anna qocharyan lori

Անծանոթնե՞ր, թե՞ ընտանիք

Մինչև հիմա հիշում եմ այն օրը, երբ ինքնաթիռս վայրէջք կատարեց, ու հանդիպեցի իմ առաջին հյուրընկալ (հոսթ) ընտանիքին։ Առաջին տպավորությունը շատ կարևոր է, քանի որ դա այն եզակի երևույթներից է, որ միակն է և կրկնվել չի կարող։ Ընտանիքիս անդամներն ինձ վրա դրական ու կենսուրախ մարդկանց տպավորություն թողեցին։ Նրանց հետագա վերաբերմունքից կարող եմ դատել, որ ես էլ նույնքան լավ տպավորություն եմ թողել իրենց վրա։ Ես պետք է այս ընտանիքիս հետ ապրեի այնքան ժամանակ, մինչև ինձ համար հիմնական ընտանիք կգտնվեր։

Բոլորիս հայկական ընտանիքներն էլ տարբեր են, բայց, ընդհանուր առմամբ, մեր սովորույթներն ու ավանդույթները գրեթե նույնն են։ Իսկ ես պետք է ապրեի մի ընտանիքում, որտեղ ամեն ինչ այլ էր, ու գաղափար չունեի նույնիսկ ամենատարրական երևույթների մասին։ Չգիտեի, թե որ ժամին են քնում ու արթնանում, սիրո՞ւմ են արդյոք հեռուստացույց դիտել, թե՞ ոչ։ Նույնիսկ այդ փոքրիկ փոփոխությունները կարող են մարդու վրա մեծ ազդեցություն ունենալ։ Ու ամեն ինչ կարող է ճնշող ու անհանգստացնող լինել, եթե չստանաս հյուրընկալ ընտանիքի աջակցությունն ու սերը։ Ու տարբեր ազգերի, կրոնների, ռասսաների պատկանելու հարցը չի խանգարում միմյանց սիրելուն ու հարգելուն։ Նրանք քեզ սիրում են այնպիսին, ինչպիսին դու կաս։

Եկավ այն պահը, երբ պետք է տեղափոխվեի իմ հիմնական ընտանիք։ Առաջին ընտանիքիս հետ ապրեցի երկու շաբաթ, բայց բաժանումը բավականին դժվար էր։ Արդեն հարմարվել էի տան կարգ ու կանոնին, ու թվում էր, թե աշխարհը շուռ է եկել, ու պետք է ամեն ինչ նորից ու զրոյից սկսել։ Իրականում այդպես էլ կար, պետք է ամեն ինչ նորից սկսեի, բայց դա շատ արագ ու հեշտ ստացվեց, քանի որ ես ունեի աշխարհի ամենալավ, ամենաբարի, ամենաաջակցող հոսթ մայրը։

Իրականում այդ ընտանիքների համար ևս հեշտ չէ, քանի որ նրանց ընտանիքին մի օտարական է միանալու, ով մի տարի հետո լքելու է իրենց։ Հիմնականում ընտանիքները շատ են կապվում աշակերտների հետ, ու նրանց «թողնելը» բավականին դժվար է լինում։

Արդեն գրեթե յոթ ամիս է՝ ապրում եմ մի հրաշք կնոջ հետ, ում բարությունն ուղղակի անսահման է, ու ով միշտ իմ կողքին է։ Ես իրոք զարմանում եմ, թե ինչքան բարություն կարող է պարունակել մարդկային հոգին։ Ու ես երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ ձեռք բերել ևս մեկ ընտանիք օվկիանոսի մյուս կողմում, որին երբեք չեմ ճանաչել ու չէի էլ ճանաչի, եթե չհաղթեի «Ֆլեքս» ծրագրում։ Ու իմ հրաշք հոսթ մայրն էլ երբեք չէր իմանա Հայաստանում ապրող մի աղջնակի մասին։ Նույնիսկ չէր էլ իմանա, որ աշխարհի քարտեզի հենց սրտում մի հրաշք արևի երկիր կա։ Բայց ճակատագիրը մեզ հնարավորություն տվեց ստեղծելու մի միջազգային ընտանիք։

Ու ես հիմա շատ երջանիկ եմ, քանի որ ունեմ աշխարհի ամենահրաշք կենսաբանական ու ոչ կենսաբանական ընտանիքները։ Ընտանիքը կարևոր բան չէ, այն ամեն ինչ է։