arusik

Անհաջող վայրէջք

Ինչպես ամեն առավոտ, այնպես էլ այսօր, դժվարությամբ արթնացա, վազեցի պատուհանի մոտ, որ տեսնեմ` ինչպիսի եղանակ էր, չնայած առանց դրա էլ երևում էր, որ մռայլ օր էր: Ժամանակը շատ սուղ էր, դասերը սկսվելուն մնացել էր քսան րոպե: Արագ լվացվեցի, հագնվեցի, նույնիսկ չհասցրի նախաճաշել, վերցրի պայուսակս և վազեցի դուրս: Վերելակում հիշեցի, որ թղթապանակս տանն եմ թողել, բայց ետ բարձրանալու ժամանակ չունեի, դրա փոխարեն մտածում էի, թե ինչ եմ ասելու ուսուցչուհուս, բայց մտքիս ծայրով չէր էլ անցնի, որ կարող է դպրոց չհասնեմ: Բացվեցին վերելակի դռները, առանց ժամանակ կորցնելու դուրս եկա, մտովի արդեն վազում էի, բայց հասկացա, որ չեմ վազում, այլ թռչում եմ: Այդ մեկ-երկու րոպեն օդում ես հասցրեցի վայելել, բայց վայրէջքի ժամանակն էր:
Դա թռիչք էր՝ անհաջող վայրէջքով: Անհաջողը մեղմ է ասված, այնպես էի գլխիվայր աստիճաններից ընկել , որ չեմ էլ պատկերացնում, թե ինչպես եմ ուժ գտել բարձրանալու: Գլուխս բարձրացրի, հասկացա, որ ատամներս ճոճվում են, քիթս, բերանս ուռել են, դեմքս արյունլվա է եղել:
Սովորաբար այսպիսի իրավիճակներում երեխաները լացում են, մյուսները` իրենց օգնում, կամ օգնություն կանչում, իսկ ես նստել եմ մի անկյունում, միաժամանակ և՛ լացում եմ, և՛ ծիծաղում: Ուժ գտա իմ մեջ, բարձրացա աստիճաններով, սեղմեցի կոճակը և վերելակով բարձրացա: Երբ մայրս դուռը բացեց, այնպիսի վախեցած հայացք ընդունեց, որ դեռ աչքիս առաջ է:
Մայրս ինձ կարգի բերեց, արդեն ուշքի էի գալիս կատարվածից հետո, ու չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ պետք է նստեմ տանը, և չեմ կարող կիսել իմ հույզերը ընկերներիս հետ:
Ես վերցրի պայուսակս և վազեցի դուրս: Վերելակում հիշեցի, որ թղթապանակս տանն եմ թողել, բայց ետ բարձրանալու ժամանակ չունեի, դրա փոխարեն մտածում էի, թե ինչպես եմ պատմելու ընկերներիս կատարվածը: Վերելակի դռները բացվեցին, ես դանդաղ՝ առանց շտապելու, իջա աստիճաններով և բռնեցի դպրոցի ճանապարհը: