, սա ևս օժտված է բազմաթիվ բարեմասնություններով, և հատկապես, աչքի է ընկնում իր արդարամտությամբ: Գովերգվում են նրա արտաքին-ֆիզիկական տվյալները՝ «Ծնված լինելով քաջառողջ կազմվածքով, մանկությունից ի վեր սիրում էր ձի նստիլ, հրացան արձակել և սուր խաղացնել»:

Թե ինչու էր հերոսը կոչվում Սոխակի տղա, հեղինակը բացատրում է այսպես՝ «Քսաներկու տարեկան էր. գյուղացիք այժմյանից նորա անունը Սոխակի տղա էին կնքել, որովհետև անմխիթար մարդուն, ինչպես որ սոխակի երգը հանգչեցնում է, Աղասին էլ յուր խոսքերով քաջալերություններովը հանգստացնում էր յուրաքանչյուր գյուղացու, հաշտեցնում էր նոցա մեջ եղած կռիվները, բարին հարգում էր նորան, իսկ չարն ատում, որովհետև վախենում էր նորանից: Ամեն ոք գիտեր, որ սոխակի որդու տված գավազանի հարվածը նշանավոր էր»: Փափազյանի վեպի նմանությունը Աբովյանի վեպին արտահայտվում է նաև նրա ողբերգական ավարտով. խնջույքում արբեցած Սոխակի տղային, որին տանուտեր Հայրապետը կազակներից թաքցրել էր խոտի դեզի մեջ, այրում են նույն այդ դեզի մեջ: «Մեկնիմեկ մի քանի խուրձեր վար թափվեցին, դեզը փլեց և կրակի մեջ տեսնվեցավ մի դաժան ստվեր, այրվող և ծփացող մազերով, ձեռքերը առաջ տարածած, դեմքը հանդարտ, և սակայն աչքերը կատաղությամբ ուղղած դեպի չինովնիկը…»: Իսկ վերջին պատկերում, ուր նկարագրվում է Աղասու ընկեր Գրիգորի այցը ընկերոջ և նրա սիրեցյալ Վարդուհու գերեզմանին, տեսնում ենք Վերքի «Զանգի» հավելվածի ազդեցությունը:

«Իմացավ, որ մի անհայտ ձեռք գերեզմանի մեջ միացրել է երկու սիրողներին. Կռթնեց ուռենիին, արտասվեց, ապա կռացավ և գրեց գերեզմանի վրա Սոխակի Որդվո երգած երգի երկու տեղերը.

… Լուսին, ծածկվիր, ընկերդ հանգչեց,

Գերեզման, բացվիր, սոխակը լռեց…

Ենոքավան