nare sharmazanova

Ամենակարևորը

Ամենակարևորը աչքով չես տեսնի… Աչքով ֆիքսածը նրանց գրեթե բոլորի դեպքում նույնն է՝ մարդ, որը օգնության կարիք ունի կամ, ինչպես ընդունված է հայերի մեջ ասել՝ ողորմություն է խնդրում: Կարճ ասած՝ մուրացկան է:

Այս մարդիկ բոլոր երկրներում նույնն են՝ Երևանում, թե Աթենքում, որտեղ հանդիպել եմ նրանց: Նույնն է տառապանքը և անդունդը: Տառապանք, որ զգում եմ ամեն անգամ, երբ հանդիպում եմ, և անդունդ, որ անկախ մեր կամքից ցցված է մեր միջև:

Այդ տառապանքը դառնում է ամենակարևորը: Այն աչքով չես տեսնի, ոչ էլ կչափես կամ կհոտոտես: Այն թևածում է մեզ բաժանող հսկայական անդունդի վրա՝ միացնելով մեզ: Ինչ-որ սահմանում մենք միասին ենք այդ տառապանքի մեջ. ես, որ տեսնում եմ նրան, ամեն անգամ յուրովի ուսումնասիրելով հետաքրքրասեր հետազոտողի պես, կարծես նոր գտածո հայտնաբերած լինեմ: Չէ որ նա ինձ նման է, այնպիսին է, ինչպիսին փողոցի անցորդներն են, բայց ինչու՞ է այստեղ, ինչու՞ է այս եզրագծին, որտե՞ղ են հարազատները: Գուցե չունի: Էդ դեպքում ՝ ո՞վ եմ ես, որ նրա ցեղատեսակից եմ, գուցե ե՞ս եմ նրա հարազատը, իսկ ինչո՞ւ չեմ մոտենում, զրուցում նրա հետ:

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

Գուցե սպասում է, որ մոտենամ, ի՞նչ կլինի, եթե բարևեմ. մի կարճ բարև… Գուցե ստացվի զրույցը, ու խոսենք այն ամենից, ինչը տառապանք է բերում երկուսիս էլ:

Հասկացա՝ վախենում եմ: Մինչ այդ խղճում էի, հետո երկար մտածում էի՝ ինչո՞ւ, իսկ հիմա… Հիմա ոչինչ չկա: Ու մեզ բաժանող անդունդի վրա կախված է «ոչինչը», որ դարձյալ միացնում է մեզ:

Տեր Աստված, ես բթացել եմ` ոչինչ չեմ զգում: Ես էլ նրա նման նայում եմ ու չեմ զգում: Երբ առաջին անգամ եկավ մուրալու, նա էլ էր վախենում, գուցե սարսափում էր, հետո ամաչեց, հետո… Հետո եկավ այդ սարսափելի «ոչինչը»:

Մենք դարձյալ միասին ենք. էլ տառապանք չկա: Մեզ բաժանող հսկայական անդունդի վրա կախված է «ոչինչը»: Ոչինչ չասող աչքեր, որ ամենակարևորը չեն տեսնում: