Sargis մելքօնյան

Այն, ինչ երեկ զենք էր, այսօր ուտելիք է…

Բոլորովին վերջերս, երբ նկատեցի, որ  ծառերի վրայից արդեն  թափվել են բողբոջները, ու հայտնվել են ցոգոլները, ակամայից հիշեցի հինգ-վեց տարեկան ժամանակներս, երբ թաղի երեխեքով դուրս էինք գալիս փողոց ու «խաղում»: Ինչու «խաղում», որովհետև խաղալիս միշտ աղմկում էինք ուրախությունից և ազդում հարևանների նյարդերի վրա՝ անկախ այն փաստից, որ իրենց երեխան էլ էր խաղում: Խաղում էինք ամեն  տեսակի խաղեր՝ գործնագործ, ֆուտբոլ, վոլեյբոլ, իննուկ, տասնուկ, ռեզին, պարան, հալա-մուլա, պահմտոցի, յոթ քար,  քսանհինգ, խոզուկ… Ու կռիվ-կռիվ՝ հատկապես ապրիլ-մայիս ամիսներին: Կռիվ-կռիվ խաղում էին բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու ժամանակի առկայությունից: Խաղում էինք հատուկ  ձևով: Բաժանվում էինք երկու խմբի: Հավաքում էինք  «զենք-զինամթերք»՝  ինչքան շատ, այնքան լավ, ու թաքնվում էինք պատերի արանքներում (մի զարմացեք, գյուղում կան տներ, որոնց հիմնական պատերը իրարից երեսուն- երեսունհինգ սանտիմետր են հեռու), մեծ ծառերի հետևում, ծառերի ճյուղերի, տանիքների վրա, գոմերի մեջ: Հետո թիմերից մեկի հրամանատարը ազդարարում էր խաղի սկիզբը երգելով ու ասելով .

-Առաջ, առաջ, առաջ մարտի՜:

Տեսնենք,  թե ո՞վ կհաղթի…

Դրանից հետո դուրս էին գալիս հետախույզները՝ ընդ որում, երկու թիմերից էլ, ու մնացած թաքնվածները պետք է հավաքած «զենք-զինամթերքով» (ցոգոլներով) հարվածեին հետախույզներին, մինչև գերի վերցնելը: Այնուհետև սկսում էին ծավալվել հիմնական գործողությունները՝ դուրս էին գալիս հանդիպակած մարտի: Ու այստեղ սկսվում էր ցոգոլների անձրևը՝ վա՜յ, գլուխս… Ա՜խ, ձեռքս… Ա՜, ա՜, ա՜, վա՜յ, մամա ջան… Իսկ շատ փոքրերը՝ իմ նման՝ ը՜հ, ը՜հ, ը՜հ, ա՜… Լացում էին անդադար…

Երեկոյան փողոցը կանաչ էր, ծառերը՝ մերկ, աչքերը՝ կապույտ և արցունքոտ: Տրամադրությունը՞… Տրամադրությունը՝ բարձր, չնայած վնասվածքներին… Ախ, մեծերի՜նը…  Այլևս փողոց չթողնելու…

Մի երկու տարի առաջ էլի հիշել էինք մանկությունը: Ափսոս, ամառ էր, թե չէ, էլի ցոգոլակռիվ կխաղայինք: Բայց դե ոչինչ չէր կարող կանգնեցնել մեզ… Խաղացինք հասած,  կարմիր բալերով: Օրվա վերջում շորերը ու ամեն ինչ փողոցում կարմրել էին… Դրանից հետո իրոք մեզ մի քանի օր փողոց չթողեցին: Մենք էինք անում լվացքը, արդուկը ու ողջ բերքահավաքը՝ որպես պատիժ…  Այն, ինչ երեկ զենք էր, այսօր հաճույքով ուտում ենք՝ հիշելով ցոգոլային պատերազմն ու դրա հետևանքները …