suren manukyan

Անզգայության օրեր

Արևի վառ շողերը արտածում էին պատուհանի պատկերը մուգ վարագույրի վրա։ Դրսում լուսավոր էր։ Իսկ ի՞նչ կար ներսում: Ամայի անապատում արդեն քանի օր է լույսը չէր բացվում: Չկային անգամ կապտաճերմակ վառ լույսով վառվող լուսինները: Չկար նաև գիշերային անդորրն ու խաղաղությունը: Անձև փոթորիկները արդեն որերորդ օրն է պտտվում էին այնտեղ, մշուշով ու փոշով պատելով ողջ հորիզոնը: Այո, ամենը տակնուվրա էր եղել և պարզ չէր ոչինչ: Մտքերն ու զգացմունքները միախառնվել էին իրար և գողացել սեփական կյանքը իր տիրոջից:

Առաջվա դեղին ավազի փոխարեն անապատում գորշ ու ճաքճքած հող էր։ Փոշին ու անկանոն իրարանցումը բեռնել էին ամենը թմրածության մեջ: Ոչինչ չէր երևում: Բայց զգացումը, որ ոչինչ չկա բաբախում էր անապատի հողերի տակ՝ իր սրտում: Երբվանից էր ծաղկող այդ քաղաքը վերածվել անապատի, եթե մի քանի օր առաջ դեռ երևում էին սրածայր գմբեթներով ու վառ կանաչ մշտադալարներով պատված աշտարակները: Իսկ գուցե դա պատրանք էր, գուցե իրականում քաղաքը վաղուց էր փլվել ու վաղուց արդեն այնտեղ ոչ մի կենդանի շունչ չկար: Անճոռնի որդեր ու հազարոտնուկներ միայն՝ փլատակների տարբեր անկյուններում:

Արդեն որքան ժամանակ է, ինչ քնելը դարձել էր տառապանք նրա համար: Նա ժամերով շուռումուռ էր գալիս անկողնում ու վերջապես հանձնվելով՝ ձգվում էր դեպի հարազատ էկրանը: Միայնության այս դարում, որտեղ մարդկային հարաբերությունները նման էին դիմակահանդեսի, հեռախոսը դարձել էր նրա միակ այլընտրանքը: Այո, այլընտրանքը, որովհետև հակառակ դեպքում նրա էությունը մնում էր փակված մարմնի պատյանի ետևում։ Եվ ի՞նչ այդ դեպքում: Ո՞րն էր նրա գոյության ապացույցը։ Ո՞վ կասեր, թե նա կա, եթե ոչ ոք չգիտեր դա։ Երևի թե նա շատ էր խորասուզվել կյանքի ու գոյության իմաստի որոնումներում, դրա համար ջնջվել ու լղոզվել էին բոլոր սահմաններն ու եզրագծերը: Ամենը մի մեծ աբստրակտ էր: Այնքան մեծ, որ եթե չլինեին այդ էկրանի հիպնոսացնող ճառագայթներն ու նրանում զետեղված բթացնող բովանդակությունը, որոնց կամովին տրվում էր նա, այդ աբստրակտը ճնշմանը չդիմանալով՝ դուրս կհոսեր նրա աչքերից ու ականջներից, չնայած՝ աչքերում կարմիր աբստրակտի պակաս չէր զգացվում:

Իսկ երե՞կ: Երեկ նրան լքեց ներսում բնակվող միակ մարդը: Երեկը փոխեց ամեն ինչ: Արդյո՞ք փոխեց, թե՞ ամենինչ շուտ էր փոխվել: Արտաքին աշխարհում նա ուներ իր կյանքը՝ ընկերներ, մարդիկ, ովքեր հոգ էին տանում իր մասին: Իսկ ներսում անապատն էր: Այդ ներսը անգամ ինքը չէր հասկանում, ուր է թե՝ ուրիշը: Ո՞վ էր այնտեղ բնակվում: Կամ ովքեր: Նա որոշել էր արհամարհել այն, բայց թաքուն վախենում էր, որ մի օր այն վրա կհասնի։ Եվ նա իրավացի էր:

Երեկ կորավ ախորժակը, քնելը տառապանքից վերածվեց հրեղեն դժոխքի ու կապ չունի, որ նոր բարձ էր գնել: Իսկ գլխացավը նրա անկոչ ընկերն էր դարձել:

Օրերն անցնում էին էկրանների տրամադրած յուրօրինակ կոմայի մեջ, նրա լայն չռած աչքերի հետևում չէր վերլուծվում ոչ մի միտք ու զգացում: Ոսպնյակների միջով անցնում էին տարբեր բնույթի պատկերներ, որոնք ոչինչ չէին փոխում ներսում: Միակ բանը, որ փոխվում էր, ժամանակն էր։ Նրա գոյությունը նախորդ վայրկյանից տեղափոխվում էր հաջորդ:

Երբ տեսա նրան, որոշ ժամանակ հետո նա ժպտում էր, ավելի ճիշտ՝ նրա հագին ժպիտ էր: Իհարկե, ով է սեփական դեմքով դուրս գալիս, ամենավերջին երջանիկը անգամ գոնե կյանքի վատ փորձի քսան դրամ ունի իր գրպանում, որ մի դիմակ գնի իր համար, ամենասովորականը թեկուզ:

Իսկ նա… Նրա դիմակների պահեստը շատ մեծ էր: Դրա համար էլ նա արդեն ի՜նքը չէր տեսնում, թե ով է դիմակի ետևում, և որն էր դրանցից իր իսկական դեմքը:

Նրան չմեղադրեք, չէ՜, ես չեմ մեղադրում: Վերջիվերջո, մեզնից ով է կարողանում տարբերել իր իսկական դեմքը սեփական դիմակների բազմության մեջ: Իսկ կա արդյոք դեմք, թե բոլորս միայն դիմակների բազմություններ ենք: Եթե այո, ապա ով ենք մենք։