Ani avetisyan

Անժամանակ

Սա Արարատյան դաշտի առավոտների հետ ոչ մի կապ չունի։ Սա սովորական առավոտ է ու բոլորովին էլ լուսապայծառ չէ։

Այստեղ ծաղիկներն արդեն այրվել են, բայց այս անգամ հաստատ լուսապայծառ արևից։

Այստեղ ջրի առատությունը  հակադարձ համեմատական է արևի ուժգնությանը, կամ, գուցե նոր սպասարկող ընկերության «բարեխիղճ» գործունեությանը։

Բայց այստեղ ամենակարևորը առավոտները չեն, ու ոչ էլ երեկոները։ Այստեղ օրերի հերթափոխն ընդհանրապես էական էլ չէ։

Այստեղ ավելի կարևոր է մեր` այդ ժամանակներից ու տարածությունից դուրս լինելը, կամ` դուրս մնալը։ Իսկ դա էլ` երբ քեզ համար ցանկացած ժամանակից ավելի անհրաժեշտ կամ գուցե ոչ  անհրաժեշտ, բայց կարևոր մի բան կա։ Հոգ չէ, թե մի օր hետ կնայես ու աշխարհում դրանից անկարևոր բան  եղած էլ չի լինի։

Հետո գալիս է դատարկությունը։ Ու դատարկությունը լցնել փորձում ես հնարավոր ամեն ինչով` գիրք, երգ, աշխատանք։ Միայն թե` ազատ ժամանակ չլինի։ Միայն թե` ազատ ժամանակներդ չծախես մարդկանց համար, ովքեր, հաստատ գիտես` ոչինչ չունեն քեզ համար, և դու էլ` նրանց։ Միայն թե` ժամանակդ չծախսես նրանց համար, ովքեր, իրականում ավելի կարևոր են, քան ցանկացած ժամանակ ու ցանկացած չափման միավոր, որ հաշվում է այդ ժամանակը։

Այստեղ` ժամանակներից ու տարածությունից դուրս մենք մտածելու ավելի շատ բաներ ունենք։

Բացում եմ աչքերս` ուղիղ մեկ ամիս ժամանակ ունեմ` վեր ամեն տեսակ ժամանակային կապանքներից։ Մեկ ամսում անգիր հիշում եմ միայն  տասը օրեր, իրենց հատուկ ժամերով։ Այդ մեկ ամսում հասցնում եմ լինել Երկրում, բայց դրանից դուրս։ Լինել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների կենտրոնում, բայց չհասկանալ` ինչ եղավ կամ ինչպես։ Ու ոչ էլ հետաքրքրվել` ինչու։ Զարմանալ կարելի է, չէ՞։ Բայց տարվա մեջ մի քանի անգամ թույլատրվում է, հատկապես, երբ ուսանող ես, հատկապես, երբ քեզ համար մեկ ամիս ժամանակ կա` աշխարհի կենտրոնում ու նրանից մի քանի լուսնային տարի հեռու լինելու համար։

Հետո սկսվում է ամառային զորակոչ կոչվածը։ Եվ դու հիշում ես, որ եթե մինչ այս այդ զորակոչը քեզ բաժանում էր քեզանից մի քանի տարի մեծ եղբայրներիցդ, հիմա ինքդ ես  զորակոչային տարիքում։ Ոչինչ, որ աղջիկ ես։ Ոչինչ։ Որովհետև հիմա բանակ գնում են քո տարիքի տղաները, ու հիմա զգացողություններդ լրիվ ուրիշ են։  Որովհետև դասընկերներիդ երևի առաջին անգամ  տեսնում ես արդեն կարճ, շատ կարճ մազերով, և  մինչ երկու տարվա ամրությամբ գրկելն ու հրաժեշտը՝ ամբողջ երկու րոպե  ունես` հասկանալու, որ մեծացել ես։  Որ քեզ հետ դասից փախչող, քեզ հետ տան ամենահամով պահածոները բերող ու «քեֆ անող» երեխեքը գնում են բանակ։ Ուրեմն` դու էլ ես մեծացել։ Կամ, գոնե ինչ-որ բան նույնը չի էլ։

Որ նույնը չի լինի։

Որ էդ պահին բանակի, զինվորի մասին հումորները նույնքան ծիծաղելի չեն, որ արդեն ամեն անգամ էդ բառի հետ իրենցից մեկի ձայնը դողում է, ու քոնն էլ։ Որ Նարեկն արդեն «Ես Եղնիկներ եմ գնալու»-ն նույն ձևով չի ասում, ու ընդհանրապես, շատ քիչ է ասում։

Ու, ընդհանրապես,  շատ քիչ ենք խոսում։