arxiv

Ամառային երեկոները զբոսայգում

Դեռ տանն եմ: Հեռախոսը զնգաց: Ընկերուհիս էր զանգողը: Ես նրա հետ մի քիչ չաչանակեցի, ասացի, որ զբոսայգում կհանդիպենք:

Հունիս ամիսն է. իմ սիրած ամիսը, որ ասես հրաշք լինի, երբ արձակուրդները նոր են սկսվում, և երբ ոչ ոք դեռ հանգստի գնացած չի լինում: Հունիսին դասընկերներիս չեմ կարոտում, թեև արձակուրդ է, որովհետև զբոսայգում հանդիպում ենք, հանգիստ, առանց մտածելու դասերի մասին: Քույրս ու եղբայրս պատրաստ են: Հայրիկս այս անգամ մեզ հետ չի գալու (որոշել է տանը մնալ, որ առանց մեր աղմուկի ինչ-որ բան գրի): Մայրս կոշիկները հագավ, ու տանից դուրս եկանք: Բոլորը կարծում են, թե մենք զբոսայգի ենք գնում: Միայն թե ես, հանկարծ ոչ մեկին չասեք, զբոսայգի չեմ գնում: Ես գնում եմ հրաշքին ընդառաջ: Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ մարդիկ հանգիստ են ու ոչ մի տեղ չեն շտապում: Մի քիչ մութ է այգում, ծառերն էլ բարձր են, կարծես անտառում լինեմ, այն էլ՝ մարդկանցով լի անտառում: Կարելի է այն սպիտակ մազերով տատիկից արևածաղիկ գնել: Իհարկե, նա կպնդի, որ արևածաղիկ գնողները պետք է կշռվեն, ես կկշռվեմ արդեն ծանոթ կշեռքով: Իսկ նա շաբաթվա մեջ 7-րդ անգամ, ամսվա մեջ՝ 30-րդ, նույն՝ բարեհամբույր տոնով կկրկնի իմ քաշը: Ա՜խ, ու՞ր էր, թե աշխարհի բոլոր մարդիկ այդ տատիկի պես բարի լինեին:

Զբոսայգում բոլորը հանգիստ զրուցում են իրենց հոգսերից ու դժվարություններից, երբեմն, նույնիսկ, միմյանց չեն էլ լսում, միայն խոսում են ու, երևի, այդպիսով թեթևանում: Միգուցե միայն ծառերն են նրանց լսում կամ Գետառը, կամ էլ՝ քամին, միևնույն է, թե ով, կարևորն այն է, որ բոլորը հանգիստ, շատ հանգիստ են:

Նանե Սահակյան, 14տ., 2003թ.