seda mkhitaryan

Ալարելու ժամանակը

Արև չկա այսօր։ Չնայած օգոստոսն է, բայց արևն ալարել է դուրս գալ։ Օգոստոսին բոլորս ալարում ենք։

Ես…

Դու…

Արևը…

Գոնե անձրև գար…

Փռվել եմ բազմոցին։ Մրսում եմ, որովհետև արև չկա, որովհետև ալարել է դուրս գալ։ Ու ես մրսում եմ։ Ալարում եմ ծածկոցը քաշել վրաս։ Ու մրսում եմ։

Ալարում եմ երգը փոխել ու Clocker-ը մի ժամ կլինի հրամայում է` մնա։

Չի հրամայում, ես եմ ենթարկվում, որովհետև ուզում եմ մնալ։ Ավելի ճիշտ` ալարում եմ գնամ։ Գնամ՝ անգլերեն պարապեմ, ծաղիկ ջրեմ, հին ծաղիկները ծաղկամանից թափեմ, փոշիները հավաքեմ, դուռը փակեմ, որ չմրսեմ։

Չգիտեմ՝ ինչ ականատ է մտքերդ լարում, բայց ես մնում եմ, սիրելի Clocker:

Դարակում արդուկելու շորեր կան, իսկ ես ալարում եմ անգամ ծածկոցը բերել։ Ու մրսում եմ։

Մյուս դարակում լիքը գիրք կա։ Կարդալու համար։ Իսկ ես ալարում եմ դուռը փակել։ Ու մրսում եմ։

Խոհանոցի սեղանին ափսեներ կան։ Լվանալու համար։ Իսկ ես ալարում եմ երգը փոխել։ Ու մնում եմ։

Ու փոշիները մնում են առանց հավաքվելու, շորերը` արդուկվելու, գրքերը` կարդալու, ափսեները` լվանալու, ծաղիկները` չոր, դուռը` բաց, իսկ ես` մրսած։

Ամպերը չալարեցին… Անձրև եկավ… Գոնե…

Ու ես ավելի եմ մրսում։