Wake up Europe. Երևան, Օր 1-ին

«Մանանա» կենտրոնը (Հայաստան), Cafe Babel-ը (Ֆրանսիա) ու AreWeEurope-ը (Բելգիա)  հոկտեմբերի 9-15-ը Երևանում անց են կացնում Wake up Europe համատեղ ծրագիրը:

Լրագրությամբ հետաքրքրված 30 երիտասարդներս Եվրոպայի տարբեր երկրներից` Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լյուքսեմբուրգից, Դանիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելգիայից և Հայաստանից հինգ օր շարունակ սովորելու և աշխատելու ենք ժամանակակից լրագրության չորս հիմնական ուղղություններով:

Լրագրության  խմբի   պատասխանատուն է Միք Տեր Ռիհորսթը: Այս ընթացքում Միքը, Լեա Մարշալը, Կիրիլ Հարթոգը դասընթացներ կվարեն «Գաղափարից մինչև պատմություն», «Ինչպես կառուցել օրիգինալ պատմություն», «Ինչպես ինտեգրել  պատմությունը մուլտիմեդիային» թեմաներով:

Վիզուալ լրագրության պատասխանատուն է Քրիստիան Հելգի Բյուսեն: «Գաղափարից մինչև ֆիլմ», «Ինչպես կառուցել ֆիլմը», «Ինչպես պատմել պատկերների միջոցով» դասընթացները վարելու են Քրիստիանը, Մաթիլդեն, Ալեսիան:

Փոթքասթի պատասխանատուն է Անտուան Լերոն: «Գաղափարից մինչև սցենար», «Ինչպես կառուցել և ձայնագրել փոդքասթը», «Ինչպես լարված պահել ունկնդրի ուշադրությունը» թեմաներով դասընթացներ կվարեն Անտուանը, Ալեքսանդր Ռիչին, Հելեն Փիլոն:

Տվյալների լրագրություն և դիզայն խմբի պատասխանատուն է Մարիյե Մարթենսը: «Գաղափարից մինչև վեբկայք», «Ինչպես ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ», «Ինչպես կազմակերպել սեփական տեղեկությունները» թեմաներով խոսելու են Մարիյեն և Ալեքսանդրը:

Մասնակիցներին հյուրընկալելուց հետ «Մանանա» կենտրոնից Հովնան Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանն ու նրա պատմության կարևոր էջերը, ինչպես նաև «Մանանա» կենտրոնի քսանհինգամյա գործունեության համառոտ պատմությունը: Հարցուպատասխանից, ակտիվ քննարկումներից հետո պարզեցի, որ Մարսելից հայազգի մասնակից ունենք` Աստղիկը: Անկախ ինձնից անգլերեն բարևեցի, բայց ստացա հայերեն պատասխան (մի այլ կարգի հաճելի պահ): Աստղիկը 21 տարեկան է ու մասնագիտությամբ լրագրող: Չնայած ծնվել ու մեծացել է Մարսելում` հայերեն և’ խոսում է, և’ գրում:

Հետո Միքը Հայաստանի ու լրագրության մասին ինտերակտիվ խաղի ֆորմատով բլից հարցեր էր պատրաստել: Իսկ վերջում արդեն բաժանվեցինք խմբերի: Ես նախօրոք ընտրել էի «վիզուալ» խումբը, որի ընթացքում քննարկեցինք թե ինչպես գաղափարը վերածել ֆիլմի, ինչպես խմբագրել այն ու ինչպես պատմել նկարների օգնությամբ հարցերը: Օրը շատ հագեցած էր, ու չնկատեցի, թե ինչպես մթնեց: Հա մոռացա նշել, որ տնային աշխատանք ունեմ` ներկայացնել սեփական ֆոտո/վիդեո աշխատանքներս: Դե ես գնացի ֆոտոներ ընտրելու…