tigran mamyan

ԹԵ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ԿՈԹԻ ԳՅՈՒՂԻ ՀԵՏԱԳԱ ԿՅԱՆՔԸ

Ես մեկնելու եմ զինվորական ծառայության, մեկ տարի է մնացել: Համոզված եմ, որ ինձ համար ավելի հեշտ է լինելու ծառայել  հայրենիքիս, քանի որ ապրելով սահմանամերձ գյուղում` Կոթիում, ականտես եմ լինում պատերազմական իրադրության, երբ ամեն անսպասելի պահի կարող են հնչել ճակատագրական կրակոցներ:

Պատմեմ մի դեպք, որը կատարվել է ինձ հետ: Ինչպես միշտ, մենք ընկերներով դուրս էինք եկել զրուցելու, պատմելու, թե ինչ նորություններ կան: Ընկերոջս պատմությունները լսելու ժամանակ լսվեց բարձր կրակոցի ձայն, բայց ուշադրություն չդարձրեցինք: Ընկերս սկսեց պատմել պատմության շարունակությունը, բայց այս անգամ լսվեցին ավելի բարձր ռմբակոծության ձայներ: Սկսվեց խուճապ: Այդ պահին նկատեցի, թե ինչպես բազում տներ անջատեցին իրենց տան լույսերը, որպեսզի թշնամին այդ լույսերը չօգտագործի դիպուկ ռմբակոծության համար: Մենք ինքներս շտապում էինք ապահով վայր՝ թշնամու գնդակներից խուսափելու համար: Զանգում էին  մեր ծնողները, հարցնելու՝  ո՞ւր ենք, արդյոք ապահո՞վ ենք, գնանք տուն արագ: Մենք բոլորս շտապում էինք հասնել տուն, լինել ընտանիքի անդամների հետ: Դա առաջին կրակոցներն էին, որոնք հնչեցին սեպտեմբերի երկուսի գիշերը, ժամը չեմ կարող հիշել:
Լավ, պատմեմ շարունակությունը: Տանն ինձ խրատում էին, թե ինչի եմ այդ ժամին դրսում: Ծնողներս անգամ ասում էին, որ այլևս դուրս չեմ գալու գիշերային ժամերին:
Այդ գիշերն անհանգիստ անցավ: Ուզում էի ժամ առաջ իմանալ, թե ի՞նչ վնասներ է եղել գյուղում, ի՞նչ է եղել ընդհանրապես հարևան գյուղերում, կարելի է ասել, «պատերազմից հետո»:

Մտա սոցիալական ցանցի իմ էջը, գրեցի ընկերոջս՝ Հարութին. «Կրակո՞ւմ են հըլը դրանք ձեր թաղերի վրա, ի՞նչ ա էլել, բան-ման չի՞ եղել, ի՞նչ գիդես»: Ընկերս չգիտեր կոնկրետ տեղեկություն: Նաև գրեցի Ոսկևանի, Բաղանիսի ընկերներիս նորությունների համար, գրեցի Բաղանիսից Դերենիկին, ասաց, որ կրակում են դեռ, բայց չգիտեմ ինչ  ա եղել դրա հետևանքով: Ասացի. «Նորությունների դեպքում կտեղեկացնես»:

Առավոտյան բոլոր գյուղացիները խոսում էին գիշերվա տիրած իրավիճակի հետևանքների մասին: Ծնողներս որոշել էին, որ ինձ ուղարկեն մեր գյուղի սարը: Սարում ավելի ապահով է: Բայց ես չէի ուզում գնալ սար: Տիրող իրավիճակից չէի ցանկանում թողնել գյուղս, ծնողներիս, հարազատներիս, բայց ստիպված էի գնալ:
Ինչպես ասացի, գնացի մեր գյուղի սարը, որտեղ ապրում էին պապիկս ու տատիկս: Երբ ինձ տեսան, շատ էին զարմացել: Կարոտել էի տատիկիս ու պապիկիս. փաթաթվեցինք, ողջագուրվեցինք, նստեցինք սեղանի մոտ: Վառած էր ճրագը, պատրաստվում էինք ճաշելու: Հարցրեցին, թե ինչպե՞ս է գյուղում, կրակել ե՞ն թուրքերը, ո՞նց ա իրավիճակը: Պատասխանս շատ տխուր էր: Գիշերը սկսել են ռմբակոծելը: Որոշ ժամանակ սարում մնալուց հետո իրավիճակը  հանդարտվել էր, վերադարձա գյուղ: Գյուղում մի քանի օր մնալուց հետո իրավիճակը հանդարտ էր, բայց ինչպես միշտ գիշերը սկսվեցին կրակոցները: Իրավիճակն այնքան բարդացավ, որ հնարավոր չէր մնալ տանը: Մի քանի ընտանիքով գնացինք հարևանի նկուղային հարկը: Շատ անհանգիստ էինք, չգիտեինք, թե ինչ կլինի մեր ճակատագիրը՝ կլուսացնե՞նք արդյոք այդ տանջալից առավոտը:

Սկսեցինք զրուցել: Տան մեծ մայրը հիշում էր անցած-գնացած օրերը, 1990-ական թվերի պատերազմական իրավիճակը ներկայացնում, երբ կրակում էին ավելի խոշոր տրամաչափի զենքերով, անգամ տանկերով ու հրանոթներով: Գյուղում տիրում էր ծանր իրավիճակ: Պատմեց նաև, որ իրենք սահմանում կանգնած գյուղացիներին, զինվորներին ինչով կարողանում էին` մատակարարում էին: Նաև պատմեց նաև, որ այն ժամանակ էլ բազում գյուղացիներ գալիս էին իրենց նկուղում պատսպարվելու: Նկուղը դարձել էր ապաստարան: Բոլորը շատ լարված էին, և տանտերը նկուղում գտնում է հոնի օղին ու բացում:

Տղամարդիկ սկսում են կենաց ասել, խմել բացում են ձմեռվա համար նախատեսված պահածոներն ու ուտում և մի պահ մոռանում, որ կռիվ է:

Այսօր էլ մեր գյուղացիներն օրհնում են Սերյոժա Վերանյանի օջախը, որ այդ ծանր իրավիճակում օգնել են համագյուղացիներին` իրենց հարկի տակ պատսպարելով բազմաթիվ կոթեցիների:

2016/03/25